ՈՐ ՏՈՆԸ ՄԻ ԶԻՆՎՈՐ ՏԱ…
Պատմում է Անահիտ Առաքելյանը
Լուսիկ մայրիկը, ում դեռ խորհրդային տարիներից Ստարշինա են ասում (դեռ կոլտնտեսությունում աշխատելու տարիներից) կռվի առաջին օրերին ելավ գյուղամեջ ու ասաց. «Որ տոնը մի զինվոր տա՝ թորքը կփախչի մեր սահմաններից»։
Հետո Գորիսի Տեղ գյուղի «Մելիք Բարխուդար» ջոկատի տղաները, երբ պատրաստվում էին ռազմի դաշտ մեկնել՝ ստուգում էր՝ հագե՞լ են «բրոնե ժիլետները», Աստված ոչ անի՝ գերի ընկնելուց ունե՞ն գրանատներ, (Արդեն տեսել էինք, թե գերության մեջ ընկած մեր մարդկանց ինչպես էին խոշտանգում, այլանդակում՝ ո՞ր մայրը կուզեր, որ իր որդին գերի հանձնվի,- ասում էր Լուսիկ մայրը)։ Այսպես էր կռիվ ճանապարհում ջոկատի տղաներին Լուսիկ մայրիկը, իսկ ջոկատում իր ավագ որդու՝ Մելիքսեթ Պողոսյանի՝ Մելոյի հրամանատարությամբ կռվում էին նաեւ իր մյուս երկու որդիները՝ Մարտունն ու Մելսիկը։ Երբ գնում էին երկար ժամանակով, պարկերով բոված ցորեն, աղանձ էր դնում հետները ու հրամանատար որդուն խստիվ պատվիրում.
-Ցերեկները ոչ մի հատիկ չուտեք, գիշերները կլցնեք գրպաններդ, կուտեք, կզբաղվեք, որ արթուն մնաք, չքնեք։
Մելոյի տասն ամսական որդին երբ մահացավ, ջոկատը գտնվում էր Հորադիզում։ Լուսիկ մայրը չթողեց լուր տան որդուն։ «Քանի-քանի մայրեր են սպասում իրենց որդիների վերադարձին, թող միասին լինեն, թող մնա մարտադաշտում։ Հրամանատարի բացակայությունը կթուլացնի տղաների ուժը, զգոնությունը»,- ասել էր Լուսիկ մայրը։
Հետո, երբ նոր էր կազմավորվել հայոց բանակը, իր ձեռքով տակառով թթու էր դնում եւ ուղարկում զորքին։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Խորագիր՝ #09 (874) 09.03.2011 - 16.03.2011, Թերթ, Հոգևոր-մշակութային