Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՍՔԵՐ, ՈՐ ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱԶԳԸ



Հատորներ կարող են կազմել այն օտարերկրացիների խոսքերը, որոնք, այցելելով Հայաստան, իրենց հիացական գրառումներն են թողել մեր երկրի ու մեր ազգի մասին։ Անշուշտ, դրանք եւս պատմություն են, եւ արժե թերթել նաեւ այդ էջերը։

Եթե ինձ հարցնեն, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է առավել շատ հրաշքների հանդիպել, ես առաջինը կտայի Հայաստանի անունը։ Ակամայից զարմանում ես, որ աշխարհի այսպիսի փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի կոթողների ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են կազմել աշխարհի զարդն ու պարծանքը։ Երիցս կեցցես դու, հող հայկական, օրրան տաղանդների, օրրան մեծագործությունների։

ՌՈՔՈՒԵԼ ՔԵՆՏ
ամերիկյան նկարիչ, 1962

♦♦♦

Հայաստանում ինձ վրա մեծ տպավորություն թողեց Մատենադարանը։ Այստեղ ես տեսա հայ ժողովրդի մեծահարուստ մշակույթի կենդանի վկաները։ Այսպիսի մշակույթ եւ գիտություն ունեցող ժողովրդին չի կարելի փոքր անվանել։

Ով գիտե, ծանոթ է համաշխարհային մշակույթի ու գիտության ասպարեզում հայ ժողովրդի մատուցած ծառայություններին, նրա լեզուն չի բռնի «փոքր» բառը արտասանել։ Յուրաքանչյուր մարդ, ով իրեն կրթված է համարում, պարտավոր է գլխարկը հանել այսպիսի մշակույթ ունեցող ժողովրդի առաջ։ Այս համեստ, բայց իմաստուն ժողովուրդը, որ մշտապես երիտասարդ է մնացել, աշխարհին տալիս է այնպիսի վիթխարի դեմքեր, ինչպիսին տալիս են մեծ ժողովուրդները։

Գ.ՎԻՏԶԻՆՈՍ
գերմանացի լրագրող, 1961

Միայն Մատենադարանը տեսնելու համար արժեր գալ Հայաստան։

Վ.Տ. ԼԵՅՏՈՍՈ Դե ԿՈՒՆՅԱՆ
բրազիլացի դիվանագետ, 1963

♦♦♦

Ճակատագիրը հայերին դրել է մի դժվար տարածքի վրա։ Հնուց մինչեւ մեր օրերը շատերը փորձեցին խժռել նրանց եւ շատ անգամ խժռեցին, բայց բազմաթիվ շնորհներով օժտված այս արթուն ցեղը կարողացավ վերապրել։ Բազում վտանգների դիմադրելիս, իրենց կրած տառապանքներով, իրենց ժողովրդին բնորոշ բնածին ազնվությամբ, իրենց աշխույժ հոգեկանով եւ բազմաթիվ գործնական ունակություններով ստեղծեցին գեղեցիկ մի քաղաքակրթություն եւ այդ ամենով, իրենց տառապանքներով ու գործերով, պահպանեցին իրենց գույնը մյուս ժողովուրդների մեջ եւ ամեն անգամ շահեցին մեր համակրանքը։

Այս երկրի որ մասին էլ դիպչելու լինես՝ այնտեղից հուզիչ պատմություններ կցայտեն։

ՄԻՑՈՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈՒԼՈՍ
հույն գրող, 1982

Խորագիր՝ #39 (1006) 3.10.2013 – 9.10.2013, Հոգևոր-մշակութային


04/10/2013