Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԺԴԵՀԻ ՈԳՈՎ՝ ԱՅՍՕՐ ԵՎ ՎԱՂԸ



Այս տարի լրանում է Գարեգին Նժդեհի ծննդյան 125 ամյակը: Մի մարդ, անհատականություն, որի ամեն մի քայլը, կյանքի յուրաքանչյուր դրվագը հայրենասիրության, անձնազոհության դրսևորում է՝ միտված սերունդներին: Մարտի 14-ին Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 դպրոցում ցեղակրոն զորավարի հիշատակին կազմակերպված միջոցառման հերոսները երեխաներ էին՝ հայրենիքի մերօրյա պաշտպանները, որոնք իրենց բոցաշունչ ելույթներով ներկայացրին մեծ հայի կենսագրությունը, ռազմական ոլորտում նրա նվաճումները, հայրենիքի ու հայ ազգի ապագայի վերաբերյալ մտորումներն ու ապրումները` նրա տարբեր գրվածքներից մեջբերելով ինչպես քաջ հայտնի, այնպես էլ շատերին անծանոթ արտահայտություններ: Տղաներից մեկն էլ հենց մարմնավորում էր Գարեգին Նժդեհի կերպարը և 20-րդ դարասկզբին հարիր զինվորական իր հագուստով առանձնահատուկ շուք ու գրավչություն էր հաղորդում միջոցառմանը: Դպրոցականները կատարեցին նաև Նժդեհ զորավարին նվիրված հայրենասիրական երգեր: Հատկանշական է, որ դահլիճում բոլորը համակվել էին նժդեհական ոգով. ուշադիր ունկնդրում, ապա միանգամից բռնկվում ոգևորության ալիքից: Ուրախալի էր տեսնել հանդիսականների մեջ այդքան պատանի խանդավառ հոգիներ տարբեր դասարաններից: Չէ որ միջոցառումն առաջին հերթին հենց նրանց համար էր:
Ամփոփելով ծրագիրը` դպրոցի` ուսումնական գծով փոխտնօրեն Մարինե Գրիգորյանը նշեց, որ Գարեգին Նժդեհի կերպարը ամբողջովին հնարավոր չէ ներկայացնել նույնիսկ մի քանի այսպիսի միջոցառման ընթացքում, դեռևս հերոսի կյանքի շատ ու շատ դրվագներ լիովին ուսումնասիրված չեն, անընդհատ նոր նյութեր են հայտնաբերվում: Դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանն էլ շնորհակալություն հայտնեց ուսուցչական կոլեկտիվին նման ճանաչողական միջոցառումների շնորհիվ աշակերտների շրջանում հայրենասիրական ոգին ամրապնդելու համար: Իրենց կարծիքները հայտնեցին նաև ներկա գտնվող հյուրերը:
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյան.
-Նժդեհի խոսքերը ժամանակի փորձություն են անցել, ապացուցել իրենց ճշմարտացիությունը: Միշտ հիշեք՝ թույլ պետությունը, ինչպես և թույլ մարդը ոչ մեկին պետք չէ: Ձգտեք հետևել Նժդեհի՝ մեր բոլոր մեծերի խորհուրդներին, ուժեղ եղեք, հզորացրեք ձեր երկիրը, որ ապրեք խաղաղության պայմաններում:
Գոհարինե Տրդատյան՝ Գարեգին Նժդեհի թոռնուհին.
-Ես Նժդեհին նվիրված շատ միջոցառումների եմ մասնակցել: Հավատացնում եմ` ամեն անգամ էլ հուզվում եմ և միայն մի բան եմ ցանկանում, որ երեխաները ոչ թե պարզապես արտասանեն նրա խոսքերը, այլ դարձնեն իրենց ողջ կյանքի անբաժան ուղեկիցը, առաջնորդվեն դրանցով, որոնցով պիտի շենացնեն այս երկիրը՝ Հայաստան:
Արսեն Աղեկյան
Լուսանկարները` Գարիկ Արմենակյանի

Խորագիր՝ Բանակ և հասարակություն


15/03/2011