Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԳԻՐՔԸ՝ ԱՂԲՅՈՒՐ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ



«Մի անցուսցես ի վերայ քո օր՝ որ եթէ չկարդասցես գիրք»

Յովհաննէս Գառնեցի, ԺԳ դար

Սկիզբը՝ նախորդ համարում

Հայկական մանրանկարչությունը այսօր հիացումի ու սքանչացումի առարկա է իր ներշնչման ուժով, նյութերի բազմազանությամբ, արվեստի նրբություններով, ինչպես նաև գույների ընտրության մեծ ճաշակով ու գծանկարի վարպետությամբ: Հայ մանրանկարիչներից համաշխարհային ճանաչում ունի Թորոս Ռոսլինը /Կիլիկիա, ԺԳ դար/, նշանավոր արվեստագետ-վարպետ մանրանկարիչներն են եղել՝ Մարգարեն՝ /ԺԳ դար/, Մոմիկը /ԺԳ-ԺԴ դար/, Սարգիս Պիծակը /ԺԴ դար/, Հակոբ Ջուղայեցին /ԺԶ-ԺԷ դար/ և շատ ուրիշներ:

Այսպես գրված և ծաղկված մագաղաթյա թերթերը տրվում էին կազմարարին, որը, իր հերթին, դասավորում էր, կարում ու կազմում: Իսկ ձեռագիր ընդօրինակելու տևողությունը, անշուշտ, կախում էր ունենում տրված ձեռագրի ծավալից. ընդհանրապես հեշտ էր, որ գրիչները օրական 5-10 էջեր կարողանային ընդօրինակել:

Շնորհիվ այսպիսի նախանձախնդիր ու հավատավոր գրիչների՝ հայ գիրքն ընդօրինակված, բազմացված ու դժվար պայմաններով շարունակել է գոյատևել դարերի ընթացքում: Հայաստան աշխարհի վանքերն ու կրթական հաստատությունները եղել են հայ ձեռագիր գրքերի օջախը: Այդ վանքերից են եղել՝ Էջմիածնի, Նարեկի, Աղթամարի, Սաղմոսավանքի, Գեղարդի, Անիի, Գլաձորի, Տաթևի, Հաղպատի, Սանահինի, Արգինայի, Կեչառիսի, Գետիկի, Հաղարծինի, Ամրտոլու վանքերը, իսկ Կիլիկյան շրջանում նշանավոր են եղել Հռոմկլայի, Սկևռայի, Դրազարկի, Բարձրաբերդի և Ակների վանքերը: Այդ վանքերը ունեցել են նաև իրենց գրադարանները, որտեղ երբեմն հազարավոր ձեռագիր գրքեր էին պահպանվում: Ունեցել ենք նաև իշխաններ, որոնք առանձին գրադարաններ են ունեցել, ինչպես՝ Գրիգոր Մագիստրոս Իշխանը, որը եղել է նաև Սանահինի համալսարանի դասախոսներից մեկը:

Դժբախտաբար, սակայն, հայ ձեռագիր գրքերը ևս ենթարկվել են հափշտակության և ոչնչացման, այլև գերեվարության: Հայի համար իր ձեռագրերը սրբություններ էին. հաճախ նրանց փրկության համար հայ մարդը իր ընտանիքը զոհելու գնով ցանկացել է փրկել իր ձեռագիր գրքերը: Հետաքրքրական և սրտահույզ դրվագներ են հասել մեզ այս մասին, որտեղ պատմվում է, թե ինչպես հայ մարդը ջանք է թափել իր ձեռագրի անաղարտ պահպանման համար: Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում է գտնվում Մշո Ճառընտիրը, որի մագաղաթները 700 հորթի կաշվից էին պատրաստվել: Այս ձեռագիրը ԺԳ դարում սելջուկների կողմից խլվել է, սակայն մեծ փրկագնով ազատվում է, իսկ 1915 թվականին, հայերի ջարդերի ընթացքում, Մուշ քաղաքի հայ տիկինների շնորհիվ ազատվում և հասնում է Էջմիածին: Հակառակ պատերազմներին, գաղթերին ու ոչնչացումներին՝ այսօր շուրջ 25000 հայկական ձեռագիր գոյություն ունի. կարևոր մասը՝ ավելի քան 10 հազարը՝ Երևանում, իսկ մնացածը՝ Երուսաղեմ, Վենետիկ, Վիեննա, Լոնդոն, Փարիզ, Անթիլիաս և այլուր:

Այսպես՝ հայ ձեռագիր գիրքը, անցնելով «Ընդ հուր եւ ընդ սուր» հասնում է մեզ՝ կազմելով մեր ժողովրդի հոգևոր ժառանգության անգին հարստությունը:

Ձեռագիր հայ գիրքը շարունակվել է մինչև ԺԸ դար՝ հետզհետե տեղի տալով տպագիր հայ գրքին:

Տպագրության գյուտը մարդկային կյանքի խոշորագույն երևույթներից մեկն է եղել, եթե ոչ՝ խոշորագույնը: Նա մի նոր դարաշրջան էր բացում մարդկության առջև: Գերմանացի Գուտենբերգի գյուտով՝ մարդկային քաղաքակրթությունը զարգացման, բարգավաճման նոր հանգրվան էր թևակոխել. 1450 -ական թվականներին կատարված տպագրության գյուտը շուտով պետք է տարածվեր ընդհանուր Եվրոպայի քաղաքներում, որոնցից, մասնավորաբար՝ Վենետիկ քաղաքը, պետք է գրավեր մասնավոր տեղ. ահա այդ գյուտից հազիվ 57 տարի անց, Վենետիկում, 1512 թվականին լույս պետք է ընծայվեր առաջին տպագիր հայ գիրքը՝ շնորհիվ Հակոբ Մեղապարտ անունով մի անհատի:

Այո՛, առաջին հայ տպագիր գիրքը տպվում էր հեռու Հայաստան աշխարհից, հեռավոր Վենետիկ քաղաքում, որովհետև հայ ժողովրդի պատմությունը մեզ ցույց է տալիս, որ ԺԴ-ԺԶ դարերում Հայաստանը իր ժողովրդով ապրում էր քաղաքական ամենաանապահով ու տագնապալի շրջաններից մեկը: Մոնղոլական իրարահաջորդ արշավանքները Հայաստանը ավերակակույտի վերածեցին՝ պատճառ դառնալով հայ բնակչության նոր արտագաղթի, ապա Լենկթեմուրյան արշավանքների ու նրանց հաջորդող իշխանությունների անկայուն ու հակամարտ մրցակցությունները՝ Հայաստանը իրենց իշխանության տակ պահելու, առավել չափով վատթարացրին մեր ժողովորդի կացությունը: ԺԳ դարի վերջում և ԺԴ դարի սկզբում Փոքր Ասիայում առաջ էր գալիս մի նոր ուժ՝ Օսմանյան կայսրությունը, իսկ մոտավորապես միևնույն շրջանում, ԺԵ դարում, Պարսկաստանում հիմնվում էր Սեֆևյան կամ Սեֆյան հարստությունը, ու այնուհետև Հայաստանը կռվախնձոր էր դառնում Օսմանյան և Սեֆյան պետությունների միջև. ԺԶ դարի սկզբներում երկու հակառակորդ պետությունները երկարատև պատերազմներ են մղում իրար դեմ: Այդ պատերազմների գլխավոր թատերաբեմը Հայաստանն էր: 1509 թվականին Հայաստանի Մոկաց աշխարհում գրված ձեռագիր հիշատակարանը հետևյալ բառերով է նկարագրում այդ ժամանակաշրջանը. «Այս դառը և նեղ ժամանակներում մեծ պատուհաս եղավ մեր աշխարհի վրա: Քանի որ այդ ժամանակ դեպի Թավրիզ գնաց Շահ Իսմայիլ անունով փադիշահը, նեռի մի նախակարապետ և շատ ավերածություն արեց մեր աշխարհում՝ սպանություններ և կողոպուտ բոլոր վայրերում: Եվ ո՞վ կարող է գրի առնել այն չարությունները կամ դավերը , որ գործում է աշխարհի վրա: Եվ տեղից տեղ, աշխարհից աշխարհ շրջեցինք, շատերը սովամահ ու ձնախեղդ եղան կամ գազանի բաժին դարձան նրա ահից»: Ամբողջ ԺԶ և ԺԷ դարերը իրարահաջորդ արշավանքներով, ավերածություններով ու առավել բռնագաղթերով էին հիշատակվում:

Շատ բնական էր, որ այս քաղաքական վիճակը պետք է ազդեր նաև մշակութային կյանքի վրա, և, սակայն, լույսի ծարավ, գիտության սիրով վառված հայը, հակառակ այս դառն իրողության, պետք է լիներ Առաջինը Մերձավոր Արևելքի ժողովուրդների, որ Գուտենբերգյան տպագրական գյուտից ճառագայթող լույսով պետք լուսավորվեր՝ ծնունդ տալով հայ տպագիր առաջին գրքին Վենետիկում, 1512 թվականին:

Վենետիկը Իտալիայի այն քաղաքներից է եղել, որտեղ ըստ հայ և օտար պատմաբանների՝ ԺԱ դարից սկսած՝ հայկական համայնք է ունեցել. սակայն մինչև ԺԳ դար այս համայնքը փոքրաթիվ է եղել. Կիլիկյան հայ թագավորության և Վենետիկի հանրապետության միջև կնքված տնտեսական-առևտրական և մշակութային դաշնագրերի բերումով՝ Վենետիկի հայ համայնքը հետզհետե աճում է: ԺԲ դարից սկսած՝ հայերը Վենետիկում ունեցել են «Հայոց տուն», իսկ հաջորդ դարերում հանդիպում ենք ավելի մեծ ու ընդարձակ «Հայոց տուն»-երի, որոնք ծառայում էին որպես հավաքատեղի: ԺԴ դարում իտալացի Մարկոս Ծիանին, որ եղել էր Կիլիկիայում և վայելել հայոց հյուրասիրությունը, իր տունը կտակում է հայերին: Հայոց տան փողոցը կոչվել է «Հայկական փողոց» և նրան մոտիկ կամուրջն էլ «Հայկական կամուրջ»: Վենետիկի հայ նշանավոր բնակիչներից հիշվում է Անտոն որդի Բարսեղը, որը նաև հայտնի նավաստի է եղել: Մեծ թվով հայ վաճառականներ և առևտրականներ են եղել Վենետիկում:

Ահա այստեղ է, որ Հակոբ Մեղապարտը տպագրում է իր առաջին գիրքը: Պատահական չէ, որ Հակոբը Վենետիկն է ընտրում որպես իր տպագրական գործունեության վայր: 1465-ական թվականներին տպագրության գյուտը արդեն սկսել էր ծավալվել ու ծաղկել Իտալիայում, իսկ նույն դարի վերջում Վենետիկը համարվում էր եվրոպական տպագրության ամենակարևոր կենտրոնը: Ասվում է, որ ԺԶ դարի սկզբում Վենետիկում գործում էին մոտավորապես 250 տպարաններ. այստեղ էին աշխատում նաև ոչ իտալացի տպագրիչներ՝ գերմանացիներ, ֆրանսիացիներ, սերբեր, հույներ, հրեաներ, որոնք իրենց մայրենի լեզվով գրքեր էին հրատարակում: Արդարև, Վենետիկը ամենահարմար վայրն էր Հակոբ Մեղապարտի տպագրական գործունեության: Այսպես՝ Վենետիկը եղավ հայ տպագրության և՛ ծննդավայրը, և՛ նաև նրա օրրանը, որովհետև Հակոբ Մեղապարտից հետո հայ երկրորդ և երրորդ տպագրիչները ևս այստեղ աշխատեցին:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍՅԱՆ

Խորագիր՝ #39 (1006) 3.10.2013 – 9.10.2013, Հոգևոր-մշակութային


04/10/2013