Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ



Օրերս Արաբկիր վարչական շրջանի Ռ. Միրոյանի անունը կրող N 77 դպրոցի հարեւանությամբ գտնվող զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ միջոցառում էր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախությանը, որի ընթացքում Արցախյան ազատամարտի մասնակիցներին մեդալներ եւ պատվոգրեր հանձնվեցին:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձը կարդաց ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ Գագիկ Դավթյանը.«Մեր ժողովուրդը իր դժվարությունների, մաքառումների, զրկանքների եւ հերոս տղաների արյան գնով աշխարհին ապացուցեց, որ կարող է ապրել ազատ ու անկախ, կարող է իր որդիների կյանքի գնով պաշտպանել անկախ ապրելու իր սրբազան իրավունքը… Անկախության տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս, հերոսներ ծնած մեր մայրերին, մեր նահատակ մարտընկերների հարազատներին, իր ապագան կերտող մեր նոր սերնդին….»:

ՀՀ նախագահի հրամանագրով զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ցուցաբերած արիության եւ խիզախության համար ազատամարտիկ Կլիմենտ Ալվրցյանը պարգեւատրվեց Մարտական ծառայության մեդալով: Պաշտպանության նախարարության եւ ԵԿՄ վարչության մեդալների եւ պատվոգրերի արժանացան մի խումբ ազատամարտիկներ: Միջոցառմանը ներկա էին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, զինվորականներ, ԵԿՄ վարչության անդամներ:

Այնուհետ հանդիսավոր արարողությունը շարունակվեց N77 դպրոցում (տնօրեն՝ Նարա Պետրոսյան), որտեղ ութերորդ դասարանի աշակերտները անկախությանը նվիրված գեղեցիկ ցերեկույթ էին կազմակերպել. «Մենք քայլ առ քայլ առաջ ենք գնալու, շենացնելու ենք ու ծաղկեցնելու մեր երկիրը, տեր ենք կանգնելու մեր անկախությանը… »:

Աշակերտների անափ լավատեսությամբ հագեցած տողերը ոգեւորել էին ներկաներին:

Ակներեւ է, որ այս կրթօջախում ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարձր հիմքերի վրա է, այստեղ արվում է ամեն ինչ, որ հայրենասիրական ոգին եւ կորովը մշտարթուն լինի աշակերտների մոտ, հաճախակի են կազմակերպվում նմանաբնույթ միջոցառումներ: Բացի գիտելիքից, անչափ կարեւոր է հայրենասեր, հայրենիքի հոգսուցավով ապրող սերունդ կրթելն ու դաստիարակելը:

Հայրենանվեր աշխատանքը չի կարող անտեսվել, եւ դպրոցի անձնակազմը խրախուսվեց ԵԿՄ պատվոգրով, իսկ դպրոցի զինղեկ, Արցախյան պատերազմի մասնակից, փոխգնդապետ Գրիգոր Մկրտչյանը, որն ի դեպ Արաբկիր համայնքի պատանի երկրապահների նախագահն է, պարգեւատրվեց ԵԿՄ հուշամեդալով:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #39 (1006) 3.10.2013 – 9.10.2013, Բանակ և հասարակություն


04/10/2013