Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՐՈՏԱՆ՝ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔ ԼՂՀ-ՈՒՄ



Կուբաթլու անունով շրջան այլեւս գոյություն չունի

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում 2013թ. հունիսի 27-ին կատարվել է փոփոխություն, համաձայն որի Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղը դարձել է առանձին համայնք՝ ներառելով Գրհամ և Սպիտակաշեն գյուղերը: Եզնագոմեր գյուղը անվանափոխվել է Լեռնահովիտ: Ավելացել է նաև քաղաքային համայնքների թիվը՝ դառնալով 4. Կուբաթլու նախկին քաղաքը վերանվանվել է Որոտանի քաղաքային համայնք՝ Անդոկաբերդ, Բարկուշատ, Դողար և Վանանդ գյուղերով:

Պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Քաշունիք գավառի մի մասը 18-րդ դարի կեսերից հայաթափվեց և բնակեցվեց մահմեդականներով: Խորհրդային Ադրբեջանի կազմում ժամանակին այս տարածքում կազմավորվեց Կուբաթլուի շրջանը՝ համանուն շրջկենտրոնով: Նույն ժամանակաշրջանում ադրբեջանցիներին հաջողվեց ընդլայնել իրենց սահմանները՝ որոշ հատվածներում տնօրինելով Կապան-Գորիս մայրուղին: Մեր հայրենի Որոտան գետի (այս մասում կոչվում է նաև Բարկուշատ) հովիտը վերածվեց թշնամու որջի: 1993 թվականի աշնանը տարածքն ազատագրվեց:

ԼՂՀ վարչապետի՝ 2013թ. հոկտեմբերի 22-ի թիվ 452-Ա որոշմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝ Կոմիտաս Կիմի Դավթյանը նշանակվեց Որոտան քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին բնակչությանը ներկայացրեց շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:

Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն ընթերցեց որոշումները, ներկայացրեց Կ. Դավթյանի կենսագրությունը, որն ունի 22 տարվա զինվորական ստաժ, փոխգնդապետի կոչում, եղել է գնդի հրամանատար: Աշխատակազմի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը համայնքի բնակչությանը ծանոթացրեց վերաբնակեցման հետ կապված խնդիրներին: ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի Քաշաթաղի տարածքային փորձագետ Մհեր Եսայանը տեղեկացրեց, թե ինչ աջակցություն է կատարում հիմնադրամը: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը, շնորհավորելով քաղաքային համայնքի պաշտոնակատարին, հույս հայտնեց, որ միասին կարճ ժամանակում Որոտանը կշենացնեն, միաժամանակ տեղեկացրեց, որ կստեղծվեն համապատասխան հանձնաժողովներ՝ ճշտելու անելիքները:

Միջոցառմանը ներկա էին նաև շրջանի այլ կառույցների ղեկավարներ, հարևան Հայկազյան համայնքի ղեկավարը, դպրոցի տնօրենը: Որոտանից մոտ 80 աշակերտ և 10 ուսուցիչ են հաճախում Հայկազյանի՝ Հ.Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Բանակ և հասարակություն


14/11/2013