ՆԱԽՆԻՆԵՐԻ ՀՈՂԸ ԿԱՆՉՈՒՄ Է
«Հայ զինվորը» սկսում է ներկայացնել հարցազրույցներ ՊՆ այն աշխատակիցների հետ, ովքեր ցեղասպանությունը վերապրողների սերունդ են: Շարքը սկսում ենք ՀՀ ՊՆ բուժկետի բժշկուհի ՎԱՐԴՈՒՀԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ և նրա քրոջ` ՌԴ Ժուռնալիստների միության անդամ ՄԱՐԻԿԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ հարցազրույցով:
– Դուք վերապրողների սերունդ եք: Այդպիսի ընտանիքներում միշտ էլ խոսվել է եղեռնի, փրկության, հայերի պայքարի մասին: Իսկ ձեզ ի՞նչ են պատմել ձեր պապերը:
Մ.Մ.- Այո, մեր տանը միշտ խոսվել է եղեռնի, հայերի ազատագրական պայքարի մասին: Եվ այդ պատմություններից մեջս մեծ կարոտ է առաջացել մեր իսկական հայրենիքի նկատմամբ: Մերոնք Իգդիրից են եղել: Ես պապիս չեմ տեսել: Այդ կարոտն ինձ ներշնչել է իմ պապի եղբայրը` Մադաթ Տեր-Ղազարյանցը: Դա մեր իսկական ազգանունն է: 1917թ. հեղափոխությունից հետո խնդիրներ չունենալու նպատակով (դե, պիտի պատասխան տաս ազնվական ազգանվանդ համար, կուլակաթափությունն էր ընթացքի մեջ) պապիս եղբայրը վերցնում է իրենց հոր անունը և դարձնում ազգանուն: Այսպիսով մենք դարձանք Մկրտչյան: Իմ հայրը ծնվել է 1921-ին, բայց իրենից առաջ նա քույրեր ու եղբայրներ է ունեցել, որոնք ցեղասպանությունից չեն փրկվել: Մերոնք մի քանի անգամ եկել են Արևելյան Հայաստան, հետո, երբ այնտեղ խաղաղվել է, նորից վերադարձել են Իգդիր:
Վ.Մ.- Վերադարձած են լինում Իգդիր, մեկ էլ թուրք հարևանները լուր են բերում, թե` շո՛ւտ արեք, փախե՛ք, թուրքի զորքը գալիս է: Այդ ժամանակ ով ինչ կարողանում է, վերցնում են, չեն նայում` իր երեխան է, թե հարևանինը, լցնում են սայլերն ու փախչում: Մերոնք ֆայտոններ են ունեցել, որոնք իրերը տեղափոխելու համար տրամադրել են հայերին: Նրանց մեծ մասը եկել է Արևելյան Հայաստան: Սակայն եղբայրներից մեկը գնում է Իրան: Դե, խորհրդային ժամանակներ էին, մերոնք նրա մասին չէին խոսում, վախենում էին:
Մ.Մ.- Ես Մադաթ պապի հետ շատ մոտ եմ եղել, նրա հետ շատ եմ զրուցել, և նա միշտ ինձ հավատացրել է, որ մի օր մենք պետք է գնանք Իգդիր:
Վ.Մ.- Այսպիսի մի դեպք պատմեմ: Մի օր մեր մայրը տուն է գալիս ու Մարիկային չի գտնում: Ավելի ուշ նրան հայտնաբերում է պապի տանը եւ տեսնում է, որ այդ մի մատ երեխան հազիվհազ մի ինչ-որ մեծ ճամպրուկ է քարշ տալիս: Հարցնում է` ի՞նչ ես անում, արի տուն գնանք: Ասում է` չեմ գալիս, շորերս եմ բերել, որ պապի հետ գնանք Իգդիր:
Մ.Մ.- Մերոնք Իգդիրում արտադրություն են ունեցել, ռեստորաններ: Պապս ինձ մի անգամ պատմեց, որ թթի ծառերի տակ երկու կճուճ ոսկի է թաղել: Ու ես համոզված էի, որ մի օր պիտի գնամ ու դրանք գտնեմ:
Մադաթ պապս շատ կապված էր մեզ հետ: Բանն այն է, որ եղեռնի ժամանակ նա կորցրել էր իր բոլոր եղբայրներին, ուստի իր տանիքի տակ էր հավաքել նրանց բոլորի երեխաներին և իր հարազատ երեխաների հետ միասին պահում էր` առանց ջոկողություն դնելու: Նա պահել-մեծացրել է նաև իր խորթ հոր երեխաներին: Ցավոք, ինքը տղա չուներ: Իմ հորը նա շատ էր սիրում, որովհետև վերջինս նրա հարազատ եղբոր` Իգնատի տղան էր: Մենք նրա հետ շատ մտերիմ էինք, մեր ընտանիքում էլ տղա չծնվեց, մենք էլ երեք քույր ենք, և այդպես էլ նրա ազգանունը շարունակող չեղավ: Մադաթ պապս 27 երեխա է պահել և ինձ վերաբերվել է որպես իր որդու:
Վ.Մ.- Շատ էր ափսոսում, որ տղա չուներ: Մտահոգված ասում էր` «ես սալդաթ չունեմ»: Այդ մարդը ապրեց սպասելով, որ մի օր Իգդիր կվերադառնա: Նա ապրեց 90 տարի, եւ նրա բոլոր մտքերը, զգացմունքները, ամեն ինչ կապված էին Իգդիրի հետ: Անընդհատ մտածում էր` այ, հիմա այգուս ծառերը ծաղկել են, տանիքը վաղուց չի սարքվել, հաստատ կաթում է: Ուշքն ու միտքը այնտեղ էր:
Մ.Մ.- Մադաթ պապը նաև Դրոյի խմբում է կռվել, իսկ իմ պապը կռվել է ռուսական զորքի կազմում, հետո նա էլ է միացել Դրոյին: Իսկ հորս մոր քեռին` Ալեքը, եղել է Դրոյի խորհրդատուն: Այս ամենը ես պատառիկներով եմ հիշում: Ցավոք, ի մի բերված պատմություն չունենք: Ափսոս, նա մեզ հայերի պայքարից ոչինչ չէր պատմում սկզբունքորեն: Գալիս էր նրա իգդիրցի ընկերը, եւ նրանք փակվում էին սենյակում ու ժամերով խոսում: Միայն մի դրվագ պատմեմ: Ինստիտուտում զինվորական պատրաստության դասի ժամանակ մեր զինղեկ գնդապետն ինձ հարցրեց` ծնողներդ որտեղացի՞ են: Ասացի` մայրս Լենինականից է, հայրս` Իգդիրից: «Ա՛, մեծախոս լենինականցի-մաուզերիստ իգդիրեցի»: Ուզում եմ ասել, որ իգդիրցիները շատ ռազմատենչ են եղել:
Մեր ընտանիքը շատ մեծ է եղել, ունեցել ենք Մաին տատ, նրա անունով են ինձ կոչել Մարիկա: Մաին տատը ամուսնացած էր Մկրտչի հետ: Ծնվում են իմ պապը` Իգնատը և նրա եղբայրը` Մադաթը: Ամուսինը մահանում է, նա երկրորդ անգամ է ամուսնանում մի մարդու հետ, որը որդի և երկու դուստր ուներ: Խմբակային այս լուսանկարի վրա զինվորական համազգեստով Իգնատն ու Մադաթն են, կենտրոնում էլ Մաին տատն է իր երկրորդ ամուսնու և նրա երեխաների հետ: Իսկ այս երկու երեխաները չգիտենք, թե ովքեր են: Հավանաբար նրանց վերցրել ու որոշ ժամանակ պահել են:
Փաստորեն տանը արդեն հինգ երեխա կար, իսկ նրանց միությունից էլ չորս երեխա է ծնվում: Եվ այս ձևով էլ թուրքերից մազապուրծ եղած հայերը կարողացել են վերածնվել փյունիկի նման ու շարունակել հայ ազգը: Արագ ընտանիք են կազմել, որպեսզի չոչնչանան: Դա եղել է մեր ժողովրդի ենթագիտակցության մեջ, այսպես վերապրելու գենը փոխանցվել է: Սա մեր տունն է՝ Մադաթ պապի, մեր ծնողների սարքած տունը, սա մեր մասունքն է, որը պետք է պահպանվի: Իգդիրը չեմ տեսել, բայց Մադաթ պապի պատմածներն այնպես են իմ մեջ տպավորվել, որ այդ հողի կանչն ինձ խեղդում է: Կանչում է ինձ այդ հողը, ես պետք է անպայման գնամ: Այնքան մոտ է, Հայաստանի սահմանից Իգդիրը ընդամենը 40կմ է հեռու:
– Այդ պատմությունները հոգեբանական ի՞նչ հետք են թողել ձեզ վրա:
Մ.Մ.- Այդ ամենն իմ արյան մեջ է: Ես նույնն եմ զգում, ինչ որ իրենք են զգացել` կարոտ: Ես Մոսկվայում եմ բնակվում, ամեն ինչ ունեմ` աշխատանք, դիրք, բնակարան, սակայն… Մենք պանդուխտ ենք: Ախ, երբ կգա այն ժամանակը, երբ բոլոր պանդուխտները կվերադառնան իրենց տները: Զգացածս ասեմ իմ գրած քառատողով.
Օտար ափերը խորթ են ու սառը,
Սակայն տունդարձի ճամփա ես չունեմ:
Ա՛խ, ո՞վ անիծեց ճակատագիրն իմ հայի`
Դարձնելով պանդուխտ օտար ափերում:
Ես ցանկանում եմ Մոսկվայի հայերի համար ուխտագնացություն կազմակերպել դեպի մեր պապերի հողերը: Ես պարզապես ցանկանում եմ քայլել Իգդիրի հողի վրայով, որի ներկայիս լուսանկարները նայելով տեսնում եմ, որ այն այսօր տիպիկ գավառական քաղաք է դարձել, փլատակներ չկան եւ հիմնականում քրդեր են ապրում: Ցանկանում եմ գնալ ու գտնել այն ծառուղին, որի կողքին ապրել են իմ նախնիները…
Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Հոգևոր-մշակութային