ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻՆ
Ռազմաուսումնական հաստատությունների 2013թ. շրջանավարտների հետ անցկացված հրամանատարական հավաքների արդյունքների վերլուծություն
ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ հոկտեմբերի 20-30-ը ռազմաուսումնական հաստատությունների 2013թ. շրջանավարտների հետ անցկացվեցին հրամանատարական հավաքներ: Հավաքներին մասնակցեցին մի քանի հարյուր նորանշանակ սպաներ, նաև պահեստազորից զորակոչված, առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակվածներ:
Ուսումնամեթոդական պարապմունքներն անցկացվեցին «Երիտասարդ սպաների կայացման աշխատանքների կազմակերպման ուղեցույց-ձեռնարկի» պահանջների հիման վրա կազմված դասացուցակներով, որոնցում շեշտը դրված էր բանակաշինության գործում երիտասարդ սպաների դերի պարզաբանման, նրանց հրամանատարական որակների և հմտությունների կատարելագործման վրա: Մեծ ուշադրություն է դարձվել մարտական պատրաստության ղեկավար փաստաթղթերի ուսումնասիրման, հաստիքային ռազմական տեխնիկայի և սպառազինության կիրառման ու սպասարկման, միջանձնային կանոնադրական, մարդկային փոխհարաբերությունների ձևավորման, զինվորական ծառայության անվտանգության ապահովման ու արտակարգ դեպքերի կանխարգելման, զինծառայողների իրավագիտակցության բարձրացման թեմատիկային: Հիմնական առարկաների գծով դասացուցակներում նախատեսված էր հրահանգչամեթոդական, ցուցադրական պարապմունքների անցկացում, հավաքներն ավարտելուց հետո` համապատասխան ստուգարքների ընդունում:
Հավաքներն ընդգրկել են բոլոր զորամիավորումների զորամասերը: Տեղերում գործընթացը վերահսկել և մեթոդագործնական օգնություն են ցուցաբերել համապատասխան վարչությունների մասնագետներից կազմված աշխատանքային խմբերը: Աշխատանքային խմբերի անդամների կողմից կազմակերպվել են քննարկումներ` զինծառայողների կոնֆլիկտաբանության, հոգեբանական ինքնակարգավորման, արատավոր երևույթների և աղանդների վնասակար ազդեցության կանխարգելման հարցերի վերաբերյալ, անցկացվել են «Վաշտը որպես իրավադաստիարակչական աշխատանքների հիմնական օղակ» (մեթոդական), «Դասակներում արդյունքների ամփոփման առանձնահատկությունները» (ցուցադրական) և այլ պարապմունքներ, ինչպես նաև հավաքների մասնակիցների բարձրացրած բոլոր հարցերին տրվել են պարզաբանումներ ու սպառիչ պատասխաններ, վեր են հանվել մի շարք ընդհանուր և անհատական խնդիրներ, որոնցից մի քանիսի լուծման կապակցությամբ տրվել են կոնկրետ ցուցումներ ու խորհուրդներ:
Նորանշանակ սպաների հետ անցկացվել են հարցազրույցներ` զորամասերում նրանց դիմավորման, տեղավորման, ներկայացման, ընտելացման, ինչպես նաև սոցիալական և այլ հարցերի վերաբերյալ: Հավաքների մասնակիցները նշել են, որ իրենց դիմավորել են զորամասերի հրամանատարներն անձամբ կամ նրանց տեղակալները, նախապես հետաքրքրվել են իրենց սոցիալական վիճակի, ընտանեկան խնդիրների, երեխաների առկայության նրանց դպրոցներում կամ մանկապարտեզներում ընդգրկելու, այլ կենսական հարցերով: Երիտասարդ սպաները զորամասերի հրամանատարների հրամաններով կցագրվել են առավել պատրաստված և փորձառու սպաների: Ընդհանրապես, հավաքների ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ տարեցտարի աճում է երիտասարդ սպաների նկատմամբ ուշադրությունը: Այդուհանդերձ դեռ կան խնդիրներ, որոնք ծառայության լիարժեք իրականացման համար որոշակի դժվարություններ են առաջացնում: Նորավարտ սպաների պրոբլեմային հարցերն առավելապես սոցիալական ոլորտում են` վարձատրություն և բնակարանային ապահովում: Ընդ որում, դժգոհությունները գերակշռում են ամուսնացածների շրջանում: Վարձակալությամբ բնակվող սպաների մի մասը նշում է, որ բնակարանի վարձի փոխհատուցման գումարը տվյալ տարածքում շատ ավելի քիչ է, քան փաստացի վարձը: Մի քանի զորամասերի մշտական տեղակայման վայրերում դեռևս չկան մշակութային և ժամանցի օջախներ, որոնց առկայությունը հնարավորություն կտար լիարժեք կազմակերպելու սպաների ընտանիքների անդամների առօրյան:
Օտարերկրյա ՌՈՒՀ-երի շրջանավարտներից շատերը խնդրել են քննարկել վարորդական իրավունք տալու նպատակով զորամասերում կամ զորամիավորումներում համապատասխան դասընթացներ ու ստուգարքներ անցկացնելու հարցը, քանի որ շատ դեպքերում, նշանակվելով մեքենայի ավագ, պարտավոր են տիրապետել վարորդական հմտությունների և ունենալ համապատասխան փաստաթուղթ:
Մանրամասն արծարծվել են միամյա դասընթացների ավարտից հետո պաշտոնի նշանակված սպաներին վերաբերող խնդիրները: Վերջիններս իրենց մասնագիտական աճին նպաստող կոնկրետ լուծումներով են հանդես եկել: Ի դեպ, սպայական միամյա դասընթացների նկատմամբ ուշադրությունն անընդհատ ավելանում է: Ավարտական քննությունների ժամանակ, ինչպես նաև բուն ծառայության ընթացքում նշված սպաները ցուցաբերում են բարձր պատրաստվածություն` ոչնչով չզիջելով ռազմական բուհ ավարտածներին: Պատահական չէ, որ տվյալ դասընթացներն ավարտել ցանկացողների թիվը գնալով աճում է:
Այս, ինչպես նաև մի քանի այլ խնդիրների վերաբերյալ նորանշանակ սպաները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ, որոնք ներկայացվել են պաշտպանության նախարարության ղեկավարությանը: Տրվել են համապատասխան ցուցումներ առկա թերությունները վերացնելու և հետագա զարգացում ապահովելու նպատակով:
ԿԱՐԵՆ ՓԻԼԻՊՈՍՅԱՆ
ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության
ավագ սպա
փոխգնդապետ