ԼՐԱԳՐՈՂԸ ՊԵՏՔ Է ԾԱՌԱՅԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ
Վերջերս ՀՀ նախագահի հրամանագրով պահեստազորի գնդապետ Սեյրան Շահսուվարյանն ստացավ վաստակավոր լրագրողի կոչում
-Պարուն Շահսուվարյան, Դուք պաշտպանության նախարարության լրատվական ծառայության հիմնադիրներից եք, երկար տարիներ (պատերազմի ընթացքում եւ դրանից հետո) ղեկավարել եք ՊՆ տեղեկատվության վարչությունը, եղել եք պաշտպանության մի քանի նախարարների մամուլի քարտուղարը, այսինքն՝ վերջին քսանամյակի Ձեր գործունեությունը քաջածանոթ է հայ հասարակությանը, եւ այսօր շատերը կցանկանան որոշ մանրամասներ իմանալ Ձեր անձնական կյանքից, Ձեր կենսագրությունից:
-Ես ծնվել եմ Եղեռնից փրկված գաղթականների ընտանքիում: Մորս կողմը էրզրումցի-մշեցիներ են, հորս կողմը՝ իգդիրցիներ: Պապիս աչքի առաջ ողջ ընտանիքը սրի են քաշել: Հետո պարզվեց, որ եղբայրներից մեկը փրկվել է, քանի որ մնացել է քրոջ դիակի տակ, թուրքերը չեն նկատել: Տարիներ անց պապս գտավ եղբորը:
-Կգա՞ մի երջանիկ օր, երբ մեր կենսագրությունը կձերբազատվի Եղեռնի մղձավանջներից:
-Այդ օրը կգա այն ժամանակ, երբ աշխարհը բարոյապես կհատուցի մեր ողբերգության համար ու մի փոքրիկ վիրակապ կդնի մեր դեռ արնահոսող վերքի վրա:
Պապս սուրբ մարդ էր, ազնվագույն տղամարդ: Երկար դեգերումներից հետո ճակատագիրը նրան բերել էր Վանաձոր: Ես պապիս տանն եմ մեծացել՝ շրջապատված անսահման սիրո, ջերմության ու հոգատարության մթնոլորտում: Իմ դաստիարակությամբ տատս է զբաղվել, նա պաշտում էր ինձ ու ամեն ինչ անում էր, որ բացառիկ լինեմ: Ես գնում էի ջութակի, կիթառի, մասնակցում էի տարբեր խմբակների՝ թատերական, նկարչական, ասեղնագործության: Պապս մուրճը տալիս էր ձեռքս, ասում էր՝ առ էս մեխերը խփի, էնքան խփի, մինչեւ սովորես: Մեխերը խփում էի, վազում էի գրականության խմբակ, բանաստեղծություններ էի գրում: Կհավատա՞ք, որ ես ձեռագործի ցուցահանդես եմ բացել… Նաեւ գեղանկարչական գործերի…
…Տասը տարեկանում Վանաձորից տեղափոխվեցի Երեւան՝ ծնողներիս մոտ, եւ ուսումս շարունակեցի Տիգրանյանի անվան երաժշտական թեքումով դպրոցում: Իմ կյանքում ճակատագրական եղավ այցելությունը Չամանյանի կինոսիրողների ակումբ: Ես բառացիորեն սիրահարվեցի տեսախցիկին: Հայրս նույնպես արվեստասեր մարդ էր, նրա ակորդիոնը, որ մինչ օրս սրբորեն պահպանում եմ, հասել է Բեռլին Հայրենական պատերազմի ժամանակ, նվագել է հաղթանակի երգեր: Հայրս փող չէր խնայում ու ինձ համար գնում էր լավագույն տեսախցիկները: Մի անգամ ժապավենը երեւակելու մտադրությամբ գնացի «Երեւան» ֆիլմերի ստուդիա: Իմ առջեւ մի նոր կախարդական աշխարհ բացվեց: Ես նկարահանում էի ամեն օր՝ տենդագին, օրերով դուրս չէի գալիս երեւակման արտադրամասից:
-Սա արդեն լուրջ նախադրյալ է հմուտ մասնագետ դառնալու համար: Ես չեմ վստահում պատեհապաշտներին, որոնք հանգամանքների բերումով են հայտնվում այս կամ այն պաշտոնին, չեմ հավատում նրանց տաղանդին ու նվիրվածությանը:
-Երբ դպրոցն ավարտեցի, պարզվեց, որ ծնողներս դեմ են ռեժիսոր դառնալու իմ որոշմանը: Մի օր սովորականի պես հորս ընկերները հավաքվել էին մեր տանը եւ ինչ-որ բան էին նշում: Պարզվեց, որ ես ընդունվել եմ Պոլիտեխնիկական ինստիտուտ (հայրս այնպիսի հզոր կապեր ուներ, որ ես կարող էի Պոլիտեխնիկ ինստիտուտ ընդունվել առանց քննության գնալու): Ես հայտարարեցի, որ Պոլիտեխնիկում դասի չեմ գնալու: Համոզված լինելով, որ չեմ կարող Թատերական ինստիտուտ ընդունվել, ծնողներս գնացին արտերկիր՝ հանգստանալու: Գործերս Թատերական ինստիտուտ տանելու ճանապարհին պատահաբեր հանդիպեցի մեծն Ավիկ Թորոսյանին (հորս ընկերն էր): Ասաց՝ որ ինձ լսես, կընդունվես Մանկավարժական ինստիտուտի նորաբաց կուլտուրայի ֆակուլտետը: Ավիկ Թորոսյանն այնպիսի հեղինակություն էր ինձ համար, որ առանց երկար-բարակ մտածելու ճանապարհվեցի Մանկավարժական ինստիտուտ ու դարձա այդ ֆակուլտետի առաջին դիմորդը: Ասեմ, որ ես իմ ռեժիսորական «կարիերան» շատ ավելի վաղ եմ սկսել: Ինչպես դպրոցական, այնպես էլ ուսանողական տարիներին ղեկավարել եմ թատերական խմբեր, աշխատել եմ: 1973-1993 թթ. ղեկավարել եմ իմ հիմնադրած իմպրովիզացիոն թատրոնը, որի փորձերից մեկին ներկա էր մշակույթի նախարարը: Նա այնքան տպավորվեց մեր թատրոնով, որ ինձ նշանակեց մշակույթի տան տնօրեն: Ես քսան տարեկան էի այդ ժամանակ:
-Ինչպե՞ս սկսվեց Ձեր զինվորական գործունեությունը:
-Աշխատում էի «Երեւան» ֆիլմերի ստուդիայում, երբ նամակ ստացա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից: Նա ինձ հրավիրում էր աշխատելու որպես բանակի կուլտուրայի բաժնի պետ: Դա իմ առաջին պաշտոնն էր պաշտպանության համակարգում: Կարճ ժամանակ անց նշանակվեցի Լրատվության վարչության պետ եւ կառույցը ղեկավարեցի մինչեւ 1998 թ.:
-Փաստորեն պատերազմի ժամանակ եւ բանակի կազմավորման սկզբնական շրջանում Դուք եք համակարգել ռազմական տեղեկատվությունը: Ինչպե՞ս եք գնահատում ՊՆ լրատվական վարչության այդ տարիների գործունեությունը եւ Ձեր թողած ժառանգությունը:
Փաստորեն, գալիք սերունդները պատերազմի մասին պիտի իմանան նաեւ Ձեր թողած վավերագրություններից:
-Մենք ունեինք ժամանակի ամենալավ տեխնիկան (կարողացանք հենց Ճապոնիայից ներմուծել), մեր լրագրողական խմբերը աշխատում էին առաջին գծում, մեր տեսանյութերը բոլոր լրատվական հաղորդումների առանցքն էին եւ ժամանակի առումով ամենամեծ բաժինն էին ընդգրկում: Մենք եթեր էինք դուրս գալիս ամեն օր, օրը մի քանի անգամ: Թիկունքում ժողովրդի ոգին ամուր պահելու միակ ձեւը պատերազմի դաշտից բերված կադրերն էին: Ցավոք, հետագա տարիներին մենք չկարողացանք ժամանակին թվայնացնել ամբողջ տեսանյութը եւ որոշ կորուստներ ունեցանք: Այդուհանդերձ, այսօր ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության արխիվում պահպանվում է պատերազմի եւ ազգային բանակի կազմավորման սկզբնական փուլին վերաբերող վավերագրական հարուստ տեսանյութ:
-Պարոն Շահսուվարյան, գաղտնիք չէ, որ հայ լրագրությունը փառահեղ ժամանակներ չի ապրում: Ի՞նչն է արգելակում մեր լրագրության զարգացումն ու առաջընթացը:
-Ստախոսությունն ու կեղծիքը:
-Ես մտածեցի, թե պիտի ասեք՝ պրոֆեսիոնալիզմի պակասը: Այսօր ով ասես չի խցկվում լրագրության ասպարեզ: Մեկին դրդում է հայտնի դառնալու մոլուցքը, մյուսին՝ փող աշխատելու գայթակղությունը: Մինչդեռ լրագրությունը խոսքի արվեստ է, ես կասեի՝ բարոյականության արվեստ, որը պահանջում է բազում առաքինություններ՝ քաջություն, հայրենասիրություն, ըմբոստություն, արժանապատվություն եւ, որ ամենակարեւորն է, բարձր մտավոր կարողություններ:
-Իմ ասածի ենթատեքստում կային այն բոլոր հատկանիշները, որ թվարկեցիր, որովհետեւ իր մասնագիտական պարտքը գիտակցող, բարոյական բարձր նկարագիր ունեցող լրագրողը չի խաբի իր լսարանին: Դա ամենամեծ անբարոյականությունն է, որովհետեւ դու մարդուն զրկում ես տեղեկացված լինելու իրավունքից: Սուտն ու կեղծիքը, կանխակալությունն ու միտումնավորությունը տարիներ շարունակ արժեզրկեցին հայ լրագրողի խոսքն ու այդ մասնագիտության վեհությունը:
-Դուք պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար եք եղել Սերժ Սարգսյանի, Միքայել Հարությունյանի եւ որոշ ժամանակ նաեւ Սեյրան Օհանյանի օրոք: Ձեզ հաջողվե՞լ է օպերատիվ եւ ճիշտ տեղեկություն հաղորդել լսարանին:
-Նախ ասեմ, որ շատ գերատեսչություններում նախարարի մամուլի քարտուղարները պարզապես չեն ըմբռնում իրենց գործի էությունը: Նախարարի մամուլի խոսնակը առաջին հերթին նախարարի իմիջմեյքերն է: Նա պետք է ստվերի պես հետեւի նախարարին ու մնա ստվերում: Ես փորձել եմ հնարավորինս համակողմանի, ճիշտ եւ օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդել լրատվամիջոցներին: Ես դեմ եմ դեպքերը թաքցնելու պրակտիկային, որովհետեւ, անկախ մեր ցանկությունից, հասարակությունը շատ արագ տեղեկանում է զորքերում տեղի ունեցած սպանությունների կամ բռնարարքների մասին, իսկ թաքցնելը կամ պաշտոնական լրատվամիջոցների լռությունը ավելի են սրում վախի զգացումն ու զանազան ասեկոսեների համար պարարտ հող ստեղծում:
-Պարոն Շահսուվարյան, հայկական կողմը միշտ էլ հետ է մնացել ադրբեջանցիներից տեղեկատվության եւ քարոզչության արդյունավետությամբ: Ի՞նչն է պատճառը:
-Լրատվությունը ամենաուժեղ ու ամենաթանկ զենքն է ամբողջ աշխարհում: Մենք պիտի գիտակցենք, որ ամենաուժեղ զենքի համար պիտի ծախսենք մեծ գումարներ: Չկա արդյունավետ լրատվություն ու քարոզչություն առանց համապատասխան ֆինանսավորման, չի կարող լինել:
-Կցանկանայի, որ անդրադառնայիք նաեւ Ձեր հեղինակած «Մարտիկ» հաղորդաշարին:
-«Մարտիկը» մտերիմ է, ջերմ, անկեղծ, մարդկային, բարի, զուրկ պաշտոնականությունից: Ես կարծում եմ, որ «Մարտիկը» կատարում է հասարակություն-բանակ կապը սերտացնելու, բանակի հանդեպ սեր ու բարյացակամություն արթնացնելու իր առաքելությունը:
-Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել ապագայի հայ ժուռնալիստիկան:
-Ճշմարիտ եւ օպերատիվ: Լրագրողը պիտի հարգի իր լսարանը եւ պիտի ծառայի ճշմարտությանը: Ես 36 տարի դասավանդում եմ, ռեժիսորների եւ լրագրողների բազմաթիվ սերունդներ եմ կրթել ու առաջին հերթին նրանց սովորեցրել եմ հարգել մարդկանց եւ սեփական մասնագիտությունը: Հուսամ, որ մի փոքրիկ ավանդ ունեմ հայ ժուռնալիստիկայի ցանկալի ապագան կերտելու գործում:
-Պարոն Շահսուվարյան, շնորհավորում եմ Ձեզ լրագրողի վաստակավոր կոչմանն արժանանալու համար: Եղեք առողջ, երջանիկ, գործունյա եւ Ձեր կենսագրությունը հարստացրեք նորանոր ձեռքբերումներով:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ