Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԸ ԳՈՐԾԵՑԻՆ ԱՆԹԵՐԻ



ՀՀ ԶՈՒ պատմության մեջ առաջին անգամ կատարվեց պարաշյուտային թռիչք՝ 40 դեսանտայինների մասնակցությամբ

Նոյեմբերի 5-ին հետախուզության զորքերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ ուսումնական զորամասերից մեկում կազմակերպվեց տոնական միջոցառում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, որոնք զինված ուժերի ղեկավար կազմի, գեներալների, օտարերկրյա բարձրաստիճան զինվորականների, դիվանագետների և լրագրողների ուղեկցությամբ ծանոթացան հրապարակ բերված սպառազինությանն ու տեխնիկային։ Այնուհետև բարձրաստիճան զինվորականները, հյուրերը, հավաքված ժողովուրդը հետևեցին հետախուզական ստորաբաժանումների, «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների և մարտարվեստների դպրոցների ներկայացուցիչների ցուցադրական ելույթներին, որոնք ուղեկցվեցին հայկական արտադրության անօդաչու սարքերի, ուղղաթիռների թռիչքներով ու զրահատեխնիկայի գործադրմամբ։

Միջոցառումը սկսվեց հատուկ հետախուզական խմբի նախապես մշակված մարտական գործողության իրականացման ցուցադրմամբ՝ «առաջնագծի աննկատ անցմամբ և հակառակորդի հենակետի վրա հանկարծակի հարձակմամբ»։ ՀՆՋ-ի մի խումբ զինծառայողներ՝ կապիտան Հ. Առուշանյանի ղեկավարությամբ, իրականացրին գրոհ հավանական հակառակորդի վրա՝ խնդիր ունենալով գրոհելու թշնամական հենակետը, ոչնչացնելու նրա կենդանի ուժը։ Կարճ ժամանակահատվածում, արագ կողմնորոշվելով, ընտրվեց նպաստավոր և անվտանգ դեսանտավորման շրջան՝ հիմնական հետախուզական խմբերի առաջխաղացման համար։

Հատուկ ազդանշանով խմբի հրամանատարը ազդարարեց դիտորդին դիտարկում անցկացնել և զեկուցել իրավիճակի մասին։ Մարտական խնդիրն իրականացնելու համար խումբը բաժանվեց չորս՝ դիտորդների, պայթեցնողների, գրոհող և կրակով ապահովող ենթախմբերի։ Հաջորդ ազդանշանով հաղթահարելով հակառակորդի ինժեներական արգելափակոցները և օգտագործելով տեղանքի առանձնահատկություններն ու հետախույզին բնորոշ հատուկ մարտավարական հմտությունները՝ խումբը մոտեցավ հակառակորդի հենակետին և սրընթաց ներխուժումով շարքից դուրս բերեց ժամապահներին։

Ցուցադրական վարժանքի երկրորդ փուլում արդեն ՀՆ խմբի կողմից պայմանական ազդանշան ստանալով, հակառակորդի տարածք ներխուժեցին երկու Մի-24 ուղղաթիռները, որոնք օդային հարվածներով շարքից դուրս բերեցին հակառակորդի հիմնական կրակային և զենիթային միջոցները՝ ապահովելով Մի-8 ուղղաթիռների դեսանտավորումը։ ՀՀ ԶՈՒ պատմության մեջ առաջին անգամ կատարվեց պարաշյուտային թռիչք՝ 40 դեսանտայինների մասնակցությամբ։

«Վինչուն կունգ ֆու» մարտարվեստի ֆեդերացիայի սաները ներկայացրին մենամարտ փակ աչքերով, որի ժամանակ ցուցադրվեց, թե ինչպես պետք է հաղթող դուրս գալ մթության պայմաններում, երբ հակառակորդին չես տեսնում։

«Փոքր Մհեր» կրթահամալիրի հայկազունների կրտսեր տարիքային խումբը ցուցադրեց մարտական ձեռնամարտ, ապա նույն կրթահամալիրի «Կարիճներ» հատուկ նշանակության խումբը ցուցադրեց մարտավարական վարժաձև՝ հրաձգության տարբեր դիրքերից՝ ըստ ստեղծված իրավիճակի և կրակային դիրքի հաճախակի փոփոխմամբ։

Միջոցառման ժամանակ վաշտի հրամանատար, մայոր Վ. Օհանյանի գլխավորությամբ ՀՆՀ խումբը ցուցադրեց գործողություններ թշնամու թիկունքում՝ հակառակորդի հետ հանկարծակի ընդհարման ժամանակ։ Մայոր Ա. Սարգսյանի հրամանատարության տակ գործող ՀՆՀ խումբն էլ ցուցադրեց հատուկ կրակային վարժություն՝ համապատասխան թիրախային իրադրությամբ։ Դիտարժան էր հատուկ նշանակության ջոկատային խմբերից մեկի ելույթը՝ Մի-8 ուղղաթիռներից ֆալ-ստրոպի օգնությամբ դեսանտավորում։

Միջոցառման ընթացքում փորձառու պարաշյուտիստներն իրականացրին ազատ անկման ցուցադրական թռիչքներ, իսկ ԱՀՆԲ-ի զինծառայողներն ու «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները դրսևորեցին իրենց մարտավարամասնագիտական և ֆիզիկական կարողությունները՝ կատարելով ձեռնամարտի հնարքներ։

Տոնական օրվա ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցառման մասնակից հետախույզներին և հյուրերին շնորհավորեց ՀՀ ԶՈՒ հետախուզական զորքերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթեց նորանոր ձեռքբերումներ իրենց անչափ պատասխանատու ու դժվարին գործում։

-Ամբողջ աշխարհը գիտի, որ հայ ժողովրդի զավակները մեծ փորձ են ներդրել համաշխարհային հետախուզության զարգացման մեջ, և այդ ամենը փոխանցվել է նաև այսօրվա մեր այն հետախույզներին, ովքեր և՛ Արցախյան գոյապայքարի ժամանակ, և՛ հետպատերազմյան տարիներին իրենց առջև դրված խնդիրներն իրականացրել, իրականացնում են անթերի,- ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Մի շարք հետախույզներ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի կողմից պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, խրախուսվեցին անվանական և թանկարժեք նվերներով։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #44 (1011) 7.11.2013 – 13.11.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/11/2013