Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՊԱԳԱՆ ԿԵՐՏՈՒՄ ԵՄ ԻՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ



Ավագ լեյտենանտ Գայ Սիրականյանը սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան բարձրագույն սպայական դարբնոցն ավարտած այն սպաներից է, ովքեր մեծ նվիրումով և պարտքի զգացումով են կատարում իրենց պարտականությունները, սպա, որն իր ազնիվ ու պարկեշտ նկարագրով, իր գիտելիքներով նպաստում է մեր երկրի պաշտպանական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը, ԶՈՒ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի և միջանձնային հարաբերությունների լավացմանը։

Նռնականետային վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Գայ Սիրականյանը ծնունդով Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղից է։ Իր ծննդավայրի ամուր և հզոր ավանդույթներով դաստիարակված պատանին դեռևս դպրոցական տարիներից երազել է դառնալ զինվորական։

– Դպրոցում վատ չեմ սովորել, կարող էի ուժերս փորձել և ընդունվել հանրապետության այլ հեղինակավոր բուհեր` տնտեսագիտական, ճարտարապետական համալսարաններ, բայց մի դիպվածով, որին ակամա մասնակից եղա նաև ես (այդ ժամանակ յոթերորդ դասարանի աշակերտ էի) հաստատապես որոշեցի, որ զինվորական եմ դառնալու և որոշումս գաղտնի պահեցի մինչև «ավարտական քեֆի» օրը։

Պատանին սեղանի շուրջ բարձրաձայնում է իր որոշման մասին։ Ինչպե՞ս հարազատները կարող էին չուրախանալ ու չհպարտանալ պատանի Գայի սպա դառնալու, Հայրենիքին ծառայելու որոշման համար։ Բոլորն էլ շնորհավորում են նրան և խրախուսում նրա որոշումը։

Գայը 2004-ին ընդունվում և 2008 թ. բարձր առաջադիմությամբ ավարտում է սպարապետ Վ Սարգսյանի անվան ՌԻ մոտոհրաձգային ֆակուլտետը և որպես դասակի հրամանատար ծառայության նշանակվում։ Անբասիր ծառայության համար երիտասարդ սպան ստանում է իր առաջին պարգևը` «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալը։ Երեք տարի ծառայելուց հետո Գայ Սիրականյանին շնորհվում է հերթական` ավագ լեյտենանտի զինվորական կոչում, և նա նշանակվում է նռնականետային դասակի հրամանատար։ Ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր ցուցանիշների և զինվորական կարգապահության համար նրան ընդգրկում են Վ Սարգսյանի անվան ՌԻ կազմակերպած վաշտի հրամանատարների երեքամսյա դասընթացներում, որն ավարտելուց հետո Գայ Սիրականյանը նշնակվում է վաշտի հրամանատարի պաշտոնում։ Նրա հրամանատարությամբ գործող վաշտը մշտապես ընդգրկված է եղել մարտական հերթապահության մեջ, բազմիցս ճանաչվել է լավագույնը զորամասում։

– Այսօր ես իմ ծառայությամբ հենարան եմ և՛ ընտանիքիս, և՛ մեր բանակի ու Հայրենիքի համար։ Զորամասում ավելի շատ եմ լինում, քան տանը։ Այդպես է մարտական առաջադրանք կատարող ցանկացած զորամասում։ Սահմանում ծառայող սպան ամբողջությամբ սևեռված է իր ծառայության, իր պարտականությունների կատարման վրա։ Ես իմ ծառայությամբ եմ ուզում ընտանիքիս համար կերտել ապահով և բարեկեցիկ կյանք, նաև պայծառ ապագա։ Եվ որպեսզի կարողանամ հասնել ուզածիս, պարտաճանաչ, բարեխղճորեն պետք է կատարեմ այն ամենը, ինչն ինձ է վստահվում ու հանձնարարվում։ Կարծում եմ` այս սկզբունքը ցանկացած գործում հաջողության հասնելու հիմնաքարը կարող է լինել։ Իմ պարտականությունները ես լավ եմ կատարում և նույնն էլ պահանջում եմ իմ ենթականերից։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #46 (1013) 21.11.2013 – 27.11.2013, Ճակատագրեր


21/11/2013