ԼՈՌՎԱ ՀԱՆԱՔՆԵՐ
Համբոն ծառայում էր ցարական բանակում, հեծելազորային գումարտակի զինվոր էր։ Ամեն առավոտ, երբ արթնացնում էին, ու պիտի ձիերը թամբեին, ինքն իրեն ասում էր. «Էս ամբողջ զորքը, որ թամքի, հասցնի, իմը մի ձի ա, ես կարալ չե՞մ հասցնեմ»։ Եվ ամեն առավոտ զարմանքով նկատում է, որ ամբողջ զորքը ձիերի վրա է, իսկ ինքը դեռ պատրաստ չէ ձին հեծնելու…
ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Շրջապատման մեջ ընկած ջոկատի զինվորներից մեկը գերի է ընկնում։ Հրամանատարը նկատում է ու գոռում.
– Ա՛յ տղա, ու՞ր ես գնացել, քեզ շանսատակ կանեն։
-Հրամանատար ջան, մի նեմեց եմ բռնել։
-Դե բեր էս կողմը, մեր խրամատը։
-Գալիս չի, ո՞նց բերեմ։
-Դե դու արի։
-Թողում չի, ո՞նց գամ…
ԱՌԱՋ ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ
Պատերազմի թեժ տարին էր։ Շարունակվում էր զորակոչը։ Շրջանային զինկոմիսարիատում բժշկական քննություն էին անցկացնում։ Կոճղի պես ամուր մի երիտասարդ գյուղացի աջ ձեռքը բռունցք է անում եւ ասում, որ քարացել է, չի բացվում։ Բժիշկները ուժ են գործադրում, չեն կարողանում բացել։ Մի տարեց զինվորական մոտենում է, զննում ձեռքը, դառնում բժիշկներին, թե.
-Էսպիսի հիվանդություն շատ է պատահում, տղան չի խաբում, իրոք, չի բացվում,- հետո հանգիստ դիմում է երիտասարդին,- տղա՛ ջան, իսկ առաջ ձեռքդ ինչպե՞ս էր։
-Ա՛յ, էսպե՛ս,- ասում է նա ու բացում բռունցքը։
ԱՆՏԻՖԱՇԻՍՏԸ
Մեկը բանակից զորացրվել էր ու կարգվել կոլտնտեսության նախագահ։ Մի առիթով կոլտնտեսականներից մեկը նեղանում է նախագահից, երկար վիճում ու շպրտում երեսին.
-Դու ի՞նչ մարդ ես, իսկական անտիֆաշիստ ես։
– Արա՛, դու էդ քանի՞ գլուխ ունես, որ ինձ անպատվում ես, ես քո մազերի չափ ֆաշիստ եմ սպանել, դու ինձ անտիֆաշիստ ես ասու՞մ, շուն շան որդի, ես քեզ անտիֆաշիստ ցույց կտամ, էդ խոսքիդ համար Սիբիր կհասնես,- հերսոտում է նախագահն ու զանգահարում շրջանային միլիցիայի բաժին…
ԷԼ ԷՆ ՇՈՒՇԱՆԸ ՉԻ
Մի լոռեցի երիտասարդ ծառայում էր խորհրդային բանակում։ Մի օր զանգում է տուն։ Մայրը հարցուփորձ է անում որդու որպիսությունից, ծառայությունից, դեսուդենից։
Տղան պատասխանում է, որ առողջությունը լավ է, սնունդը բավարար է, ծառայությունը հաջող է ընթանում, զենքի բոլոր տեսակներին տիրապետում է, վարորդի ու տանկիստի մասնագիտություն է սովորում, վերջում էլ իր դժգոհությունն է արտահայտում.
– Ա՛յ մեր, մի լեյտենանտ հրամանատար ունենք, ինձ մի գլուխ մեր ա ուշունց տալիս, մեկ-մեկ մտքովս անցնում ա դրա գլուխը ջարդեմ, քիթումռութին հասցնեմ։
-Տղա՛ ջան,-գոռում է մայրը,-գլուխը ջարդելու, քթին ու մռութին հասցնելու հետ գործ չունես, շառի մեջ կընկնես, մենակ էդ քո լափազան լեյտենանտին ասա, որ էլ էն Շուշանը չե՜մ…
Խորագիր՝ #37 (1004) 19.09.2013 – 25.09.2013, Հոգևոր-մշակութային