Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԵԶ ԵՄ ՏԱԼԻՍ ԱՂՋԿԱՍ ՁԵՌՔԸ



Լուսառատ գյուղում է ապրում ազատամարտիկ Վահագն Մարկոսյանը: Ով եղել է Խոր Վիրապում, նա բարձունքից նայել է Արարատներին: Մինչ Արաքսը կան էլի փոքրիկ բլրակներ, որոնցից մեկին հայդուկապետ Գևորգ Չաուշի հուշարձանն է: Այդ հուշարձանն էլ ազդարարում է Լուսառատ գյուղի մուտքը: Վահագնը զինվորագրվել է Երասխի ջոկատին, որի հրամանատարն էր Ռաֆիկ Օղիկյանը: 1992թ. մարտի տասին` թշնամու հերթական հարձակումներից մեկի ժամանակ, Վահագնը ծանր վիրավորվեց, կորցրեց ոտքը: Ապաքինումը ձգվեց երկար ամիսներ: «Հիվանդանոցային իմ ամենածանր օրը եղել է մայիսի տասնինը: Այդ օրը Երասխում զոհվեց իմ հրամանատար Ռաֆիկը, որը մի քանի օր առաջ էր եկել ինձ տեսության, հուսադրել,- վերհիշում է Վահագնը»:

-Ճիշտ է, պատերազմն ինձ հաշմանդամ դարձրեց, բայց կյանքն էլի ընթանում է իր հունով: Առավել ևս, երբ քո շրջապատում ապրում են բարի, հոգատար մարդիկ` ազատամարտիկ Ատոմ Սարգսյան, Ամերիկայի արևելյան թեմից Արփի Մեսրոպյան անուն-ազգանունով մի հայուհի, որը Տեր Մխիթարի օրհնությամբ քսան տարի եղավ իմ ընտանիքի բարերար հովանավորը… Շնորհակալ եմ շատ շատերից: Ուզում եմ բարի խոսքեր ասել նաև տիկնոջս` Ռուզաննային, որն անտրտունջ իր ուսերին է վերցրել ընտանիքի հոգսը և այն կրում է իսկական հայուհուն վայել` վաղվա օրվա լավատեսությամբ: Թող գիրս հիշատակող լինի մի հայուհու անուն և արարք, որն ամբողջովին փոխեց իմ կյանքը: Այդ անձնավորությունը կնոջս` Ռուզաննայի մայրն է` տիկին Լենա Թումանյանը: Նրան շատերն են ճանաչում, հարգում: Մտավորական է, կիրթ, համեստ: Շատերը կհիշեն ժամանակին շրջանային «Արարատ» թերթում տպագրված նրա հոդված-ակնարկները: Նրա հետ հանդիպումը ինձ համար ճակատագրական էր: Հենակներով, վիրավոր մի օր վեր կացա ու գնացի հարսնախոսության: Դուռը բացեց տիկին Լենան ու ընդունեց սիրով: Հյուրասիրեց, զրուցեցինք Արցախից, Երասխից` չկասկածելով, թե ինչի համար եմ ոտք դրել իրենց օջախ: Տիկին Լենային պատմեցի իմ անցած կյանքը, պատերազմական օրերը, ծանր վիրավորվելն ու, ի վերջո, հարցրի.«Գիտե՞ք` ինչու՞ եմ եկել»: Նա հարցական ինձ նայեց: Ես շարունակեցի.«Եկել եմ Ձեր աղջկա` Ռուզաննայի ձեռքը խնդրելու»:

Այս խոսքերից հետո լռություն իջավ: Չգիտեմ` որքան այն ձգվեց, սակայն ինձ թվաց՝ մի ողջ հավերժություն էր: Հետո տիկին Լենան կանչելով Ռուզաննային` նայեց ինձ ու հատիկ-հատիկ ասաց.

-Դու, որ քո կյանքը չխնայեցիր մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար, ես ինչպես մերժեմ աղջկաս ձեռքը, դու արժանի զավակ ես, արժանի հայորդի: Դստերս տալիս եմ քեզ, տալիս եմ որպես հայ օջախի խոնարհ պահապան: Աստված ձեզ օրհնի:

Եվ այդ օրից փոխվեց իմ կյանքը: Նորից սիրեցի, նորից սիրահարվեցի կյանքին, իմ համայն աշխարհին, Իշխան որդուս, որը սովորում է Հառիճավանքի հոգևոր ընծայարանում:

Հիմա, երբ հանդիպում ենք, տիկին Լենան կատակում է.

-Թշնամու դեմ նույն համարձակությա՞մբ էիր մարտնչում, միայնակ: Հիմա կարո՞ղ ես ասել` զոքանչն է ուժեղ, թե թշնամին…

Գ.Շ.

Խորագիր՝ #39 (1006) 3.10.2013 – 9.10.2013, Հոգևոր-մշակութային


04/10/2013