Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

3. ՀԵՆՐԻ ՔԻՍԻՆՋԵՐԻ «ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

ՔՐԻՍՏՈՆՅԱ ՍԻՈՆԻՍՏՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՄՆ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Մեզանում քչերը գիտեն, որ ԱՄՆ-ի օգնությունն Իսրայելին պայմանավորված է ոչ միայն (ու նույնիսկ ոչ այնքան) հրեական սփյուռքի ամերիկաբնակ հատվածի ազդեցությամբ, որքան ԱՄՆ-ում բնակվող քրիստոնյա սիոնիստների աջակցությամբ: Խոսքն այն մասին չէ, որ ամերիկացիների 65%-ն առհասարակ դրական է վերաբերվում հրեական պետությանը, այլ այն մասին, որ Ամերիկայում առնվազն 20 միլիոն (այլ տվյալներով՝ մոտ 50 մլն) մարդ (քրիստոնեական բողոքականության ճյուղին պատկանող Ավետարանական եկեղեցու հետևորդներ) հավատում է, որ Մեծ Իսրայելի ստեղծման դեպքում կիրականանան աստվածաշնչյան մարգարեությունները, և տեղի կունենա Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, ուստի այդ պահը մոտեցնելու համար յուրաքանչյուր քրիստոնյա-ավետարանական պարտավոր է օգնել հրեաներին, որպեսզի նրանք ստեղծեն «Նեղոսից մինչև Եփրատ» տարածվող իրենց պետությունը: Նույնիսկ եթե ամերիկացի բոլոր հրեաներն աջակցեին Իսրայելին (իրականում ամերիկաբնակ հրեաների հազիվ 20 տոկոսն է համարում, որ Աստված Իսրայել պետության տարածքն իրենց է նվիրել), նրանց թիվը ԱՄՆ-ում հազիվ կհասներ 5-6 միլիոնի, ուստի ակնհայտ է, որ սիոնիզմի հետևորդ քրիստոնյաներն ԱՄՆ-ում առնվազն 4 անգամ շատ են սիոնիստ հրեաներից: Դա ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդելու շատ լուրջ ներուժ է:

Վերջին տասնամյակի ընթացքում մոտ 600 հազար ամերիկացի քրիստոնյա սիոնիստներ ֆինանսավորել են Ռուսաստանից ու Եթովպիայից 100 հազար հրեայի արտագաղթը Իսրայել՝ հավատալով, որ այդպիսով նպաստում են Քրիստոսի երկրորդ գալուստին: 2006 թ. կատարված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ Ամերիկայի հարավի բնակչության կեսից ավելին հավատում է, որ Իսրայել պետությունն Աստծու պարգևն է հրեաներին (դրան հավատում է սպիտակամորթ բողոքականների 69%-ը և սևամորթ բողոքականների 60%-ը):

Քրիստոնեական սիոնիզմը որպես ուսմունք ձևավորվել է 19-րդ դարի կեսին Մեծ Բրիտանիայում: Դրա հիմնական դրույթները ձևակերպել է բողոքական քարոզիչ Սայրուս Սքոուֆիլդը (1843-1921): Սակայն հրեաների՝ Պաղեստին վերադառնալու գաղափարը Բրիտանիայի համայնքների պալատում աջակիցներ ուներ դեռ 17-րդ դարում, հանձին Հենրի Ֆինչի, որը 1621 թ. հայտարարում էր, որ այդ հողն հրեաներին է պատկանելու մինչև Ահեղ Դատաստանի օրը, և որ Աստված կօրհնի բոլոր այն ժողովուրդներին, որոնք կօգնեն հրեաներին: 1839 թ. կոմս Շաֆթսբերին շրջանառության մեջ դրեց «Անժողովուրդ հողը՝ անհող ժողովրդին» հայտնի կարգախոսը: Քրիստոնյա սիոնիստներ էին նաև Անգլիայի վարչապետ (1916-1922) Դևիդ Լոյդ-Ջորջը (1863-1945) և արտգործնախարար (1916-1919) Ջեյմս Բալֆուրը (1848-1930): 1919 թ. Ջ.Բալֆուրը հանդես եկավ ճառով, որում հայտարարեց. «Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տալիս Պաղեստինում հրեա ժողովրդի «ազգային օջախ» ստեղծելուն և բոլոր ջանքերը կգործադրի՝ այդ նպատակն իրագործելուն նպաստելու համար» (Բալֆուրի հռչակագիրը):

Քրիստոնյա սիոնիստների ուսմունքը հիմնված է Աստվածաշնչի (հատկապես Դանիելի ու Եզեկիելի մարգարեությունների և Հովհաննու Հայտնության) աղավաղված մեկնությունների վրա: Նրանք հավատում են, որ՝

– Քրիստոսի երկրորդ գալուստից հետո հրեաները քրիստոնեություն կընդունեն, և Քրիստոսը նրանց միջոցով 1000 տարի կկառավարի աշխարհը: Այդ գործում հրեաներին օգնողները կգնան դրախտ, չօգնողները՝ դժոխք,

– Իսրայել պետության բոլոր գործողություններն օրինական են և արդարացվում են հրեաների աստվածային առաքելությամբ,

– Երուսաղեմը հրեաների հավերժական մայրաքաղաքն է, արաբներն այնտեղ ապրելու իրավունք չունեն,

– հրեաները պետք է վերականգնեն Սողոմոնի տաճարը՝ ավերելով դրա տեղում կառուցված մզկիթները: (Ներկայումս այդ տաճարի տեղում ալ-Աքսա մզկիթն է (կառուցվել է 8-րդ դարում) և Ժայռի Գմբեթը կամ Կուբաթ-աս-Սահրան (կառուցվել է 7-րդ դարի վերջում): Հրեական որոշ ծայրահեղական կազմակերպությունների անդամներ փորձել են կործանել մահմեդական այդ սրբությունները, որպեսզի դրանց տեղում կառուցվի հրեական տաճարը: Քրիստոնյա սիոնիստներն այդ հարցում աջակցում են նրանց. 2000 թ. 3 քրիստոնյա սիոնիստներ արտաքսվեցին Իսրայելից, որովհետև փորձում էին պայթեցնել Երուսաղեմի մզկիթը),

– պետք է հակադրվել կառավարությունների և միջազգային կազմակերպությունների, նախևառաջ ՄԱԿ-ի բոլոր այն գործողություններին, որոնք միտված են Իսրայելին համոզելու, որ հետևի պաղեստինցիների վերաբերյալ ընդունված միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու հատկապես ՄԱԿ-ի 242-րդ բանաձևին, ըստ որի՝ Իսրայելը պետք է հետ քաշվի օկուպացված տարածքներից,

– մահմեդականներն ու արաբները սատանայի ծառաներն են,

– Քրիստոսի գալուստին նախորդելու է Պաղեստինի հյուսիսում հրեաների ու մահմեդականների միջև միջուկային պատերազմը (Արմագեդոնի ճակատամարտը): Այդ պատերազմի առիթը կդառնա հրեա ծայրահեղականի կողմից ալ-Աքսա մզկիթի պայթեցումը,

– Ամերիկան պարտավոր է օգնել Իսրայելին և հրեաներին՝ իրագործելու վերոնշյալը:

(Փակագծերում նկատենք, որ քրիստոնյա սիոնիստների ուսմունքը հակասում է Աստվածաշնչին: Ճիշտ է, որ Աստված հրեաներին խոստացել է «Նեղոսից մինչև Եփրատ» ընկած տարածքը. Ծննդոց գրքի 15-րդ գլխի 18-րդ համարում գրված է. «Այդ օրը Տերն ուխտ դրեց Աբրամի հետ և ասաց. «Քո հետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ եգիպտացիների գետից մինչև Եփրատ մեծ գետը, նրանց պիտի ենթարկվեն կինեցիները, կենեզացիները, կեդմոնացիները, քետացիները, փերեզացիները, ռափիմացիները, ամորհացիները, քանանացիները և հեբուսացիները»:

Բայց, նախ, Աբրամի հետնորդները ոչ թե նրա արյունից սերվածներն են, այլ, ինչպես Հռոմեացիներին ուղղված թղթի 4-րդ գլխում բացատրում է Պողոս առաքյալը, Աբրահամի հավատն ունեցողները, այսինքն՝ Հիսուս Քրիստոսին հավատացողները, իմա՝ քրիստոնյաները:

Երկրորդ՝ եթե նույնիսկ անտեսենք այս բացատրությունը և մնանք Հին Կտակարանի սահմաններում, Աստվածաշունչը վկայում է, որ Աստված հրեաներին տված բոլոր խոստումները կատարել է դեռևս Նավեի որդի Հեսուի (մահացել է մ.թ.ա. 1244 թ.) ապրած ժամանակաշրջանում: Նավեի որդի Հեսուի գրքի 23-րդ գլխի 14-րդ համարում հրեաներին Ավետյաց երկիր առաջնորդած Հեսուն մահվանից առաջ իր ժողովրդին կտակ է թողնում՝ ասելով. «Իմացե՛ք ձեր ամբողջ սրտով և ձեր ամբողջ հոգով, որ այն բոլոր խոսքերից, որ ասաց ձեզ Տեր Աստվածը, ոչ մի բան անկատար չմնաց, այլ ամեն ինչ կատարվեց ձեզ համար. դրանցից ոչ մի խոսք սխալ դուրս չեկավ»:

Ավելին, հաջորդ նախադասության մեջ Հեսուն Աստծուց հրեաների ստանալիք բարիքները պայմանավորում է նրանց աստվածապաշտությամբ. «Եվ ինչպես որ ձեզ վրա կատարվեցին այն բոլոր բարի խոսքերը, որ ասաց ձեզ համար Տերը, այդպես էլ Տերը ձեզ վրա կկատարի ամեն տեսակ չար խոսքեր, մինչև որ բնաջնջի ձեզ այս բարի երկրից, որ տվել է ձեզ ձեր Տեր Աստվածը, եթե դրժեք ձեր Տեր Աստծու ուխտը, որ պատվիրել է ձեզ, և գնաք ծառայեք օտար աստվածներին ու նրանց երկրպագություն անեք: Տերը կբարկանա ձեզ վրա, և դուք անմիջապես կկորչեք այս բարի երկրից, որ Տերը տվել է ձեզ»:

Պատմությունը ցույց տվեց, որ հրեաները դրժեցին Աստծու հետ կնքած ուխտը (այն էլ քանի անգամ), ինչի ամենավառ արտահայտությունը Աստծու Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին մերժելն ու խաչելն էր: Հետևաբար՝ ուղղափառ քրիստոնեության տեսանկյունից Աստված հրեաներին ոչինչ պարտք չէ):

Բերենք պատմական մի օրինակ, որը ցույց է տալիս ԱՄՆ-ում քրիստոնյա սիոնիստների քաղաքական ազդեցության չափը: 1977 թ. մարտին ԱՄՆ նախագահ (հարավցի և բողոքականության ճյուղի բապտիստական՝ մկրտական եկեղեցու անդամ) Ջիմի Քարտերը ամերիկյան ժողովրդին ուղղված իր ուղերձում ասաց. «Պաղեստինցիները նույնպես հայրենիք ունենալու իրավունք ունեն»: Դրանից անմիջապես հետո իսրայելամետ լոբբին և ավետարանականները տարածեցին համատեղ հայտարարություն, որում ասվում էր. «Քրիստոնյաների համար եկել է աստվածաշնչյան մարգարեությունների և Ավետյաց երկրի հանդեպ Իսրայելի աստվածահաստատ իրավունքի նկատմամբ իրենց հավատը վկայելու ժամանակը: Խորին մտահոգությամբ ենք ընկալում որևէ այլ ազգի կամ քաղաքական սուբյեկտի օգտին Իսրայելը հողից զրկելու ցանկացած փորձ»: 1980 թ. Քարտերը նախագահական ընտրություններում պարտվեց՝ իր պաշտոնը զիջելով Ռոնալդ Ռեյգանին: Որոշ վերլուծաբաններ սա բացատրում են ոչ այնքան Իրանում ամերիկացի պատանդների հետ կապված դիվանագիտական ճգնաժամով (1979 թ. նոյեմբերի 4 – 1981 թ. հունվարի 20), որքան 20 միլիոն քրիստոնյա սիոնիստների քվեներով. նրանք իրենց ձայնը տվեցին Ռեյգանի օգտին միայն այն պատճառով, որ Քարտերն ընդունել էր պաղեստինցիների՝ իրենց նախնիների հողի վրա ապրելու իրավունքը (քրիստոնյա սիոնիստների միաձայն դիրքորոշումը ձևավորելու համար բավական է հեռուստաքարոզիչներ Ջերի Ֆալվելի, Փեթ Ռոբերտսոնի, Մայքլ Էվանսի՝ հեռուստատեսությամբ արված մեկ կոչը):

Այսպիսով, ԱՄՆ-ի նախագահները իսրայելա-պաղեստինյան հակամարտության և Մերձավոր Արևելքին առնչվող հարցերում ենթարկվում են ոչ միայն հրեա, այլև քրիստոնյա սիոնիստների մեծ ճնշմանը:

ՀԱԿԱՔՐԻՍՏՈՍԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Վերադառնանք Հ.Քիսինջերի 2011 թ. ցինիկ բացահայտումներին. «Մենք մեր զինվորականներին ասել ենք, որ Մերձավոր Արևելքում անհրաժեշտ է նվաճել յոթ երկիր՝ նրանց ռեսուրսներին տիրանալու համար, և նրանք համարյա ավարտել են իրենց աշխատանքը»: Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ այդ յոթ երկրները նվաճելու շարժառիթը ոչ այնքան աշխարհիկ է (ռեսուրսներ), որքան՝ կրոնական. պառակտել ու թուլացնել Մերձավոր Արևելքի մահմեդական երկրները, որպեսզի երբ Իսրայելն ավերի իր նշանակությամբ երրորդ մահմեդական սրբավայրը՝ ալ-Աքսա մզկիթը՝ դրա տեղում Սողոմոնի տաճարը կառուցելու նպատակով, նրանք չկարողանան միավորվել ու պատժել Իսրայելին: Այս կարծիքին է, մասնավորապես՝ Օդեսայի հոգևոր ճեմարանի դասախոս, աստվածաբանության թեկնածու, ավագերեց Գեորգի Գորոդենցևը: Ըստ նրա՝ Արևմուտքի թիրախը նախևառաջ Եգիպտոսն ու Սիրիան են, որովհետև այդ երկրների հարաբերությունները ոչ հեռու անցյալում այնքան սերտ են եղել, որ նրանք նույնիսկ փորձել են միավորվել՝ կազմելով Արաբական Միացյալ Հանրապետություն (ԱՄՀ)՝ միասնաբար դիմակայելու Իսրայելի ագրեսիային:

Հիշենք, որ 1958-1961 թթ. ԱՄՀ-ի կազմում էին Սիրիան ու Եգիպտոսը: 1961 թ. սեպտեմբերի 28-ին Սիրիան դուրս եկավ ԱՄՀ-ից: 1963 թ. քայլեր ձեռնարկվեցին Միացյալ պետությունը վերստեղծելու ուղղությամբ. միավորվել էին ցանկանում Եգիպտոսը, Սիրիան և Իրաքը, սակայն պետական կարգի շուրջ համաձայնության չգալու պատճառով այդ ծրագրերը չեն իրականանում: ԱՄՀ-ն, իր կազմում ունենալով միայն Եգիպտոսը, ձևականորեն գոյություն է ունենում մինչև 1971 թ., երբ ստեղծվում է Արաբական Հանրապետությունների Դաշնությունը՝ Եգիպտոսի, Լիբիայի և Սիրիայի կոնֆեդերացիան:

Փաստորեն, «արաբական գարունը» «այցելեց» նախևառաջ այն մահմեդական երկրներ, որոնք դաշնություն կազմելու պատմական փորձ ունեին, այլ կերպ ասած՝ մյուսներից ավելի էին հակված միասնության: Այս տեսանկյունից Գորոդենցևի վարկածն առնվազն գոյության իրավունք ունի, մանավանդ, եթե հաշվի առնենք նաև հետևյալ (քչերին հայտնի) փաստը. 1968 թ. (Իսրայելի կողմից Արևելյան Երուսաղեմի բռնազավթումից հետո) Ամերիկյան մասոնական տաճարի օրդենը պաղեստինցիներին 100 մլն դոլար է առաջարկում այն բանի համար, որ թույլ տան ալ-Աքսա մզկիթի տեղում կառուցել Սողոմոնի տաճարը: Դրանից հետո, ինչպես վերն արդեն նշեցինք, հրեա, մասոն և նորբողոքական ծայրահեղականներ մի քանի անգամ փորձել են ավերել մզկիթը: Իսրայելի իշխանությունները ողջամտորեն կանխում են բոլոր այդ փորձերը, որովհետև այլ բան է կրոնախև մոլեռանդների մտասևեռումը, և այլ բան՝ մահմեդական ամբողջ աշխարհի դեմ պատերազմի իրական սպառնալիքը:

Մնում է պատասխանել վերջին հարցին. ի՞նչն է ստիպում մահմեդական ահաբեկիչներին աշխարհի տարբեր ծայրերից հավաքվել ու կռվել մահմեդական պետությունների դեմ: Այս հարցի վրա կարող է լույս սփռել Մոսկվայի մահմեդական համալսարանի ռեկտոր Դ.Խայրետդինովի «Իսլամի վախճանաբանությունը. Դաջալի (հակաքրիստոսի) մասին ուսմունքը» հոդվածը, որից մեջբերում է Գ.Գորոդենցևը:

Բանն այն է, որ մահմեդական կրոնի հիմնադիր Մուհամմեդ մարգարեն զգուշացրել է, որ վերջին ժամանակներում գալու է միակնանի Դաջալը՝ իսլամում հակաքրիստոսի նմանակը, և նրա գալստյանը նախորդելու են պատերազմները, անիշխանությունը, արհավիրքները, ուստի մարդիկ Դաջալին կընդունեն ուրախությամբ՝ որպես «փրկչի» և «խաղաղարարի»: Մարգարեն զգուշացրել է չհավատալ նրան, թեպետ նա բազմաթիվ հրաշքներ է անելու: Իսլամի բանավոր ավանդության համաձայն՝ Մուհամմեդ մարգարեն ասել է. «Դաջալը կհայտնվի իմ հետևորդների միջավայրում և կիշխի կա՛մ 40 օր, կա՛մ 40 ամիս, կա՛մ էլ 40 տարի: Եվ Տերը կուղարկի Իսային, Մարիամի որդուն: Նա կգտնի Ջալալին և կսպանի նրան: Դրանից հետո մարդիկ 7 տարի կապրեն կատարելապես խաղաղ ու բարեկեցիկ, նրանց միջև թշնամանք չի լինի»:

Ամենայն հավանականությամբ, մահմեդականության մեջ նույնպես գոյություն ունի ուսմունք, ըստ որի՝ մարգարեությունների իրականացումը կարելի է մոտեցնել դրանք նմանակելու միջոցով: Այսինքն՝ եթե հավատացյալ մահմեդականը փափագում է ապրել Դաջալին հաջորդող երջանիկ ժամանակաշրջանում, նա պետք է մոտեցնի Դաջալի գալուստը: Ինչպե՞ս՝ ստեղծելով Դաջալի գալստյանը նախորդող սոցիալ-քաղաքական և հոգեբանական իրավիճակը: Եթե մարգարեության մեջ ասված է, որ պետք է պատերազմներ ու արհավիրքներ լինեն, ուրեմն պետք է պատերազմ ու արհավիրք հրահրել: Սա է կրոնախևների ու մոլեռանդների տրամաբանությունը՝ լինեն հուդայական, քրիստոնյա, թե մահմեդական:

Այսպիսով, հակաքրիստոսը թե՛ քրիստոնեության մեջ և թե՛ իսլամում զանգվածներին միավորելու քաղաքական գործառույթ ունի: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ չօգտվել կրոնախև զանգվածների հիվանդագին սպասումներից: Ուստի Հ.Քիսինջերի 2011 թ. «բացահայտումների» հիման վրա կարելի է եզրակացնել, որ Մերձավոր Արևելքում տեղի է ունենում կեղծ հակաքրիստոսի, նույն ինքը՝ Դաջալի գալստյան նախապատրաստությունը, որ ավելի նման է բեմադրության: Պետք է ենթադրել, որ կեղծ հակաքրիստոսից հետո կգա իսկական հակաքրիստոսը, որին, սակայն, բոլոր տեսակի (թե՛ հրեա, թե՛ քրիստոնյա և թե՛ մահմեդական) սիոնիստները կընդունեն որպես իսկական Փրկչի: Տգիտությունը կվարձատրվի ըստ արժանվույն:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #41 (1008) 17.10.2013 – 23.10.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


17/10/2013