Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈԴՈՄԻ ՔՐՄԵՐԸ



Քրիստոնեությունն այսօր ամենահետապնդվող կրոնն է մոլորակի վրա: Ամեն տարի տանջամահ են արվում ավելի քան 100 հազար քրիստոնյաներ. ամեն 5 րոպեն` մեկ հավատացյալ: Քրիստոսի հետևորդներին սպանում են, հետապնդում, իսկ «հասարակական կարծիքին» հրամցնում են որպես «իսկական քրիստոնյաներ» այն քահանաներին, որոնք օրհնում են այլասերվածներին և պսակադրում համասեռամոլներին:

Քրիստոնյաները ամենաշատը հալածանքների են ենթարկվում վեց երկրներում. Սաուդյան Արաբիա, Իրան, Աֆղանստան, Սոմալի, Մալդիվներ, Եմեն /Եմենում մի քանի ամիս առաջ հրապարակորեն խաչել են նորադարձ քրիստոնյաներից մեկին/: Մալդիվներում 2008 թվից սահմանադրությունն արգելում է ոչ մահմեդականներին այդ երկրի քաղաքացիություն ունենալ, հրապարակայնորեն օգտագործել խաչեր և սրբապատկերներ, կատարել կրոնական քարոզներ:

Հիշյալ ցուցակում չկան ո՛չ Լիբիան, ո՛չ Եգիպտոսը, որտեղ իսլամիստներն այրում են ղպտիների ուղղափառ եկեղեցիները, չկա Իրաքը, որտեղից քրիստոնյաները փախչում են, քանի որ իսլամիստները նրանց «օրինական զոհ» են հայտարարել, չկա Տանզանիան, որտեղ 2013թ. մայիսին պայթեցվեց քրիստոնեական եկեղեցին` հանգեցնելով տասնյակ զոհերի, հիշատակված չեն Ուզբեկստանը, որտեղ 2013թ. գարնանից արգելել են տանը Աստվածաշունչ պահել, Ինդոնեզիան, որտեղ 1999-2001թթ. սպանվել է 5000 քրիստոնյա, իսկ ավելի քան 250 հազարը լքել են իրենց տները` փրկվելով նրանցից, ովքեր պայման են դրել` «ընդունել իսլամ կամ մեռնել», Նիգերիան, որտեղ 2013թ. սկզբից սպանվել է ավելի քան 800 քրիստոնյա, և որտեղ 1966թ. սարսափելի կոտորած է տեղի ունեցել` խլելով 50-100 հազար քրիստոնյայի կյանք /սա հանգեցրել է 20-րդ դ. երկրորդ կեսի ամենաարյունահեղ քաղաքացիական պատերազմին, որի ժամանակ զոհվել է 3 մլն մարդ, հիմնականում քրիստոնյաներ/:

Ցուցակում նշված չէ նաև Սիրիան: Հրահրած ապստամբությունից առաջ երկրում միայն 650 հազար ուղղափառ կար, իսկ ընդհանուր առմամբ քրիստոնյաները կազմում էին բնակչության 12-15%-ը: Այժմ արդեն քրիստոնյաների սպանության, բնակավայրերից արտաքսելու, փրկագին պահանջելու, նրանց բնակարանները ոչնչացնելու մեծաքանակ դեպքեր կան: Մինչդեռ Սիրիան միշտ եղել է «թե՛ էթնիկ, թե՛ կրոնական համայնքների խաղաղ ու ներդաշնակ համակեցության օրինակ»: Երկու տարվա ընթացքում Սիրիայում ոչնչացվել ու հրկիզվել են տասնյակ եկեղեցիներ, երկրից հեռացել են հարյուր-հազարավոր քրիստոնյաներ:

Եթե իսլամիստներն սպանում են մարմինը, ապա նրանց արևմտյան տերերը` հոգին: Հանդուրժողականության և քաղկոռեկտության անվան տակ քրիստոնյաներին փորձում են դուրս մղել հասարակական կյանքի բոլոր ոլորտներից` դպրոց, բանակ, իշխանության մարմիններ:

2013թ. սկզբին Ֆրանսիայում սկսել են քանդել քրիստոնեական տաճարները՝ դրանք պահպանելու համար անհրաժեշտ գումարների բացակայության պատրվակով: Դա սկսվեց այն բանից հետո, երբ նախագահ Օլանդը հայտարարեց հատուկ գործակալության ստեղծման մասին, որը պետք է հետևի եկեղեցին պետությունից տարանջատելու սկզբունքի պահպանմանը, իսկ ներքին գործերի նախարարն էլ հայտարարեց «կրոնական ծայրահեղականների» դեմ պատրաստվող հալածանքների մասին: Ֆրանսիական Աբվիլ քաղաքում գտնվող Սբ.Հակոբի տաճարը, որը նեոգոթական ոճի գլուխգործոց է համարվում, ոչնչացվել է Եվրամիության իշխանությունների որոշման համաձայն, իսկ նրա տեղում նախատեսվում է խաղատների համալիր կառուցել: Սա համընկավ պաշտոնական փաստաթղթերում «հայր» և «մայր» հասկացությունները չեղյալ համարելու և երկրով մեկ միասեռ «ամուսնությունների» դեմ ցույցերի հետ: Վերջինը ցույց տվեց, որ քրիստոնեական արժեքները դեռ ինչ-որ բան նշանակում են ֆրանսիացիների համար:

Նմանատիպ իրավիճակ է նաև Գերմանիայում, որտեղ մոտակա տարիներին փակվելու է շուրջ 700 տաճար, և շենքերը հատկացվելու են ռեստորաններին, բանկերին և առևտրի տներին: Անգլիայում նույնիսկ աշխատանքից ազատում են պարանոցին խաչ կրելու համար: Ի դեպ, այստեղ նույնիսկ 11 տարեկան չդարձած 20 հազար դպրոցականների «գոմիկ» բառի գործածության համար մտցրել են, այսպես կոչված, «ատելություն սերմանող» հանցագործների ցուցակում…

ԱՄՆ-ում քրիստոնյաների թիվն արդեն 50%-ից պակաս է և շարունակում է նվազել: 2012թ. ԱՄՆ մի շարք դպրոցներում արգելվել են «Աստված», «Ամենաբարձրյալ», «Ծնունդ» բառերը: Քրիստոնյաների դեմ «քաղկոռեկտ» պատերազմի մեջ է մտել նաև Նյու Յորքի կրթության նախարարությունը: Կրոնական տոները արգելելով և համաշխարհային գրականության դասականների ստեղծագործություններից հանելով այնպիսի արտահայտություններ, որոնք «կարող են ազդել աշակերտների ճշմարիտ աշխարհայացքի ձեւավորման վրա», երեխաներին ծանոթացնում են համասեռամոլների պահելաձևի հետ՝ պաշտոնական շրջանառությունից դուրս մղելով «մայր» և «հայր» բառերը…

Fondsk.ru
Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #37 (1004) 19.09.2013 – 25.09.2013, Հոգևոր-մշակութային


19/09/2013