ՍԻՐԻԱԿԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ
Այժմ աշխարհաքաղաքական իրավիճակը շատ բարդ է: Մի բան է պատերազմ վարելը, մի այլ բան` պատերազմի պատրաստվելը և բոլորովին այլ բան` պատերազմով սպառնալը: Նշենք այն ուժերը, որոնք կտրականապես շահագրգռված են Սիրիային հարված հասցնելու մեջ` Բաշար Ասադին թուլացնելու և գահընկեց անելու նպատակով: Դրանք են` ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրը և էներգետիկ կորպորացիաները, արաբական «նավթային միապետություններն» ու նախևառաջ Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Իսրայելը և ազդեցիկ հրեական լոբբին ԱՄՆ-ում: Այս եռյակի դիրքերն առաջվա նման շատ ուժեղ են, և նրանց շահերն անտեսել Օբաման ուղղակի չի կարող: Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, Սիրիայի վրա հրետակոծություն չեղավ, իսկ Շվեյցարիայում էլ բանակցային գործընթաց սկսվեց, որի երկրորդ փուլը նախատեսվում է հոկտեմբերին: Սակայն շատ հնարավոր է, որ «Ժնև-2»-ի ջանքերը տապալվեն նոր սադրանքով:
Այժմ կարող ենք ասել, որ Ռուսաստանի համակարգված ջանքերն առայժմ կանգնեցրին ԱՄՆ ռազմական մեքենան: Սակայն ագրեսիան կանգնեցնելու իրական ներուժ Ռուսաստանն այսօր չունի: Ավելին, Սիրիայում պատերազմ անցած հազարավոր սալաֆի զինյալներ ցանկացած պահի կարող են ուղարկվել ռուսական Հյուսիսային Կովկաս Թուրքիայի և Ադրբեջանի վրայով:
Վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մերձավոր Արևելքին նվիրված իր ելույթում մի հետաքրքիր արտահայտություն արեց. «Այն դասը, որը պետք է իրանցիները քաղեն, այն չէ, որ մտածեն, թե՝ եթե մենք Սիրիային չխփեցինք, ուրեմն՝ Իրանին էլ չենք խփի»:
ՌԴ Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի 1-ին փոխնախագահ Կոնստանտին Սիվկովն այսպես է մեկնաբանում Օբամայի խոսքերը. «Պատերազմներն սկիզբ են առնում ոչ թե քաղաքական գործիչների ցանկություններից ու մտադրություններից, այլ օբյեկտիվ հակասություններից, որոնք չեն կարող լուծվել խաղաղ միջոցներով: ԱՄՆ-ը և Եվրոպան ձգտում են երաշխավորված մուտք ունենալ ողջ աշխարհի պաշարներին, այդ թվում` էներգետիկ: Եվ նրանք չեն կարող թույլ տալ, որ Իրանի հսկայական պաշարները պաշտպանված լինեն հրթիռամիջուկային կարողություններով: Այստեղից էլ Օբամայի խոսքերն այն մասին, որ Թեհրանի միջուկային ծրագիրն ԱՄՆ-ի համար իրենից շատ ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան Դամասկոսի քիմիական զենքը: Ինչ վերաբերում է Սիրիային հարվածելը հետաձգելուն, ապա այստեղ Ամերիկային փորձանքի մեջ գցեցին նրա դաշնակիցները, որոնք չցանկացան առաջինը պատերազմի մեջ մտնել, ինչը որ ԱՄՆ-ն էր պահանջում: Այսօր ո՛չ Թուրքիան, ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ մյուսները չեն ցանկանում պատերազմ նախաձեռնողի դերում հանդես գալ` այդ իրավունքը զիջելով Միացյալ Նահանգներին: Իսկ վերջինս չունի արժանի հարվածային խմբավորում այդ խնդիրը լուծելու համար: Սակայն պատերազմը ամերիկացիները չեղյալ չեն հայտարարել: Այն միայն հետաձգվել է: Պատերազմական գործողությունների հավանական սկիզբ կարելի է նշել 2014թ. գարունը` ամենաբարենպաստ ժամանակաշրջանը եղանակային պայմանների տեսանկյունից»:
ՍԻՐԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԻՍԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Յուրաքանչյուր մասնագետ յուրովի է գնահատում Սիրիայի շուրջ Վաշինգտոնի քայլերը և յուրովի հասկանում այդ քայլերի նպատակները: Օրինակ՝
♦ Ապահովել ԱՄՆ-ին էներգակիրներով:
♦ Ստեղծել կառավարելի քաոս` Մերձավոր և Միջին Արևելքի նկատմամբ վերահսկողություն ունենալու համար,
♦ Պաշտպանել ԱՄՆ ամենամոտ դաշնակցի` Իսրայելի շահերը:
♦ Բարձրացնել ԱՄՆ նախագահի ընկնող վարկանիշը:
♦ Վաշինգտոնի առավել արդյունավետ վերահսկողությունը հաստատել Չինաստանի և Եվրոպայի երկրների նկատմամբ, որոնք կախված են մերձավորարևելյան էներգակիրների մատակարարումից:
♦ Օկուպացնել Սիրիան` հաջորդական անցում կատարելով ԱՄՆ-ի ավելի կարևոր հակառակորդին` Իրանին վերացնելու համար:
♦ Ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրն ապահովել պատվերներով:
♦ Ռազմական ծախսերի օգնությամբ խթանել լճացման մեջ գնտվող ամերիկյան տնտեսությունը:
♦ Ամերիկացիների ուշադրությունը շեղել գործազրկությունից, աղքատությունից, ԱՄՆ արտաքին քաղաքականության անհաջողություններից, արդարացնել հատուկ ծառայությունների գործողությունները ԱՄՆ բնակչության նկատմամբ վերահսկողության առումով և այլն:
Վաշինգտոնի «սիրիական ծրագրի» նպատակների հիերարխիայում կարելի է առանձնացնել երեք գլխավոր և փոխկապակցված նպատակներ.
♦ Ագրեսորի համար ճանապարհ հարթել դեպի Ռուսաստանի սահմանները:
♦ Պայմաններ ստեղծել երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու համար:
♦ Պահպանել նավթադոլարային արժույթի համակարգը:
Արդեն շատ է խոսվել, որ Սիրիան միայն միջանկյալ օղակ է Վաշինգտոնի ագրեսիվ ծրագրերում: Նրանից հետո ագրեսիայի օբյեկտ պետք է լինի Իրանը: Իսկ Իրանից հետո ագրեսորը անմիջականորեն կհայտնվի Ռուսաստանի հարավային սահմանների մոտ:
Ըստ ռուսական մամուլի նյութերի
թարգմանությունը՝ Ն. ՄԿՐՏՉՅԱՆԻ