ՄԵՐ ՀԱՎԱՏԻ ԵՎ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԱՏԵՂԻՆ
ՄԵՐ ՄԱՅՐԵՐԸ
Ինչպես ամեն շաբաթ և կիրակի օրերը, պաշտպանության նախարարության հատկացրած ավտոբուսներով զոհված տղաների մայրերը, հայրերը, հարազատները բարձրանում են Եռաբլուր, զրուցում են, խնամում իրենց զավակների շիրմաթմբերը: Հարազատներ են դարձել, բացել են իրենց սրտերը մեկմեկու, ու ամեն մեկն ինչ-որ կերպ փորձում է օգտակար լինել մյուսին: Ասում են՝ մի անգամ, ծառի շվաքին նստած զրույցի ժամանակ, տիկին Տանյան, որի որդին զոհվել է Վահան գյուղում, դիմելով Դուշման Վարդանի Զարիկ մայրիկին՝ ասել է.
-Էդ ինչ ճակատագիր էր, էդ ինչ քյոռ գյուլլա, որ դիպավ մեր զավակներին ու մեզ էլ էսպես մտերմացրեց…
Դիմավորելով, ողջունելով մայրերին` գնդապետ Սուրիկ Խաչատրյանը տխրությամբ ասում է.
-Տարեցտարի նոսրանում են մեր մայրերի շարքերը, հեռանում են կյանքից, գնում են իրենց զավակների ստեղծած հավերժության, անմահության աշխարհը: Տեսնե՞ս կա աշխարհում մեկ այլ էակ, որը լինի մոր նման այսքան բարի, նվիրված…
Հետո հիշում է իր Թամարա մայրիկին.
-Երբ Մարտակերտից վիրավոր տուն դարձա, դժվարին տարիներ էին, չէր գործում կապը, էլեկտրականություն չկար: Արդեն մութն էր, երբ տուն մտա: Իմ հանկարծակի հայտնվելը մեծ իրարանցում առաջացրեց տանը: Ու լուսահոգի մայրս առաջ եկավ, գրկեց ինձ ու ձեռքերով սկսեց շոշափել մարմինս: Զարմանալի է, սակայն մատներով շոշափում գտնում էր իմ մարմնի վերքերը և ձեռքի ափը երկար պահում էր իմ վերքերին, ասես ուզում էր բուժել, ամոքել: Թող տարօրինակ չհնչի, սակայն ես զգում էի իմ ցավերի մեղմացումը:
Օրը շաբաթ է, հունիսի մեկը` Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այդ օրն է ծնվել Արտակ Նիկոլայի Օհանյանը, բոլորին հայտնի Գուսան մականունով: Եկել են մարտական ընկերները, քույրը` Ռուզաննան:
-Ի՜նչ ձայն ուներ եղբայրս, ո՜նց էր երգում` սար ու ձոր ականջ դրած լսում էին: Ինքն էլ երգեր էր գրում, իր երգերից երգում,- արցունքների հետ ծաղիկները դասավորելով եղբոր շիրմաքարին՝ ասում էր քույրը: Հետո հիշում եղբոր խոսքերը.
-Ասում էր՝ քո՛ւյր ջան, ողջ կյանքս երեխա եմ մնալու, որովհետև ծնվել եմ հունիսի մեկին…
Իսկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի արարողությունների բաժնի պետ, կապիտան Ալբերտ Առաքելյանը հիշում է.
-Գուսանի զոհվելուց հետո քանի տարի Արևհատ մայրիկը հաշմասայլակին էր, ու մինչև մահը ամեն շաբաթ պանթեոնի մուտքի սյուների մոտից գրկած բերում էինք որդու գերեզմանին:
Կապիտան Ալբերտ Առաքելյանին առանձնակի սիրով են կապված զոհված տղաների մայրերը: Ալբերտը նրանց համար ամեն ինչ է, ամեն հարցում հարեհաս.
-Բարի լույս, Աբո՛,- քիչ հեռվից կանչում է մի մայր,- ո՞նց ես:
-Լավ եմ, դու լավ լինես, անուշ մեր,- պատասխանում է Աբոն ու բացատրում,- մեր զոհված Ավետիքի մայրն է…
Հետո Ալբերտը զրույցի է բռնվում մայրերի հետ ու բոլորին այսպես է դիմում. Անուշ մերիկ: Ասում է հոգու խորքից, սիրով ու մեծ հարգանքով:
Ազատամարտիկ Գագիկ Շահինյանի հորաքույրը` Սեդա մայրիկը, այս էլ քանի տարի այցելում է եղբոր որդու շիրիմին: Այս անգամ միայնակ է. -Գագիկի մայրը՝ Կարինեն, հիվանդ է, չկարողացավ գալ,- ասում է նա ու իր գիրքը նվիրում է Ալբերտին, որ հանձնի գնդապետ Սուրիկ Խաչատրյանին:
-Փոխանցեք, որ գոհ եմ կատարված աշխատանքից, աշխատողները խնամքով, սրտացավ են կատարում իրենց աշխատանքները,- ասում է Սեդա մայրիկը ու հայացքը Եռաբլուրի տապանաքարերին, ասում.
-Նրանք զոհվեցին, որ մենք ապրենք…
Սիրուն մայրը՝ աչքը դիմանկարին պատմում է որդուց` Դավիթ Ռուբիկի Համբարձումյանից /Չիբո/: Դավիթը հայոց բանակի առաջին զինվորներից է.
-Երկու տղա ունեմ, երկու աղջիկ, տասից ավելի թոռներ,-ասում է Սիրուն մայրը,- Դավիթս Ռուսաստանում էր, զանգեցինք, եկավ ու կամավոր գնաց ծառայության: 1993-ի հունվարի վեցն էր, Զատիկի օրը երբ եկավ արտերկրից: Ամսի տասնվեցին մեկնեց ծառայության: Հունվարի 24-ին զոհվել էր Օմարում: Որդիս հերոս տղա էր, բնավորությամբ ուրախ, կատակասեր: Արդեն քսան տարի է անցել, ինչ որդիս գնացել է, սակայն միշտ աչքիս դեմ է` նայում էի պատուհանից, ու նա քայլում էր դեպի մեքենան: Մեկ էլ կտրուկ հետ դարձավ ու նայեց պատուհանին, որտեղից նայում էի նրան: Ժպտաց, ձեռքով հրաժեշտ տվեց ու գնաց: Հետո վերադարձավ իր տունը` Եռաբլուր: Եռաբլուրը մեր երեխաների տունն է ,- ասում է Սիրուն մայրիկը:
Սերժանտ Աշոտ Շամիլյանը աշխատել է ՆԳ համակարգում: Պետավտոտեսչության միակ աշխատողն է, որ զոհվել է Արցախյան պատերազմում:
-Միայն թող հիշեն մեր որդիների ծննդյան ու մահվան օրերը, էլ մեզ ոչինչ հարկավոր չէ: Մեզ` մայրերիս պետք է, որ հիշեն մեր զավակներին, եթե նրանց հիշում են, դա էլ մեր գնահատանքն է: Որդիս զոհվեց 1994-ի հունվարի 13-ին: Դե, պատերազմ էր, ես չեմ մեղադրում հրամանատարներին: Ո՞ւմ մեղադրես` կռիվ էր: Իմ զույգ որդիները նույնպես հայոց բանակի առաջին զինվորներից են եղել: Ծառայել են Տավուշի Կարմիր աղբյուր գյուղում: Փառք Աստծո , նրանք ողջ- առողջ վերադարձան տուն,- ասում է Գեղեցիկ մայրիկը, ապա ավելացնում,- Եռաբլուրը ինձ թվում է այն դրախտն է, որտեղ ապրում են մեր երեխաները:
Ամենահասարակ, նուրբ վերաբերմունքն ամեն ինչ արժե, շատ եմ շնորհակալ այդպիսի մարդկանցից,- ավարտում է իր խոսքը Գեղեցիկ մայրիկը:
Կարո Քահքեջյանի շիրիմը ես էլ եմ խնամում, շատերն էլ մեր զոհվածների մայրերից: Ճիշտ է, Եռաբլուրի աշխատակիցները անխնամ գերեզմաններ չեն թողնում, սակայն, որ գիտենք Կարոն Ամերիկայից է եկել ու էստեղ հարազատներ չունի, որպես որդեկորույս մայր, սրտի, խղճի սփոփանք ենք ապրում աճյունը խնամելիս: Ինչ տարբերություն, նա էլ մեր զավակն է, ինչ անենք, որ Կարոն էլ, Մոնթեն էլ ծնվել են Ամերիկայում: Այդպես է եղել մեր ճակատագիրը:
Պետրոսյան Լավրենտիի տապանաքարի մոտ են մայրը` Ռայան ու հարսը` Աննան, որի երեխան կրում է հորեղբայր Պետրոսի անունը: Ծնունդով Բերդից են:
-Դեռ 88-ից որդիս շարժման մեջ էր: Հետո սկսեց մասնակցել սահմանամերձ կռիվներին: Ուրախությամբ չէի ճանապարհում, նույնիսկ փորձում էի համոզել, հետ պահել, սակայն նա տանը մնացողը չէր: Վերջին անգամ ռազմադաշտ մեկնեց 1993-ի դեկտեմբերի 28-ին: Հունվարին զոհվել է: Իմ տղան իմ փառքն է եղել, ու այդպես է: Հիմա Պետրոս անունով թոռնիկ ունեմ` չարաճճի, բանիմաց, խելացի, որն ինձ այսպես է ասում.
-Մի՛ լացիր, տատի՛կ, ես 27տարեկան եմ եղել ու նոր փոքրացել:
Դորվարդ Գևորգյանի որդին` Արթուրը, զոհվել է 1994-ին, Սիսիանի Աղոթարան սարի փեշերին, իսկ Ռուդիկ Պետրոսյանի որդին` Նորայրը, զոհվել է Ֆիզուլիում: Եղել է «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատում: Ծնողները այստեղ են ծանոթացել, մտերմացել իրար:
-Առաջներում, լիներ գիշեր, թե ցերեկ, ընկերները այցի էին գալիս, հիմա էլ առաջվանը չէ, սակայն գոհ ենք, որ չեն մոռանում: Գոհ են նաև Եռաբլուրի աշխատակիցներից, որոնց վերաբերմունքը սրտացավ է:
Նելլի Համբարձումյանին հանդիպեցինք Սրբոց նահատակաց եկեղեցում: Զրուցում էր եկեղեցու մոմավաճառ Վեներա Ղազարյանի հետ: Նելլի Համբարձումյանը այստեղ` Եռաբլուրում է պահ տվել իր սիրասուն զավակին` Արթուրին և ամուսնուն՝ Սաշիկ Թորոսյաններին: Ամուսնու հայրը նույնպես կամավոր մեկնել է Հայրենական մեծ պատերազմ ու չի վերադարձել:
-Դեռ մինչև որդուս զոհվելը ամուսինս մի քանի անգամ փորձում էր մեկնել ռազմադաշտ, սակայն տարիքի պատճառով չէին թողնում: Երբ որդիս զոհվեց, էլ նրան հնարավոր չէր հետ պահել: Ամուսինս քայլեց որդուս ճանապարհով, փորձեց որդուս վրեժը լուծել: Հիմա թոռս ութ տարեկան է: Երբ ծնվեց /իսկ ծնունդը մայիսի իննին է, Հաղթանակի օրը/ բժիշկները ինձ աչքալուսանք տվին.
-Տղա է` սա քեզ Արթուրի ու Սաշիկի տեղը…
Այցելում ենք հայր և որդի Արթուր և Սաշիկ Թորոսյանների գերեզմաններին: Հարգանքի լուռ րոպեներից հետո Վեներա Ղազարյանն ասում է.
-Երկու տարի այստեղ եմ: Մինչ այստեղ գալս գիտեի, թե մահը սովորական, հեշտ բան է: Սակայն այդպես չէ, պատվով ապրելն էլ պատվաբեր է, պատվով զոհվելն առավել եւս: Այս երկու տարիներին ես տեսա, զգացի, որ մեր զոհված տղաների մայրերն էլ են հերոսներ: Տեսնել է պետք, թե ինչպես են ձմռան օրերին գալիս, ձեռքերով տապանաքարերից մաքրում ձյունը, իրենց շնչով, իրենց մարմնի ջերմությամբ ասես ջերմացնում են իրենց զավակներին: Երկու որդի ունեմ, երկուսն էլ դրսում են: Ես շատ կուզենայի, որ տղաներս ունենային էդ նվիրվածությունը, հայրենիքը սիրելու էդ գիտակցությունը, ինչպես Եռաբլուրի տղաները:
Ինչպես տիկին Նելլին, այնպես էլ տիկին Վեներան գովեստի խոսքեր ասացին Եռաբլուրը խնամող, այստեղ իրենց ծառայությունն անցկացնող մարդկանց մասին:
Շարունակելի
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս՝ հեղինակի