Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՑՔԸ՝ ԱՐԱՐԱՏԻՆ



«Հպարտ, ուժեղ, հաղթանդամ, թիկնեղ, առնական արտաքինով, բարի, խելացի, ընկերասեր, վճռական ու խաղաղասեր»,- այսպիսին էր, ըստ հարեւանների, ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանը:

Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան Աջափնյակ համայնքի Լենինգրադյան 52 շենքի հարող պուրակը բազմամարդ էր. հավաքվել էին Գուրգենի հարեւանները, հարազատները, ընկերները, պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ` մասնակցելու սպայի կիսանդրի-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Հուշակոթողի սպիտակ սավանը իջեցնելու պատիվը տրվեց Գուրգեն Մարգարյանի մորն ու Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսին: Այնուհետեւ զինված ուժերի հոգեւոր սպասավորներն օծեցին այն: Կիսանդրին կառուցվել է տարբեր հասարակական կազմակերպությունների եւ բարի մարդկանց ներդրած միջոցների շնորհիվ: «Գուրգեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Քոչոյանի խոսքով` նյութական օժանդակություն են ցուցաբերել բոլորը, ում դիմել են, ուստի կոթողի ներքեւի հատվածում գրված է՝ «Հայ ժողովրդի կողմից»: Ճարտարապետը Արտակ Վարդանյանն է, կիսանդրու հեղինակը` Սերժ Մեհրաբյանը, իսկ քանդակագործները` Լյուդվիգ Ղազարյանը, Անդրանիկը, Աշոտ Գևորգյանը:

«Այսօր մեր թաղի տղան, մեր Գուրգենը տուն վերադարձավ: Իսկ ոճրագործը, ի տարբերություն Գուրգենի, երբեք գերեզման չի ունենալու»,- նշեց գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը, որ միջոցառման ընթացքում ամուր բռնել էր Գուրգենի մոր ձեռքը, ասաց. «Ես մայր եմ եւ արտասվել եմ, երբ իմացել եմ ` ինչպես է սպանվել ձեր որդին: Ես խորապես զայրացել եմ` իմանալով, որ հայ սպան սպանվել է քնած ժամանակ, ապա` որ մարդասպանին Ադրբեջանում որպես հերոսի են դիմավորել: Ես մտահոգված եմ Ադրբեջանի ապագայով, նրանց երեխաների դաստիարակությամբ: Ես պատիվ եմ ունեցել Արցախում կանգնելու ձեր այն քաջարի մարտիկների կողքին, որոնք պաշտպանում էին իրենց հայրենիքը, իրենց հողը: Ձեր հերոսները իրական հերոսներ են: Ես կաղոթեմ, որ ձեր երեխաները մեծանան խաղաղության եւ ազատության մեջ. այն խաղաղության ու ազատության, որի համար ձեր ժողովուրդը շատ մեծ գին է վճարել»:

Սրտառուչ եւ դիպուկ էր գրող, հրապարակախոս Զորի Բալայանի խոսքը. «Գուրգենը ողջ է: Նա նայում է Արարատին: Մարդասպանը Գուրգենին չի սպանել, մարդասպանն սպանել է հային, քրիստոնյային, հայ սպային, ինձ, քեզ, նրան: Վախկոտը գիտեր, որ միայն գիշերը, գողեգող, կացինը ձեռքին կարող է կռվել հայ սպայի դեմ: Նա չի վախեցել պատժից, քանի որ գիտակցել է` իրեն տեր են կանգնելու Թուրքիայում, Ադրբեջանում: Նա իմացել է, որ հերոսացվելու է»:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանն ընդգծեց, որ ադրբեջանցի սպայի արարքը համահունչ է այն քաղաքականությանը, որ որդեգրել է Ադրբեջանի Հանրապետությունը. «Գուրգեն Մարգարյանը ավելի քան 9 տարի է՝ մեզ հետ չէ: 26 տարեկանում գնաց ծանոթանալու, յուրացնելու եւ հայրենիք բերելու աշխարհի բանակաշինության առաջավոր փորձն ու եվրոպական բանակների արժեհամակարգը: Սովորական մարդկային տրամաբանությունը հուշում էր, որ հարեւան պետության ներկայացուցիչը եւս պետք է Բուդապեշտ գնար նույն առաքելությամբ, սակայն այն պետությունը, որ տարիներ շարունակ զբաղվում է պատերազմական հիստերիայի բորբոքումով եւ հայատացության քարոզչությունը բարձրացնում պետական քաղաքականության մակարդակի, բոլորովին այլ առաքելությամբ էր գործուղել իր սպային: Գուրգեն Մարգարյանի սպանությունը Ադրբեջանի ողջ պատմության եւ այսօր նրա ընտրած պետականաշինության ուղու տրամաբանության պարզ արտացոլումն է:

Այն միաժամանակ Ադրբեջանի կողմից պարբերաբար ձեռնարկվող ապարդյուն հետախուզական-խափանարար գործողությունների, դիպուկահարների պատերազմ սկսելու անհաջող փորձերի, Արցախյան պատերազմում կրած ջախջախիչ պարտությունը մարդաորսությամբ ու պատանդառությամբ փոխարինելու արատավոր շղթայի մի օղակն է: Նույնը շարունակվում է նաեւ այսօր` պատանդ վերցված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ վերաբերմունքը ուղեկցվում է միջազգային բոլոր նորմերի խայտառակ խախտումներով: Այդ բանակը նման քայլերի է միայն ընդունակ: Գուրգեն Մարգարյանի եղեռնական մահը եւս մեկ դրվագ ավելացրեց Ադրբեջանի կողմից Դաշտային Արցախում, ինչպես նաեւ Բաքվում, Սումգայիթում եւ Ադրբեջանի մյուս հայաշատ բնակավայրերում հայության զանգվածային ջարդերի տխուր պատմությանը: Գուրգեն Մարգարյանի կիսանդրին ոչ միայն հավերժացնում է ուսումնառության ընթացքում նենգորեն սպանված հայ սպայի պայծառ հիշատակը, այլեւ զգաստության ու զգոնության կոչ է բոլորիս: Նրա մահը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայ մարդու նկատմամբ մեր հակառակորդի գազանային բնազդները կարող է զսպել միայն ուժը՝ հայ զինվորը»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #39 (1006) 3.10.2013 – 9.10.2013, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


04/10/2013