Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱԿԱՐՈՆԱՅԻՆ ՀՐԵՇ



Մարդը կրոնական էակ է, նա դեռ հիշում է, որ մի ժամանակ ինքը պաշտում էր իր Արարչին եւ երջանիկ էր իր դրախտային գողտրիկ անկյունում:

Մարդու հոգում կա մշտապես լցվելու ենթակա մի անկյուն, որը լցնելու փնտրտուքներում նա հաճախ ընտրություն չի կատարում աղբյուրների, միջոցների, ճանապարհների միջեւ, ինչի հետեւանքով հասնում է սխալ նպատակակետի:

Մարդը իր հոգու այդ դատարկ անկյունում ծնկում է բոլորի եւ ամեն ինչի դիմաց` սկսած սեփական անձից, վերջացրած դիվաբնակ կուռքերով ու նրանց իշխանով: Հենց այդպես են բոլոր ժամանակներում առաջացել հերձվածները, հերետիկոսությունը, սնահավատությունը, աղանդները եւ բոլոր ճշմարտանման, բայցեւ ճշմարտազուրկ գաղափարները:

Մեր օրերում ավելի բազմաթիվ ու բազմազան են մոլորություններ մոգոնելու եւ դրանց հետեւելու անհատական ու հասարակական պատճառները, այդ պատճառների շարքում իրենց հաստատուն տեղն ունեն ժամանակի տեղեկատվությունն ու ժամանակակից մարդու առօրյա սնունդը: Վերջինս, պարզվում է, բացի հոգեւոր ու մարմնավոր զանազան հիվանդությունների պատճառ լինելուց, նաեւ կարող է պաշտամունքի այլընտրանքային պահանջված առարկա լինել: Մերօրյա հերթական, բանականության սահմաններում չտեղավորվող մոլագարությունն է «մակարոնային հրեշի» պաշտամունքը, որը զավեշտալի եւ սոսկալի է միաժամանակ: Մղձավանջային տարտարոսից ելնող մահվան գոլորշիների պես զարհուրելի ու նողկալի:

Համացանցից տեղեկանում ենք, որ Լեհաստանում պաստաֆարիականության «կրոնի» հետեւորդները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել իրենց երկրի կառավարության դեմ բողոքով, որը չի ցանկանում մակարոնային հրեշի հավատին պաշտոնական կրոնի կարգավիճակ տալ: Պաստաֆարիականները համարում են, որ Տիեզերքը ստեղծել է սպագետիով սնվող թռչող էակը: Մարդը իր պատմության ընթացքում շատ աստվածներ է ունեցել, որոնց կերակրել է նեկտարով կամ մրգերով, կենդանիներով ու մարդկանցով, անգամ սեփական երեխաներով, սակայն սպագետի նախընտրող աստծուն հորինել է բոլորովին վերջերս: Պաստաֆարիականների (պաստա` մակարոն) «կրոնը» ծնվել է ԱՄՆ-ում 2000-ական թվականների սկզբին: Տիեզերքի մակարոնային ստեղծողին հորինել է ոմն Բոբի Հենդերսոն` ի նշան Քանզաս նահանգի իշխանությունների` «Խելամիտ մտքի» հայեցակարգը դպրոցական ծրագրում որպես էվոլյուցիայի տեսության այլընտրանքային տարբերակ ներմուծելու որոշման դեմ բողոքի: Հենդերսոնը որոշել է, որ եթե ինչ-որ մեկն էլ ստեղծել է իրականությունը, որում ապրում է ինքը, դա միայն մակարոնային հրեշն է: Ակնհայտ է, որ այս մոլագարությունը դեմ է խելամտությանը, բանականությանն ընդհանրապես: Ինչպես բազմիցս նշել ենք, ժամանակակից աղանդների հիմնական մասը ծագել է ամերիկյան մայրցամաքում, այս փաստը նրանք նկատում են որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի եւ կրոնի ազատության ցայտուն դրսեւորում, որպես շատ դրական ու բարի երեւույթ, այնինչ այս ամենը, վարակի նման տարածվելով, վերածվում է համընդհանուր խելագարության: Հնարավոր չէ ապահովել բոլորի ազատությունը, ինչ-որ մեկի իրավունքը անպայման կոտնահարվի համընդհանուր հրմշտոցում, ինչ-որ մեկի ձայնը կխլանա, խոսքը կլռեցվի բազմաբարբառ Բաբելոնում: Այս ամենը հենց այդպես էլ է՛ ու հաստատ ձեռնտու է ոմանց: Եւ որպես կանոն, բանտվում է քրիստոնյայի՛ ազատությունը, ոտնահարվում է քրիստոնյայի՛ իրավունքը, խլացվում է աղոթող քրիստոնյայի ձայնը, անարգվում է Կենդանի Աստծո պաշտամունքը, լռեցվում է Ճշմարտության Խոսքը:

2011 թվականին ավստրիացի Նիկո Ալմը դատարանի միջոցով հասավ վարորդական իրավունքի համար փլավքամիչը գլխին լուսանկարվելու իրավունքի` հայտարարելով, որ դա իր կրոնի խորհրդանիշն է: Տվյալ պահին տղամարդը մոլորակի ամենահայտնի պաստաֆարիականն է: Սոսկալին այն է, որ մարդիկ իրենց մոլագարության մեջ ավելի նախանձախնդիր են ու մոլեռանդ, քան ամենաուղղափառ քրիստոնյան: Սպագետիի լեհ սիրահարները որոշել են պաշտպանել իրենց իրավունքները դատարանի միջոցով: Մակարոնային հրեշի` տեղի «եկեղեցու» ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են ճնշումների, սակայն մտադիր են իրենց հավատի համար ոչ մի բանի առջեւ կանգ չառնել: Սակայն հենց այդ փաստը կարող է ավելի ոգեւորել Ճշմարտության զավակներին` ավելի ամուր փարվելու իրենց հավատին:

Ալեքսանդր Ամարյանը մտահոգ է, որ դեռեւս օրենքով սահմանված չէ` ինչ է աղանդը կամ հոգեորսությունը, չունենք աղանդագետներ: Աղանդագետներ չունենք, բայց բավական է ունենալ սեփական հավատի դավանաբանությանը գիտակ մասնագետներ, քանզի լավ հաց ունենալու համար պետք է լավ ճանաչել ցորենը, ոչ թե որոմը, եթե մենք ցորեն չենք տեսել, չենք կարող որոմը որակել` որպես այդպիսին: Իսկ սնվել, այնուամենայնիվ, անհրաժեշտ է:

Մենք ունենք մասնագետներ, բայց չունենք ազգի խնդիրներով իրապես մտահոգ մասնագետներ, կամ էլ միգուցե նրանք համախմբված չե՞ն գործում: Աղանդը շահավետ բիզնես է. ստանալ ամեն ինչ` տալով ոչինչ:

Ճշմարտությունը մեկն է, հավիտենական, Նա երբեք չի բռնանում, այլ ազատում է իրեն ճանաչողներին: Նա չի ապացուցում ու չի համոզում. Նա բացահայտում է:

ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆ

Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Հոգևոր-մշակութային


14/11/2013