Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԻՐՈՒՄ



Ավիացիայի վարչության օդաչու-տեսուչ փոխգնդապետ Ռուբեն Աբրահամյանը ծնվել է Ախալցխայի Ծղալթբիլա հայաբնակ գյուղում: 13-14 տարեկան պատանի էր, երբ իրենց գյուղում առաջին անգամ տեսավ վայրէջք կատարած «Մի-8» ուղղաթիռը, հետաքրքրված- հմայված-հիացած մտավ օդաչուի խցիկ ու հենց այդ օրն էլ երեւի որոշեց իր ապագա մասնագիտությունը: Եւ երբ դպրոցն ավարտեց, գնաց իր երազանքի հետքերով` ընդունվեց Երեւանի ռազմական ավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարան (հետո ուսումնարանը վերակազմավորվեց ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն ինստիտուտի, եւ 2003թ. Ռուբեն Աբրահամյանը կրկին ուսանեց այդտեղ` բարձրագույն կրթություն ստանալու նպատակով):

– Ես մեր հայկական բանակի առաջին վիրահայ օդաչու- կուրսանտն էի, -նշում է փոխգնդապետը ու շարունակում,-1994 թ. էր, հանրապետությունը ծանր ու դժվար ժամանակներ էր ապրում, եթե հիշում եք` ո՛չ ուտելիք կար, ո՛չ վառելիք, երկիրը ծանր կացության մեջ էր, բայց չեմ կարող հպարտությամբ չշեշտել, որ ավիացիայի եւ ավիացիոն ուսումնարանի ղեկավարության շնորհիվ մեր պարապմունքները երբեք չտուժեցին, նախատեսված վարժաթռիչքները կատարվում էին ամբողջությամբ, պլանի համաձայն: Մենք նորմալ, կանոնավոր պարապում էինք:

-Ովքե՞ր էին ձեզ սովորեցնում «թռչելու արվեստը»:

-Բորիս Խաչատուրովը, Հրայր Գրիգորյանը, Խաչիկ Իսախանյանը. նրանք իրենց փորձն ու գիտելիքը անմնացորդ փոխանցում էին մեզ: Երրորդ կուրսից արդեն պետք է որոշեինք մեր մասնագիտական ուղղվածությունը, եւ ես նախապատվությունը տվեցի տրանսպորտային- մարտական «Մի-8» ուղղաթիռին: Ուղղաթիռը ցանկացած մակերեւույթի վրա, ցանկացած տեղանքում գործելու ավելի լայն հնարավորություններ ունի, քան ինքնաթիռը: 12 թռիչքաժամից հետո արդեն առաջին ինքնուրույն թռիչքը կատարեցի:

-Եւ ի՞նչ զգացողություն ունեիք. երանությունը սովորաբար համեմատում են յոթերորդ երկնքում լինելու հետ, այդպե՞ս է:

-Աննկարագրելի, անբացատրելի զգացողություն էր: Լարվածություն, պատասխանատվություն, ուրախություն …. զգացողությունների խառնաշփոթ էր: Տեսականն ուրիշ էր, գործնականը` լրիվ ուրիշ: Տեր ու տիրակալ էի զգում երկնքի…

-Մեզ համար օդաչուի մասնագիտությունը ռոմանտիկա է, ձեզ համար` աշխատանք:

-Ոչ միայն աշխատանք, կյանք է, երբ սիրտդ, հոգիդ նվիրում ես գործիդ:

-Շուտով կլրանա ձեր «օդային կենսագրության» 20 տարին: Կգա մի ժամանակ, երբ երկնքից վար կիջնեք, թոշակի կգնաք…

-Չեմ պատկերացնում, չեմ ուզում պատկերացնել այդ ժամանակը: Անգամ երբ արձակուրդ եմ գնացած լինում, գալիս եմ կարոտած ու երբ ուղղաթիռ եմ նստում, նոր ասես սիրտս հանգստանում է, հանդարտվում: Թռչելն ինձ աննկարագրելի, անպարագրելի հաճույք է պատճառում: Եւ միայն ես չեմ այդպիսին. շփվել եմ օդաչուների հետ, ովքեր այլեւս չեն թռչում, նրանց համար օրը բացվում եւ ավարտվում է իրենց թռիչքների մասին խոսելով: Օդաչուներն իրենց մասնագիտության ֆանատիկոսներ են…

-Ռուբե՛ն, ասում ենք` լավ վիրաբույժ, հասկանում ենք, որ լավ վիրահատություններ է կատարում, իսկ ի՞նչ է նշանակում լավ օդաչու:

– Իմ կարծիքով, օդաչուն միայն թոշակի գնալուց հետո կարող է ասել` երեւի ես լավ օդաչու եմ եղել, որ առանց սխալների, անփորձանք ավարտել եմ իմ աշխատանքը: Այս մասնագիտությունն էլ, ինչպես բժշկինը, անընդհատ, անընդմեջ կատարելագործում է պահանջում:

Եթե չենք թռչում, ուրեմն պետք է պարապենք, մասնագիտական գրականություն ուսումնասիրենք, տեղեկացված լինենք: Ու եթե աշխարհում որեւէ տեղ ինչ-որ օդային պատահար է գրանցվում, փորձում ենք վերլուծել, հասկանալ, թե ինչից կարող էր լինել` մարդկայի՞ն գործոնն էր պատճառը, թե՞ ծագած տեխնիկական խնդիրները, քննարկում ենք, պարզաբանում, եզրահանգումներ կատարում: Մեր բոլոր օդաչուներն էլ անընդմեջ ինքնակատարելագործվում են, սովորում ենք նաեւ մեկս մյուսից:

Անուրանալի է հայ օդաչուների վաստակը Արցախյան պատերազմի ժամանակ` նրանք իրենց կյանքը վտանգելով, թշնամու կրակի տակ, անտեսելով եղանակային անբարենպաստ պայմանները, տեղ էին հասցնում կամավորական ջոկատներին, վառելանյութ, սնունդ, տեղափոխում էին վիրավոր ազատամարտիկներին, մասնակցում էին հակառակորդի հենակետերի ոչնչացման գործողություններին…

– Ամերիկյան պարբերականներից մեկը 2013թ. աշխարհի ամենավտանգավոր մասնագիտությունների առաջին տասնյակում նշում է նաեւ օդաչուինը:

-Գիտեմ, վտանգավոր մասնագիտություն է, ցավոք սրտի, նաեւ ականատես եմ եղել, թե ինչպես է զոհվել օդաչուն: Եկեք չխոսենք այդ տխուր թեմայից:

– Օդաչուներն ունե՞ն իրենց ավանդույթները:

– Օդաչուները թռիչքից առաջ չեն լուսանկարվում: Առաջին ինքնուրույն թռիչք կատարողը պարտադիր սիգարետ է հյուրասիրում ընկերներին: Թե նստած ենք լինում սեղանի շուրջ, 3-րդ կենացը պարտադիր խմում ենք զոհված կամ մահացած օդաչուների հիշատակի համար: Եւ համանման այլ սովորույթներ:

– Ռազմական օդաչուները մեր խաղաղ երկնքի արթուն պահապաններն են: Մենք բազմիցս տեսել ու հիացել ենք հայկական ռազմական ավիացիայի օդային շքերթներով: Հայ օդաչուների ցուցադրական ելույթները չափազանց տպավորիչ էին:

ՀՀ ԶՈՒ ավիացիայի եւ ՀՕՊ զորքերի կազմավորման 21-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ցուցադրվեցին ու գործի դրվեցին նաեւ հայկական ռազմական ուղղաթիռները: Դուք եւս խմբային թռիչքի մասնակից էիք: Այդ օրը նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից պատվոգիր ստացաք:

-Զորահանդեսների, զորավարժությունների շատ եմ մասնակցել: Ամենատպավորիչներից մեկն էլ Ստեփանակերտի զորահանդեսն էր: Հոգիս փառավորվում էր, ալեկոծվում. նայում ես ներքեւ` քո հողն է, էս բաժին երկինքն էլ քոնն է… Ծննդավայրս շատ եմ սիրում, բայց Արցախի հանդեպ էլ մի յուրօրինակ կապվածություն եմ զգում:

-Տարիներ առաջ յուրաքանչյուր պատանի երազում էր օդաչու դառնալ: Այսօր ժամանակները փոխվել են: Դուք 3 որդի ունենք, նրանցից որեւէ մեկն ուզու՞մ է գնալ ձեր հետքերով:

-Ավագ որդիս ճարտարագետ է որոշել դառնալ: Միջնեկ որդիս է տարված օդաչուի մասնագիտությամբ, բայց ոչ թե ուղղաթիռի, այլ ինքնաթիռի: Ամբողջ օրը համակարգչով ավիացիոն խաղեր է խաղում, լավ է սովորում, մարզվում է, գիտի, որ օդաչու դառնալու համար եւ գիտելիք է պետք, եւ ֆիզիկական ամրություն: Իսկ կրտսեր որդիս 3 տարեկան է, դեռ շատ վաղ է խոսել նրա մասնագիտական կողմնորոշման մասին:

-Շատ օդաչուներ, ժամանակի դժվարություններից ելնելով, գնացին Հայաստանից, օտար հողում հաստատվեցին, ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում, լավ վաստակում: Դա Ձեզ չի՞ հրապուրում:

– Ես միայն ինձ համար չեմ պատասխանատու: Երեք տղա ունեմ, ուզում եմ, որ մեծանան, կրթվեն իրենց հայրենիքում, հայեցի դաստիարակություն ստանան: Օտարի հողը իմ հայրենիքը չէ: Ուզում եմ ամեն հայ ուժեղ ու ամուր, պաշտպանված ու տեր զգա իր հողում, ամեն մասնագետ մնա իր հայրենիքում, իր ժողովրդի համար աշխատի, իր երկիրը զարգացնի, շենացնի ու ծաղկեցնի:

– «Հայ զինվորը» ձեզ եւ մեր բոլոր օդաչուներին բարի եւ անփորձանք վայրէջքներ է մաղթում, իսկ առօրյա կյանքում` միայն վերելքներ:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #44 (1011) 7.11.2013 – 13.11.2013, Ազգային բանակ


07/11/2013