Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՐ ՍՏԵՂԾԱԾ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԶԻՋՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՆ»



ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ վարչության պետ, գնդապետ ՍԱՐԳԻՍ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցն անդրադարձ է զորատեսակի ստեղծմանը, կայացմանն ու ձեռքբերումներին

-Պարոն Արզումանյան, «Հայ զինվորի» և ընթերցողների անունից մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ Ձեզ եւ ազգային բանակի ՌՔԿՊ զորքերի զինծառայողներին, մաղթում նորանոր ձեռքբերումներ, անսպառ եռանդ, աշխատանքային հաջողություններ:

– Ես էլ իմ անունից եմ շնորհավորում ե՛ւ սպայական, ե՛ւ ենթասպայական, ե՛ւ շարքային կազմին: Հպարտ եմ ու բավարարված, որ իմ ղեկավարած կառույցն ու զորքերը իրենց ուրույն ավանդն ունեն զորատեսակի ստեղծման, կայուն զարգացման, մարտունակության բարձրացման, բանակաշինության գործում: Ցանկանում եմ, որ շարունակեն ծառայել նվիրումով եւ կրկնապատկված եռանդով: Բարեմաղթում եմ առողջություն, անձնական երջանկություն, տոկունություն, սեփական ուժերի հանդեպ վստահություն:

-Մեր զրույցն սկսենք զորատեսակի անցած ուղուց. ինչպե՞ս կազմավորվեցին ՌՔԿՊ զորքերը, ի՞նչ դեր ու նշանակություն ունեցան Արցախյան պատերազմում և ունեն այսօր:

– Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը ներքաշվեց պատերազմի մեջ, առաջացավ կանոնավոր ազգային բանակի ստեղծման անհրաժեշտություն: Բանակը պետք է արժանի հակահարված տար ադրբեջանական հրոսակներին: Խորհրդային Միության տարիներին Ադրբեջանի քիմիական արդյունաբերությունը համարվում էր լավ զարգացած, և բոլոր նախադրյալները կային, որ մեր հակառակորդը ստեղծեր եւ օգտագործեր զանգվածային խոցման զենք: Ուստի շատ զորատեսակների հետ մեկտեղ համապատասխան հրամանով կազմավորվեց նաև ՀՀ ԶՈՒ քիմիական ծառայությունը, որը 1992թ. հոկտեմբերի 1-ին վերակազմավորվեց քիմիական զորքերի բաժնի` փոխգնդապետ Մ.Հայրապետյանի ղեկավարությամբ: Հետագայում կազմավորվեցին նաև այլ զորամասեր և մասնագիտական տեխնիկայի վերանորոգման վաշտեր: Կադրային հարցը լուծվեց` ՌՔԿՊ զորքերը խորհրդային բանակի սպաներով ու ենթասպաներով համալրելու, ինչպես նաև պահեստազորից զինված ուժեր մասնագետ սպաների զորակոչելու շնորհիվ: Հետագայում կազմավորվեց ուսումնական դասակ, որը դարձավ քիմիկոս-մասնագետների և կրտսեր հրամանատարների պատրաստման կարևոր օղակ: Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորամասերի եւ ստորաբաժանումների ստեղծումից հետո՝ 1997թ. մարտին, պաշտպանության նախարարի հրամանով ՌՔԿՊ զորքերի բաժինը վերածվեց վարչության:

Ստեղծման սկզբից ծառայության հիմնական նպատակն էր հակառակորդի զանգվածային խոցման զենքերի օգտագործման դեպքում անձնակազմին անհատական պաշտպանական լրակազմերից եւ հակագազից ճիշտ օգտվել սովորեցնելը: Արցախյան գոյամարտի ժամանակ վարչությունը եւ ենթակա զորամասերն ու ստորաբաժանումները անմասն չմնացին հաղթանակի կռման գործում: Վարչության սպաների անմիջական մասնակցությամբ հակառակորդի հավանական հարձակման և որոշ սահմանամերձ շրջաններում տեղադրվեցին հրանետներ, եւ կազմակերպվեց անձնակազմի ուսուցում, մեր մասնագետներն այլ զորատեսակների կազմում մասնակցեցին Արցախյան պատերազմին, իրականացվեց մարտադաշտից դուրս բերված, մանրէներով վարակված, վերանորոգման ենթակա կրակային զենքերի հատուկ մշակում:

Զինադադարից հետո խնդիրներն այլ էին, անհրաժեշտ էր զինադադարն օգտագործել մարտական պատրաստության կտրուկ բարձրացման համար: Ուսումնական գործընթացի կազմակերպումը կատարելագործելու նպատակով ստեղծվեց անհրաժեշտ նյութատեխնիկական բազա, կազմավորվեց ուսումնական ստորաբաժանում, որն էլ քիմիկոս-մասնագետներ եւ կրտսեր հրամանատարներ էր պատրաստում զորամասերի համապատասխան ստորաբաժանումների համար: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի քիմիական արդյունաբերությունը քայքայվել էր: Ինչպես գործող, այնպես էլ պարապուրդի մատնված ձեռնարկություններում դեռեւս կային ուժեղ ներգործության թունավոր նյութեր, վերագործարկվել էր հայկական ատոմային էլեկտրակայանը: Սրանք այն օբյեկտներն էին, որոնց վթարի ենթարկվելը կամ ավերումը կարող էին հանգեցնել աղետալի հետևանքների: Դրանց անվտանգության ապահովման հետ կապված հարցերի լուծման համար ձեւավորվեց մեր զորատեսակի զորամասերից մեկը, ինչպես նաեւ հետեւանքների վերացման առանձին գումարտակը:

– Պարոն Արզումանյան, այսօր միջազգային կազմակերպություններ եւ առանձին երկրներ պայքար են մղում ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական զենքերի արտադրության, պահպանման եւ օգտագործման դեմ: Որո՞նք են ՌՔԿՊ զորքերի հիմնական խնդիրներն այդ պայմաններում:

– Հատկապես այսօր զինված ուժերն ու քաղաքացիական բնակչությունը ապահովագրված չեն հակառակորդի կողմից ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական զենքերի կիրառումից: Մեր հիմնական խնդիրներն են` բացահայտել ու գնահատել ռադիացիոն, քիմիական, կենսաբանական իրադրությունը, կազմակերպել զանգվածային խոցման զենքերից եւ խոցման այլ միջոցներից զորքերի պաշտպանությունը, նվազեցնել զորքերի եւ օբյեկտների տեսանելիությունը, հարկ եղած դեպքում կիրառել հրանետային-հրկիզող միջոցներ, վտանգավոր օբյեկտներում ավերածությունների հետեւանքները վերացնելու նպատակով իրականացնել համապատասխան միջոցառումներ: ՌՔԿՊ յուրաքանչյուր խնդրի լուծում պահանջում է համալիր միջոցառումներ, որոնք բարձր մակարդակով կատարելու համար տեսական գիտելիքները բավարար չեն, անհրաժեշտ է նաեւ կատարելագործել անձնակազմի գործնական հմտությունները, այդ պատճառով էլ ուսուցման ծրագրում ներառվեցին ճամբարային հավաքները: Այսօր ԶՈՒ բոլոր զինծառայողներն ապահովված են անհատական հակագազերով, իսկ մասնագիտացված ստորաբաժանումները` պաշտպանական եւ աշխատանքային արտահագուստով: ՌՔԿ ծառայության սպան կամ հերթապահը հարկ եղած դեպքում կարող է հատուկ սարքավորումների եւ նյութերի միջոցով ստուգել տվյալ զորամասում օդի մաքրությունը, իսկ մասնագիտական զորամասերը զինված են անհրաժեշտ տեխնիկայով եւ ի վիճակի են կատարելու առավել բարդ առաջադրանքներ: ՌՔԿՊ վարչությունը ակտիվորեն համագործակցում է նաև քաղաքացիական գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ: Օրինակ՝ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ մշակվել է Մեծամորի ատոմակայանում, «Նաիրիտ» գործարանում և այլ ձեռնարկություններում հնարավոր վթարի հետևանքով առաջացած ռադիացիոն կամ քիմիական վտանգը վերացնելու պլան: Վարչության մասնագետները մասնակցում են նաև ժամկետանց դեղորայքի ոչնչացման, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման աշխատանքներին:

-Անդրադառնանք կադրային խնդիրներին: Որտե՞ղ են վերապատրաստվում մեր մասնագետները:

– Մենք ակտիվորեն համագործակցում ենք ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Կազմակերպված բազմաթիվ սեմինարների, շտաբային վարժանքների, զորավարժությունների ժամանակ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի սպաներն ըստ արժանվույն են դրսեւորել իրենց, արժանացել են արտերկրի մասնագետների բարձր գնահատականին: Վարժանքները շատ կարեւոր են, քանի որ հիմնական շեշտը դրվում է գործնական աշխատանքի վրա, եւ հնարավոր է դառնում ճշտելու մեր մասնագետների պատրաստության աստիճանը: Բազմաթիվ հայ սպաներ վերապատրաստվում են Եվրոպայում և այլ երկրներում` ծանոթանալով այնտեղ ընդունված աշխատաոճին, մասնագիտական սարքավորումներին ու տեխնիկային: Համագործակցությունը նպաստում է զորատեսակի մարտունակության բարձրացմանը:

– Պարոն Արզումանյան, ովքե՞ր են այն զինծառայողները, որոնք տարվա ընթացքում աչքի են ընկել իրենց բարեխիղճ ծառայությամբ և մասնագիտական որակներով:

– Կարող եմ տասնյակ անուններ նշել, բայց կառանձնացնեմ գնդապետներ Սերգեյ Հովհաննիսյանին, Բորիս Զաքարյանին, փոխգնդապետներ Մհեր Վարդանյանին, Էդուարդ Սարգսյանին, մայոր Վաղարշակ Հարությունյանին, կապիտաններ Վարդան Կարապետյանին, Արսեն Աբգարյանին: Վստահ եմ, որ նրանք օրինակ են զինակիցների համար:

-Դուք 1997 թ.-ից ղեկավարում եք վարչությունը, ի՞նչն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

-Ամենակարեւոր ձեռքբերումը համարում եմ այն, որ սկսեցինք նոր զինատեսակների ստեղծումը: Այսպիսով` ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերը թևակոխեցին զարգացման բոլորովին նոր փուլ: Մենք հնարավորություն ունենք այս ոլորտում օգտագործելու հայրենական գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումները, զորքեր մատակարարելու արտասահմանյան նմուշներին ոչնչով չզիջող հատուկ սարքավորումներ:

-Պարոն Արզումանյան, մեր ընթերցողին անշուշտ կհետաքրքրեն Ձեր ծառայողական կենսագրության մանրամասները:

– Ծնվել եմ 1956 թվականի մայիսի 25-ին, Սախալինի շրջանի Պորոնայսկ քաղաքում, դպրոց եմ հաճախել Խաբարովսկում, ուսումս ավարտել եմ Ուկրաինայում: Հայրս զինվորական էր, եւ մենք հաճախ էինք մի տեղից մյուսը տեղափոխվում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1973 թ., ընդունվել եմ ՌԴ Ձերժինսկու անվան ռազմական ակադեմիայի ինժեներական ֆակուլտետը, որն ավարտել եմ 1978 թ. և ծառայության անցել ԽՍՀՄ զինված ուժերում (Բելոռուսիայում) մինչև 1992 թ. հոկտեմբերը: ԽՍՀՄ ԶՈՒ-ում ծառայության ընթացքում՝ 1986 թ., մասնակցել եմ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացմանը: 1988-1992թթ. սովորել և ավարտել եմ ՌԴ Տիմոշենկոյի անվան քիմիական պաշտպանության ռազմական ակադեմիան: 1992 թ. ինքնակամ ծառայության եմ անցել ՀՀ զինված ուժերում և նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժնի պետի տեղակալ, 1996թ.-ից` ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌՔԿՊ զորքերի բաժնի պետ, իսկ 1997թ.-ից առայսօր ղեկավարում եմ ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌՔԿՊ զորքերի վարչությունը:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #40 (1007) 10.10.2013 – 16.10.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/10/2013