Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՌԱՏՈՆ` ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՈՒՄ



Նոյեմբերի 5-ը ՀՀ զինված ուժերում Հետախույզի օրն է: Անշուշտ, հետախույզի մասնագիտությունն ամենակարևոր, ամենադժվար և ամենապատասխանատու ծառայություններից է: Այդ օրը զինված ուժերի հետախուզական բոլոր ստորաբաժանումներում առանձնակի շուքով նշվեց մասնագիտական տոնը: Սակայն 2-րդ բանակային զորամիավորման հետախուզական ստորաբաժանումում եռատոն էր: Այդ օրը նաև անցկացվեց հրամանատարի «Պատիվ ունեմ ներկայանալու» միջոցառումը, և նշվեց ստորաբաժանման կազմավորման 13-ամյակը:

Նախ` ծնողները, Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի սաներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները շրջեցին տարածքում, ծանոթացան իրենց զինվոր զավակների բանակային առօրյային ու կենցաղին: Այնուհետև սկսվեց «Պատիվ ունեմ ներկայանալու» միջոցառումը, որի ժամանակ ստորաբաժանման հրամանատար փոխգնդապետ Սամվել Մովսիսյանը ներկայացրեց իր կենսագրությունն ու անցած զինվորական ուղին, իր հրամանատարությամբ գործող ստորաբաժանման մարտական խնդիրներն ու առաջադրանքները:

Միջոցառման ավարտին ստորաբաժանման անձնակազմը ցուցադրեց իր մարտավարամասնագիտական պատրաստվածությունն ու գիտելիքները: Դպրոցականներին նաև հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու հետախուզական հատուկ սպառազինությանն ու պարագաներին:

Եռատոնի կապակցությամբ անձնակազմին ողջույնի խոսք էր հղել 2-րդ բանակային զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը: Շնորհավորական խոսք ասաց նաև զորամիավորման շտաբի պետ գնդապետ Արթուր Սարգսյանը. «Հետախույզի մասնագիտությունը պահանջում է խիզախություն, տոկունություն, մեծ կամքի ուժ և մեծ պատասխանատվության զգացում: Դուք պետք է մշտապես կատարելագործեք ձեր մասնագիտական գիտելիքները, անընդհատ զբաղվեք մարտական պատրաստվածությամբ և միայն այդ դեպքում ունակ կլինեք պատվով կատարելու ձեր առջև դրված մարտական խնդիրները»:

Զորամիավորման ղեկավարության հրամաններով եռատոնի կապակցությամբ խրախուսվեցին ծառայության մեջ իրենց լավագույնս դրսևորած զինծառայողները: Մի շարք սպաներ ու զինվորներ խրախուսվեցին նաև «Երիտասարդության կամք» երիտասարդական կազմակերպության շնորհակալագրով և պատվոգրով: Կազմակերպության անունից որպես հիշատակ անձնակազմին նվիրաբերվեցին կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Միացում» և օպերատոր Արթուր Դանիելյանի «Կանթեղ» հեղինակային փաստավավերագրական ֆիլմերը:

Եռատոնը եզրափակվեց տոնական շքերթով և Մ. Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի սաների համերգային ծրագրով:

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուս.` ՍՐԱՊԻՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Բանակ և հասարակություն


14/11/2013