Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԲԱՆԱԿԸ



ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը հայերեն, ռուսերեն, անգլերեն արևերես է արել իր հերթական` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակ» ստվարածավալ երկասիրությունը` նվիրված Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարեդարձներին:

Առաջին իսկ ծանոթությունից գիրքը ուշադրություն է գրավում բարձրաճաշակ ձևավորմամբ, պոլիգրաֆիական պատշաճ մատուցմամբ («Տիգրան Մեծ» հրատարակչություն) և ոճակառուցվածքային բովանդակությամբ: Եվ ամենակարևորը` փաստական հարուստ նյութով, ամփոփ, տրամաբանական ու անաչառ շարադրանքով: Այս առումով «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ» աշխատությունը, իրավամբ, առանձնանում է նմանատիպ կամ այդ թեմայով լույս տեսած հրատարակություններից: Աշխատության «Երկու խոսք»-ում մեթոդաբանական իր ելակետերը ճշգրտելուց, ձևավորման բովանդակությունը ուրվագծելուց հետո Սենոր Հասրաթյանը անդրադարձ է կատարում հայի տեսակի, ճակատագրի, ռազմավարական արվեստի, Արցախում տիրող սոցիալ-քաղաքական, բարոյաիրավական կացության, պարտադրված պատերազմում բանակի ստեղծման և այլ խնդրականների շուրջ:

Աստիճանական և տրամաբանական շարադրանքի հետագա էջերում հեղինակը ներկայացնում է Ղարաբաղյան շարժման, խաղաղ ցույցերի, դիմում-բողոքների և Կրեմլի ու Բաքվի կողմից օրապակաս որոշումների, պաշտոնական այցելությունների, տարատեսակ ճնշումների ու սադրանքների, հայության դեմ բռնությունների, կամավորական շարժումների համապատկերը, շոշափելով, այսպես ասած «Սկիզբը»:

Լինելով 1988թ. ազգային-ազատագրական շարժման ակունքներում` աշխատության հեղինակը գրքի առաջին մասում հանգամանորեն ներկայացնում է կայսրապետության վարած ազգային քաղաքականության ողջ սնանկությունն ու անիրավությունը, պաշտոնական Բաքվի հայատյաց կեցվածքը և արցախցիների սահմանադրական պայքարը, կամավորականների ընդվզումը և զորակոչային բանակի սաղմնավորման գործընթացների ամբողջական պատկերը մինչ պարտադրված պատերազմի հաղթական ավարտը:

Հսկայական փաստական նյութը, խոսուն թվերը, պատերազմական գործողությունների սահմռկելի դրվագները, զինավառ մարտիկների և խելամիտ սպայական կազմի անձնուրացության փաստերը դնելով շրջանառության մեջ` Սենոր Հասրաթյանը հստակ պատկերացում է տալիս ստեղծված օրհասական կացության մասին, առանձնաշեշտելով ու ներկայացնելով Շահումյանի ու Գետաշենի անկման հանգամանքները, հատուկ պաշտպանական կոմիտեի ստեղծման, հանրաքվեի և համայն հայության համախմբման (Սփյուռքով հանդերձ) բարդ և անդուլ ջանքեր պահանջող կազմակերպչական գործընթացների համալիր պատկերը ներկայացնելով 8 պաշտպանական շրջանների հերոսական պայքարի, դժոխային մաքառումների, հայրենազգաց սխրանքի աննախադեպ ուղին, որի ընթացքում էլ կամավորական ջոկատների հենքի վրա կազմավորվում է Արցախի բանակը:

Եվ այն միտքը, թե փոքր ժողովուրդները սոսկ «շախմատային ֆիգուրներ» են մեծ տերությունների ձեռքում, ըստ էության, հերքեցին բանակի ստեղծման, կայացման և հաղթանակի ապահովման ակունքներում հաստատակամ կանգնած քաղաքական, ռազմական այնպիսի գործիչներ, ինչպիսիք են` Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանը, գեներալներ` Գուրգեն Դալիբալթայանը, Միքայել Հարությունյանը, Յուրի Խաչատուրովը, Նորատ Տեր-Գրիգորյանը, Հրաչ Անդրեասյանը, Քրիստափոր Իվանյանը, Լեոնիդ Մարտիրոսովը, Մկրտիչ Աբրահամյանը, Միքայել Գրիգորյանը, Մուրազ Սարգսյանը, Ալիկ Միրզաբեկյանը, Էնրիկո Ապրիամովը, Մարտին Կարապետյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Արտուշ Հարությունյանը, Ֆելիքս Գզողյանը, Վլադիմիր Հայրապետյանը, Ալիկ Սարգսյանը, Տիգրան Գասպարյանը, Սեյրան Օհանյանը և ստորաբաժանումների շատ ու շատ հրամանատարներ:

Ներկայացնելով պաշտպանության բանակի անցած դժոխային ու փառավոր ուղին, հայոց ոգու պոռթկման իններորդ ալիքի փիլիսոփայությունը` մինչև ատամները զինված, բազմաքանակ թուրք-ադրբեջանցիների չդադարող հրետակոծություններն ու ռմբահարությունները, փոխնիփոխ գրոհներն ու նահանջները, դրվագ առ դրվագ հեղինակը աշխատության հետագա էջերում բացահայտում է Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության ուրվագծվող ելքը` հանգամանք, որի արդյունքում ադրբեջանական կողմը հարկադրված կրակի ժամանակավոր դադարեցման մասին համաձայնագիր-առաջարկություն է ներկայացնում` Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ անվերապահ ընդունելով իր մոտալուտ պարտությունը:

Հաղթանակ, որը նախ և առաջ հնարավոր է դարձել շնորհիվ համայն հայության համախմբվածության, վճռական կամքի, բանակի և ժողովրդի ներդաշնակ ու անշեղ փոխհամագործակցությամբ, հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրվածությամբ և ազգային ինքնության պահպանման բարձր գիտակցությամբ:

Գրքի պատումից տեղեկանում ենք, որ համալիր պաշտպանական համակարգի վերակառուցման և ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները, պայմանականորեն ասած, բաժանվում են երկու փուլի` 1994-2000թթ. և երկրորդը` 2001թ.-ից սկսած ու առայսօր շարունակվող գործընթացները:

Հատկանշական է, որ ՊԲ հրամանատարությունը, ինչպես դա երևում է գրքի հետագա էջերից, առանձնաշեշտված կերպով ամենօրյա ուշադրություն է դարձնում ոչ թե բանակի քանակական կազմի, այլ արդյունավետ արդիական զինտեխնիկայով բանակը համալրելու, այլոց ռազմավարական փորձը ուսումնասիրելու, արտերկրում սպայական կազմի ուսուցումը կազմակերպելու և այլ խնդիրների վրա: Պատահական չէ, որ դեռ 2006թ.-ին ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության փորձագետ Ուեյն Մերին, ելույթ ունենալով Ջոն Հոփկինսի անվան համալսարանում, ասաց. «Գաղտնիք չէ, որ հայերը բանակ ունեն, իսկ Ադրբեջանը միայն զինված ուժեր»:

Հայի ոգեղեն տեսակի, արժանապատվության, ազգային ինքնության համար պայքարի վճռականությունը, հոգեբարոյական վեհանձնությունը աշխատության մեջ վավերացված է ճշմարիտ ու հերոսական դրվագներով, այլազան մարտահրավերներին, հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր վերսկսմանը դիմագրավելու հրամայականով: Չէ որ բանակը, իրավամբ, ուժեղ է, եթե նրա շարքերում ծառայում են հայրենազգաց սպաներ ու զինվորներ, ֆիզիկապես ու բարոյապես կոփված, մասնագիտական արհեստավարժությամբ օժտված, հնարագետ և իրավիճակում արագ կողմնորոշվող երդվյալ հայրենասերներ:

Աշխատության բանակաշինության մասի մեջ վերին աստիճանի խոսուն են այն ձեռնարկումներն ու ջանադիր աշխատանքները, որոնք ներկայացնում են հայրենի իշխանության, հրամանատարության անդուլ ջանքերը Արցախի պաշտպանության բանակի հզորացման գործում: Այս առումով առանձնահատուկ դերակատարություն է վերապահված բոլոր աստիճանի սպաներին, որոնցից շատերը անցել են պայքարի բովով, կյանքի ու մարտական գործողությունների փորձ ունեն, անձնական օրինակի ուժ են հանդիսանում:

Ներկայացնելով Արցախյան գոյամարտում ծնված ու թրծված բանակի հաղթական մաքառումների և հրադադարից հետո բանակաշինության բնագավառում ծավալված աննախադեպ ձեռնարկումները` Սենոր Հասրաթյանը աշխատության մեջ հատուկ շեշտադրում է կատարում ՊԲ-ի մարտական, բարոյահոգեբանական և ռազմահայրենասիրական պատրաստվածության մակարդակի մասին, վկայակոչելով օտարազգի ռազմաքաղաքական գործիչների կարծիքներն ու գնահատականները, ըստ որի՝ ՊԲ-ն հանդիսանում է տարածաշրջանի ամենամարտունակ զինված ուժերից մեկը և ամենակայացած կառույցը:

Հիշատակված կետերով չեն սպառվում այն խնդիրները, որոնք արծարծված են Սենոր Հասրաթյանի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակ» աշխատության մեջ: Գլխավոր շեշտերից զատ գրքում կան նաև բազմաթիվ ենթաշերտեր, ենթահարցեր, դրվագային հանգամանքներ, որոնք ընթերցողին հստակ պատկերացում են տալիս հայրենի զինուժի սաղմնավորման ու կազմավորման, անցած ուղու, ընթացիկ զարգացումների մասին, քանզի հեղինակը փաստական ու ճշմարիտ նյութերով, համապատասխան քարտեզներով, դրվագային ու թվային բազում փաստական օրինակներով, հարյուրավոր լուսանկարներով ներկայացրել է ՊԲ-ի ամբողջական պատմությունը, որը փաստորեն նորօրյա հայոց ազատագրական պայքարի պատմությունն է:

ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Խորագիր՝ #37 (1004) 19.09.2013 – 25.09.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


19/09/2013