ԱՍՔ ՈՒՋԱՆԻ ՄԱՍԻՆ
Ուջանը (նախկին Վժժան) Արագածոտնի մարզի շեն ու բարգավաճ գյուղերից է` բնակեցված հիմնականում սասունցիներով։ Հայերիս մեջ գյուղն առավելապես հայտնի է նրանով, որ 1967 թվականի հուլիսի 3-ին Հայաստանում առաջին անգամ հենց այս գյուղի բնակիչները համարձակություն ունեցան խորհրդային արգելքների պայմաններում կանգնեցնելու զորավար Անդրանիկի արձանն ու գյուղի երիտասարդներից պահակներ կարգելու, որպեսզի ժամանակի «ինտերնացիոնալիստ» իշխանությունների դրածոները, մեր ծոցում ապրող կամ դրացի թուրքերը չվնասեն զորավարի արձանը։ Այս մասին ուսանողական տարիներին մեզ պատմում էր մեր կուրսընկերը` բնիկ ուջանցի, պատանեկան տարիներին որսորդական հին, Աստված գիտի՝ աշխատող թե չաշխատող, որսորդական հրացանով Զորավարի արձանի մոտ հերթապահած, նրա մասին մեզ` բանից անտեղյակ երեւանաբնակներիս զարմանահրաշ պատմություններ անող, երբեմն էլ սրամտորեն մոգոնող Ղուկաս Սիրունյանը։ Այն տարիներին նա գողտրիկ բանաստեղծություններ էր գրում, մի շարք թերթեր խմբագրեց, իսկ երբ նորօրյա թուրքը կրկին փորձեց իր ժանիքների ամրությունը հայերիս վրա փորձել, անվարան մտավ հայոց նորաստեղծ բանակ։ Պաշտպանության նախարարության «Զինուժ» հաղորդաշարով հեռարձակվող, «Հայ զինվոր» թերթում տպագրվող Ղուկաս Սիրունյանի հոդվածներն ու ռեպորտաժները, նրա սցենարներով նկարահանված ֆիլմերն աչքի են ընկնում պատմական անցքերի ճշգրիտ ու նորովի լուսաբանմամբ, հրատապությամբ, երիտասարդ սպաներին ու զինվորներին ուղղված ռազմահայրենասիրական դաստիարակության այս կամ այն խնդիրների վերհանմամբ։
Երբ 2008 թվականին փոխգնդապետ Ղուկաս Սիրունյանը տարիքի բերումով զորացրվեց հայոց բանակից, թվում էր, թե պահեստազորի զինվորականը, բանաստեղծն ու հրապարակախոսը պետք է վայր դնի գրիչն ու վայելի վաստակած հանգիստը։ Բայց Ղուկասը, թողած քաղաքացիական աշխատանքի բազմաթիվ առաջարկներ, մեկնեց Արցախ ու աշխատանքի անցավ Քաշաթաղի ամենահեռավոր գյուղերից մեկի դպրոցում` շարունակելու մատաղ սերնդի դաստիարակությանն ի սկզբանե միտված իր գործը։
Տարիներ շարունակ Ղուկաս Սիրունյանը գրական տարբեր ժանրերով հյուսել է ծննդավայր Ուջանի գեղարվեստական պատմությունը, պատկերել ու պատկերավորել Էրգիրը կորցրած հայրենակիցների կերպարներն ու նախնիների կարոտաբաղձ հոգու կանչը՝ ուղղված հին ու նոր Ուջանին` վաղը, մյուս օրը եկող սերունդներին։ 2009 թվականին՝ Ուջանի 90-ամյակի առթիվ, Սիրունյանը գրեց նաեւ Ուջանի օրհներգը։
Օրեր առաջ Ուջանի դպրոցի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Ղուկաս Սիրունյանի «Հե՛յ Ուջան, հե՛յ ուջանցիներ» գրքի շնորհանդեսը, որը բացվեց աշակերտների գեղեցիկ ողջույն-շնորհավորանքով։ Հեղինակի համար հաճելի անակնկալ էր հատկապես «Երկրապահ» կամավորականների միության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձն ու պարգեւատրումը միության հոբելյանական մեդալով։ Շնորհակալական ու շնորհավորանքի խոսքեր ասացին Ուջանի գյուղապետ Ա. Հարոյանը, միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Հարությունյանը, ուսուցիչներ, գյուղի բնակիչներ։ Հանդիսությունն ավարտվեց դպրոցականների ճոխ համերգով։
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խորագիր՝ #47 (1014) 28.11.2013 – 4.12.2013, Հոգևոր-մշակութային