Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅ ԱՍՊԵՏ»-Ի ՆՈՐԱՄՈՒՏԸ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ



«ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ը մուտք է գործում հայոց ազգային բանակ. այսպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել պաշտպանության նախարարությունն ու հայտնի հեռուստախաղի կազմակերպիչները:

«ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ը զինված ուժերում իր մեկնարկն սկսեց գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումից: Նախապես տրված ժամանակում համապատասխան մեթոդական գրականության ու դիդակտիկ նյութերի միջոցով զորամիավորման ենթակա զորամասերի թիմերը հնարավորություն էին ունեցել նախապես պատշաճ մակարդակով նախապատրաստվելու մրցույթին:

«ՀԱՅ ԱՍՊԵՏ» հիմնադրամի տնօրեն, հայտնի հեռուստախաղի հեղինակ-վարող, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Կարին Տոնոյանը իր նախաբան-խոսքում կարևորեց խաղի հայապահպան նշանակությունը.

-Երեկվա աշակերտներդ այսօր զինվոր եք կամ սպա: Վաղը կդառնաք ընտանիքի հայր: Ազգապահպանության կարևոր խնդիրը լուծում են հենց այս 3 օջախները՝ դպրոց-բանակ-ընտանիք: Դպրոցում «ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ը մեծ մասսայականություն է վայելում: Այժմ մեր նպատակը բանակում այդ փոքրիկ օջախների ստեղծումն է՝ զինվորներին շարունակաբար տալ գիտելիքներով զինվելու հնարավորություն:

Բանակում «ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ի մրցույթների կազմակերպումը հնարավորություն կտա իրականացնելու մի շարք միջոցառումներ. զինված ուժերի բոլոր զորամասերում կստեղծվեն «ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ի անկյուններ, ուր զինծառայողների ինքնակրթության, հայ մշակույթի գանձարանին հաղորդակից լինելու համար ստեղծված կլինեն անհրաժեշտ պայմաններ. յուրաքանչյուր զորամաս կունենա ժամանակակից կահավորված սենյակ, ուր կլինեն հայրենագիտական հարուստ գրականություն, ձայնատեսադարան, հայատառ գլոբուս, քարտեզներ և այլն: «ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ի կողմից զորամասերին կցված կլինեն մեկական երգի, պարի մասնագետներ, ովքեր թիմերին կօգնեն հայրենասիրական երգերի ու ազգային պարերի բարձր մակարդակով կատարմանը: Պարբերաբար տեղի կունենան «ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ի մրցույթներ, շնորհալի ժամկետային զինծառայողները կխրախուսվեն, կիսաեզրափակիչ մրցույթը կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ:

Կարին Տոնոյանը խիստ և անաչառ մոտեցում ցուցաբերեց մրցույթի մասնակից թիմերի նկատմամբ, հանդես գալով դիտողություններով ու առաջարկություններով, որոնք մրցույթի եզրափակիչ փուլին նախապատրաստվող թիմերին կօգնեն հանրության առջև ներկայանալ հավուր պատշաճի:

Մրցույթն անցկացվեց 2 փուլով: 0-ից մինչև ամենաբարձր՝ «ՀԱՅ ԱՍՊԵՏ» գնահատականները վկայեցին ինչպես թիմերի միջև, այնպես էլ նույն թիմի կողմից տարբեր բնագավառներին առնչվող հարցաշարերի պատասխանների տիրապետման տարբեր աստիճանի մասին: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցույթը բանակում անցկացվում է 1-ին անգամ, իսկ մասնակիցները համաբանակային դառնալու հավակնություն ունեցող մրցույթի նախակարապետներն են, կարելի է ասել, որ և՛ կազմակերպիչները, և՛ մասնակիցները տպավորված էին գիտելիքների ցուցադրման ակտիվությունից, ցանկացած գնով հաղթանակի հասնելու նպատակադրվածությունից:

Մասնակիցների երգի ու պարի գնահատականները ևս հուսադրող էին:

Հայտնի չէ, թե բախտն ում կժպտա, սակայն առավել բարձր միավորներ հավաքած մոտոհրաձգային և հրետանային զորամասերի թիմերը, ի զարմանս բոլորի, երկուստեք համոզված էին, որ «ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ում հաղթելով, կնվաճեն Արևմտյան Հայաստանի պատմական վայրերում շրջագայելու ուղեգիր: Հրաժեշտից առաջ հանդիպեցինք հաղթող թիմերից մեկի՝ «ԼԵՌՆԱՀԱՅՔ»-ի ավագ, կրտսեր սերժանտ Հախունցին.

-Կարևորը մարտական ոգին ու հաղթելու տրամադրվածությունն է: Ողջ թիմով հավատացած ենք, որ կհաղթենք, քանի որ հաղթող թիմին բացառիկ հնարավորություն է տրվում այցելելու մեր պատմական հողերը: Մեր թիմի հաղթական ոգու առհավատչյան մեր նշանաբանն է. «Ուժ, եռանդ, նպատակ, առա՜ջ, դեպի՛ հաղթանակ»:

«ՀԱՅ ԱՍՊԵՏ»-ի կիսաեզրափակիչ հեռուստախաղը կկայանա նոյեմբերի սկզբին, որը կցուցադրվի Հանրային հեռուստատեսությամբ:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #38 (1005) 26.09.2013 – 2.10.2013, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


26/09/2013