Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԴՈՒՐՍ, ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԶԱՏ ԲՈԼՈՐ ԴՐԱԽՏՆԵՐԸ ԽԱԲՈՒՍԻԿ ԵՆ»



Նոյեմբերի 9-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տոնական հանդիսություն էր. պաշտպանության նախարարի հրավերով հանրապետության տարբեր կրթօջախների բազմաթիվ ուսանողներ, երիտասարդական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եկել էին պաշտպանության նախարարություն` միասին տոնելու Երիտասարդության համաշխարհային օրը։ Օրվա հերոսները երիտասարդներն էին, նրանց ելույթներն էլ ամբողջացրին օրվա խորհուրդը։ «Երիտասարդական համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Մելքոնյանը խոսեց ժամանակի մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտության մասին և նշեց, որ ավագ սերնդի հաղթանակները պահպանելու և նոր բարձունքներ նվաճելու համար պետք է ունենալ ազգային խնդիրների շուրջ համախմբված, գաղափարակիր, հավաք ու համերաշխ երիտասարդություն. «Պիտի մեկտեղենք մեր ուժը հակառակորդի դեմ, իսկ երկրի ներսում առկա արատավոր երևույթները վերացնենք նախանձախնդիր համառությամբ»։

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանի բնութագրմամբ՝ հայրենասիրությունը տիրոջ կեցվածք է, գործ է, երկրի ներկայի ու ապագայի համար պատասխանատվություն կրելու քաջություն է։ Նա մեկ անգամ ևս հիշեցրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքը՝ մի քիչ հույս ու հավատ՝ և 21-րդ դարը մերն է լինելու, չմոռանալով նշել, որ հույսն ու հավատը պետք է երաշխավորվեն տքնանքով ու երկրի վաղվա օրը կառուցելու անձնվեր ջանքով։ «Երիտասարդական հիմնադրամի» ծրագրերի համակարգող Արուսյակ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարին արդյունավետ համագործակցության համար։ Եվ հույս հայտնեց, որ երիտասարդությունը այսուհետ ավելի մեծ նվիրվածությամբ ու եռանդով կհամախմբվի համապետական և ազգաշահ ծրագրերի շուրջ ու կգործի ի շահ երկրի բարօրության, ի շահ բանակի հզորության և ի շահ պաշտպանված ու հզոր Հայաստանի։

Շատ հուզիչ էր «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Հռիփսիմե Մարգարյանի ելույթը։ Նա օրվա խրհուրդը իմաստավորեց հանուն Արցախի իրենց կյանքը զոհաբերած ուսանող ազատամարտիկների հիշատակի ոգեկոչությամբ։ Նա հավաստիացրեց, որ այսօրվա երիտասարդությունը Արցախյան պատերազմի հերոսների հոգեզավակներն են, և որ նրանք պատրաստ են շարունակելու իրենց հայրերի սրբազան գործը և խաղաղ, ուժեղ ու ապահով հայրենիք կտակելու գալիք սերունդներին։

Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտորի օգնական Հռիփսիմե Մարգարյանը իր խոսքում կոչ արեց պայքարել հակաբանակային դրսեւորումների դեմ։

«Սփյուռքահայ ուսանողների խորհրդի» նախագահ Սամվել Մկոյանը հայրենիքին սատարելու` համայն աշխարհի հայ երիտասարդությանն ուղղված իր կոչը ավարտեց հանրահայտ խոսքով. «Հայրենիքից դուրս, հայրենիքից զատ բոլոր դրախտները խաբուսիկ են»։

Վերջին ելույթը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն էր։ Նա մեծապես կարևորեց երիտասարդության դերը հայրենասիրության ու բանակաշինության գործում։ Փաստեց, որ խաղաղ ժամանակների հայրենասիրությունը նույնքան կարևոր է, որքան պատերազմական ժամանակների սխրանքները, ու մեր վաղվա օրը պայմանավորեց ոգեղեն ու առաքինի սերունդ դաստիարակելու հրամայականով։ Նախարարի բնութագրմամբ՝ բանիմաց ու գիտակից, բազմակողմանի գիտելիքներով հզոր երիտասարդությունն անհաղթելի է յուրաքանչյուր երկրում։ «Բանակը մեր ամրոցն է, մեր տունը, ու մենք մեր տանը պիտի ապրենք մեր օրենքներով»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ օրենքի առաջ հավասարության, բարոյականության, խղճի, բարության, կարեկցանքի Օրենքը պիտի անվերապահորեն գործի «մեր ամրոց-բանակի» բոլոր կառույցներում։ Ու մենք պիտի ազգովի պայքարենք մեր հասարակության նկարագիրը խաթարող հոռի բարքերի դեմ, ազգովի մերժենք բռնությունը, կոպտությունը, դաժանությունը. անտարբերությունը։

Ցերեկույթի վերջում պաշտպանության նախարարը մեդալներով, պատվոգրերով ու թանկարժեք նվերներով պարգևատրեց եւ խրախուսեց հայրենասիրական դաստիարակության գործում աչքի ընկած, բանակի խնդիրներով մտահոգ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող բազմաթիվ երիտասարդների։

Ցերեկույթը եզրափակվեց տոնական համերգային ծրագրով։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #45 (1012) 14.11.2013 – 20.11.2013, Բանակ և հասարակություն


14/11/2013