ԵՍ ՔԵԶԱՆԻՑ ՄԵԿՆ ԵՄ
Մեր պապերի, հայրերի ու ավագ եղբայրների արյան գնով 22 տարի է՝ վայելում ենք անկախությունն ու ապրում խաղաղ երկնքի տակ: Մեր սուրը փառաբանվեց մեր բազկի ուժով, բայց այն դեռ պատյանում չէ, պատրաստ է դիմակայելու սրով եկողին, մշտապես հիշեցնելով, որ Հայաստան աշխարհի սահմանն անցնում է մեր սրտի միջով: Իսկ այդ սահմաններն այսօր պահում են մեր հաղթանակած բանակի զինվորներն ու սպաները: Եվ գիտակցելով ձեռք բերված արժեքները` մենք պետք է դաստիարակենք ազգային գաղափարախոսությամբ ու պետականամետ մտածելակերպ ունեցող սերունդ, որն ի զորու կլինի տեր կանգնել և շենացնել մեր Հայրենիքը, փոխարինել այսօրվա Հայրենիքի պաշտպանին:
Այս նպատակին էր ծառայում նաև օրերս «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության, «Երիտասարդության կամք» երիտասարդական հասարակական կազմակերպության և «Հայորդի» հայագիտական ակումբի համատեղ անցկացրած «Ես քեզանից մեկն եմ» խորագիրը կրող ռազմահայրենասիրական ուսուցողական և ճանաչողական ծրագիրը դեպի Արցախ` նվիրված Հայաստանի և Արցախի անկախության 22-ամյակին:
Ծրագրին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ «Ուսում» հանրակրթական դպրոցի, Մինաս Ավետիսյանի անվան գեղարվեստի դպրոցի, Քանաքեռավանի երաժշտական դպրոցի նախազորակոչային տարիքի աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ և ուսանողներ: Ծրագրին մասնակցում էր նաև «Զինվորի պաշտպանության կոմիտե» ՀԿ-ի նախագահ Գոհար Արմենակյանը և «Արաբո» ջոկատի ազատամարտիկ, ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը: Եռօրյա ծրագրի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի Մատաղիսում տեղակայված զորամասում նախազորակոչային տարիքի պատանիներն ու պարմանուհիները ծանոթացան զինվորի կենցաղին, ապրեցին զինվորի առօրյայով, նրանց համար կազմակերպվեցին կրակային և ռազմական ուսումնական, զենքերի և զինատեսակների բացատրական և ուսուցողական պարապմունքներ, դիտեցին զորամասի հետախուզական ստորաբաժանման ուսումնավարժանքը: Ծրագրի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Մատաղիսի ազատագրման համար զոհված ազատամարտիկների հիշատակին զորամասում կանգնեցված խաչքար-հուշակոթողին: Այնուհետև զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ա. Սարգսյանը ներկայացրեց Մատաղիս գյուղի աշխարհագրական դիրքը, կատարեց պատմական ակնարկ և պատմեց գյուղի ու տարածաշրջանի ինքնապաշտպանական ջոկատների հերոսական պայքարի մասին: Կազմակերպվեց նաև կազմակերպության ղեկավարների և նորակոչիկների հանդիպում, իսկ ազատամարտիկ, ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանի հեղինակած «Թռիչք անդունդի վրայով» փաստավավերագրական ֆիլմի դիտումից հետո ծավալվեց հետաքրքիր ու բովանդակալից անմիջական զրույց:
Ծրագրի շրջանակներում զորամասի ստորաբաժանումների միջև անցկացվեց «Մտքի խաղ» ինտելեկտուալ մրցույթ: Ամփոփվեցին նորակոչիկների միջև հայտարարված «Ես եմ իմ Հայրենիքի պաշտպանը» թեմայով շարադրության արդյունքները: Ծրագիրը եզրափակվեց հանդիսավոր միջոցառմամբ: Կազմակերպությունների պատվոգրերով, շնորհակալագրերով, մեդալներով ու նվերներով պարգևատրվեցին մի շարք սպաներ և զինվորներ, հաղթանակած թիմերն ու լավագույն գիտելիքներ ցուցաբերած զինվորները: Զորամասին իրենց ձեռքի աշխատանքները նվիրեցին Մինաս Ավետիսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները, իսկ ազգային երաժշտական գործիքների կատարմամբ զինվորներին ողջունեց Քանաքեռավանի երաժշտական դպրոցի համույթը: Մասնակիցներն եղան Դադիվանքում, Շուշիում և Տիգրանակերտում: Հարգանքի տուրք մատուցեցին Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրում, այցելեցին Ստեփանակերտի զոհված և անհայտ կորած ազատամարտիկների թանգարանները:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Երիտասարդության կամք» ԵՀԿ ղեկավար