ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԵՆՔ
«Հայ զինվորի» առաջիկա համարներում մեր ընթերցողներին կներկայացնենք սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան բարձրագույն սպայական դարբնոցն ավարտած և այսօր մեր երկրի սահմանապահ զորամասերում ծառայող սպաներին, որոնք անմնացորդ նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց պարտականությունները, սպաներ, որոնք ազնիվ ու պարկեշտ վարքուբարքով, իրենց գիտելիքներով մեծապես նպաստում են պաշտպանական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը, զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի և միջանձնային հարաբերությունների լավացմանը։
Մայոր Թաթուլ Սարգսյանն այս տարի առաջխաղացման կարգով նշանակվեց գնդապետ Ա. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող սահմանամերձ զորամասի գումարտակներից մեկի հրամանատար։ Նրան այս պատասխանատու պաշտոնում նշանակելու համար հաշվի են առնվել մի քանի կարևոր գործոններ։ Նախ, Վ. Սարգսյանի անվան ՌԻ շրջանավարտը, զինվորական կենսագրությունն սկսելով որպես ՀՄՄ մեխանիկ-վարորդների դասակի հրամանատար, այնուհետև զբաղեցրել է տարբեր պաշտոններ` իրեն դրսևորելով որպես բանիմաց ու խելացի հրամանատար, հմուտ կազմակերպիչ, ճանաչվել է ԶՈՒ լավագույն վաշտի հրամանատար, իսկ 2009 թ. տարեվերջի ամփոփիչ քննությունների արդյունքներով նրա հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը ճանաչվել է լավագույնը բանակում։ Երկրորդ, խոստումնալից սպան ծառայում է մեծ նվիրումով` անբասիր պահելով իր սպայական կենսագրությունը։ Երրորդ, ինչպես շեշտեցին զորամասում, նա արհեստավարժ սպա է, լավ գիտի զորքերի ծառայության ամբողջ համակարգը` բոլոր նրբություններով ու մանրուքներով։ Ի պատասխան իմ հարցի` մայոր Թ.Սարգսյանը վստահեցնում է, որ նոր պաշտոնում կարդարացնի հրամանատարության սպասելիքները։
Գումարտակի հրամանատարի պաշտոնը բանակում միշտ էլ համարվել է առանցքային։ Գումարտակի հրամանատարի ուսերին պատասխանատվության մեծ բեռ կա, որը կարողանում են պատվով կրել միայն իրենց կոչմանը նվիրված, փորձառու և արհեստավարժ սպաները։ Գնդապետ Ա. Մախսուդյանի հրամանատարությամբ սահման պահող այս զորամասի գումարտակների բոլոր հրամանատարներն էլ այդպիսին են։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մայոր