Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ` ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ



Նոյեմբերի 9-ին նշվեց ՀՀ ՊՆ Սպայի տան 20-ամյակը

Սպայի տները համարվում են մշակութային կարեւորագույն եւ անհրաժեշտ կենտրոններ, որտեղ գործում են ակումբներ, թատերական խմբակներ, երաժշտական դպրոցներ, պարի խմբեր, տարբեր մասնագիտական դասընթացներ եւ հարուստ գրադարան:

Սպայի տները գործել են դեռ ցարական ժամանակներից, լրացրել զինվորականների հոգեւոր-մշակութային դաստիարակությունը` կրթել են, լուսավորել, զարգացրել ժամանակի պահանջներին համապատասխան: Խորհրդային ժամանակահատվածում ժողկոմիսարիատները իրենց շնչով ու ոգով «վերաձեւեցին» նմանաբնույթ կառույցները: Երեւանում այն գործում էր որպես ԽՍՀՄ ԶՈւ 7-րդ բանակի կայազորի Սպայի տուն: ԽՍՀՄ փլուզումից հետո որոշ վայրերում այս կառույցները դադարեցրին գործունեությունը, իսկ որոշ հանրապետություններում, ընդհակառակը` հարմարվելով ժամանակի պահանջներին` նպատակային աշխատանք ծավալեցին: Երեւանում եւս այն շարունակեց գործել` 1993թ նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով դառնալով ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի Սպայի տուն: Եղած լավագույն ավանդույթները դրվեցին ազգային հենքի վրա. մշակույթի, արվեստի միջոցով զինծառայողների մեջ հոգեւոր ու բարոյական որակների դաստիարակում, հայրենիքի, ինչպես նաեւ հայ ժողովրդի պատմության եւ զինված ուժերի հանդեպ հպարտության զգացումի սերմանում եւ ամրապնդում, բարոյահոգեբանական եւ ռազմամասնագիտական պատրաստականության ձեւավորում եւ այլն, եւ այլն:

Եվ ահա ՀՀ ՊՆ Երեւանի Սպայի տան 20- ամյակին էր նվիրված նոյեմբերի 9-ին կայացած միջոցառումը, որին ներկա էին զինվորականներ, ԵԿՄ անդամներ, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սպայի տունն իր 20- ամյա գործունեության ընթացքում ոչ միայն հայ զինվորականներին եւ նրանց ընտանիքների անդամներին է ծառայել. այստեղ գործող բազմաթիվ խմբակներում, դասընթացներում սովորել- ուսանել են, մասնագիտություն են ձեռք բերել շատերը (ի դեպ, խմբակներն անվճար հիմունքներով են մշտապես գործել զինծառայողների եւ ազատամարտիկների երեխաների համար):

1990-ականների դժվար տարիներին անգամ այստեղ կյանքը միշտ էլ եռացել է, աշխույժ մթնոլորտ է տիրել. որքա՜ն զինվորական հանդիսավոր միջոցառումներ են այստեղ կայացել, ո՞վ չի հմայվել-գերվել Սպայի տան «Զորական» համույթի (գեղ. ղեկավար Արամ Գալստյան) հրաշք ու անզուգական երգերով, «Սարդարապատ» պարային համույթի (գեղ. ղեկավար Մուրադ Հակոբյան) խրոխտ կատարումներով: Սպայի տանը գործող համույթները հասել են մեր հանրապետության եւ Արցախի ամենահեռավոր զորավայրերը եւ իրենց հզոր կատարումներով է՛լ ավելի զորեղացրել հայ զինվորների մարտական ոգին, այցելել են սահմանի բերանին ծվարած ամենախուլ գյուղերը ու դպրոցի, ակումբի մեծ ու փոքր բեմերում թնդացրել են մեր զինվորական երգն ու պարը: Հայաստան ժամանած տարբեր երկրների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների, օտարազգի հյուրերի պատվին «Զորական» երգի եւ «Սարդարապատ» պարային համույթների կողմից կատարվել են այդ երկրների զինվորական քայլերգերը, նրանց երգն ու պարը: Գործիքավորվել ու ձայնագրվել են բազմաթիվ երգեր ու պարեր… Մի հոդվածի շրջանակում իհարկե դժվար է ամբողջացնել Սպայի տան ունեցած հաջողությունները, կատարած գործերը…

Ողջույնի խոսքով հանդես է գալիս Սպայի տան պետ, գնդապետ Գուրգեն Խաչատրյանը. «Այս 20 տարիների ընթացքում ՀՀ ՊՆ Սպայի տունը, իր կազմում ունենալով բազմաթիվ արվեստի խմբակներ, նպաստել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների հանգստի նպատակային կազմակերպմանը, բարոյահոգեբանական եւ գեղագիտական դաստիարակության գործընթացին: Մեր համույթները մասնակցել են բազմաթիվ միջազգային մրցույթների` արժանանալով ամենաբարձր տիտղոսների… Վերջին տարիների ընթացքում, համապատասխան շենքային պայմաններ (Սպայի տունը ներկայումս գործում է Մոսկովյան 5 հասցեում) չունենալով հանդերձ, մեր զինվորները շարունակեցին իրենց ավագ ընկերների` Համլետ Գեւորգյանի, Հովհաննես Այվազյանի, Գեւորգ Հակոբյանի, Արման Մանուկյանի կողմից ստեղծված ավանդույթները: ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում տեղի ունեցած «Վիվատ, Պոբեդա» ամենամյա զինվորական երգի միջազգային մրցույթ- փառատոններին իրենց գերազանց մասնակցությունն են ունեցել եւ հաղթանակներ բերել «Զորական» համույթի մենակատարներ` Արման Նիկոլյանը, Աբգար Սարգսյանը, Վիլեն Հովսեփյանը, Արման Լազարյանը, Կարո Խաչատրյանը, Արթուր Կարապետյանը, Մարտին Ադամյանը, Արամ Հովեյանը, Սեդրակ Պապյանը, Վիգեն Ահարոնյանը, Տիգրան Մելքոնյանը: Բոլոր տղաները արժանացել են մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչման, նրանցից Վիլեն Հովսեփյանը, Արման Լազարյանը, Կարո Խաչատրյանը, Արթուր Կարապետյանը եւ Մարտին Ադամյանը` 2011թ. գրան-պրի մրցանակին արժանանալու համար Հայաստանի պաշտպանության նախարարի կողմից խրախուսվել են «Վազգեն Սարգսյան» մեդալով, իսկ զորամասերի հրամանատարների կողմից՝ պատվոգրերով: Այսօր էլ ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի Սպայի տան փոքրաթիվ անձնակազմը, պահպանելով ավանդույթները, փորձում է շարունակել իր գործունեությունը,-հպարտությամբ նշում է գնդապետ Խաչատրյանը եւ միաժամանակ հավելում:- Ցանկալի է` 2008 թվականին ներկայացված եւ Հայաստանի Հանրապետության նախագահի հավանությանն արժանացած «Սպայի տան» կառուցման նախագիծը կյանքի կոչվեր եւ վերջապես իրականացած տեսնեինք բոլորիս բաղձալի երազանքը՝ ունենալ քաղաքամայր Երեւանում զինվորական մշակութային կենտրոն»:

….Փոքրիկ բեմից հնչում են Սպայի տան գործող համույթների նախկին ու ներկա սաների գեղեցիկ կատարումներ:

Միջոցառման ընթացքում ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության կողմից հանձնվում են պատվոգրեր Սպայի տան անձնակազմին։ Սպայի տան պետ գնդապետ Գուրգեն Խաչատրյանն էլ ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի Սպայի տան հոբելյանական 20-ամյա տարեդարձի կապակցությամբ, անձնակազմի տարիների վաստակը գնահատելու, անձնակազմին եւ այս տարիների ընթացքում Սպայի տան հետ սերտ համագործակցած կառույցներին, հասարակական կազմակերպություններին եւ անհատներին շնորհակալագրեր է հանձում: Գերատեսչական մեդալի է արժանանում «Զորական» համույթի գեղարվեստական ղեկավար Արամ Գալստյանը:

Տոնական շունչն ու տրամադրությունը թեւածում են դահլիճում: Իսկ բարեմաղթանքները դեռ շարունակվում են..

Միքայել Գրիգորյան, գեներալ-լեյտենանտ- Սպայի տունը ստեղծվեց շատ կարեւոր եւ ճիշտ ժամանակ: Սպայի տան երգիչներն ու պարողները գնացին-հասան խրամատ, իրենց երգ ու պարով ոգեշնչեցին հայ զինվորին: Ինքս շատ ուրախ եմ, որ ինչ-որ չափով ես էլ եմ օգտակար եղել, բոլորիս շնորհավորում եմ, մաղթում հաջողություններ:

Արամ Սաթյան, Կոմպոզիտորների միության նախագահ -Շնորհավորում եմ, մաղթում հետագա հաջողություններ: Սպայի տունն իրապես մեծ աշխատանք է կատարել: Վստահ եմ, որ ստեղծագործական միությունների հետ սերտ կապը մշտապես կշարունակվի, եւ արդյունավետ համագործակցություն եմ ակնկալում:

Մարգարիտա Խաչատրյան, «Զինվոր Հայրենյաց» համակարգող խորհրդի նախագահ-Մաղթում եմ նորանոր բարձունքներ: «Զորական» եւ «Սարդարապատ» համույթների հետ միասին հաճախ ենք եղել առաջին գծում: Թող Սպայի տունը բազմաթիվ հոբելյաններ նշի, ու միասին շրջենք մեր բոլոր զորամասերում ու միայն խաղաղ պայմաններում:

Գոհար Արմենակյան, «Զինվորի պաշտպան» ՀԿ նախագահ -Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր սպա իմանա՝ Երեւանի սրտում ունի իր տունը եւ վստահ մտնի այնտեղ: Կուզենայի Սպայի տունը տեսնել էլ ավելի բարվոք, ավելի հարմարավետ պայմաններում:

Մուրադ Հակոբյան, «Սարդարապատ» պարային համույթի ղեկավար-Շատ եմ ուզում, որ Սպայի տունը գործի իր շենքի մեջ, ծառայի իր բուն նպատակին, որ կարողանա էլ ավելի լավ, հետաքրքիր ու լիարժեք միջոցառումներ կազմակերպել»:

Գյուլիզ Հակոբյան -Օգտվելով այս հրաշալի առիթից շնորհավորում եմ Սպայի տան նախկին ու ներկա անձնակազմին, բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով առնչվել ու կապված են եղել Սպայի տան հետ։ Տարիներ առաջ մենք ունեինք մի կարգախոս՝ «Սպայի տունը մեր տունն է»։ Այսօր էլ այն ինձ համար շատ արդիական է, քանի որ Սպայի տունն ինձ համար պարզապես աշխատավայր չէ, այլ հարազատ մի օջախ, այո՛, օջախ, որտեղ անցկացրել եմ իմ աշխատանքային գործունեության 20 տարիները, տարիներ՝ հագեցած աշխատանքային բուռն եռուզեռով։ Կցանկանայի, որ ընդլայնվեր Սպայի տան գործունեությունը եւ վերականգնվեին հին ու բարի ավանդույթները։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Հ.Գ. «Հայ զինվորը» նույնպես շնորհավորում է Սպայի տան անձնակազմին եւ միանում բոլոր բարեմաղթանքներին:

Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/11/2013