Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՀՔ



Պահքը կամ պասը հրաժարումն է որոշակի կերակուրից` հանուն հոգու զորացման: Աստված մարդու համար պահք սահմանեց դեռեւս դրախտում. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող եք ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ., Բ, 16): Ինչպես Բարսեղ Կեսարացին է գրում «Վասն պահոց» ճառում` «Պահքը դրախտում օրինադրվեց, եւ այն հասակակից է մարդկությանը»: Աստված պահքը տվեց առաջին մարդուն` որպես դաստիարակ, եւ քանի դեռ մարդն այն պահում էր` հավասար էր հրեշտակներին:
Համաձայն Աստվածաշնչի` պահեցողությունը մարդկային մեղավոր վիճակի գիտակցությունից բխող ցավի, տխրության, սգի ու ինքնազրկանքի շրջան է: Պահքից անբաժան են աղոթքը եւ ապաշխարանքը. «Բարի են աղոթքները` պահեցողություններով, ողորմություններով եւ արդարություններով» (Տոբիթ, ԺԲ, 8): Պահքի ընթացքում հանձնարարվում է հրաժարվել կենդանական ծագում ունեցող կերակուրներից եւ սնվել միայն բուսական կերակուրներով, բայց հատկապես` ողորմած գտնվելով, ներողամիտ լինելով, բարի գործեր կատարելով եւ մեղքից հեռու մնալով:
Նոր Կտակարանում նույնպես մեծ կարեւորություն է տրվում պահքին: «Լեռան քարոզում» Հիսուսը սովորեցնում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երեւան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լվա՛ քո երեսը, որպեսզի չերեւաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը` գաղտնաբար, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ., Զ, 16–18):
Պահքը զորացնում է հոգին` ընդդեմ մարդկային թուլությունների ու մեղքի եւ մանավանդ` անսանձ ցանկությունների: Պահքի նպատակը ապաշխարությունն է` մեղքի կապանքներից, հոգեկան ծուլությունից ազատվելու ճիգը, նորոգությունը մարդու հոգեւոր ուժերի` միշտ բարին խորհելու ու բարին գործելու: Պահքի օրերը հոգեւոր դաստիարակության ու կրթության, գործած հանցանքների, սխալների, մեղքերի քավության ու ապաշխարության ժամանակահատված են: Պահքի ընթացքում զղջումը, աղոթքն ու ապաշխարությունը պայմաններ են ստեղծում, որ պահեցողի կյանքում գործել սկսի Աստծու ապաքինող, մխիթարող ու քավող զորությունը, Աստծու օրհնությունը: «…Թեպետեւ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե. որովհետեւ մեր թեթեւ նեղության առժամանակյա հաճախանքը մեր մեջ առաջ է բերում հավիտենական փառք, որ գերազանցում է ամեն ինչ» (Բ Կորնթ., Դ, 16–17):
Զուտ առողջապահության տեսակետից` պահքի ընթացքում կենդանական սնունդից, ճարպային ուտելիքներից հրաժարումը մարդկային օրգանիզմի համար ոչ միայն օգտակար, այլ նաեւ որոշ հիվանդությունների դեպքում կանխարգելող ու բուժիչ նշանակություն ունեն: Այսպիսով, պահքի օրեր սահմանելով` Եկեղեցին հոգում է իր հավատացյալի նախ եւ առաջ` հոգեւոր, բայց նաեւ` մարմնական առողջության մասին:
Հայ եկեղեցու օրացույցում տարվա 158 օրերը պահքի օրեր են, որոնցից 48-ը Մեծ պահքինն են, մնացած օրերը հավասարապես կիսվում են 11 շաբաթապահքերի եւ չորեքշաբթի ու ուրբաթ օրերի պահքերի միջեւ: Հայ եկեղեցում պահքի օրերը կարելի է ներկայացնել որպես` օրական պահք, շաբաթապահք, նավակատիքի պահք, Առաջավորաց պահք եւ Քառասնօրյա կամ Մեծ պահք:
ՕՐԱԿԱՆ ՊԱՀՔ սահմանված է յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը` ըստ առաքելական կանոնների: Չորեքշաբթի` ի հիշատակ Քրիստոսի մատնության, ուրբաթ` ի հիշատակ Նրա չարչարանքների: Բացառություն են Զատկից մինչեւ Համբարձում եղած չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը: Քրիստոնեության վաղ շրջանում Ս. Ծննդյան տոնի համար, ինչպես այժմ Ս. Հարության տոնի պարագայում է, սահմանված էր պահքի երկարատեւ շրջան, որը տեւում էր 50 օր, կոչվում էր ՀԻՍՆԱԿ եւ սկսվում էր Ս. Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Այժմ 50-օրյա այդ շրջանը բաժանված է երեք ՇԱԲԱԹԱՊԱՀՔԵՐԻ` երկու շաբաթների ընդմիջումներով միմյանցից առանձնացված: Շաբաթապահքերից առաջինն սկսվում է հիսնակի` Ս. Ծննդյան տոնին նախորդող 50-րդ օրվա մերձավոր երկուշաբթի օրը: Երկրորդ ու երրորդ շաբաթապահքերը նախորդում են Ս. Հակոբ Մծբնեցի հայրապետի եւ Ս. Ծննդյան տոներին: Դրանք տեւում են մեկ շաբաթ: Ս. Ծննդյան տոնի շաբաթապահքը սկսվում է դեկտեմբերի 30-ին:
ՆԱՎԱԿԱՏԻՔԻ ՊԱՀՔԵՐԸ տաղավար տոների համար սահմանված պահքերն են. Աստվածհայտնության եւ Հարության տոների ութական, Պայծառակերպության, Ս. Աստվածածնի վերափոխման եւ Խաչվերացի տոների հնգական օրերը:
ԱՌԱՋԱՎՈՐԱՑԸ Գրիգոր Լուսավորչի սահմանած առաջին պահքն է: Խոր վիրապից դուրս գալուց հետո, երբ Գրիգորը գնում է հայոց այն ժամանակվա մայրաքաղաք Վաղարշապատ, նրան ընդառաջ են գալիս հայոց Տրդատ թագավորը, արքունիքն ու ժողովուրդը: Ս. Գրիգորը 60 օր քարոզում է մարդկանց Ավետարանի Խոսքը, բացատրում Հին եւ Նոր Կտակարանների ճշմարտություններն ու ապաշխարության համար սահմանում հնգօրյա պահք: Ս. Գրիգոր Լուսավորչի սահմանած այս պահքն այսօր էլ պահպանվում է Հայ եկեղեցում եւ կոչվում է «Առաջավորաց»: Պահքը այդպես է կոչվում առաջինը կամ Մեծ պահքից առաջ լինելու համար: Առաջավորաց պահքը նաեւ Ադամի անկման խորհուրդն ունի, որովհետեւ հիշատակն է նաեւ դրախտում Աստծու կողմից սահմանված առաջին պահքի: Առաջավորաց պահքը հատուկ է միայն մեր եկեղեցուն: Այն նախորդում է Ս. Սարգիս զորավարի տոնին, որը նշվում է Առաջավորաց պահքի շաբաթ օրը եւ այդ պատճառով հաճախ շփոթվում է տոնի հետ եւ թյուրիմացաբար կոչվում Ս. Սարգսի պահք: Հայ եկեղեցու կանոնով սրբերի տոների համար պահք չի սահմանված, հետեւաբար Ս. Սարգսի տոնը չի կարող պահք ունենալ: Ինչպես եւ մյուս բոլոր պահքերի դեպքում, Առաջավորաց պահքին նախորդող կիրակի օրը բարեկենդան է: Առաջավորաց պահքը սկսվում է Բուն բարեկենդանի կիրակիից` 3 եւ Զատկից 10 շաբաթ առաջ հանդիպած կիրակիի հաջորդ երկուշաբթի օրը եւ տեւում է հինգ օր:
ՄԵԾ ՊԱՀՔԸ հիշատակությունն է մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի` անապատում քառասնօրյա ծոմապահության եւ տեւում է Բուն բարեկենդանից մինչեւ Զատիկ:

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ

Խորագիր՝ #09 (874) 09.03.2011 - 16.03.2011, Թերթ, Հոգևոր-մշակութային


17/03/2011