Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՄԻՋՆԱԲԵՐԴԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

ՄԱՐՏԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ

Քարվաճառում ծառայած յուրաքանչյուր երիտասարդ հպարտությամբ է խոսում իր զորամասի, հարազատ դարձած դիրքերի մասին: Խոսում է վաստակած իրավունքով: Դիրքեր այցելելուց հետո միայն ամբողջովին ըմբռնեցի այդ հպարտության իմաստը: Եվ այժմ ավելի քան երբևէ ցանկություն ունեմ նորից այցելելու Քարվաճառ, ժամերով մնալու, զրուցելու մեր զինվորների, սպաների հետ, որոնց հոգեբանությունն ու մտածելակերպն իրոք առանձնահատուկ են: Այստեղ բոլորն ընկերներ են, եղբայրներ: Եթե որևէ մեկն իրեն վատ է զգում, ձգտում է չբարձրաձայնել այդ մասին, թե չէ հանկարծ «դաժան» հրամանատարները կարող են հանել մարտական հերթապահության ցուցակից, ուղարկել զորամաս, ուր անհրաժեշտ կլինի բուժկետում պառկել, բուժվել: Իսկ այդ օրերի ընթացքում ընկերները զենքը ձեռքին հերթապահելու են: Սա իսկական մարտական եղբայրություն է, երբ մարտի դաշտը լքում են միայն ծայրահեղ դեպքում, երբ մի կտոր փայտ տեղափոխելիս էլ ընկերդ քո կողքին է:

Հայ զինվորների մարտական եղբայրությունը առավել բարձր ես գնահատում, երբ ծանոթանում ես ադրբեջանական բանակում տիրող իրականությանը: Դիմացի լեռներին գտնվող հակառակորդը գիտե, որ հայ զինվորը երբեք անտեղի կրակ չի բացի, նենգորեն չի հարձակվի: Դրա համար էլ երբեմն խրամատից դուրս են գալիս, այսպես ասած, զբոսնում, իրենց յուրաքանչյուր քայլով փորձում սադրանքի հրահրել մեր զինվորին: Գումարտակի հրամանատարը մի քանի օր առաջ տեղի ունեցած մի դեպք պատմեց: Դիտորդներից մեկը զեկուցել է դիմացի հենակետում նկատված շարժի մասին: Քիչ անց արդեն անզեն աչքով էլ հնարավոր է եղել տեսնել, թե ինչպես են ադրբեջանցիները մի քանի հոգով ծեծում իրենց խեղճ ծառայակցին: Ապա հերթով հեծնել են այդ խեղճին և ձիու պես քշել: Նրանք դուրս են եկել բաց տարածք, հրահրել են, որ մերոնք կրակեն (որպեսզի հետո իրենց ծառայակցին սպանելու մեղքը գցեն հայերի վրա): Սակայն հայ զինվորը կրակում է միայն հակառակորդին լռեցնելու կամ պատասխան պատժիչ գործողություն իրականացնելու նպատակով: Ուստի ադրբեջանցիները, հերթական անգամ մատնելով իրենց մեջ տիրող քստմնելի բարքերը, հանդարտվել են:

ՃԱՆԱՉԵՆՔ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ

Կացարանի ներսում զրուցում ենք անձնակազմի հետ: Զինվոր ու սպա միասին են: Հենակետի ավագ, լեյտենանտ Ա.Դեմոյանը նոր էր նշանակվել ծառայության, մեկ ամիս էլ չկար: Նկատել էինք նրա վարժ գործողությունները, հստակ հրամաններ տալու կարողությունը: Պարզվեց` նորաթուխ լեյտենանտը Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո չի մասնակցել ավանդական վիճակահանությանը, իր ծառայության վայրն ընտրել է կամավոր` ցանկանալով ծառայել հեռավոր այս դիրքերում, ուր տարիներ առաջ կռվել է իր հայրը: Սպա դառնալու, հոր պատիվը բարձր պահելու ձգտումն այնքան մեծ է, որ ընդամենը մեկ հերթափոխի մի քանի օրվա ընթացքում հասցրել է գումարտակի հրամանատարության գովասանքին արժանանալ: Ընդհանրապես, ինչպես նշեց գումարտակի հրամանատարը, իրենց մոտ որևէ մեկին օրինակելի ծառայությամբ առանձնացնել դժվար է: Բոլորն էլ ծառայում են նվիրված, ուժերի առավելագույն լարումով` թե՛ սպա, թե՛ զինվոր: Թերացողներին էլ զգաստացնում է բարեխիղճ ծառայողների օրինակը:

Գումարտակի շտաբի պետն է կապիտան Կ. Վաթյանը: Ավելի քան յոթ տարի այս զորամասում է: Նրան բնութագրեցին որպես գերազանց պատրաստված զինվորականի: Որպես խրախուսանք` հրամանատարությունը միջնորդել է, որ Վաթյանն այլ զորամասում նշանակվի ավելի բարձր պաշտոնի, թեև մայոր Վարդանյանն ափսոսում է, որ նման բարձրակարգ մասնագետը պետք է հեռանա իրենցից:

Ավագ լեյտենանտ Հ. Թադևոսյանը գումարտակի կապի դասակի հրամանատարն է, ավարտել է մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը: Իր գերազանց գիտելիքների շնորհիվ այնպես է կազմակերպել կապի համակարգը, որ թե՛ զորամասում, թե՛ դիրքերում այն գործում է անխափան: Նրան օգնում է ռադիոհեռախոսավար, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Էդիկ Հախնազարյանը:

Հենակետի ավագի օգնականն է սերժանտ Դավիթ Թովմասյանը: Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատը, ապա նաև մագիստրատուրան գերազանց ավարտած երիտասարդն իր հաղթանդամ կազմվածքով ու խելացի հայացքով հայ զինվորի դասական կերպար է: Բոլորի հետ խոսում ենք ծառայական անցուդարձի, մարտական հերթապահության առանձնահատկությունների մասին: Զրույցին միանում են կրտսեր սերժանտ Մնացական Հովակիմյանը, շարքային Սարիբեկ Մանուկյանը, Արթուր Դարբինյանը, Սերգեյ Մարգարյանը, Թելման Հովհաննիսյանը: Շատերի անունները գրելու համար պարզապես տեղը չի բավականացնի, բայց հաստատ բոլորն էլ արժանի են, որ «Հայ զինվորի» ընթերցողն իմանա նրանց անձնվեր ծառայության մասին:

Երկու խոսք գումարտակի հրամանատարի մասին: Երկար զրուցեցինք, անցանք հենակետի ամբողջ տարածքով, սակայն վերջում հանկարծ գիտակցեցի, որ ամբողջ ընթացքում մայոր Վարդանյանը խոսել է առավելապես իր զինվորների մասին` որպես հարազատների, իր որդիների: Եվ իսկապես, երբ նրան հարցնում են, թե քանի որդի ունի, իր զինվորների թիվն է ասում: Իսկ մայոր Վարդանյանի որդին ծառայում է նույն զորամասում, նույն գումարտակում, մյուս զինվորների հետ բարձրանում է դիրքեր, կիսում բոլոր դժվարությունները:

Մեր այցելության օրը մայոր Վարդանյանի ծննդյան օրն էր: Առաջինը նրան շնորհավորել են ենթակաները: Գիշերվա ժամը 12-ը լրանալուն պես տեղի ռադիոկայաններից մեկով հնչել է շնորհավորանք` ամբողջ անձնակազմի անունից: Գումարտակի հրամանատարը խոստովանեց, որ դա իր համար ամենամեծ նվերն ու անակնկալն էր:

ՀԱՅԻ ՈԳԻՆ

Դիրքերից իջնելուց հետո դեռ երկար մտովի փնտրում էի նման ծանր պայմաններում գերազանց ծառայության համար անհրաժեշտ ուժի, խիզախության աղբյուրը: Եվ գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ այն պատմական անցյալից է գալիս, ամուր է մեր գեներում: Պարզապես արտահայտվում է այն դեպքում, երբ մենք ստիպված ենք պայքարել պատմական արդարության, մեր հայրենի հողերն ազատագրելու և պաշտպանելու համար:

Հետդարձի ճանապարհին ինձ ցույց են տալիս բարձր լեռներից մեկի գագաթին պահպանված հայոց հինավուրց բերդի ավերակները: Տեղացիների շրջանում տարածված ավանդության համաձայն` բերդը կառուցել է Ցլիկ Ամրամը: Բերդից մնացել են միայն պարսպի մի քանի կտորներ: Սակայն անկասկած է, որ այն իր թաքնված ուժը փոխանցել է Քարվաճառի` հայոց հինավուրց բնակավայրի նորօրյա պաշտպաններին` 1990-ականներից առայսօր: Փոխանցել է հայ ռազմիկների խիզախությունն ու սեփական հողի համար պայքարելու, կռվելու, հարկ եղած դեպքում նաև նահատակվելու վճռականությունը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #42 (1009) 24.10.2013 – 30.10.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/10/2013