Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԲԱՆԱԿԸ ՈՒԺԵՂՆԵՐԻ ՏԵՂՆ Է»



Սերժանտ Կոմիսար Պետրոսյանը պարգեւատրվել է «Նելսոն Ստեփանյան» մեդալով

Ժամկետային զինծառայող, սերժանտ Կոմիսար Լեոնիդի Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվեց Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անվան գերատեսչական մեդալով, իսկ զորամասի հրամանատար գնդապետ Արտակ Մախսուդյանի հրամանով էլ նրան շնորհվել է հերթական` ավագ սերժանտի զինվորական կոչում։ Պարգևը նրան անձամբ հանձնել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը։

-ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը եկել էր մեր զորամաս և հանդիսավոր տողանի ժամանակ ամբողջ զորամասի ներկայությամբ իր ձեռքով մեդալն ամրացրեց կրծքիս։ Ուրախությանս չափ ու սահման չկար և մի կերպ զսպելով հուզմունքս խոստացա այսուհետ էլ անմնացորդ ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը։ Խոստումս միայն ժամկետային ծառայությամբ չի սահմանափակվում։ Ես քաջ գիտակցում եմ, որ ժամկետային ծառայության ընթացքում քչերին է բախտ վիճակվում պարգևատրվել անձամբ պաշտպանության նախարարի կողմից, իսկ փառապանծ օդաչու Նելսոն Ստեփանյանի անվան գերատեսչական մեդալով պարգևատրվելն էլ ավելի է պարտավորեցնում։ Զորացրվելուց հետո էլ թե՛ ուսման մեջ և թե՛ աշխատանքում իմ արդար արարմունքով շարունակելու եմ ծառայել Հայրենիքիս եւ նրա զինված ուժերի շենացման ու հզորացման գործին,- ինձ հետ զրույցում անկեղծացավ ավագ սերժանտ Պետրոսյանը։

Դիմանկարիս հերոսը ծնունդով Արարատի մարզի Արտաշատի շրջանի Քաղցրաշեն գյուղից է, սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի բաժնում` երկրորդ կուրսում, որն էլ ավարտելուց հետո զորակոչվել է ուսումնական զորամաս։ Ծառայողական հաջողություններն իրենց երկար սպասեցնել չտվեցին, և առաջին խրախուսանքին հաջորդեցին երկրորդը, երրորդը, չորրորդը, ու մի գեղեցիկ օր էլ Լեոնիդ և Հայկանուշ Պետրոսյաններն իրենց առաջնեկի անունով շնորհակալական նամակ ստացան, որում հրամանատարությունն իր շնորհակալությունն էր հայտնում նման հրաշալի զավակ և հայրենասեր, «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով պարգևատրված զինվոր դաստիարակելու համար։ Ի դեպ, քաղաքացիական կյանքում էլ Կոմիսարը քիչ հաջողություններ չի ունեցել` մի քանի անգամ դարձել է շախմատի մարզային առաջնության հաղթող, բազմաթիվ անգամներ մասնակցել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կազմակերպված վարկային մրցաշարերին, հասել լուրջ արդյունքների, դարձել առաջին կարգային։

-Շուտով զորացրվելու ես, ի՞նչ տվեցին քեզ բանակում ծառայելու այս երկու տարիները։

-Առաջին գծում ծառայելու տարիները (ժպտում է): Նախ` քաղաքացիական կյանքում արժանապատիվ ապրելու իրավունք։ Հետո էլ, ինչ խոսք, բնավորությանս, էությանս ինչ-ինչ գծեր ավելի հղկվեցին, ամրացան։ Բանակ գալուց առաջ ես լրիվ ուրիշ մարդ էի… Այսօր երջանիկ ու հպարտ եմ, քանզի ծառայությանս երկու տարիները հենց այնպես չեն անցել, և ես կրծքիս ունեմ մեր հաղթանակած բանակի պարգևներից մեկը, որով ինձ պագևատրել է պաշտպանության նախարար, Արցախյան պատերազմի հերոս Սեյրան Օհանյանը։ Բանակը ուժեղների տեղն է:

Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #44 (1011) 7.11.2013 – 13.11.2013, Ազգային բանակ


07/11/2013