ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՏԵՂ ՔՐՏՆԱՋԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է
Այս տարի ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները մի շարք միջազգային մրցումներում զբաղեցրել են մրցանակային տեղեր: Ո՞րն է հաջողության գաղտնիքը. այս հարցին պատասխանում է վարժարանի ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ:
-Պարոն Ավագյան, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի համար հաղթանակները կարծես օրինաչափություն են դարձել: Այս տարվա փետրվարի 12-ից 23-ը ՌԴ Պերմ քաղաքում կայացած «Պատանի հայրենասերների» 11-րդ միջազգային հավաքում վարժարանի թիմը հաղթանակ տոնեց, սեպտեմբերի 10-ից 22-ը վարժարանի թիմը վարժարանի պետ գնդապետ Վիտալի Ոսկանյանի գլխավորությամբ գործուղվեց Ուկրաինայի Օդեսա քաղաք` մասնակցելու «Միություն-2013. Հաղթանակի ժառանգորդներ» երիտասարդական ուսումնական ռազմամարզական միջազգային հավաքին: Հերթական անգամ թիմը առանձնացավ իր բարձր պատրաստվածությամբ՝ արժանանալով 12 ոսկե մեդալի: Ինչպե՞ս են կերտվում հաղթանակները:
-Յուրաքանչյուր հաղթանակ քրտնաջան ու համատեղ աշխատանքի արդյունք է եւ արտացոլում է վարժարանային կրթության արդյունավետությունը, ուսումնադաստիարակչական աշխատանքների ճիշտ կազմակերպումը: Մրցույթին մասնակցելու համար սաները խիստ ընտրություն են անցնում: Հաշվի ենք առնում նրանց առաջադիմությունը, ֆիզիկական պատրաստությունը, լավագույնները ընդգրկվում են խմբում եւ մասնակցում խորացված պարապմունքների: Կարեւոր է, որ ընտրության ընթացքում պահպանվի արդարության սկզբունքը: Թիմում պետք է ապահովել նաեւ առողջ մարդկային հարաբերություններ, համախմբել մասնակիցներին ընդհանուր գաղափարի շուրջ: Վարժարանում սաները ուսումնական տարվա ընթացքում խորացված ուսումնասիրում են «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզիկական պատրաստություն» եւ «Լեռնային պատրաստություն» առարկաները: Մեծ ուշադրություն է դարձվում կրակային պատրաստության պարապմունքներին, բարձր արդյունքներ ապահովելու նպատակով ուսումնական գործընթացում կիրառվում է «Նշանակետ» վարժասարքը, որում առկա են ե՛ւ ԱԿ-74 ինքնաձիգ, ե՛ւ Դրագունովի դիպուկահար հրացան: Սաները յուրացնում են հրաձգության վարժաձեւերը: Կարեւորվում է նաև շարային պատրաստությունը: Ուսումնառության ընթացքում ձեռք բերված հմտությունների և ունակությունների շնորհիվ էլ հենց մեր սաները միջազգային հավաքների ժամանակ կարողանում են արագ ու ճիշտ կողմնորոշվել, հանձնարարված առաջադրանքը կատարելիս դժվարությունները հեշտությամբ հաղթահարել, կիրառել ստացած գիտելիքները և դուրս գալ բարդ իրավիճակներից: Մրցումները սովորեցնում են հավասարապես կիսել պատասխանատվությունը, սաները ձգտում են բարձր պահել երկրի, զինված ուժերի պատիվը: Առ այսօր նրանց դա հաջողվում է. վերոնշյալ միջազգային հավաքի ընթացքում վարժարանի թիմը առանձնացել է իր բարձր պատրաստվածությամբ, արժանացել մեդալների` 12 ոսկե, 12 արծաթե և 14 բրոնզե, ինչպես նաև՝ պատվոգրերի, թանկարժեք նվերների:
-Պարոն Ավագյան, նշեցիք, որ հաջողությունները նաեւ ճիշտ դաստիարակչական աշխատանքի արդյունք են: Վարժարանում դաստիարակության ո՞ր սկզբունքներն են ելակետային:
-Մեր հիմնական խնդիրն է դաստիարակել ֆիզիկապես և հոգեպես ամուր սպաներ հայոց բանակի համար, հայրենիքին, ազգին ու պետականությանը նվիրված քաղաքացիներ, ձեւավորել առողջ անհատականություն, նախապատրաստել պատանիներին ինքնուրույն կյանքի, օգնել՝ ձեռք բերելու բարոյական բարձր որակներ` ազնվություն, օրինապահություն, պատասխանատվություն, աշխատում ենք մեր սաների մեջ գիտելիքի պահանջ ձեւավորել, ինչպես նաեւ` հարգալից վերաբերմունք լեզվի, մշակույթի, ազգային ավանդույթների նկատմամբ: Այն, որ Օդեսա քաղաքում կայացած միջազգային հավաքի ընթացքում վարժարանի խումբը փայլել է մշակութային ոլորտի մրցումներում` ազգային երգ ու պար, պատմություն, զբաղեցրել 1-ին պատվավոր տեղը այդ անվանակարգում, ապացուցում է, որ մեր համատեղ ջանքերն իզուր չեն անցել: Վարժարանում հստակ շեշտադրված են ակնկալիքներն ու պահանջները, ուստի սովորողները ձգտում են չթերանալ: Անձն այստեղ դաստիարակվում է կոլեկտիվ սկզբունքներով. կարեւոր հանգամանք, որը, ըստ իս, ինքնակատարելագործման ներքին պահանջ է առաջացնում: Սաները մշտապես պատրաստ են փոխօգնության, փոխաջակցման, ինչը բազմիցս դրսեւորվել է նաեւ միջազգային հավաքների ժամանակ:
ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԸ
Ներկայացնում ենք ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի այն տասը սաներին, որոնք մասնակցել են միջազգային հավաքին: Գեղամը, Սերգեյը, Հենզելն ու Մասիսը սովորում են 11-րդ դասարանում:
Կիրակոսյան Գեղամ. «Արդեն երկրորդ տարին է` սովորում եմ վարժարանում: Փոխվել եմ, շատ եմ փոխվել: Նախկինում հավաքվում էինք բակում, աղմկում, անհամ կատակում, հարեւանները անընդհատ նկատողություններ էին անում: Հիմա, երբ հանգստյան օրերին տուն եմ գնում եւ տեսնում, թե ինչպես են իմ տարեկիցները շարունակում պարապ թրեւ գալ բակում, այդ ամենը այնքան խորթ է թվում, որ, ասես, ինքս նրանց նման եղած չլինեմ: Վարժարանի կանոնակարգված առօրյան, մթնոլորտը ստիպեցին ինձ փոխվել: Սկզբում թվում էր` չեմ դիմանա խիստ վերահսկողությանը, սակայն կամաց-կամաց ամեն ինչ հունի մեջ ընկավ: Իմ տարիքի պատանիների համար սովորաբար դժվար է ինքնուրույն կողմնորոշվելը, անպայման կարիք է զգացվում, որ ծնողդ, հրամանատարը մատնանշի, ճիշտ ուղղություն ցույց տա, բացատրի` ինչն է լավ, ինչը՝ վատ եւ ինչո՛ւ: Մեր փորձառու ուսուցիչներն իրենց խորհուրդներով միշտ էլ օգնության են հասնում. նրանցից մեկը երբեմն նկատելով, որ ծուլանում եմ, ասաց` սովորի, գիտելիքը միակ բանն է, որ չեն կարող ձեռքիցդ խլել, գիտելիքը ամենակայուն բանն է աշխարհում: Եվ երբ ձեռք բերած գիտելիքներիդ ու հմտություններիդ շնորհիվ հաջողության ես հասնում, ինչպես եղավ Օդեսայում կազմակերպված միջազգային հավաքի ժամանակ, դրանում ավելի ու ավելի ես համոզվում»:
Ղազարյան Սերգեյ. «Երեք տարի զբաղվել եմ ըմբշամարտով, բայց մտածեցի` ո՞ւմ է պետք ուժը, եթե այն չի ծառայում մի լավ գործի: Որոշեցի ֆիզիկական պատրաստվածությունս կիրառել բանակում եւ ընդունվեցի վարժարան, հետագայում էլ, եթե բախտ վիճակվի, կդառնամ հակաօդային պաշտպանության մասնագետ: Ըստ օրվա կարգացուցակի` վարժարանում անցկացվում է առավոտյան մարմնամարզություն, կազմակերպվում են տարբեր սպորտային միջոցառումներ, սպարտակիադաներ, մրցույթներ` սեղանի թենիսից, փոխանցումավազքից, պարանի ձգումից, շախմատից, ֆուտբոլից և այլն: Մեր սպաները կարեւորում են ֆիզիկական դաստիարակությունը, բայց եւ ընդգծում, որ կոփված մարմինը ոչինչ է, եթե մարդը օժտված չէ մարդասիրությամբ, իրենից թույլերին օգնելու-պաշտպանելու պատրաստակամությամբ: Սպորտը դաստիարակում է նաեւ այդ հատկանիշները: Երբեմն թերահավատորեն էի վերաբերվում սեփական ուժերիս, բայց «Միություն-2013. Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային հավաքի ընթացքում ուժերս չափեցի ուժեղագույնների հետ, մի քանի փուլերում վաստակեցի հաղթական միավորներ եւ ինքս իմ հույսերը արդարացրի»:
Գրիգորյան Հենզել. «Ամփոփելով ուսումնառությանս մեկ տարին եւ երկու ամիսը՝ պիտի ասեմ, որ վարժարանում սովորել եմ մարդկանց հանդեպ հոգատար եւ ուշադիր լինել, նաեւ` բարի (ժպտում է): Իհարկե, ձեռք եմ բերել նաեւ մասնագիտական բարձր որակներ, ինչի շնորհիվ էլ մրցումների ժամանակ երեք անգամ առաջին տեղ եմ զբաղեցրել` «Շարային պատրաստություն», «Հետախույզի արահետ», «Պատը` պատին» մարզաձեւերից»:
Նազարյան Մասիս. «Ես ձգտում եմ վարժարանում ապրած յուրաքանչյուր օրս ամփոփել մի փոքրիկ հաղթանակով` գոնե մի դասի գերազանց պատասխանեմ, մի վարժություն անթերի կատարեմ: Ամեն օր ինքս ինձ ոգեւորում եմ` ասելով` մեծ հաղթանակները սարերի ետեւում չեն, միայն թե ձգտիր: Արդյունքն իրեն երկար սպասեցնել չտվեց. ինձ հաջողվեց պատվով ներկայանալ ռազմամարզական միջազգային հավաքում: Ես ուզում եմ իմ տարեկիցներին խորհուրդ տալ, որ զերծ մնան արատավոր երեւույթներից` չհայհոյեն, չծխեն: Կարելի է սկսել հենց վաղվանից, դա էլ կլինի նրանց առաջին, փոքրիկ հաղթանակը մեծին ձգտելու ճանապարհին»:
Հ.Գ.- Միջազգային հավաքին մասնակցած մյուս սաների մասին կպատմենք մեր թերթի առաջիկա համարներում:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ