ՄԱՂԱՆՋՈՒՂ ԳԱՎԱՌԻ ՄԱԶՐԱ ԳՅՈՒՂԸ
Այսօր (09.11.2013թ.) աշունն ավելի էր իր իրավունքների մեջ: Առավոտից մանր անձրև էր մաղում, իսկ մառախուղը պատել էր անտառ ու ձոր: Այնուամենայնիվ արդեն որոշված էր՝ պետք է հասնեինք Որոտանի աջափնյա լանջերին թառած Մազրա գյուղատեղի: Այստեղ բավականին լավ վիճակում պահպանվել է 17-րդ դարի բազիլիկ հայոց եկեղեցին: Ճանապարհվում ենք Գորիսով՝ դեպի Կապան ձգվող մայրուղիով: Թասի կեռմաններն իջնելով՝ հասնում ենք Որոտան գետին ու համանուն գյուղին, որը, մինչև տարածքի ազատագրումը, գտնվում էր Ադրբեջանի Կուբաթլուի շրջանի սահմանի մոտ: Սկսվում է վերելքը: Աշնանային բազմազան գույները, մառախլապատ անձրևային երկինքը, «Որոտան» ՀԷԿ իջնող ջրվեժը մի անասելի գեղեցկություն էին ստեղծել:
Վերջապես հասնում ենք կեռմանների վերջին ոլորանին, որտեղից թեքվում ենք ձախ ու առաջանում արդեն դաշտամիջյան ցեխապատ ճանապարհով: Արցախի հանրային հեռուստատեսության «Նիվա» մեքենայի վարորդ Արվիդ Միրզոյանը վստահորեն է վարում մեքենան և արդեն որերորդ անգամ հաստատում իր վարպետությունը: 2-3 կմ անցնելով՝ հասնում ենք Մազրայի եկեղեցի: «Մեր երկիրը» հաղորդաշարի հեղինակ Լեռնիկ Հովհաննիսյանն ու օպերատոր Բենիամին Ղարախանյանն անցնում են նկարահանման աշխատանքներին: Մի քանի անգամ եղել եմ այստեղ, բայց նորից եմ լուսանկարում եկեղեցին դրսից ու ներսից:
Սյունիք Աշխարհի երբեմնի Մաղանջուղ գավառի Մազրա գյուղը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1300 մ բարձրության վրա՝ Որոտանի աջափնյա սարալանջին: Ժամանակին բնակելի և օժանդակ շինությունների մի մասը եղել են քարանձավային կամ քարանձավներին կից: Այն, որ գյուղն ունի դարերի պատմություն, հուշում է նույն սարալանջին՝ դեպի արևելք ձգվող դամբարանադաշտը: Իսկ միջնադարում այն եղել է շեն ու ծաղկուն բնակավայր: Այնուամենայնիվ մինչև 18-րդ դարասկիզբ գոյատևել է: Գյուղի եկեղեցին կառուցվել է 1694 թվականին: Այդ է վկայում եկեղեցու մուտքի բարավորի արձանագրությունը: Այն այսօր էլ պահպանվում է: Արցախյան գոյամարտի տարիներին ադրբեջանցիները վավերագիրը տաշել են: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը վերծանել է այն.
…ԽՈՃՈՅ/ՊԵՏՐՈՍԻՆ ԵՒ ԻՒՐ ԿՈՂԱԿԻՑՆ,
ՈՐԴՈՑՆ՝ ՅՈՎԱՆէՍԻՆ, / ԾՆՈՂԱՑՆ ՄԱԼԻՔ-
ՍԷԹԻՆ, ՄԱՐՈՒՆ, ԵՂԲԱ(Ր)ՑՆ ԱՌԱՔԷԼԻՆ,
ՄԱՐԳԱՐԻՆ… ԱԹԻ ԱՌ(Ա)ՋՆՈՐԴՆ ՅՈՀԱՆԷՍ
ԵՒ Տ(ԷՐ)Ն ԴԵՂ(ԻՍ)… ՄԱԼԻՔ ԿԱԼՈՒՍՏ, / ՎԵ-
ՐԱԿԱՑՈՒՆ՝ Տ(Է)Ր ՍԱՐԳԻՍՆ…, /ԹՎԻՆ ՌՃ Գ(1694):
Միակ մուտքը հարավային կողմից է՝ կամարակապ: Դեպի աջ՝ պատի մեջտեղում պատուհան կա: Մուտքի աջ կողմում ագուցված է եղել 14-15-րդ դարերի մի խաչքար (115x70x20 սմ): Այն դարձյալ պատերազմի տարիներին տեղահանվել է: Խաչքարի և արևելյան կողմում գտնվող կենտրոնական պատուհանի վրա նկատվում են հրազենի գնդակների հետքեր: Գերության տարիներին եկեղեցին օտարների կողմից օգտագործվել է որպես խոտի պահեստ: Ընդհանրապես Քաշաթաղի տարածքում գտնվող շատ եկեղեցիներ, որոնք օգտագործվել են որպես մարագ, պահեստ, հացի փուռ, գոմ և այլ նպատակներով, համեմատաբար լավ են պահպանվել:
Սուրբ խորանի 2 կողմերում կան ավանդատներ, որոնք ունեն փոքր պատուհաններ: Կառուցված է բազալտ քարով: Պատերի, պատուհանների ու մուտքի անկյունաքարերը, կամարները սրբատաշ են: Եկեղեցու դիմացի անտառապատ լանջին պահպանվել է հայոց հանգստարանի տեղը, որտեղով ադրբեջանցիները ճանապարհ են բացել՝ խաչքարերն ու տապանաքարերն օգտագործելով որպես սալարկ: Բազում շիրմաքարեր էլ մնացել են անտառի տակ: Այնուամենայնիվ միջնադարյան մի քանի տասնյակ շիրմաքարեր դեռ երևում են, մի քանիսն ընկած են երեսնիվայր, և պետք է մտածել դրանց և առհասարակ շիրմատան բարեկարգման մասին. սա մեր պատմությունն է, տարածքի՝ հայոց ոստանի ամենաիրական վկայագիրը:
Ճիշտ է, անձրևը շատ խանգարեց, այնուամենայնիվ կատարեցինք նկարահանման և չափագրման աշխատանքներ՝ մի քանի խաչքարեր ազատելով հողից: Գերեզմանատունը գտնվում է մոտ 1330 մետր բարձրության վրա, զբաղեցնում է կես հեկտարի չափ տարածք: Մի տապանաքար (183x92x12սմ) ընկած է ճանապարհի մեջտեղում, երեսի վրա ունի 3 խաչաքանդակ: Սրանից քիչ հեռու՝ փոքր բացատում մի տապանաքարի կեսն է՝ երեսի և պահպանված կողմի վրա խաչերով: Մեկ այլ խաչքար (132x67x25սմ) ընկած է ճանապարհի աջակողմյան եզրին, մի մասը չկա, ունի մեկ խաչաքանդակ: Սրա դիմաց կանգուն է սպիտակավուն մի խաչքար (65x60x12սմ): Չհաջողվեց ամբողջությամբ մաքրել հողից: Այստեղ եղել է նաև մի մեծ դամբարան, ցավոք ավերված է: Պահպանվել են վրայի մեծ քարերը: Ժամանակի սղության և եղանակի անբարենպաստ լինելու պատճառով չկարողացանք մնացած շիրմաքարերն էլ ուսումնասիրել: Ամենայն հավանականությամբ, տարածքում նաև մատուռ է եղել, որը հիմնահատակ քանդվել է, իսկ սրբատաշ քարերը մուտքի հենասյուններն ու բարավորն են: Մեր աշխատանքն ավարտելով՝ վերադառնում ենք՝ հուսով, որ նորից կգանք ավելի բարենպաստ ժամանակ և ավելին կհայտնաբերենք:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #46 (1013) 21.11.2013 – 27.11.2013, Հոգևոր-մշակութային