Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ



Գնդապետ Հենրիկ Ավդալյանը հուշեր է գրում

-Տեսնո՞ւմ եք, սա է երջանկությունը` տեսնել մի կողմում Արագածը իր չորս գագաթներով, Արայի լեռը, իսկ մյուս կողմում՝ Արարատը, որն ամեն աշնանամուտ իր գագաթի ձյունը նորացնում է առաջին ձյան փաթիլներով:

Դիմացը աշնան այգին է` մրգերը ներկապնակի լցված փոսիկներ: Ամեն մի ծառ անցած ճանապարհ ունի, մարդու կենսագրություն, եւ նա պատմում է տնկած ծառերի, խաղողի վազերի, թուփ ու ծաղիկների մասին: Թվարկելով այս բույսերի «ծննդավայրերը», արդեն գիտես, որ նա եղել է այնտեղ, ծառայության բերումով անցել այդ վայրերով, և բնության գեղեցիկ պատկերը, նմուշն ուրիշ աշխարհի վերցրել է իր հոգում ու շարունակել կյանքը: Հիմա եկել է վաստակած այն պահը, երբ այդ ամենը դարձել է իրական ու շոշափելի… Այդ ճանապարհին մշտապես կողքին է եղել կինը՝ Գոհար Ֆրանգուլյան-Ավդալյանը, որի հետ անմռունչ հաղթահարել են առօրյա դժվարությունները: Հետո ծնվեցին որդիները՝ Գեւորգն ու Արտյոմը, որոնք այսօր նույնպես զինվորականներ են, ինչպես հայրն է բնութագրում՝ կիրթ եւ բանիմաց սպաներ: Իսկ թոռնիկներն իրենց ծննդյան հետ նոր լույս ու անսպառ սեր լցրեցին այս օջախում:

Այգում աշխատելիս, երբ հոգնություն է զգում (իսկ հոգնությունն, իր խոսքերով, անգամ հաճելի է), դանդաղ բարձրանում է իր ձեռքով կառուցված տան պատշգամբը, նորից մի հայացք նետում աջ ու ահյակ հայոց լեռներին ու նրանց տեսքից գուշակելով եղանակը՝ բացում է տան դուռը: Տան պատերից ներս դեռ աշխատանք կա անելու, սակայն՝ «Թող մնա հաջորդ գարնանը»,- ասում է ինքն իրեն ու մտնում սենյակներից մեկը: Միշտ այս սենյակ է մտնում, երբ ճանապարհում է հյուրերին, երբ տանը խաղաղություն է, կատարյալ անդորր, և լսելի են տարիների խոսք ու զրույց և հարազատ դեմքեր, որոնք միս ու արյուն են վերցնում իրենից, որովհետև նրանցից ամեն մեկը ծնունդն է իր հիշողության: Նա մոտենում է գրասեղանին, բացում հուշագրության հերթական էջն ու գրառում անցյալի խորքից այցի եկած մարդկանց խոհերը, և գրելու պահին անցյալը ներկա է դառնում …

Սեղանին գրքեր են. արդեն 7-րդ հատորն է ավարտին հասցնում: Ձեռագիր են. հենց առաջին էջերը թերթելիս հիացումի հետ նաև զարմանք ես ապրում` տեսնելով մեսրոպատառ մարգարտահատիկ տառերը…

Գնդապետ Հենրիկ Արտեմի Ավդալյան: Ծնվել է 1937թ. Լենինականում, այժմ` Գյումրի: 1956 թ. ավարտելով Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցը, զորակոչվել է խորհրդային բանակ: Ժամկետային ծառայության ավարտից հետո (1957-60 թթ.) ավարտել է Պոլտավայի զենիթահրետանային «Կարմիր դրոշի» շքանշանակիր ռազմական ուսումնարանը և անցել ծառայության՝ որպես կրակային դասակի հրամանատար: Ծառայության ճանապարհները նրան տարել են Խորհրդային Միության հանրապետություններ, տարբեր քաղաքներ, ինչպես նաև Մոնղոլիա: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ` կրակային դասակի հրամանատար, ռադիոլոկացիոն մարտկոցի ավագ սպա, C-60 մարտկոցի հրամանատար, դիվիզիոնի շտաբի պետ, զորամասի հրամանատարի տեղակալ, C-60 դիվիզիոնի հրամանատար, ՀՕՊ-ի մասնագետ-խորհրդատու, դիվիզիայի ՀՕՊ-ի պետ: Պատահական չեմ գրում այն բոլոր պաշտոնները, որոնք զբաղեցրել է հարգարժան գնդապետը, որովհետև նրա վաստակած հանգստից հետո թերևս սպասվում է ամենապատասխանատու և պատվաբեր մի ծառայություն, որը նա պետք է սկսեր սիրով ու արհեստավարժի իր փորձառությամբ: 1988 թվականին նա անցավ վաստակած հանգստի` գնդապետի զինվորական կոչումով: Գնդապետը թերթում է անցյալի էջերը, արցունքի կաթիլներ են աննկատ գլորվում աչքերից: Ցույց է տալիս դպրոցական տարիքի իր լուսանկարները, խոսում է իր ծառայակից ընկերների մասին, պատմում է իր մասնագիտական գործից: Պատմում է այն զինվորներից, որոնց սիրել է, ինչպես իր զավակներին` Գևորգին ու Արտյոմին: Ամեն նկար հարազատ է գնդապետին, այնքա՜ն հուշեր կան կապված նրանց հետ: Իր գլխավորած ստորաբաժանումը միշտ զորավարժությունների, մրցույթների, քննությունների ժամանակ գրավել է առաջին տեղը:

-Սկսած շարային պատրաստությունից մինչև զինվորական տեխնիկայի գործարկումն ու սարքին վիճակում պահելը` միշտ աչքի են ընկել իմ զինվորները: Երբ գալիս էր արդյունքների ամփոփման ժամանակը, պարզվում էր` Ավդալյանը բոլոր փուլերում առաջինն է: Այդ ամենից ելնելով` ինձ առաջարկեցին ծառայել Բաքվում, որտեղ ՀՕՊ-ի գործերը, մեղմ ասած, այնքան էլ հաջող չէին, սակայն ես չհամաձայնեցի: Խորհրդային տարիներին շատ պարգևներ, շքանշան-մեդալներ եմ ստացել, սակայն ինձ համար ամենաթանկը «Կարմիր աստղի» շքանշանն է, որն ինձ հանձնեց գեներալ-գնդապետ Կարկոտկինը:

Պահեստի գնդապետ Հենրիկ Ավդալյանը տարիների իր վաստակով ու փորձառությամբ անցավ ծառայության հայոց աշխարհում դեռևս այն ժամանակ, երբ չէր կազմավորվել հայոց բանակը: 1989-92թթ. ծառայության անցավ հակակարկտային վարչությունում՝ որպես հրթիռահրետանային վարչության պետ, իսկ 1992 թ. նշանակվեց ՀՀ ԶՈՒ ՀՕՊ վարչության պետի տեղակալ, ինչպես նաև Արևմտյան զորքերի ՀՕՊ խմբի պետ: 1993-ի հուլիսի 1-ից առանձին զենիթահրթիռային զորամասի հրամանատարն էր: Այնուհետև նշանակվեց զորամիավորման ՀՕՊ-ի պետ, պաշտոնավարեց նաև ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչությունում, դասախոսեց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

2004 թ. պահեստազոր անցավ արդեն երկրորդ անգամ` հայոց բանակից: Պաշտոնների այս կարճ թվարկումն անգամ պատկերացում է տալիս այն մասին, թե որքան ջանք, եռանդ, որքան հայրենասիրություն է ունեցել այս մարդը` հայրենիքին նվիրված, անհատույց ծառայելու համար: Մի կարճ քաղվածք գնդապետ Հ. Ավդալյանի բնութագրից. «Ելնելով Ղարաբաղյան քաղաքական ու ռազմական իրավիճակից` 1991թ. մայիսից պահեստազորի գնդապետ Հ. Ավդալյանն զբաղեցրել է ՀՀ հակակարկտային վարչության հրթիռահրետանային բաժնի պետի պաշտոնը: Կամավոր մեկնելով Զանգեզուր, լինելով «ԿՍ-19» զենիթահրթիռային հրանոթի հմուտ մասնագետ, Սյունիքի մարզի կամավորական խմբերից երկու դիվիզիոնի համար կազմավորել է մարտական հաշվարկներ: Իր նախաձեռնությամբ կազմակերպել է հրանոթների և զինամթերքի նախապատրաստումը մարտի, ուսուցանել, վարժեցրել և ներդաշնակեցրել է մարտական հաշվարկները` Լաչինի և Կապանի ուղղությամբ հակառակորդի վերգետնյա նշանակետերը ոչնչացնելու նպատակով: Կազմակերպելով Գորիս, Կապան քաղաքների հակաօդային պաշտպանությունը, գնդապետ Հ. Ավդալյանը միաժամանակ կազմակերպել և ղեկավարել է Մարջանլու-Հորադիզ ուղղություններով գործող զորքերի հակաօդային պաշտպանությունը` զորքերի առաջնային ստորաբաժանումներն ու ղեկավարման կետերը պատսպարելով հակառակորդի օդուժից»:

Գնդապետ Հ.Ավդալյանը հակաօդային զորամասի հիմնադիր է: Երբ զորամասն արդեն կազմավորվել, կայացել ու իր հաստատուն առաջընթացն էր ապրում, վաստակաշատ, փորձառու հրամանատարը հրաժեշտ տվեց ծառայությանը:

-Այսօրվա բարձունքից երբ մի պահ հետ եմ նայում, հիշում եմ այն օրերը, երբ արկերի տարափի տակ, ընդամենը մեկ-երկու օր առաջ զորակոչված ազնիվ ու հասարակ տղաների հետ մարտական տեխնիկա էինք տեղափոխում Կապան՝ գունդն ստեղծելու համար,- ասաց նա իր հրաժեշտի խոսքում:- Հրամայելն անգամ մեղք էր համարվում, որովհետև այս հող ու ջրի մարդիկ ունեն հայրենիքին անմնացորդ նվիրվելու բնածին հակում, և դա սերն է, հայրենիքի սերը: Ի վերջո, բոլորս էլ կոչված ենք սրբորեն կատարելու մեր պարտքը հայրենիքի հանդեպ. կանաչ ճանապարհ և պատվարժան ծառայություն եմ մաղթում ձեզ: Ես հանգիստ ու մաքուր խղճով, հայրենիքի հանդեպ իմ սերը գործով ցույց տված մարդու բավարարվածությամբ շարունակում եմ իմ կյանքի ճանապարհը:

Եվ ահա իր կյանքի 75 տարին բոլորած հարգարժան գնդապետը բացում է իր հուշագրության հերթական հատորն ու լռության մեջ խորհում.

-Ի՞նչ տեսաք ձեր ծառայության այս 50 տարիների ընթացքում:

-Տեսա ինձնից աջ կանգնած 4-րդ մարդու կուրծքը:

– Ուրի՞շ…

– Որ աջ ականջը բարձր է ձախից:

Գնդապետը կատակում է: Սակայն նրա հուշագրությունը լի է լուրջ խոհերով, իր ընկերներին, ծառայակիցներին, ընտանիքի անդամներին, զավակներին, թոռներին, հարազատներին ուղղված բարեմաղթանքներով, որոնք ծնվում են սիրուց` հայրենիքին անմնացորդ նվիրված հոգուց: Այդ սերը բազմերանգ է, ինչպես իր այգում աշնան արևից գունավորված տերևներն ու մրգերը:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #43 (1010) 31.10.2013 – 6.10.2013, Ճակատագրեր


31/10/2013