Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՕՐՐԱՆ



Հայաստան և Արցախ կատարած հնգօրյա այցից հետո տուն` Նիդեռլանդներ, վերադարձավ Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ ԱԼԻԱՔՐԱՄ ՀՈՒՄՄԱԹՈՎԸ: Նա այստեղ էր գտնվում Երևանի պետական համալսարանի Իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆԻ հրավերով` մասնակցելու ամբիոնի «Թալիշագիտություն» մագիստրոսական ծրագրի շնորհանդեսին:

Ստորև ընթերցողին հատվածներ ենք ներկայացնում գնդապետ Հումմաթովի և պրոֆ. Ասատրյանի ռուսական «Ռեգնում» գործակալությանը տված ընդարձակ հարցազրույցից:

REGNUM – Ձեր այցի շրջանակներում եղաք Հայաստանում և Արցախում. ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները:

Ա. Հումմաթով – Գիտե՞ք ինչ, ես չէի կարող մտածել անգամ, որ ինձ կընդունեն նման բարձր մակարդակով, ինչի համար մեծապես շնորհակալ եմ: Այդ վերաբերմունքն ինձ երկու բան էր հուշում. առաջինը, որ ես մինչև իմ կյանքի վերջը պարտք եմ իմ ժողովրդին և նրա նկատմամբ իմ վերցրած պարտականությունը դեռ չեմ իրականացրել, ապա` մեր տարածաշրջանը բնակեցնող ժողովուրդները, այդ թվում նաև թալիշները, պետք է ապրեն խաղաղության մեջ և բարիդրացիական ամուր հարաբերություններ ունենան հարևանների հետ:

REGNUM – Ձեր այցի նպատակը Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի «Թալիշագիտություն» մագիստրոսական ծրագրի շնորհանդեսին մասնակցություն բերելն էր: Այս օրերին Ձեզ ուղեկցել է իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ասատրյանը, որը նաև «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի հիմնադիրն է: Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Հայաստանում այսպես մեծ ուշադրություն է դարձվում թալիշներին և թալիշական խնդիրներին:

-Այսպես կպատասխանեմ. թալիշ ժողովրդի ոգին այսօր արթուն է պահում միայն «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը: Այս ռադիոկայանը մեզ մեր մայրենի լեզուն է սովորեցնում: Այն օգնում է, որ մենք չկորցնենք մեր ինքնությունը, մեր ինքնատիպությունը, մեր ազգային դիմագիծը, չմոռանանք մեր լեզուն, անցյալը, մեր արմատները: Ուստի, թույլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել պրոֆեսոր Ասատրյանին և նրա «զինակիցներին» իրենց հիրավի քրտնաջան ու դժվարին աշխատանքում: Հայաստանում գործող թալիշագիտության դասընթացը միակն է ամբողջ աշխարհում: Ես տխուր եմ, որ այս ֆակուլտետում սովորող և ոչ մի թալիշ չեմ տեսնում: Մենք այս հարցը քննարկել ենք հարգարժան պրոֆեսորի հետ: Եվ ես որոշել եմ օրինակ տալ երիտասարդությանը. իմ որդին կնոջ հետ հաջորդ տարվանից գալու է սովորելու ԵՊՀ իրանագիտության ամբիոնի «Թալիշագիտություն» մագիստրոսական դասընթացներում: Փաստորեն, ի հակադրություն թուրքական և ադրբեջանական այն պնդումներին, որ Հայաստանը միատարր ազգային կազմ ունեցող երկիր է և թշնամորեն է տրամադրված մյուս ազգերի հանդեպ, հայերն ապացուցում են, որ նրանք կանգնած են փոքրաթիվ ու անհետացման եզրում գտնվող ազգերի ու ազգությունների մեջքին, դեռ ավելին` կարող են նրանց վերածննդի օրորոցը դառնալ:

REGNUM – Իսկ ինչպե՞ս տեսաք Լեռնային Ղարաբաղը: Ճամփորդությունը Ձեզ դուր եկա՞վ: Ի՞նչ կարող եք ասել այդ երկրի, այնտեղ ապրող մարդկանց մասին:

-Բոլոր պայմաններն ստեղծված էին բարեհաջող ճամփորդություն կատարելու համար: Հնարավորություն ունեցա հանդիպելու և զրուցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդության հետ: Ամենակարևորը՝ նրանք շատ ինքնավստահ են, նրանց աչքերում շողարձակում էր իրենց երկրի ու հայրենիքի նկատմամբ ունեցած անպարագիծ սերը: Նրանք ամեն ինչի պատրաստ են` հանուն իրենց հայրենիքի, իրենց ժողովրդի… Ես տեսա հայրենիքի արժանավոր զավակների և դուստրերի. ահա ամենագլխավորը:

REGNUM – Դուք ծնվել և մեծացել եք Ադրբեջանում, քաղաքական, պետական գործիչ եք եղել, զբաղեցրել եք այդ երկրի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը… Հետո ստիպված եք եղել երկիրը թողնել ու ապրել Նիդեռլանդներում, հիմա` այս պահին, գտնվում եք Ադրբեջանի հետ հակամարտության մեջ գտնվող երկրի տարածքում… Մի քիչ տարօրինակ չի՞ հնչում. ի՞նչ կարծիքի եք:

-Ես բազմիցս խոսել եմ այդ թեմայի շուրջ և, ամենայն հավանականությամբ, դեռ շատ երկար եմ խոսելու: Այո՛, ես ծնվել եմ Ադրբեջանում, աշխատել և տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, կռվել, պաշտպանել նրան… Նաև կռվել եմ այն մարդկանց դեմ, որոնք այսօր ինձ սիրով ու գրկաբաց են ընդունում: Եվ այսօր այստեղ` Երևանում նստած, ես կարող եմ տարբեր հարցեր քննարկել: Խիստ դժվար է պատկերացնել, որ նման բան հնարավոր է Ադրբեջանում: Եվ դեռ շատ երկար ժամանակ հնարավոր չի լինի: Երեխաներին, դեռ մանկապարտեզի տարիքից, հայատյացության ոգով են այնտեղ դաստիարակում: «Ահա քո թշնամին` հա՛յը». այս կարծրատիպն է դաջված Ադրբեջանի ամենափոքրահասակ քաղաքացիների գլուխներում ու հոգիներում: Ասեմ ավելին` այսօր Ադրբեջանում անհանդուրժողականության և ատելության մթնոլորտ է տիրում ոչ միայն հայերի, այլև այդ երկրում ապրող մյուս ազգությունների նկատմամբ: Նրանք հարգանքով են վերաբերվում միայն իրենք իրենց, այսպես ասած` ադրբեջանցիների և թուրքերի նկատմամբ: Ինչպես իրենք են ասում` չկա ուրիշ բարեկամ թուրքից բացի:

REGNUM – Բայց դուք ինքներդ պատերազմել եք հայերի դեմ` Ադրբեջանի կողմից: Այդպես եք վարվել սեփական համոզմունքների՞ց ելնելով, վերևների՞ հրահանգով, թե՞…

-Երբ ես կռվում էի ադրբեջանական բանակի կազմում, ապա ես կռվում էի ի շահ այն հայրենիքի, որի քաղաքացին էի ես այն ժամանակ: Մտքովս չէր կարող անցնել, որ մի օր ատելության ու թշնամանքի կարժանանամ՝ «թալիշ եմ» բարձրաձայն ասելուս համար: Եվ ո՞վ կարող էր մտածել, որ թալիշին կարող են ազգի դավաճան հայտարարել, հալածել, ինչ է թե` համարձակվել է իր ժողովրդի համար ինչ-որ բան պահանջել: Այն ժամանակ ես մտածում էի` Ադրբեջանը մեր ընդհանուր տունն է և անձեռնմխելի է նրա տարածքների ամբողջականությունը: Այդ գաղափարն ինձ մշտապես ուղեկցել է, բայց պատերազմի ընթացքում ես կամաց-կամաց գլխի ընկա, որ մենք սխալ ճանապարհով ենք գնում: 1993-ին արդեն ես համարյա կանգ էի առել: Երբ հայտարարեցինք Թալիշ-Մուղանյան ինքնավար մարզ ստեղծելու մասին, այն կարծիքին էի, որ այս փաստը Ադրբեջանում նոր պետականության օրինակ է լինելու: Այն ժամանակ ես չգիտեի և չէի կարող հասկանալ, թե ինչ և ինչպես են մտածում Ղարաբաղի հայերը, քանի որ մեր միջև ոչ մի շփում գոյություն չուներ: Թալիշներն այն ժամանակ հավատում էին, որ ազգերի ինքնորոշման իրավունքը կարող է պաշտպանվել` առանց Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման:

Դուք գիտեք, ես հրամանատար եմ եղել և տեսել եմ, թե ինչպես են երիտասարդ տղաները զոհվում իմ աչքի առաջ… Սրտի առաջին կաթվածն ստացա, երբ ձեռքերիս վրա մեռավ իմ առաջին զինվորը… Պատերազմը չի կարող լուծել առկա բոլոր խնդիրները…

REGNUM -Կարոտո՞ւմ եք:

-Այո՛, շա՜տ: Ինքս երբեք չէի հեռանա, ոչ մի տեղ չէի գնա: Ինձ արտաքսել են երկրից: Բանտից ուղիղ օդանավակայան են ուղեկցել, զրկել են քաղաքացիությունից և բաց են թողել ի չորս ծագս աշխարհի: Սարսափելի բան է: Երբ ես Ղարաբաղում էի /ձայնը դողում է/, մի քանի անգամ ինձ որսացի այն մտքի վրա, որ իբր տանն եմ` Թալիշստանում: Նույնիսկ վարորդին խնդրեցի, որ ինձ տանի-մոտեցնի Լենքորանի հետ սահմանին…

REGNUM – Լինելով վտարանդիության մեջ, շարունակում եք գլխավորել «Թալիշական ազգային շարժումը», ակտիվ գործունեություն եք ծավալում և կարծես մտադիր չեք կանգ առնել… Չե՞ք վախենում Ձեր կյանքի համար:

-Ո՛չ, ես իմ կյանքի մասին չեմ մտածում: Մարդուն մի կյանք է տրված, և այդ կյանքը պետք է արժանապատիվ ապրել: Ես հրաշալի գիտակցում եմ, թե ովքեր են կանգնած ներկայիս Ադրբեջանի իշխանությունների գլուխ: Ես նրանց հիմա և միշտ անվանում եմ… /թունդ հայհոյում է ադրբեջաներենով/: Թող լսեն ու իրենց ականջներին օղ անեն: Լա՛վ, դեռ հասկանալի է, որ ատում են հայերին, բայց ի՞նչ մեղք ունեն ռուսները, պարսիկները… Ի՞նչ հանցանք են գործել թալիշները, լեզգինները, ավարները… Ի դեպ, այդ փոքրաթիվ կոչվող ազգերը օդից չեն այնտեղ ընկել, նրանք այդ տարածքների արմատական, բնիկ ժողովուրդներն են:

REGNUM – ԵՊՀ-ում, «Թալիշագիտության» դասընթացների շնորհանդեսի ժամանակ ունեցած Ձեր ելույթում Դուք նշեցիք, որ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդիրը լուծելու տարբերակ կարող է նկատվել կոնֆեդերացիայի ստեղծումը: Այս տեսակետը, մեղմ ասած, «սրտաբացորեն» չի ընդունվել Ադրբեջանի իշխանությունների կողմից: Դուք իրապես հավատո՞ւմ եք, որ այսօր կամ մոտակա հեռանկարում նման սցենարը կարող է լուրջ քննարկման առարկա դառնալ:

-Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել և ասել, թե այս պահին կոնֆեդերացիայի ստեղծումը հնարավոր է, թե ոչ: Սակայն, եթե խաղաղություն ենք ուզում, ապա անհրաժեշտ է: Բայց այս հարցում Ադրբեջանում ապրող բոլոր ազգությունները` թալիշները, լեզգինները, ավարները և մյուսները պետք է միակամ ու համակարծիք լինեն:

REGNUM – Լեռնային Ղարաբաղի խնդիրը տարածաշրջանի խաղաղության խոչընդոտներից մեկն է: Դուք ի՞նչ կարծիքի եք, հայերն ու ադրբեջանցիներն այսօր կարո՞ղ են կողք կողքի գոյատևել, խաղաղ ապրել…

-Կարո՛ղ են և պե՛տք է կողք կողքի գոյատևեն, ապրեն. ուրիշ ելք պարզապես չկա:

REGNUM – Իսկ հիմա, պարոն Ասատրյան, թույլ տվեք մի քանի հարց էլ Ձեզ ուղղենք. ինչպե՞ս եք գնահատում նախագահ Հումմաթովի այցը Երևան, գո՞հ եք արդյունքներից:

ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ – Այն առումով, որ նախագահ Հումմաթովը իմ հրավերով էր Երևան ժամանել` «Թալիշագիտություն» մագիստրոսական ծրագրի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու, ապա այն պետք է պատմական իրադարձություն անվանեմ: Իմ ելույթում ես այդպես էլ շեշտեցի. Հումմաթովը հզոր խարիզմայով օժտված պատմական անձնավորություն է, նրա ներկայությունը միջոցառմանը տալիս է դարակազմիկ նշանակություն: Ուսանողները, դասախոսական կազմը, հյուրերը մասնակիցը դարձան հիրավի պատմական նշանակության փաստի: Տարիներ կանցնեն, տասնամյակներ, և երիտասարդ արևելագետների այս սերունդը կհիշի, որ ինքն իր սեփական աչքերով է տեսել գնդապետ Հումմաթովին, այն մարդուն, որն իր կյանքը բոլորանվեր ծառայեցրել է իր ժողովրդին: Նույնը տեղի ունեցավ, երբ նախագահ Հումմաթովը Արցախում հանդիպեց Ստեփանակերտի պետական համալսարանի ուսանողության հետ: Այնպես որ, այցի հիմնական, այն է` մշակութային-ուսուցողական նպատակին, մենք հասանք:

REGNUM – Սակայն նախագահ Հումմաթովի այցը Երևան, փաստորեն, պայթեցրեց Ադրբեջանի հասարակական-լրատվական դաշտը և դարձավ քաղաքական քննարկումների հիմնական առանցքը:

-Ես, իհարկե, ենթադրում էի, որ Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահի այցը Հայաստան և ԼՂՀ չի կարող Ադրբեջանում քաղաքական արձագանքների առիթ չտալ, բայց այն չափով, ինչ տեսանք, անկեղծորեն չէի սպասում: Ընդամենը չորրորդ օրն է, ինչ Հումմաթովը Հայաստանում է, բայց տեսեք՝ Ադրբեջանում ինչպես են իրար խառնվել, ինչ աղմուկ է այնտեղ բարձրացել… Եվ դեռ ինչե՜ր են լինելու…

REGNUM – Ի՞նչ եք կարծում, ինչպիսի ազդեցություն կունենա այս այցելությունը թալիշական ազգային շարժման վրա, թեև դեռևս վաղ է եզրակացություններ անել…

-Նախագահ Հումմաթովի այցը Երևան փորձության քար դարձավ հայ-թալիշական հարաբերությունների համար: Իմ կարծիքով, հալվեց այն սառույցը, դառնությունը, որ մնացել էր 90-ական թվականներից, երբ երկու ժողովուրդներն էլ, անկախ իրենց կամքից, հայտնվել էին բարիկադի հակառակ կողմերում: Մեկ անգամ էլ փաստվեց, որ Ադրբեջանի կողմից թալիշների մասնակցությունը հայ-ադրբեջանական զինված հակամարտությանը, ավելին էր, քան պատմական անհեթեթություն: Տեսնելով, թե արցախցիները ինչ արժանապատվությամբ ու հարգանքով ընդունեցին Ալիաքրամ Ալաքբարովիչին, և միևնույն ժամանակ նա ինքն ինչպիսի խանդավառությամբ էր վերաբերվում արցախցիներին, ոգևորվում անկախ պետություն կերտելու նրանց կամքով ու հաջողություններով, կարելի է վստահորեն ասել, որ հայ-թալիշական հարաբերությունները շատ ավելի ջերմ ու անկեղծ բնույթ ստացան, քան նույնիսկ պատերազմից առաջ էր: Հասկանալի է, առանձին «թալիշների» ելույթները նախագահ Հումմաթովի դեմ, թելադրված են և արդյունք են Ադրբեջանի իշխանությունների ճնշումների: Նախագահ Հումմաթովի այցը վկայեց նաև Թալիշական ազգային շարժման ամրության և շարքերի միասնականության մասին: Թալիշների համարյա բոլոր քաղաքական հոսանքներն ու խմբավորումները ողջունել և սատարել են նախագահ Հումմաթովի նախաձեռնությունը: Հատկապես նշանակալի էր հայտնի գիտնական ու քաղաքական գործիչ, Թալիշ-Մուղանյան հանրապետության հիմնադիրներից, թալիշական շարժման ճանաչված առաջնորդներից Ֆախրեդդին Աբոսզոդեի ելույթը:

Իսկ թե այս պատմական իրադարձությունը ինչպիսի ազդեցություն կունենա Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում, ապա պետք է ասեմ, որ այն արդեն դարձել է այդ երկրի ներքաղաքական քննարկումների անբաժանելի մասն ու այդպես էլ կշարունակվի մնալ, քանի դեռ թալիշների ու մյուս բնիկ ազգային փոքրամասնությունների իրավունքները կոտնահարվեն կամ անուշադրության մատնված կմնան: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ թալիշ հասարակության քաղաքական ու հասարակական միտքն այսօր իր զարգացման բարձրակետում է, և թալիշներն այսօր տարածաշրջանում իրենց ինքնորոշման համար պայքարող բնիկ ազգություններից ամենակազմակերպվածներից մեկն են:

REGNUM – Եվ վերջին հարցը. նախագահ Հումմաթովը հիշեցրեց և բարի խոսքեր ասաց Ձեր «զինակիցների» մասին: Գիտենք, որ արևելագիտության Ձեր դպրոցը տարածաշրջանի և թերևս նաև աշխարհի առաջատար դպրոցներից մեկն է: Չե՞ք ներկայացնի նրանց:

-«Զինակիցն», իհարկե, քաղաքական եզրույթ է, բայց մեր դեպքում իսկապես որ ճիշտ է օգտագործված, քանզի իրանագիտության մեր ամբիոնում հավաքվել են իրենց գործը սիրող, բանիմաց և պատրաստված համախոհներ, մարդիկ, որոնք իրենց կյանքը նվիրել են գիտությանն ու հումանիզմին: Նրանց մեծ մասը իմ աշակերտներն են կամ ինչպես ավելի ճիշտ արտահայտվեց Ալիաքրամ Ալաքբարովիչը` իմ զինակիցները: Նրանցից շատերը, որոնց ես կուզենայի առանձնացնել, ճանաչված գիտնականներ են և իրենց գիտական-մանկավարժական ծանր ու բազմազբաղ աշխատանքներին զուգահեռ վարում են Կովկասա-Կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդների մշակույթի ու լեզվի պահպանմանը միտված ակտիվ գործունեություն: Նրանցից է, ասենք, Վարդան Ոսկանյանը, որի մատը Կենտրոնական Ասիայից, Աֆղանստանից սկսած, մինչև Փոքր Ասիայում տեղի ունեցող էթնո-ժողովրդագրական ժամանակակից բոլոր զարգացումների զարկերակի վրա է: Այդ հսկայածավալ տարածաշրջանի ժողովուրդների մասին նրա հավաքած և գիտականորեն դասակարգված հարուստ նյութերը անգնահատելի սկզբնաղբյուր են ընթացիկ զարգացումները առարկայորեն վերլուծելու ու մեկնաբանելու համար: Գառնիկ Գևորգյանը «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի տնօրենն է, և անուրանալի է նրա ներդրումը ռադիոկայանի ստեղծման ու անխափան գործունեության մեջ: Վիկտորյա Առաքելովան մեր միջազգային ակադեմիական բոլոր գիտաժողովների անփոխարինելի կազմակերպիչն ու գլխավոր համակարգողն է: Մեր միջազգային բոլոր նախագծերը` գիտաժողովներ, հրատարակություններ և այլն, իրականություն են դառնում հենց նրա շնորհիվ: Խաչիկ Գևորգյանը մեր միջազգային կապերի, լրատվության պատասխանատուն և համակարգողն է… Սակայն ես առանձնահատուկ հպարտ եմ մեր ամբիոնի երիտասարդ գիտնականներով: Նրանք ակադեմիական պատրաստվածությանը զուգահեռ, աչքի են ընկնում մարդկային բարձր հատկանիշներով և ամենակարևորը` Գաղափարի նվիրյալներ են:

Խորագիր՝ #40 (1007) 10.10.2013 – 16.10.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


10/10/2013