ՄԵՐ ՀԱՎԱՏԻ ԵՎ ԶՈՐՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԱՏԵՂԻՆ
ԾԱՌԵՐԸ ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԿԻՑ
Եռաբլուրի հիմնական ծառատեսակը եղել է թխկին: Պանթեոնը հիմնադրելուց հետո սկսվեց առանձնակի ուշադրությունը, հոգատարությունը այս տարածքի ամեն մի թփի, ամեն մի ծառի նկատմամբ: Անցնող տարիների հետ ավելի հարստացան ծառատեսակները, և եղան ու այսօր էլ կան ծառեր, որոնք ունեցան իրենց կենսագրությունը: (Եվ ընդհանրապես հերոսական այս բարձունքներին դեպի երկինք սլացող ծառերը ինձ միշտ թվացել են որպես մեծ նկարիչների վրձիններ, որոնք երկնի կապույտում անվերջ-անընդհատ գրում են մեր հերոսների անմահության պատմությունները): Այստեղ ծառեր են տնկել զոհվածների ընկերները, հարազատները, բարեկամները, Հայաստանի, Արցախի, ինչպես նաև սփյուռքի անհատ քաղաքացիները:
Մոնթե Մելքոնյանի շիրմաթմբին գեղեցիկ ծաղիկներով այս ծառը բերվել է Ֆրանսիայից: Բերել են սիրելի զորավարի ընկերները: Ծառի սերմերից կապիտան Ալբերտ Առաքելյանը արդեն նոր տնկիներ է աճեցնում, բազմացնում Եռաբլուրում: Փորձում ենք գտնել «հասցեատերերին»: Դա էլ է անհրաժեշտ պատմության համար: Այս արծաթափայլ եղևնին տնկել են Արցախի «Մայրություն» հասարակական կազմակերպության անդամները: Այս մի եղևնին էլ տնկել են Արցախից հյուր եկած զոհվածների մայրերը, երեխաները: Այս ծառերը տնկել են պարսկահայերը, ամերիկահայ ընտանիքները, ինչպես նաև սփյուռքահայ տարբեր գաղթօջախներից ժամանած մեր հայրենակիցները:
Զորավար Անդրանիկի և Վ. Սարգսյանի շիրմաթմբերի հարևանությամբ շագանակենու այս ծառերը տնկել է Արցախյան պատերազմի մասնակից հայուհի, գնդապետ Նազիկ Ամիրյանը: Այս ծառը տնկել է Հաբի Արամոն:
Եվ այսպես շարունակ: Անվանական շատ ծառեր կան, ափսոս, որ մոռացվել են նրանց տնկողների անունները: Բայց հուսով ենք, որ կվերագտնվեն այդ անուններն ու նրանց հետ կապված պատմությունները: Եռաբլուր պանթեոնի տնօրեն, գնդապետ Սուրիկ Խաչատրյանը ցույց է տալիս «Ասալա» հուշահամալիրի տարածքում չորս շարքով տնկած ծառերը, որոնք հասակ առնելով, իրոք, գեղեցիկ ծառեր են դառնալու, որովհետև այդ ծառերը սոսու, կաղնու, թխկու, բարդու մեր ավանդական հողին աճած ծառեր են:
Եռաբլուր պանթեոնի պետ, գնդապետ Ս.Խաչատրյանը և զորամասի անձնակազմը աստիճանաբար կարգավորում են այն բոլոր բացթողումները, որոնք եղել են ժամանակների հետ: Նրանք մշակել են աշխատանքային մի նոր ծրագիր, որը, ճիշտ է, կապված է ժամանակի հետ, սակայն կարևոր է, որ պանթեոն այցելողների հետաքրքրությունը կմեղմի: Ահա այդ ծրագրերը.
ա/Պանթեոնի հատակագծի ստեղծումը, որը կհեշտացնի այցելուների կողմնորոշումը այս տարածքում:
բ/Պանթեոնում հուղարկավորվածների կենսագրականներին և մարտական ուղուն վերաբերող տվյալների քարտադարանի ստեղծումը:
գ/Ոռոգման և լուսավորության ցանցերի հիմնանորոգումը:
դ/Տարածքի կանաչապատման (ծառեր, վարդեր) անընդհատելի աշխատանքներ:
Իրոք, շատ են աշխատանքները և, բացի թվարկվածներից, մարդկային երևակայությունը կարող է հազար ու մի լուսավոր ծրագրեր մշակել- առաջարկել պանթեոնի համար, որովհետև այստեղ թաղված են մեր երազների պահապանները:
Արժե հիշատակել բոլոր նրանց անունները, ովքեր այսօր իրենց ծառայությունն են անցկացնում «Եռաբլուր» պանթեոնում:
Զորամասի հրամանատար գնդապետ Սուրիկ Խաչատրյան, Եռաբլուրի պարետ, կապիտան Սմբատ Գալստյան, սպասարկման ծառայության պետ Լիանա Մինասյան, բուժկետի պետ, ենթասպա Մարինե Վարդանյան, արարողությունների բաժանմունքի պետ, կապիտան Ալբերտ Առաքելյան, բաժնի հրահանգիչ, ենթասպա Ալեքսանդր Մարգարյան, գործավար Կարինե Հովհաննիսյան, պայմանագրային զինծառայողներ՝ ենթասպա Ռուբիկ Ներսիսյան, վարորդ Սուրիկ Սիմոնյան, քահանա Տեր Պարթևը ամեն կիրակի Սուրբ Վարդանանց եկեղեցում պատարագ է մատուցում: Տեր Պարթևի օրհնությամբ այստեղ կատարվում են հայ առաքելական եկեղեցու բոլոր տոները` Սուրբ Ծնունդ, Խաղողօրհնեք, Սուրբ Վարդանանց տոն, Սուրբ Էջմիածնի տոն, Թարգմանչաց և մյուս տոները: Տեր Պարթևը նաև հարազատների ցանկությամբ կատարում է ազատամարտիկների շիրիմների օրհնության կարգ: Այստեղ է աշխատում ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի այրին` տիկին Գոհարը, ինչպես նաև Ժորա Ավագյանը, որի երկու որդիները զոհվել են Արցախյան ազատամարտի տարիներին: Եռաբլուրում են աշխատում Սերոբ Եգանյանը, Կարեն Մկրտչյանը, Արայիկ Իգարյանը, Հրաչյա Բաղդասարյանը, Հայկազ Ենոքյանը:
Նրանց հետ աշխատում են քաղաքացիական անձինք, որոնց մասին ջերմ խոսքեր ասացին գնդապետ Ս. Խաչատրյանն ու կապիտան Ա. Առաքելյանը: Սիրով գրում եմ նրանց անունները: Լինի շաբաթ, թե կիրակի, նրանք Եռաբլուրում են, օգնում են զոհվածների մայրերին, ինչպես նաև քաղհանում, խնամում-ջրում են շիրիմները, որոնց հարազատները միգուցե բացակայում են հանրապետությունից, որովհետև, ինչպես իրենք են ասում. «Երկար տարիներ նրանց չենք հանդիպել Եռաբլուրում»:
Ի դեպ, սեպտեմբերի 24-ին Երեւանի քաղաքապետ Տ. Մարգարյանը «Եռաբլուր» պանթեոնի պետ, գնդապետ Ս. Խաչատրյանին եւ արարողությունների բաժնի պետ, կապիտան Ա. Առաքելյանին պարգեւատրել է պատվոգրով. «Ավելի մաքուր Երեւան» ծրագրին իրենց մասնակցության համար: Իսկ դա Եռաբլուր պանթեոնի ողջ անձնակազմի կարգապահ աշխատանքի արդյունքն է:
Եռաբլուրում են հուղարկավորված նաև այլազգի (ռուս, ուկրաինացի, թուրքմեն, թաթար) տասներկու նվիրյալներ, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի և առհասարակ հանուն մարդկային վեհ՝ Ազատության գաղափարի: Եվ Եռաբլուրի աշխատակիցները հարազատի սրտացավությամբ խնամում են նրանց շիրիմները:
Ահա նրանց անունները.
Աիդա Մալաքյան, Լաուրա Հովակիմյան, Գոհար Աբգարյան, Անետա Գալոյան, Օյլա Հարությունյան, անուններ, որոնք կապված են մնալու Եռաբլուրում ննջող տղաների, նրանց հարազատների հետ: Նրանց հետ զրույցից ուզում եմ մեջբերել յուրաքանչյուրից մեկ միտք, մեկ նախադասություն, որպեսզի ընթերցողներին հասանելի լինի նվիրվածության, սիրո նրանց չափաբաժինը:
Աիդա Մալաքյան.
-Եռաբլուրը պետք է ծաղկի, Եռաբլուրը ծաղկում է: Ե՛վ ղեկավարությունը, և՛ աշխատողները նվիրյալներ են, անխոնջ աշխատողներ:
Լաուրա Հովակիմյանը նաև ԵԿՄ անդամ է, ունի պատվոգրեր, շքանշաններ:
-Մենք ինչ անում ենք, անում ենք գիտակցաբար: Մենք պարտավոր ենք անել մեր տղաների համար, փա՛ռք տղաներին:
Գոհար Աբգարյան.
-Ամեն մի շիրիմ, քարին դաջված ամեն մի նկար այնքան է հարազատ, որ թվում է՝ նրանց ճանաչել ենք դեռ շատ վաղուց:
Անետա Գալոյան.
-Եվ տղաների մայրերի զրույցները իրենց զավակների հետ այնքան հուզիչ են: «Ոնց ես, բալա՛ ջան, մենք լավ ենք, երեխեքդ արդեն մեծացել են, արդեն թոռներ ունես: Առաջնեկը քո անունով է»: Եվ այսպես երկար- երկար ձգվում է նրանց զրույցը…
Օլյա Հարությունյան.
-Ուզում եմ, որ ոչինչ չմոռացվի: Ամբողջ «Եռաբլուր» պանթեոնի աշխատակիցները լծված են այդ գործին: «Եռաբլուրը» եռացող կաթսա է, որի կափարիչը բարձրանում-իջնում է: Եվ մյուռոնի նման ամեն բարձրանալ-իջնելուց հպարտության, արժանապատվության, հայրենասիրության շունչ է տարածում չորսբոլորը. Հայաստան աշխարհում:
Այնուհետև գնդապետ Ս.Խաչատրյանը ներկայացնում է ՀՀ ՊՆ հովանավորությամբ տպագրված «Եռաբլուր» տեղեկատվական գրքույկը, որը վերատպվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հոգևոր առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի նախաձեռնությամբ` Ավստրալիայի հայկական եկեղեցիների, հայկական ազգային հաստատությունների և հայասեր ազգային նվիրյալների բարոյական ու նյութական միջոցներով: Գրքույկի հասույթը պիտի տրամադրվի Եռաբլուր պանթեոնի բարեկարգման ու բարեզարդման, ինչպես նաև «Սուրբ Խաչ» աղբյուրի կառուցման աշխատանքներին:
Եվ Նոր Զելանդիայի հոգևոր առաջնորդ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի այս խոսքերով էլ ավարտում ենք Եռաբլուրին նվիրված այս հոդվածաշարը. «Այստեղ՝ Եռաբլուրում, դեռ արյունը չի չորացել, այստեղ ննջում են անմահներն իրենց փառքով պսակված: Նրանց հոգիներն ազատ ճախրում են մյուս դյուցազունների հետ երկնքում, որովհետև նրանք հաղթել են չարին ու մահվան: Նրանք մյուս անմահների հետ միասին հսկում են երկնքի բարձունքներից` տեսնելու, թե եկող սերունդներն ինչպես են լրացնելու և ամբողջացնելու այն երազները, որոնց համար նրանք իրենց կյանքը զոհեցին:
Անցո՛րդ, զգույշ քայլիր, այստեղ անմահներն են ննջում… »:
Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ