Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՐՑՆԵԼ ՍԻՐԻԱՆ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԿՆՇԱՆԱԿԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԶՐԿՎԵԼ ԱՄՈՒՐ «ՀԵՆԱՐԱՆԻՑ»



Սիրիական ճգնաժամը շարունակում է մնալ միջազգային քաղաքականության օրախնդիր հարցերից մեկը: Գերտերությունների ջանքերն այս ուղղությամբ առայժմ ցանկալի արդյունքի չեն հանգեցնում: Անհանգիստ է տարածաշրջանը. սիրիական ճգնաժամի հանգուցալուծումը բխում է հարեւան բոլոր երկրների շահերից: Իրանագետ Ռուդիկ Յարալյանը պատասխանում է «Հայ զինվոր» թերթի հարցերին եւ պարզաբանում, թե ինչպիսին է Իրանի կառավարության արտաքին քաղաքականությունը հատկապես Սիրիայի շուրջ ծավալվող գործընթացների պայմաններում:

-Պարոն Յարալյան, նախընտրական պայքարի ժամանակ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին հանդես էր գալիս արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորման ծրագրով, սակայն տարածաշրջանային ներկայիս զարգացումները, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամը կարծես թե բարդացնում է նման քաղաքականության կիրառումը: Ինչպե՞ս կզարգանան Իրան-ԱՄՆ հարաբերությունները առաջիկայում:

-Նոր կառավարության ձեւավորմամբ ակնկալվում էր, որ Իրան-ԱՄՆ հարաբերություններում որոշ դրական փոփոխություններ կլինեն: Ցավոք, այս վերջին զարգացումների հետեւանքով հարաբերությունների բարելավումը կարծես հետաձգվում է: Մասնավորապես` իրանական միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը չի թուլացել: Սիրիական զարգացումները եւս իրենց հետեւանքն են թողնում Իրան-ԱՄՆ հարաբերությունների վրա: Բնականաբար այդ հարաբերություններում կտրուկ լուծումներ ակնկալել չի կարելի, սա երկարատեւ բանակցային գործընթաց է: Ինչ վերաբերում է նոր կառավարության դրական տրամադրվածությանը, այո՛, այդպես է, Իրանի նորընտիր նախագահը բազմիցս հայտնել է բոլոր խնդիրները բանակցությունների միջոցով հարթելու իր պատրաստակամության մասին: Արեւմուտքը եւս բավական դրական գնահատեց այն տեղաշարժերը, որոնք տեղի ունեցան Իրանում ընտրությունների անցկացման առումով, ինչը մեկ անգամ եւս հույս ներշնչեց, որ բանակցությունները դրական հունի մեջ կընկնեն: Անդրադառնալով Սիրիայի հարցին, նշեմ, որ Իրանի դիրքորոշումը հավասարակշռված է, եւ այն բխում է այդ երկրի դեմ ցանկացած ռազմական գործողություն բացառելու սկզբունքից, եթե դրա համար չկան անհրաժեշտ հիմնավորումներ: Առհասարակ, Սիրիան Իրանի համար առանցքային նշանակություն ունեցող երկիր է: Նախքան այս իրադարձությունները Իրան-Սիրիա հարաբերությունները զարգանում էին գրեթե բոլոր մակարդակներում` քաղաքական, տնտեսական, կրոնամշակութային եւ այլն: Կորցնել Սիրիան Իրանի համար կնշանակի Մերձավոր Արեւելքում զրկվել ամուր «հենարանից», որը հնարավորություն է տալիս ավելի անկաշկանդ լինելու Իսրայելի նկատմամբ դիրքորոշում արտահայտելիս: Միաժամանակ Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված հնարավոր ագրեսիան, ինչպես նաեւ Իսրայելի տարածաշրջանային ազդեցության մեծացումը հնարավոր է կանխել նաեւ սիրիական իշխանությունների միջոցով: Իրանի համար Սիրիայի կորուստը հարված է երկրի աշխարհաքաղաքական շահերին ինչպես Իրաքում, այնպես էլ Լիբանանում: Սիրիան, կենտրոնական դիրք գրավելով այս երկու երկրների միջեւ, ըստ էության, նպաստում է, որ գործընթացներն այս երկրներում չզարգանան արեւմտյան այնպիսի սցենարով, որը հակասում է ինչպես սիրիական, այնպես էլ իրանական վերնախավի պատկերացումներին: Նշենք նաեւ, որ Սիրիայի իշխանությունների համար տարածաշրջանային զարգացումների տարբեր սցենարներից ավելի նախընտրելի են իրանական նախագծերը: Պաշտոնական Թեհրանն այսօր էլ մեծ հաշվով իր հույսը չի կտրում Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան հեռանկարային աշխարհաքաղաքական առանցքից, որը, ինչպես ենթադրվում է, սկզբնական շրջանում պետք է հիմնված լինի էներգետիկ, իսկ հետագայում նաեւ ռազմաքաղաքական համագործակցության վրա: Ուստի Իրանում որեւէ կերպ չեն կարող համակերպվել Սիրիան կորցնելու մտքի հետ, ինչը կնշանակի զրկվել վերոնշյալ դաշինքից, որի առաջնորդող գաղափարախոսությունը, ըստ իրանական պատկերացումների, պետք է հիմնված լինի շիա կրոնաքաղաքական սկզբունքների վրա, որոնք հակասության մեջ են տարածաշրջանի զարգացման ինչպես սուննի, այնպես էլ արեւմտյան մոդելների հետ: Այսօր Իրանը փորձում է մեծացնել իր ներգրավվածությունը տարածաշրջանային զարգացումներում, լուրջ ջանքեր է գործադրում Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ:

Նյու Յորքում գումարվելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Իրանի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների միջև՝ հավանաբար փակ դռների հետեւում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԻԻՀ-ի նախագահ Հ. Ռուհանիի և ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբամայի, ինչպես նաև ԻԻՀ-ի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հավանական հանդիպումներին: Անշուշտ, ԻԻՀ-ի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը, եթե այն կայանա, կդառնա կարևոր և Իսլամական հեղափոխությունից ի վեր նախադեպը չունեցող իրադարձություն: Տարբեր հարցերի շուրջ երկու երկրների հակադիր մոտեցումները հուշում են, որ ԻԻՀ-ի և ԱՄՆ-ի նախագահների առաջին հանդիպման ժամանակ առավելագույն ձեռքբերումը կարող է լինել հետագայում երկկողմ բանակցությունները շարունակելու և նոր հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածությունը:

-Անդրադառնանք Իրան-Թուրքիա հարաբերություններին: «Իրանի նոր ղեկավարությունը խթանելու է Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումը», այս մասին Թուրքիայի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր Իրանի նախագահը: Այնինչ Սիրիական խնդիրը գժտվելու նոր պատճառ դարձավ, չշրջանցենք նաեւ քրդական գործոնի ակտիվացումը:

-Նախ անդրադառնանք քրդական հարցին. պետք է նշել, որ բոլոր այն դեպքերում, երբ քրդական հարցը ծավալվելու եւ գլոբալ խնդիր դառնալու միտում է դրսեւորել, մենք ականատես ենք եղել չորս պետությունների` Իրան, Սիրիա, Թուրքիա, Իրաք, համագործակցությանը: Եթե քրդական խնդիրը Թուրքիայում դուրս գա վերահսկողությունից, դա միգուցե ստիպի Անկարային և Թեհրանին որոշակի ուղղություններով նորից համագործակցել: Անդրադառնալով հեռախոսազրույցին, հարկ է նշել, որ նմանատիպ հայտարարություններ տարբեր ժամանակ, տարբեր երկրների միջեւ լինում են, բայց այս պահին աշխարհաքաղաքական զարգացումները հուշում են, որ Իրան-Թուրքիա հարաբերությունների մերձեցման համար որեւէ հիմք չկա: Թուրքիայի բացասական դերակատարությունը սիրիական հարցում արժանացավ Իրանի բավական կոշտ եւ քննադատական արձագանքին, ուստի նման պարագայում հազիվ թե հնարավոր լինի սերտացնել հարաբերությունները: Սիրիական խնդիրը ի վերջո որեւէ լուծում կստանա, եւ դրանից էլ կախված կլինի հարաբերությունների հետագա ընթացքը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հնարավորություն տալով Ասադի կառավարությանը քիմիական զենքի պաշարները դնել միջազգային փորձագետների վերահսկողության ներքո, փաստորեն գնդակը տեղափոխեց Արեւելյան գործընկերների դաշտ` Ռուսաստանի գլխավորությամբ: Այժմ կարեւոր է, թե ինչպիսի գործողություններ կհետեւեն այս դաշտից, որը բավական ակտիվացել է: Սիրիայի հետագա ճակատագիրը մեծապես պայմանավորված է Ասադի կառավարության հետ բանակցություններով: Եթե հարձակում չիրականացվի, ապա դա որոշակիորեն կհարվածի Թուրքիայի վարկանիշին: Թուրքիան ստիպված կլինի այլ կերպ զարգացնել իր արտաքին քաղաքականությունը:

-Պարոն Յարալյան, Իրան-Իսրայել հարաբերությունները սրվեցին նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության ժամանակահատվածում: Ինչպե՞ս կզարգանան այս հարաբերությունները նոր նախագահի օրոք:

– Նոր կառավարության ձեւավորումից հետո Իրան-Իսրայել հարաբերություններում լարվածությունը զգալիորեն մեղմացել է, ինչը բնական է: Ի տարբերություն նախորդ կառավարության, Հասան Ռուհանիի կառավարությունը կոշտ արտաքին քաղաքականություն վարելու կողմնակից չէ եւ փորձում է դրական միտումներ զարգացնել բանակցությունների, երկխոսության միջոցով: Բայցեւայնպես, լարվածության թուլացումը առայժմ բավարար չէ հարաբերությունները վերջնականապես կարգավորելու համար: Եթե երկրները երկուստեք խնդիրները լուծելու ցանկություն ունեն, ապա նրանք պետք է հստակ գործողություններ իրականացնեն եւ չբավարարվեն հայտարարություններով: Իրան-Իսրայել հակամարտության գիծը կարծես շեղվել է դեպի Սիրիա եւ մոռացության մատնվել: Իսրայելը սահմանակցում է Սիրիային, որը քիմիական զենքի է տիրապետում, եւ հասկանալի է` չի կարող այնպիսի կտրուկ քայլերի գնալ, որոնք կվնասեն իր ազգային անվտանգությանը: Սիրիայի հարցում Իսրայելը կարծես թե պասիվ կեցվածք է որդեգրել:

-Նախընտրական պայքարի ժամանակ Ռուհանին հայտարարեց, թե Ադրբեջանն սպառնում է Իրանի ազգային անվտանգությանը: Կարելի՞ է ենթադրել, որ Իրանի նորընտիր նախագահը կկոշտացնի հակաադրբեջանական գիծը:

– Իրանի իշխանությունները վերջին տարիներին հասկացան, որ պետք է շատ ավելի ուշադիր լինեն իրենց հարեւան երկրների հանդեպ, եւ այն սպառնալիքները, որոնք բխում են այդ երկրներից դիտարկեն այլ լույսի ներքո, նաեւ արժանին հատուցեն: Ակնհայտ է, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությանն սպառնում է նրա հյուսիսարեւմտյան հարեւանը` Ադրբեջանը: Խնդրո առարկան իրանական Ատրպատականն է: Ադրբեջանն ու Թուրքիան, հիմք ընդունելով այստեղի բնակչության թյուրքալեզու լինելը, փորձում են անջատողական գաղափարներ ներմուծել: Ինչ-ինչ պատճառներով նախորդ կառավարությունը շատ հանգամանքների վրա աչք էր փակում, բայց նոր կառավարությունը, ինչպես տեսնում ենք, արդեն որոշել է հստակ պատասխանել այդ սպառնալիքներին:

– Իրանի հետ մեր հարաբերությունները կարծես թե պայմանավորված չեն նախագահների հերթագայությամբ, այնուամենայնիվ՝ ինչպե՞ս կզարգանան Իրան-Հայաստան հարաբերությունները:

-Անկախությունից ի վեր Իրան-Հայաստան հարաբերությունները բավականաչափ դինամիկ են զարգանում, եւ, իրոք, անկախ այն բանից, թե ով կկանգնի երկրի բարձրագույն իշխանության գլուխ, ինչ ուղղության հետեւորդ կլինի, Իրան-Հայաստան հարաբերությունները զգալիորեն հաստատուն են: Այդպես էլ՝ այս դեպքում: Ռուհանիի կառավարությունը հեռանկարային շատ ծրագրեր ունի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու առումով: Այն լայնածավալ ծրագրերը, որ մշակվել էին նախորդ կառավարության օրոք, այսօր ակտիվորեն իրականացվում են. երկաթգծի կառուցում, հյուսիս-հարավ մայրուղի, ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ եւ այլն: Հուսանք, որ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը եւս կնպաստի Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, եւ Իրանը կընդգրկվի տարածաշրջանային գլոբալ այն ծրագրերում, որոնք Հայաստանը նախատեսում է իրականացնել առաջիկայում:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #37 (1004) 19.09.2013 – 25.09.2013, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


19/09/2013