Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀԱՎԱՏԻ ԵՎ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԱՏԵՂԻՆ



Սկիզբը՝ նախորդ համարում

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի պետ, գնդապետ Ս. Խաչատրյանի հետ շրջում ենք «Եռաբլուրի» տարածքում: Ընդհանուր տարածքն կազմում է 29 հեկտար, որից 8 հեկտարը անտառապատ է, կանաչապատ ու ծաղիկներով եզրապատված իր ճեմուղի ճանապարհներով: Նախկինում այստեղ անտառապատ երեք բլուրներ են եղել: Երևանցիները հանգստի և տոնական օրերին բարձրացել են այստեղ: Հետո եղան ցուրտ ու մութ տարիները և բնակիչները սկսեցին հատել ծառերը: Արցախյան ազատամարտի օրերին, երբ հուղարկավորվեցին այստեղ առաջին ազատամարտիկները` արդեն աստիճանաբար «Եռաբլուրը» եղավ սկզբում զոհվածների ընկերների, այնուհետև նորաստեղծ անկախ պետականության ուշադրության կենտրոնում: Աստիճանաբար տարածքը նորից հագավ իր կանաչ գույնը, և օրեցօր անտառն ավելի հարստացավ տարբեր ծառատեսակներով: Այստեղ ի հիշատակ իրենց զոհված ընկերների` ծառեր են տնկել զոհվածների ընկերները, տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ, ղեկավար աշխատողներ: Ամեն մի մարդու, ամեն մի անհատի համար պատիվ է թեկուզ փոքրիկ մի ձևով իր ավանդը բերել «Եռաբլուր» պանթեոնի տարածքի կառուցապատմանն ու գեղեցկացմանը:

Գնդապետ Սուրիկ Խաչատրյանը թվարկում է, թե ովքեր են մշտապես իրենց օգնության ձեռք մեկնում տարածքի կանաչապատման, մաքրության, հարդարման և այլ աշխատանքներում:

Երևանի պետական համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամները, Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողները, «Եռաբլուրի» ծնողների կոմիտեի նախագահ Արամայիս Միքայելյանը, «Արևորդիները» ու «Երիտասարդ համալսարանականները», «Էլ-թի-էլ» բարեգործական ընկերությունը, «Հայազն» երիտասարդական կազմակերպությունը:

«Եռաբլուր» պանթեոնի պետը դժվարանում է հիշել բոլոր այն կազմակերպությունների ու անհատների անունները, ովքեր իրենց աջակցությունն են բերում պանթեոնի շրջակա կանաչապատման գործին: Այս մի տարածքն արդեն անուն ունի «Եղևնիների պուրակ»: Այս եղևնիները գարնանը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ և առաջարկով տնկել են Ազգային ժողովի «Երիտասարդ խորհրդարանականները», ասել է թե ` մեր վաղվա օրվա օրենսդիրներն ու օրենսգետները: Եղևնիները և ընդհանրապես ամեն մի նոր տնկած ծառ ու թուփ «Եռաբլուրի» աշխատակիցների մշտական ուշադրության, հոգածության կենտրոնում են: Եվ դա պատահական չէ` մեր պատմության ընթացքում առաջին անգամ է կառուցվել այսպիսի հուշարձան: Առաջին անգամ է, որ մեր հերոսները ննջում են կողք կողքի, ինչպես ուս ուսի կռվում էին թշնամու դեմ…

Այնպես չթվա, թե միայն դրսի կազմակերպությունների օգնությամբ է այստեղ կատարվում ծառատունկ: «Ասալա » հուշահամալիրի առջև տնկվել են բազմագույն վարդեր, եւ այդ տարածքն էլ անվանում են «Վարդաստան»: Տնկարկը կատարվել է «Եռաբլուրի» աշխատակիցների եւ «Նեմեսիս» կազմակերպության աջակցությամբ: «Եռաբլուրի» աշխատակիցները պանթեոն այցելած հերոսների ծնողներին, հարազատներին հաճախ են նվիրում վարդերի գույնզգույն փնջեր՝ հարազատների տապանաքարերին դնելու համար:

Պատմում են պանթեոնի «հնաբնակներ» Ալբերտ Առաքելյանը, Ռուբիկ Ներսիսյանն ու Սուրիկ Սիմոնյանը

-«Եռաբլուր» զինվորական պանթեոնն ստեղծվել է Արցախյան պատերազմի առաջին զոհերի հուղարկավորության հետ: 1993թ. ՀՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել էր Հատուկ ջոկատ անվանումով ստորաբաժանում, որը կազմակերպում էր զոհվածների հուղարկավորությունները: Հատուկ ջոկատի պետը գնդապետ Վոլոդյա Չիբուխչյանն էր, տեղակալը` փոխգնդապետ Վլադիմիր Ավագյանը, աշխատակիցներն էին Աշոտ Ազգալդյանը, Սիրեկան Առաքելյանը (Հոպար), Արթուր Ներսիսյանը, Սուրիկ Սիմոնյանը:

1993թ.-ի վերջին, երբ «Եռաբլուրը» դարձավ որպես զորամաս, հրամանատար նշանակվեց մայոր Վալուշ (Արմո) Դավթյանը, իսկ տեղակալը՝ Արթուր Սիմոնյանը:

-Հուղարկավորությունների համար «Երազ» գործարանում հատուկ մեքենա էր պատրաստվել, և զոհված տղաներին պատվո պահակախմբով ուղեկցում էինք մինչև «Եռաբլուր»: Դժվարին, ծանր օրեր էին: Լինում էին օրեր, երբ էքսկավատորով տասից ավելի շիրմափոսեր էինք փորել տալիս: Դիահերձարանից զոհվածի դին տեղափոխում էինք տուն, որտեղից էլ հարազատների ցանկությամբ ուղեկցում էինք կա՛մ իրենց տոհմական գերեզմանատուն, կա՛մ էլ բերում էինք «Եռաբլուր»՝ հուղարկավորելու: Իրոք, ծանր ժամանակներ էին: Լինում էին օրեր, երբ զոհված ազատամարտիկի դին հասցնում էինք Մեղրի ու վերադառնալով՝ անմիջապես մեկնում Նոյեմբերյան կամ մեկ ուրիշ հեռավոր շրջան: Քուն ու դադար չունեինք: Անհանգիստ իրավիճակ էր ինչպես թիկունքում, այնպես էլ սահմաններում: Նաև ինչ-որ բացասական վերաբերմունք կար մեր` հուղարկավորողներիս նկատմամբ: Մենք դա հասկանում էինք… Լինում էին մարդիկ, որոնք նշանակվում էին մեր զորամասում ծառայելու, գալիս էին, մի քանի շաբաթ օր ու գիշեր անքուն մասնակցում էին այդ գործերին, ապա հրաժարվելով այդ ծառայությունից` ասում էին. «Ավելի լավ է՝ գնանք, կռիվ անենք սահմաններում, քան թե զբաղվենք հուղարկավորությամբ»: Հետո, ճիշտն ասած՝ իմանում էինք, որ նրանցից շատերը ոչ էլ կռիվ տվողներ էին: Լինում են, չէ մարդիկ, որոնք հայրենասերի իրենց տեսակն են ուզում ցուցանել: Նրանք այդպիսին էին: Իսկ մենք գիշեր ու զօր անքուն, անդադար մեր գործն էինք անում: Եվ կրկնում եմ, չհաշված այն բացասական վերաբերմունքը, որը լինում էր զոհվածների հարազատների, բարեկամների կողմից: Լինում էին նաև դեպքեր, որոնք ողջ պատմության ընթացքում դաջվեցին մեր հիշողության մեջ:

Օրինակ՝ սահմանամերձ գյուղերից մեկում հուղարկավորված հերոսի դին տեղափոխեցինք «Եռաբլուր»: Դեպքն այսպես էր եղել. հերոսը հայրենի գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ զոհվել էր և հուղարկավորվել պապենական գերեզմանատանը: Հետո ինչ-ինչ հանգամանքներով մայրը տեղափոխվել էր Երևան և դիմել պաշտպանության նախարարություն` որդու աճյունը Երևան` «Եռաբլուր» տեղափոխելու, վերահուղարկավորելու համար: Պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի մակագրությամբ տեղեկանքով, երբ ներկայացանք գյուղապետին, և նրանք իմացան մեր այցելության նպատակը, ոչ մի կերպ չէին համաձայնում: Ոտքի ելավ ողջ գյուղը. «Մեր գյուղի հերոսին չպետք է տանեք մեր գյուղից»: Եկավ զոհվածի հորեղբայրը` մի պատվարժան մարդ. «Չի՛ կարելի հերոսների աճյունները գյուղից հանել: Մենք նրանց ոգով ենք պահում մեր շեները»: Ու էդպես գյուղացիները չէին թողնում, որ հերոսի աճյունը գյուղից դուրս բերեինք: Իսկ մենք էլ ձեռնունայն չէինք կարող վերադառնալ: Վերջապես երկար բանակցություններից հետո համաձայնության եկանք: Ու երբ հերոսի աճյունը մեքենայով դուրս էինք բերում գյուղից, գյուղի ողջ բնակչությունը` մեծ ու փոքր, լուռ շարվել էին ճանապարհի երկու կողմերը: Երբ մեքենան դանդաղ դուրս էր գալիս գյուղից, ճամփեզրին շարված գյուղացիները խոնարհվում, իրենց հարգանքի տուրքն էին մատուցում իրենց հերոսին` իրենց այգիներից ու հայրենի սարերից հավաքած թարմ ծաղիկների փնջերով: Գյուղում լռություն էր, բայց լալիս էր գյուղի ողջ բնակչությունը, իսկ հուղարկավորության մեքենայի ամբողջ թափքը, որտեղ հերոսի աճյունն էր, գույնզգույն ծաղիկների մի ամբողջ դեզ էր: Այդպիսի դեպքը կմոռացվի՞:

Մի անգամ էլ մեկը եկավ ու երբ տեսավ մեր տաժանակիր աշխատանքը, ասաց. «Ես մեռել թաղող չեմ, ես կռվող եմ» ու գնաց: Բայց դե պարզ էր, որ նա էլ կռվող չէր:

Ավարտելով իրենց պատմությունները «Եռաբլուր» զինվորական պանթեոնի «հնաբնակներ» Ալբերտ Առաքելյանը, Սուրիկ Սիմոնյանն ու Ռուբիկ Ներսիսյանը ցավով նշում են, որ արժե գնահատել իրենց չերևացող, բայց դժվարին աշխատանքը, որովհետև անցնող տարիների հետ հասակ առած երեխաների, թոռների հարցերին դժվարանում են պատասխանել:

Շարունակելի

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #38 (1005) 26.09.2013 – 2.10.2013, Հոգևոր-մշակութային


26/09/2013