Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՊԵՏՔ ՉԷ ՍՊԱՍԵԼ, ՊԵՏՔ Է ՇՏԿԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»



Էդմոն Սիմոնյանն իմ հյուրն է: Ծառայել է ազգային բանակում, մի քանի ամիս առաջ զորացրվել է ավագ սերժանտի կոչումով, արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների, բազմաթիվ շնորհակալագրերի:

Վստահ եմ, որ քաղաքացիական կյանք վերադառնալով, վերլուծել է բանակային երկու տարիների դժվարությունները, ծառայության դրական կողմերն ու թերությունները, գնահատել հրամանատարների ու ծառայակից ընկերների պատրաստության մակարդակը եւ այդ ամենը քննարկել ընկերների, բարեկամների, հարեւանների հետ: Խնդրում եմ, որ «Հայ զինվորի» ընթերցողի հետ էլ անկեղծ լինի, այնուհետեւ ոգեւորված ավելացնում.

-Հայրենիքի նկատմամբ զինվորական պարտքդ պատվով կատարեցիր:

-Մաքսիմ Գորկին ասում էր` կեցության յուրաքանչյուր պահ պետք է ունենա իր բարձր նպատակը: Ծառայությունը երբեք պարտք չեմ համարել, այդ երկու տարիներն ինձ համար նպատակի ձգտման ճանապարհ էին` կանգնելով սահմանին, առաջնագծում, փակել հակառակորդի ճանապարհը: Միշտ պատկերացրել եմ ինձ զինվորականի կերպարում` մանկական երազանքս էր: Ծառայությանը երկար եմ պատրաստվել` չորս տարի ուշու եմ պարապել, դպրոցում գերազանց էի կատարում շարային վարժաձեւերը` շարային քայլ, շրջադարձ տեղում, շրջադարձ քայլի ժամանակ եւ այլն: Ընդունվել եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժին, սովորել մագիստրատուրայում, ուսումնառության ընթացքում էլ, բացի մասնագիտական գրականություն կարդալուց, ուսումնասիրում էի նաեւ զինվորական կանոնագրքերը եւ ծանոթանում զորքերի մարտական ու առօրյա գործունեությանը, զինծառայողների ընդհանուր եւ պաշտոնեական պարտականություններին ու իրավունքներին, նրանց միջեւ փոխհարաբերությունների նրբություններին, ներքին, կայազորային ու պահակային ծառայության կատարման կարգին, զինծառայության ու զինվորական կենցաղի այլ հարցերին… Միայն զենք չէի վերցրել ձեռքս, այդ բացը լրացրել եմ զորամասում: 2011 թ. հունիսն էր, զորակոչվեցի: Դարձա երկրորդ գումարտակի, երկրորդ վաշտի, երկրորդ դասակի, երկրորդ ջոկի զինվոր: Մոտոհրաձգային ուսումնական զորամասում ուսումնառության վեց ամիսների ընթացքում տարբեր առարկաներ պետք է սովորեի, վերապատրաստվեի որպես ջոկի հրամանատար, քննություններ հանձնեի և կոչում ստանալուց հետո ստանձնեի ենթակա անձնակազմի ղեկավարումը: Մեր վաշտում ամենացածրահասակը 175 սմ էր, ամենաբարձրահասակը` 190 սմ: Նման ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ երեք ամսից պետք է մասնակցեինք զորահանդեսին: Մեզանից պահանջվում էր շարային իդեալական քայլ, շատերը չէին դիմանում ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, կիզիչ արեւին, բայց ոգևորության ու պատասխանատվության ընդհանուր մթնոլորտը նպաստում էր դժվարությունների հաղթահարմանը: Եվ ահա պատասխանատու պահն էր, չնայած ներքին լարվածությանը (կարող եմ համեմատել առաջին անգամ դիրքեր բարձրանալու ժամանակ վերապրածիս հետ), քայլեցինք զգաստ ու հաղթական: Մարդիկ մեզ ջերմորեն ողջունում էին: Այդ ժամանակ հասկանում ես` քեզ հավատում են, քեզ վստահում են: Զորահանդեսից ամենահիշվողը մեր ոտնաձայնն է, որ միասնականության, անձնվիրության, նպատակին հասնելու խորհուրդ ունի ինձ համար:

-Էդմոն, ուսումնական զորամասում արդեն հարմարվել էիր զինվորական ծառայության ծանրաբեռնվածությանը, առօրյային, դժվար չէ՞ր նոր զորամաս տեղափոխվելը:

-Ծառայությունս շարունակեցի մի զորամասում, որ 1994 թ.-ից մարտական հերթապահություն է իրականացնում: Վազգեն Սարգսյանն ասում էր, որ տվյալ զորամասը մեր զորքերի շտապօգնությունն է: Ինձ շատ ոգեւորեց փաստը, որ ծառայությունս պիտի շարունակեի ավանդություններ ունեցող զորամասում: Սկզբում դժվար էր, որովհետեւ շատ բան անծանոթ էր… Բայց կողքիս հայտնվեցին մտածելակերպով եւ բարոյական չափանիշներով ինձ նման մարդիկ, որ պատրաստ էին աջակցել, սովորեցնել, խորհուրդներ տալ: Օրինակ` մեր գնդի հրամանատարը՝ գնդապետ Արթուր Սարգսյանը: Նա բավականին տպավորիչ, ազդու եւ խարիզմայով օժտված մարդ էր, հիացնում էր իր բառապաշարով, գիտելիքներով, առաջնորդին բնորոշ հատկանիշներով: Այստեղ ընկերացա Արամ Գրիգորյանի եւ Փայլակ Վարդանյանի հետ: Եթե հարկ լինի, նրանց հետ պատերազմ կգնամ: Ինձ համար օրինակելի էին նաեւ Հրաչն ու Արամ Աթինյանը: Հրաչին կնքել էինք «տեխնոլոգիաների հանճար» մականունով, իսկ Արամը, որ առաջին հայացքից ոչնչով չէր տարբերվում մյուսներից, հիացնում էր գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ: Նրա նման մի զինվորը թշնամու հազարն արժե: Այսպիսի տղաներով պետք է հպարտանանք: Ծառայության ընթացքում ես եկա հետեւյալ եզրակացության` բանակում վերահսկողությունը պետք է խիստ լինի, որպեսզի գլուխ պահողներ չլինեն, նման պահվածքը վտանգավոր է: Բոլորին պետք է միավորի համընդհանուր նպատակի` Հայաստանի անվտանգության ապահովման գիտակցումը: Եվ եթե գեթ մեկը սա խորությամբ չի ընկալում, տուժում է համակարգը: Ծառայության երկու տարիները պետք է նպատակային օգտագործել եւ սովորել` ինչպես վնասել հակառակորդին ու ողջ մնալ մարտի դաշտում: Ի վեջո, պատերազմում զինվորի կյանքը կախված է մանրուքներից, եւ եթե նա չի յուրացրել դրանք, պատերազմի ժամանակ կյանքով է վճարում: Ես կուզեի, որ մեր զինվորը նաեւ քաղաքականապես ավելի տեղեկացված լինի, որ մենք ծառայության ընթացքում ուսումնասիրեինք հատուկ մշակված ժեստերի լեզու, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանայինք լռելյայն ինֆորմացիա փոխանցել:

-Քեզ` որպես փորձառու զինվորի, ընդգրկել էին նորակոչիկների ուսումնական գումարտակում, ի՞նչ խորհուրդներ էիր տալիս նրանց:

-Համալսարանում սովորելու տարիներին նաեւ աշխատում էի` դասապատրաստում էի բարձր դասարանցիներին: Կարելի է ասել` մանկավարժության փորձ ունեի, ինչն էլ օգնեց նորակոչիկների հետ աշխատելիս: Հեշտությամբ էի մտերմանում նրանց հետ: Նորակոչիկները դպրոցական նստարանից են գալիս, անփորձ են, մոլորված, բնականաբար ջերմության եւ հոգատարության կարիք են զգում եւ, ստանձնելով ավագ եղբոր դերը, աշխատում էի նման վերաբերմունք դրսեւորել: Առաջնորդվում էի փիլիսոփայության դասախոսիս իմաստուն խորհրդով. մի անգամ հարցրել էի` ինչո՞ւ երբ մարդուն խղճում ես եւ փորձում օգնել, հաճախ հրաժարվում է կամ բացասաբար ընդունում, նա պատասխանել էր` մարդուն չպետք է խղճաս, պետք է պայմաններ ստեղծես, որ ինքը օգնի իրեն: Այդպես էլ անում էի: Բացատրում էի ծառայության ողջ լրջությունը՝ որ ինքը զորամաս է եկել սովորելու, զինվոր դառնալու համար, հասկացնում էի, որ բանակը պահելաձեւ չի պարտադրում, եւ եթե օճառը ձեռքիցդ ընկել է լվացարանի մեջ, ամոթ բան չէ, վերցրու… Թե՛ ծառայության փորձ ունեցող զինվորները, թե՛ նորակոչիկները չեն սիրում բանակում այլ գործերով զբաղվել, օրինակ` մաքրությամբ, զորամասի տարածքի բարեկարգմամբ: Ես էլ եմ կարծում, որ բանակում պետք է սովորես այն, ինչ չես կարողանում անել: Կարծում եմ` զինվորը պետք է ապահովված լինի մի քանի համազգեստով` մեկը զորամասում հագնելու, մյուսով էլ մարտավարության պարապմունքներին մասնակցելու համար: Հաճախ զինվորը մտածում է վարժությունն այնպես կատարել, որ հագուստը չվնասվի: Սա, իհարկե, կաշկանդում է նրա գործողությունները: Պետք է վերազինել սպասարկման սենյակները, ապահովել դրանք մշտական տաք ջրով, պետք է բացառել կենցաղային խնդիրները, քանի որ զինվորը մարդ է, իսկ մարդը հակված է նեղվելու մանր-մունր թվացող խնդիրներից:

-Ո՞րն էր ծառայության ամենամեծ դասը:

-Բանակում ես բացահայտեցի ինձ, հասկացա` ինչպիսի մարդ եմ, ինչ բնավորություն ունեմ, հիմա ավելի լայն բացված աչքերով եմ նայում կյանքին: Ինձ շատ երեւույթներ սկսել են նյարդայնացնել, օրինակ` ցուցամոլությունը: Երթուղայինում հաճախ եմ հանդիպում աղջիկների (բավականին մեծ պայուսակով), որ մի կերպ բռնելով նստարանից, համառորեն բջջային հեռախոսները պահում են ձեռքում եւ չեն տեղավորում գրպանում կամ պայուսակում, եւ սա համատարած երևույթ է: Ծառայությունից հետո ավելի զգայուն եմ դարձել: Նախկինում հնարավոր է չնկատեի, բայց հիմա աչքիցս ոչինչ չի վրիպում: Նաեւ նյարդայնացնում են հայրենասիրության մասին դատարկ ու անբովանդակ ճառերը: Հայրենասիրությունը ինձ համար մարդկային որակների եւ բարոյական արժեքների հանրագումար է: Ես այս մտքին հանգել եմ ուսումնասիրելով Մոնթեի եւ Թաթուլ Կրպեյանի կյանքն ու գործունեությունը: Մենք այսօր էլ նման առաջնորդների կարիք ունենք, յուրաքանչյուր զինվոր նման հրամանատարների հետ առանց զենքի էլ կռվի կգնա:

-Հնարավոր է` հենց ինքդ ես ապագա Մոնթեն, Թաթուլ Կրպեյանը, ու եթե հարմար պահ ստեղծվի, կդրսեւորես ունակություններդ:

– Յուրաքանչյուրը պետք է այդպես մտածի ու պատրաստվի այդ պահին: Պետք չէ սպասել, պետք է շտկել սեփական թերությունները, որոնք խանգարում են բոլորիս բարեկեցությանն ու առաջընթացին:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #41 (1008) 17.10.2013 – 23.10.2013, Բանակ և հասարակություն


17/10/2013