Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԷԼ ԵՄ ՄԱՅՐ, ՏԵՐ ԻՄ ԱՍՏՎԱԾ



Գնդի զոհված զինվորների հիշատակի օրն էր: Եկել էին զոհված տղաների հարազատները, հայրերը, մայրերը:

Ճամբարակից Արման Ոսկանյանի ճերմակահեր Զեմֆիրա մայրիկը բարձրանալով ամբիոն` ասաց.

-Սիրելի՛ տղաներ, հարգարժան հյուրեր, չգիտեմ՝ ով ինչպես կպատկերացնի, թե ինչպես եմ սպասել այս օրվան: 21 տարի շարունակ ականջս ձենի է եղել, աչքս գրի… սպասել եմ, թե Նուբարաշենի զորամասից կկանչեն, հեռագիր կամ մի գրություն կգա: Սպասել եմ…

Հարգարժան գեներալներ, հրամանատարներ, ստարշիններ, կապիտաններ, սիրելի զինվոր-որդիներ, ձեր զոհված ընկերների հիշատակի համար ձեր ներկայությունն ամենակարևորն է: Ձեր մի նախադասությունը ծնողի համար մի հատորով կարևոր գիրք է: Այդպիսի նշանակություն ունի ձեր խոսքը ծնողի համար:

1992 թվականին տղաս` Արմանը, դարձավ հայոց բանակի առաջին զինվորներից: Նա արդեն տիրապետում էր զենքի բոլոր տեսակներին, և հենց էդ էր պատճառը, որ երդման արարողությունից հետո, նույն գիշերը նրան տարան Լաչին: Երկար, շատ երկար կարող եմ պատմել, սակայն ժամանակի սուղ պատճառով քիչ բան կասեմ, սիրելի երեխաներ…

Երեխան ծնողի համար ամեն ինչ է, ամեն գանձ, էնպիսի գանձ, որ նկարագրել հնարավոր չէ:
Որդիս զոհվեց 1992 թվականի հոկտեմբերի 19-ին, Լաչինում: Բերել էին Նուբարաշեն, էստեղից էլ տեղափոխեցին մեր տուն: Էրեխեք, պատկերացրեք, ուղիղ քառասուն օր մարդիկ ինձ խելագարի տեղ էին դրել, կարծում էին, թե ես խելագար եմ, որովհետև ո՛չ զորամասից հեռագիր ունեի, ո՛չ ընկերներն էին գալիս. ցավակցող չկար, ու ինքս ինձ հարց էի տալիս` մի՞թե իմ երեխեն հերոս չի…

40 օրից հետո, երբ ընկերները` 20 հոգի, նոյեմբեր ամսի մի ձյունառատ օր, տուն մտան (էն ժամանակ մեզ մոտ էլ էր կրակներ), ապրում էինք նկուղային հարկում: Ես չգիտեի՝ ինչ ասեի, ասի` տղե՛րք, էս ինչ խաբարա, ասին` մայրիկ ջան, մենք Արմանի ընկերներն ենք…

Ամբողջ գիշեր Արմանից խոսեցին… նույնիսկ ես նրանց հետ ծիծաղեցի… Խնդրում եմ Ձեզ՝ բոլորիդ, ում տանը դժբախտություն, տխրություն կա, իսկ դա աշխարհի կարգն ա, թող ներկա լինեն մարդիկ, կիսեն վիշտը: Մի հատ փոքրիկ բանաստեղծություն ասեմ ու վերջացնեմ խոսքս.

-Թխսամայրը կուտ էր ուտում իր ճուտերի հետ դեղնավուն,

Ես մոտ գնացի ու նորից կուտ տվեցի այդ բալիկներին սիրասուն…

Ու չգիտեմ, ինչու նրանցից մեկին գրկեցի ու սկսեցի սիրել մայրաբար,

Բայց մայր հավը կտցահարեց, թռչկոտեց շուրջբոլորս, կարծես ասում էր`

-Ցա՛ծ դիր իմ որբ բալիկին…

Ես թռչունին ցած դրեցի ու գլուխս վեր բարձրացնելով արևին, աստղերին ասացի.

«Ախ, տեր Աստված, ես էլ եմ մայր,

Ես էլ եմ ուզում իմ բալիկին»:

Գ. ՇԱՂԱՓՅԱՆ

Խորագիր՝ #43 (1010) 31.10.2013 – 6.10.2013, Հոգևոր-մշակութային


31/10/2013