ԻՐԱՆ. ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐՆ ԱՐԴՅՈՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ՞
Մեր հարևան Իրանն ունի նոր նախագահ, և մեզ համար շատ կարևոր է, թե ինչպիսի ուղենիշ է նա ընտրել իր պաշտոնավարության ընթացքում:
Իրանում քաղաքական բարձրագույն ղեկավարության բաժանումը պահպանողականների և բարենորոգիչների դարձել է տարածված կարծրատիպ, ինչը լրջորեն դժվարացնում է Իսլամական Հանրապետության ղեկավարությունում տեղի ունեցող փոփոխությունների ըմբռնումը երկրի նախագահի պաշտոնին Հասան Ռուհանիի գալուց հետո: Նրա բազմաշերտ քաղաքական կերպարը իրանցի բարենորոգիչների մասին ընդունված պատկերացումների մեջ խցկելու ջանքերը կասկածելի են, և ընտրություններում նրա հաղթանակի պատճառները գնահատելիս միայն հակասություններ են ծնում:
Երևի թե Ահմադինեժադի հեռանալուն ավելի շատ սպասում էր իրանական հոգևորականությունը, որը Իրանի ռազմական վերնախավի, այդ թվում իսլամական հեղափոխության պահապանների աջակցությունը վայելող նախկին նախագահին ընդhանուր առմամբ չընդունեց:
♦♦♦
Ռուհանիի իշխանության գալով երկրում գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողությունը անցավ շիա կղերականների ձեռքը: Ընդ որում, հաշվի առնելով իրանական ընտրազանգվածի շրջանում «լիբերալ քաղաքական գործիչ» և «բարենորոգիչ ղեկավարի» պահանջարկը, Ռուհանիին իսկույն հորջորջեցին «բարեփոխիչ»: Ընտրողներին առաջարկեցին ընտրել ոչ թե թեկնածու, այլ ցանկալի նախագահի կերպար: Այդ քաղաքական կերպարը իրանցիների համար բավականին հրապուրիչ եղավ, և հավաքելով ձայների ընդամենը 50,7%-ը, Ռուհանին դարձավ ԻԻՀ հերթական նախագահը` ներկայացնելով երկրի բարձրագույն հոգևորականությունը, որը համարյա միաձայն ընդունեց նրա հաղթանակը: Բնական է, որ Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Համենեին տեղյակ էր Ռուհանիի թեկնածության հետ կապված մտադրությանը:
Դեռ նախորդ դարի 60-ականների երկրորդ կեսից Ռուհանին սկսեց մասնակցել շահի դեմ հեղափոխական գործունեությանը: 1977թ. իշխանությունների հետապնդումների պատճառով նա լքեց Իրանը և միացավ իմամ Խոմեյնիին: 1980-2000թթ. եղել է խորհրդարանի պատգամավոր, այդ թվում` 1992-2000թթ.` փոխնախագահ: Իրանա-իրաքյան պատերազմի տարիներին Ռուհանին մտնում էր Պաշտպանության գերագույն խորհրդի կազմի մեջ, Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարն էր և զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը: 1989-ին նշանակվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար և պաշտոնավարել մինչև Ահմադինեժադի նախագահ դառնալը: 2005-ից Ռուհանին Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Համենեիի ներկայացուցիչն էր Ազգային անվտանգության գերագույն խորհրդում, որի քարտուղար Ջալիլին միջուկային հարցերով գլխավոր բանակցողի դերում էր: 1991-ից Ռուհանին մտնում է Նպատակահարմարության խորհրդի կազմի մեջ և ղեկավարում Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը:
Նման քաղաքական կարիերան հազիվ թե հիմք լինի Իրանի նոր նախագահին լիբերալների շարքը դասել: 1990-ականներին ստացած դոկտորական աստիճանը Գլազգոյի Կալեդոնիայի համալսարանում, ինչպես նաև հանրության ակնկալիքները նրա ձևավորած նոր կառավարության «ռեֆորմիստական» կազմից այս առումով քիչ բան են փոխում: Ընդունված է իրանական մեջլիսը պահպանողական համարել, սակայն այդ դեպքում էլ խորհրդարանականներից անվստահության քվեներ են ստացել նախագահ Ռուհանիի հաստատմանը ներկայացրած 18 նախարարներից 15-ը: Սա խոսում է այն մասին, որ նախարարների նոր կաբինետի և խորհրդարանի միջև մոտակա ժամանակում հակազդեցություն չի սպասվում: Ինչպես ասում է ինքը` Ռուհանին, կարգախոսների ժամանակն անցել է, այն իրավիճակում, որում գտնվում է այսօր Իրանը, եկել է գործելու ժամանակը:
♦♦♦
Իրանի նոր կառավարության հենքը կազմում են պրոֆեսիոնալ կառավարիչները, որոնց միջին տարիքը 57 տարեկան է: Նախարարների նոր կաբինետում լայնորեն ներկայացված են նախագահներ Ռաֆսանջանիի և Խաթամիի կառավարություններում պաշտոնավարած քաղաքական գործիչները, սակայն իրանական վերնախավի 2009-ի բարենորոգչական թևի վառ ներկայացուցիչները կառավարությունում տեղ չգտան:
Խորհրդարանական քվեարկության բացարձակ առաջատարը (պատգամավորական ձայների 96,47%) էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնն ստացած Ալի Թայեբնիան է` նախագահներ Ռաֆսանջանիի և Խաթամիի օրոք Տնտեսական հանձնաժողովի քարտուղարը: Այդ ժամանակների կառավարությունների կազմից նախարարների նոր կաբինետ են եկել նաև նավթարդյունաբերության, պաշտպանության և զինված ուժերի աջակցության, գյուղատնտեսության, կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական ապահովության, արդյունաբերության, առևտրի և լեռնարդյունաբերության, բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախարարները: Սա առիթ է խոսելու այն մասին, որ տեսանելի ապագայում Իրանի տնտեսությունը (բայց միայն տնտեսությունը, ոչ թե ողջ երկիրը) կկառավարեն երեք նախագահ: Նախագահ Ռուհանիի կողմից կաբինետի գլխավոր քաղաքական պաշտոնների (արտաքին գործերի, տեղեկատվության (հետախուզություն և հակահետախուզություն), արդարադատության, ներքին գործերի, մշակույթի և իսլամական կողմնորոշման) թեկնածուների ընտրության հարցում վերջին խոսքը պատկանում էր այաթոլլա Համենեիին:
♦♦♦
Ռուհանին նշում է, որ նոր կառավարության գլխավոր խնդիրներն են լինելու պատժամիջոցների աճող ճնշումը կրող տնտեսության վերականգնումը, Արևմուտքի հետ հարաբերությունների նորմալացումը և Իրանի դուրսբերումը միջազգային մեկուսացումից: Հարկավոր է սանձահարել իրանական տնտեսական աճի ճանապարհին կանգնած ամերիկյան ուժը: «Դա չի նշանակում, – ընդգծում է Ռուհանին, – հրաժարում մեր սկզբունքներից, սակայն պահանջում է մեթոդների փոփոխություն»: Բարդ խնդիր է. մի բան է` հրաժարվել իր նախորդ՝ Ահմադինեժադի ԱՄՆ-ի և Իսրայելի հասցեին հնչեցրած ռազմական հռետորաբանությունից, և մի այլ բան` կարգավորել հարաբերությունները Արևմուտքի հետ առանց պետության արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ մտցնելու: Իսկ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի խաղաղասիրությանը հավատալն ուղղակի ծիծաղելի կլիներ:
Այս ոչ այնքան դյուրին խնդրի լուծման համար էլ ընտրեցին Իրանի նոր արտգործնախարարին, որը իրանական քաղաքական գործչի համար այնքան էլ տիպիկ կարիերա չի արել: 53-ամյա Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ Դենվերի համալսարանին կից Յոզեֆ Կորբելի անվան միջազգային հարաբերությունների դպրոցի շրջանավարտ է, փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Սան Ֆրանցիսկոյի համալսարանում: 1992-2002թթ. զբաղեցրել է փոխարտգործնախարարի պաշտոնը, այնուհետև հինգ տարի եղել է Իրանի ներկայացուցչության ղեկավարը ՄԱԿ-ում: Իրանցի փորձագետները ընդգծում են նրա մտերմությունը նախագահ Խաթամիի հետ, ինչպես նաև Վաշինգտոնի հետ ոչ պաշտոնական բանակցություններ վարելու` Զարիֆի բազմամյա փորձը: Իրանական ղեկավարության մտադրությամբ արտաքին գործերի գերատեսչության նոր ղեկավարը պետք է դառնա Թեհրանի նոր դիվանագիտության դեմքը առաջին հերթին Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ շփումներում: Նշենք նաև, որ, ԻԻՀ օրենսդրության համաձայն, Իրանի արտաքին քաղաքականությունը սահմանվում է երկրի գերագույն ղեկավարի, այաթոլլա Համենեիի կողմից, որը հավանություն է տվել Զարիֆի նշանակմանը:
♦♦♦
Ռուհանին բացեիբաց խոսում է Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների արդյունքում Իրանի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին: Նոր նախագահն ընդգծում է, որ «Արևմուտքը իրանցիներին զրկում է տարրական կարիքները հոգալու հնարավորությունից»: 2012թ. Իրանը 20 տարվա մեջ առաջին անգամ մտավ ռեցեսիայի մեջ, 2013թ. 1-ին եռամսյակում Իսլամական Հանրապետության բյուջեն կատարվել է միայն 45%-ով: Երկրի նոր ղեկավարությունը մտադիր է տնտեսության կայունությունը վերականգնելու վեցամսյա ծրագիր մշակել և իրականացնել` իրեն հաշիվ տալով, որ պատժամիջոցների պայմաններում ավելի ու ավելի դժվար է դառնում պլանավորելը:
ԱՄՆ Էներգետիկայի նախարարության գնահատմամբ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանգեցրել են այդ երկրից նավթի արտահանման ամենացածր մակարդակին 1986-ից հետո: 2012թ. իրանական նավթի արտահանումը նվազել է՝ հասնելով օրական մինչև 1,5 մլն բարելի (2011թ. այս ցուցանիշը կազմում էր 2,5 մլն բարել): Արտասահման` նավթի մատակարարումներից Իրանի եկամուտները 2012թ. ընթացքում 95 միլիարդից նվազել են մինչեւ 69 մլրդ դոլար: Իրանի կորուստները կապված են ոչ միայն Եվրոպա` նավթի արտահանման դադարեցման հետ: Օրինակ՝ Հնդկաստանը մարտի 31-ին ավարտվող 2012-2013թթ. ֆինանսական տարվա ընթացքում կրճատել է Իրանից նավթի ներկրման ծավալները 26,5%-ով:
ԱՄՆ-ում ընդունվել է նոր օրենք, ըստ որի՝ Իրանի նկատմամբ «պատժի» գլխավոր չափը դառնում է նավթի արտահանման հերթական կրճատումը օրական 1 մլն բարելով ամբողջ տարվա համար, ինչը, ըստ ամերիկացիների, արդյունքում կհանգեցնի իրանական նավթի մատակարարումների կրճատմանը համաշխարհային շուկայում ընդհուպ մինչեւ 2015թ.: Նավթի արտահանումից առաջացած կորուստներն Իրանը ոչնչով չի կարող փոխհատուցել: Ինչպես վկայում են մաքսային վարչակարգի վիճակագրական տվյալները, այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում իրանական նավթաքիմիական արտադրանքի մատակարարման ծավալը նվազել է 12,5%-ով, գազային կոնդենսատինը` 15%-ով: Մնացած արտահանումը /առանց նավթագազայինի/ կրճատվել է 5%-ով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ ներկրումը կրճատվել է համարյա մեկ երրորդով:
Ժամանակին Ահմադինեժադի օրոք Իրանը նավթի վերամշակման ապրանքների արտադրության զարգացման ճիշտ ռազմավարություն ընտրեց, որպեսզի արտահանի ոչ թե հումք, այլ նավթաքիմիական արտադրանք: Ներկայումս նավթաքիմիական բնագավառի 70 ձեռնարկությունների շինարարություն է ընթանում, դրանց պատրաստության աստիճանը տատանվում է 5% – 95%-ի միջեւ: Բոլոր ծրագրերն ավարտին հասցնելու համար Թեհրանին հարկավոր է 30-35 մլրդ դոլար: Իսկ այդպիսի գումարներ գտնել (հաշվի առնելով, որ Իրանը գտնվում է համընդհանուր պատժամիջոցների տակ), չափազանց դժվար է:
Ամեն դեպքում՝ Ռուհանին չի կարող չզգալ, որ չափազանց քիչ ժամանակ ունի երկրի բնակչության վստահությունն արդարացնելու համար: Առաջինը, ինչով պետք է զբաղվի նոր նախագահը, սոցիալ-տնտեսական խնդիրներն են և որպես դրանց լուծման համար անհրաժեշտ պայման` պատժամիջոցների թուլացումը: Հարկավոր է հաշվի առնել նաև այն, որ Ռուհանիի` իշխանության գալու հետ մեկտեղ Արևմուտքի հետ Իսլամական Հանրապետության հարաբերություններում նոր հնարավորություններ են հայտնվել, որոնք չեն բացառում, մասնավորապես՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղիղ երկկողմ բանակցությունները, ինչին անհամբերությամբ սպասում են Եվրամիության առաջատար երկրները, որոնք միլիարդավոր եվրոներ են կորցնում իրանական շուկայից դուրս գալու դեպքում:
ՆԻԿՈԼԱՅ ԲՈԲԿԻՆ
Fondsk.ru
Թարգմանեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ