Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋՆԱԳԾԻ ԱՆՆԿՈՒՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ



Պաշտպանական շրջանի հրամկազմում կադրային փոփոխություններ են կատարվել: Հրամանատար է նշանակվել գնդապետ Է. Ասրյանը: Մասնագիտական հարուստ գիտելիքներով զինված, սեփական անձի ու ենթակա անձնակազմի նկատմամբ չափազանց պահանջկոտ, կիրթ ու հոգատար մի անձնավորություն, որի հետ դժվարությունները բավական հեշտ են հաղթահարվում: Խոսքիցս չպետք է ենթադրել, թե նախորդ հրամանատարը ինչ-ինչ թերացումներ է ունեցել. ընդհակառակը՝ շատ լավ է աշխատել, և նրան այստեղ բարի խոսքերով են հիշում, ու այժմ էլ նշանակվել է մեկ այլ պատասխանատու ծառայության:

Գնդապետ Ասրյանին հանդիպեցինք պաշտպանական շրջանի բազմաթիվ հենակետերից մեկում` շարունակվող ինժեներական աշխատանքներին հետևելիս: Երբ փորձեցինք իմանալ, թե ինչպիսին են նշանակումից ի վեր զորամասից ստացած տպավորությունները, նա առանց ձևականության ասաց.

-Պաշտպանական բանակի լավագույն զորամասերից է, որտեղ առաջադրանքներն ամբողջությամբ կատարվում են, անձնակազմը համախմբված է, և կարծում եմ՝ չեմ սխալվել, որ ընդունել եմ զորամասի հրամանատարությունն ստանձնելու առաջարկը:

ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՕՐԸ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Պաշտպանական այս շրջանում ստորաբաժանման հրամանատար ավագ լեյտենանտ Զ. Գևորգյանի ղեկավարությամբ հետախույզները ցուցադրեցին դրվագներ մարտավարամասնագիտական պարապմունքներից` դարանակալում, գրավում-գերեվարում-ոչնչացում, ձեռնամարտ՝ տարբեր զենքերով և այլն:

Տոնի առիթով եղան պարգևատրումներ միավորման հրամանատար գնդապետ Մ. Արզումանյանի և հրամանատար գնդապետ Է. Ասրյանի հանձնմամբ: Պատվոգրերով խրախուսվեցին շարքայիններ Հ.Թանդիլյանը, Մ.Բադալյանը, շնորհակալագրերով` շարքայիններ Գ.Պիլիյանը, Ա.Սաֆարյանը, ստորաբաժանման հրամանատար ավագ լեյտենանտ Զ.Գևորգյանը, արձակուրդով` շարքային Կ.Պռազյանը, արժեքավոր նվերով` շարքային Վ.Ղարիբյանը:

ՄԵԴԱԼԱԿԻՐ ԶԻՆՎՈՐԸ

Հետախուզական ստորաբաժանումում է ծառայում շարքային Արմեն Շախկյանը: Ամիսներ առաջ հակառակորդի դիպուկահարների գործողություններին հակազդելու համար Ա. Շախկյանը պարգևատրվեց գերատեսչական մեդալով: Նույնպիսի սխրանք էր գործել և նույն մեդալով պարգևատրվել Շախկյանի զինակից շարքային Ա. Ղազարյանը: Նույնիսկ պատերազմի բովով անցած մարդկանց համար է դժվար ընդամենը կես ժամվա ընթացքում նման արդյունք գրանցել: Թե ինչպես է եղել, պարզաբանեց հենց ինքը.

-Ես գիտեմ, որ ոչ միայն մեր, այլ նաև մյուս սահմանային զորամասերում հրամանատարությունը չի խրախուսում, ավելին՝ արգելում է կրակել նույնիսկ տեսանելի հակառակորդի ուղղությամբ: Սակայն նրանց դիպուկահարները շատ են չափն անցնում, եւ մեր հրամանատարները երբեմն-երբեմն ասում են` «պատժեք դրանց»: Նրանք դիրքավորվել էին, որ մեզ խփեն, և կխփեին, եթե մենք հապաղեինք:

-Կրակելուց առաջ ի՞նչ զգացողություն ունեցար:

-Երբ գիտակցում ես, որ կրակելու ես ոչ թե սովորական մարդու, քաղաքացու, այլ թշնամուդ վրա, որը պատրաստվում է սպանել քեզ կամ ընկերոջդ, դառնում ես ավելի վճռական, մեջդ ինքնապաշտպանության բնազդն է արթնանում: Այդ պահին մտածում ես՝ էլ ինչի՞ համար են քեզ հետ այդքան պարապում, մարզում, սովորեցնում…

-Արմեն, եթե ձեր փոխարեն լինեին վաշտի ուրիշ զինվորներ, ի՞նչ ես կարծում, էլի նույն հաջողությունը կունենայի՞ն:

-Վստահ եմ` մերոնցից ով էլ լիներ, չէր վրիպելու, որովհետև բոլորն էլ լավ են կրակում, կան նաև մեզնից ավելի լավ կրակողներ:

-Իսկ դու որտե՞ղ ես սովորել կրակել:

-Ես մեր վաշտի բոլոր զինվորների պես զորակոչվել եմ ու զինվորական մասնագիտության բոլոր գաղտնիքներին, նրբություններին տիրապետել եմ այստեղ՝ մեր սպաների, ավագ ընկերների օգնությամբ:

-Ի՞նչ նպատակներ, ծրագրեր ունեք:

-Շատ շուտով զորացրվելու ենք. կգնանք, կհանգստանանք, հետո էլ կտեսնենք, թե ինչով ենք զբաղվելու:

-Արմեն, մեկ հարց ևս. տեսնում եմ՝ թե՛ որպես զինվոր, թե՛ որպես մարդ շատ ինքնավստահ ես, լիովին տիրապետում ես քեզ. երբ նախարարը հանձնում էր մեդալը, ի՞նչ էիր զգում:

-Այդ պահին շատ հուզված էի, մտածում էի՝ որքան կարևոր է զինվորական ծառայությունը, յուրաքանչյուրի ծառայությունը, նաև մտաբերել էի ծնողներիս, որոնք ինձնով հպարտանալու առիթ ունեին:

– Շուտով զորացրվելու ես, և երիտասարդ տղաները գալու են համալրելու ձեր վաշտը, զորամասը: Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց:

-Նախ՝ բոլորին կմաղթեմ բարի, անփորձանք ծառայություն ու կասեմ` տղերք, եղեք հոգով արի, լսեք հրամանատարներին ու քրտնաջան աշխատեք, անթերի կատարեք բոլոր առաջադրանքները, և ծառայությունը դժվար չի թվա…:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
Կապիտան

Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


14/11/2013