Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԵՐՆ ԵՆ ՆԵՆԳԱԲԱՐ ԽՓՈՒՄ ԹԻԿՈՒՆՔԻՑ



ԱԼԵՔՍԱՆԴՐ ԶԱՔԱՐՅԱՆ
6 տարեկան

-Բարև Ալեքս։

-Բարև Ձեզ։ Կարելի է զինվորներ տեսնեմ, նոր զրուցենք։

-Կարելի է։

-Կարո՞ղ եմ տեսնել շեփորահարին, որը արթնացնում է ձեզ առավոտյան։

-Խմբագրությունում շեփորահար չկա, բայց զինվորներին կարող ես տեսնել։
(Ալեքսը բարևում է զինվորներին, հետաքրքրությամբ ուսումնասիրում նրանց համազգեստը, հետո մենք վերադառնում ենք աշխատասենյակ)։

-Ալեքսանդր, ես գիտեմ, որ դու ցանկանում ես շինարար դառնալ։

-Չէ, դա մի ժամանակ էր, երբ ես «կամազ» ունեի, հետո «կամազը» կոտրվեց, ու ես փոշմանեցի։ Հիմա ուզում եմ հրշեջ դառնալ։

-Ինչո՞ւ հրշեջ։

-Որ օգնեմ մարդկանց։ Պիտի բարձրանամ բարձր հարկեր ու հանգցնեմ կրակը։ Մտնեմ կրակների մեջ ու փրկեմ երեխաներին։

-Չե՞ս վախենում։

-Չէ։

-Ալեքս, հայրդ ինձ պատմել է, որ մի անգամ ցանկացել ես հեռանալ տնից։ Ի՞նչ էր պատահել։

-Միլան կորել էր…

-Միլան ո՞վ է…

-Միլան քրոջս ընկերուհու կատուն է։ Նա Միլային մի քանի օրով տվել էր մեզ, որ խնամենք։ Առաջին օրը Միլան հանգիստ էր։ Երկրորդ օրը թաքնվեց։ Քույրս՝ Շուշանը, մեղքը ինձ վրա գցեց։ Ասաց, որ ես եմ կորցրել Միլային։ Ես էլ վիրավորվեցի ու որոշեցի հեռանալ տնից։ Պատգարակիս մեջ բարձ ու ծածկոց դրեցի և դուրս եկա տնից։

-Հետո՞։ Ո՞ւր էիր գնում, որտե՞ղ էիր քնելու։

-Չգիտեմ։ Ես ուզում էի, որ Շուշանը չգտնի ինձ։ Բայց մամաս տեսավ ինձ, երբ դուրս էի գալիս դարպասից և համոզեց հետ դառնալ։ …Ես չեմ սիրում, երբ մեծերը նեղացնում են փոքրերին, երբ ուժեղները նեղացնում են թույլերին։ Մեր դպրոցում մի տղա կա, ինձնից մեծ է, ինձ վատ բառ է ասել և ուզում էր բռունցքով խփել ինձ։ Ես երբեք փոքրերին չեմ նեղացնում։ Ինձ դուր չի գալիս, երբ փոքրերը քաշքշում են ինձ, հրում են… Ես չեմ կարող նրանց նեղացնել, որովհետև փոքր են, բայց նրանք խելոք չեն մնում։ Աղջիկներն էլ՝ նույնը։ Ես զիջում եմ, իսկ նրանք շարունակում են…

-Աղջիկների՞ն էլ չի կարելի նեղացնել։

-Ոչ։

-Իսկ հիշո՞ւմ ես, որ քեզ համար ծնողներդ մեքենա չգնեցին «Երևան սիթիի» երկրորդ հարկից…

-Հա՜… Դե այդ մեքենան թանկ էր, ծնողներս այդքան գումար չունեին։ Հետո ես որոշեցի ինքս փող աշխատել։ Ծնողներս տանը չէին այդ ժամանակ։ Ես գնացի բակ, նստեցի փայտի վրա, դույլը դրեցի կողքիս և սկսեցի շվի նվագել անցորդների համար։ Բայց չհասցրեցի փող աշխատել, որովհետև ծնողներս եկան և ասացին, որ երբ մեծանամ, այդ ժամանակ էլ փող կաշխատեմ։

-Սիրո՞ւմ ես նվագել։

-Ես ջութակ եմ նվագում։ Բայց ավելի շատ սիրում եմ ծառ տնկել։ Գիտեք, ես սիրում եմ գործ անել։

-Ջութակ նվագելը գործ անել չէ՞։

-Ոչ։ Գործ անելը պատգարակով հող կրելն ու ծառ տնկելն է։

-Իսկ ո՞ր երկրում կուզենայիր ապրել։

-Ես պիտի Հայաստանում ապրեմ, որովհետև Հայաստանն է իմ հայրենիքը։ Բայց կուզենայի մի քանի օրով գնալ Ամերիկա, տեսնել Դիսնեյլենդը։ Սպորտային մեքենա քշել։ Նաև Անգլիա պիտի գնամ, այնտեղից պիտի ավտոբուս բերեմ, արծաթագույն եմ ներկելու, երկրորդ հարկում հեռուստացույց եմ դնելու, բազմոց, ամեն ինչ, որ դրանով ճանապարհորդենք։

-Ո՞ւր ես գնալու այդ ավտոբուսով։

-Ընտանիքով գնալու ենք Սևան և Ջերմուկ։

-Սիրո՞ւմ ես ճանապարհորդել։

-Այո։ Երաժշտություն էլ եմ լսում։

-Ո՞րն է քո ամենասիրած երաժշտությունը։

-Չայկովսկի… Շչելկունչիկը։ Երբ ես մեծանամ, զինվոր եմ դառնալու։ Զինվորական ինքնաթիռներ եմ վարելու, որ երբ թուրքերը հարձակվեն՝ ռումբեր գցեմ նրանց վրա ու խփեմ նրանց ինքնաթիռները։

-Իսկ եթե չհարձակվե՞ն։

-Եթե չհարձակվեն, չեմ խփի։ Թուրքերն են նենգաբար խփում թիկունքից։ Հայրս ինձ հաճախ է տանում Եռաբլուր։ Այնտեղ շատ զոհված զինվորներ կան, նրանց թուրքերն են սպանել։ Հարձակվել են մեջքից, նենգաբար…

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #44 (1011) 7.11.2013 – 13.11.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


07/11/2013