ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ, ՈՐ ԵՐԿԱՐ ԿՀԻՇՎԻ
«Երիտասարդության կամք» երիտասարդական հասարակական կազմակերպությունն իր հերթական ռազմահայրենասիրական միջոցառումն անցկացրեց Վայոց ձորի մարզի Չիվա գյուղում` նվիրված ՀՀ Անկախության 22-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին կազմակերպության երևանաբնակ երիտասարդները, Արցախյան պատերազմ անցած ազատամարտիկներ` կինոռեժիսորներ Սամվել Թադևոսյանն ու Ռուբեն Հովհաննիսյանը, Գուսան Հայկազունն ու «Հայկազունք» համույթը:
Միջոցառման մասնակիցները նախ հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում գյուղի միակ զոհված ազատամարտիկ Վարդան Կարապետյանի հիշատակին դպրոցի բակում կանգնեցված հուշակոթողին, այնուհետև` շիրիմին: Երիտասարդների և ուսանողների ջանքերով հավաքված 350 կտոր գիրքը (գրքահավաքի հարցում կազմակերպությանն իր աջակցությունն է ցուցաբերել նաև «Կանչ» սոցիալ-մշակութային կազմակերպությունը) նվեր տրվեց դպրոցի գրադարանին, իսկ նախակրթարանին` Հ. Թումանյանի, Ղ. Աղայանի, Հայկական ժողովրդական հեքիաթների գրքերն ու տեսասկավառակները: Նախնական զինվորական պատրաստության և պատմության դասարաններին նույնպես նվեր տրվեցին դիդակտիկ պաստառներ, նյութեր, հայրենասիրական և ռազմահայրենասիրական գրականություն և 15 անուն փաստավավերագրական տեսասկավառակներ:
Այնուհետև գյուղի մշակույթի տանը նշվեց Անկախության տոնն ու մեծարվեցին Վարդան Կարապետյանն ու գյուղի մյուս ազատամարտիկները: Գյուղի դպրոցականներին, երիտասարդներին, մանկավարժներին ու հողի մշակներին ողջունեցին «Երիտասարդության կամք» ԵՀԿ նախագահ Աննա Գրիգորյանը, ազատամարտիկ, կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը, «Ազատամարտիկ» ՌԲՀԿ փոխնախագահ Ալվարդ Նիկողոսյանն ու «Հայկազունք» համույթի ղեկավար Գուսան Հայկազունը: Բանախոսներն իրենց հիմնական խոսքն ուղղեցին դահլիճում ներկա անկախության սերնդին` նշելով, որ 20-րդ դարի 90-ական թվականներին Հայ ժողովրդի աննահանջ մաքառման շնորհիվ, բազմաթիվ զոհերի գնով վերականգնվեց պատմական արդարությունը: Ցուցադրվեց Ս. Թադևոսյանի «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարից «Հեթանոս Գագո» ֆիլմը, որը յուրօրինակ ռազմահայրենասիրական դաս էր ներկա աշակերտների ու երիտասարդների համար: Ֆիլմի ցուցադրության ժամանակ աշակերտներից մեկը կիսաձայն շշնջաց. «Տեսնես ժամանակը մեզ հնարավորություն կընձեռի՞ այս տղերքի նման շրջել պատմության անիվը»:
Ֆիլմի ցուցադրումից հետո պատվոգրերով և արժեքավոր նվերներով պարգևատրվեցին դպրոցի վաստակավոր մանկավարժներն ու երիտասարդ ուսուցիչները: Խրախուսվեցին նաև նախապես ավագ դասարանների աշակերտների միջև հայտարարված «Ես եմ իմ երկրի ժառանգորդն ու տերը» թեմայով շարադրության երեք լավագույն աշխատանքները: Կազմակերպության հետ համագործակցության և ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար պատվոգրով պարգևատրվեց դպրոցի տնօրեն Արսեն Ասատրյանը, որն իր խոսքում կարևորեց նման միջոցառումների դերը աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում և շեշտեց, որ 1993 թվականին այստեղից է գյուղը հրաժեշտ տվել իր նվիրյալ զավակին, և այդ օրվանից մինչ այսօր մշակույթի տան դռները չէին բացվել… Միջոցառման ընթացքում զոհված ազատամարտիկ Վարդան Կարապետյանը հետմահու արժանացավ «Ազատամարտիկ» հուշամեդալի, որը ազատամարտիկի հորը հանձնեց «Երիտասարդության կամք» ԵՀԿ փոխնախագահ, Վարդանի մանկության ընկեր Աշոտ Զաքարյանը: Միջոցառումն ավարտվեց տոնական համերգային ծրագրով, որին մասնակցում էին կազմակերպության երիտասարդ կատարողներն ու «Հայկազունք» համույթը:
Միջոցառումից հետո մասնակիցները դեռ երկար էին հիշում Վարդանի ու նրա զինակից ընկերների, կռվի, անցած դժվարությունների մասին պատմություններն ու հերթական անգամ համոզվում, որ ոչ ոք և ոչինչ չի մոռացվում:
ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները` ՍՐԱՊԻՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ