Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԻԶԱՄԻՆ



Փաստագրական վիպակ

Սկիզբը` նախորդ համարներում

Առավոտյան անտրամադիր էի: Տողանի ժամանակ, երբ արդեն երթով անցնելու հրաման էր տրվել, ու մեր վաշտը դեռ տեղում էր քայլում, մեկը հետևիցս խփեց ոտքերիս: Շրջվեցի ու տեսա, որ Լենինն էր: Առանց երկար-բարակ մտածելու ամբողջ ուժով խփեցի ծնոտին: Ընկավ հետևի կանգնածների վրա ու փորձեց պատասխանել, ես կրկնեցի հարվածը, խփեցի էլի ու էլի, մինչև կողքից մեկը ոտքով կհասցներ ամենացավոտ տեղիս: Ես կքանստեցի: Դեպի ձախ շրջադարձ կատարելու և շարային քայլքով տրիբունայի առջևով անցնելու հերթը մերն էր: Երբ զորամասի դարպասից դուրս եկանք, մեկը շարասյան միջից քաշեց թևքիցս: Կապիտան Արտյոմովն էր:

-Հետ գնա զորանոց ու հերթապահին ասա, որ քեզ օրապահ կանգնեցնի, իսկ օրապահներից մեկին ուղարկի գործի,- նա տեսել էր, թե ինչ է կատարվել տողանի ժամանակ:

Հերթապահ սպան հարցրեց, թե ինչի համար են ինձ հետ ուղարկել, ես ոչինչ չասացի, ինքն էլ ջղայնացած ասաց. «Գնա հասի գումարտակին»: Նոր էի զորամասից դուրս եկել, երբ դիմացս կանգնեց «վիլիսը»: Կապիտան Արտյոմովն էր: Հարցրեց՝ ինչու չեմ նշանակվել օրապահ: Ես ասացի, որ հերթապահը չհամաձայնեց:

-Լավ, դու մի շտապի, կամաց-կամաց գնա,- ասաց ու մտավ զորամաս: Չանցած հինգ րոպե` կապիտանը մեքենայով հետ դարձավ ու առանց կանգնելու գնաց: Ժամը իննին Կալինինգրադում դեռ մութ էր, ես գնում էի անտառի միջով ձգվող ճանապարհով, և ինձ համար միևնույն էր, թե ինչ է լինելու: Կառուցվող շենքն ու շինհրապարակը բաց տարածքում էին, իսկ նման պայմաններում ոհմակը, որքան էլ մեծ լիներ, ինձ ոչինչ չէր կարող անել: Տեղ հասնելով՝ փոխեցի հագուստս ու բարձրացա հինգերորդ հարկ: Այնտեղ ընկերներս ասացին, որ կապիտան Արտյոմովը ժողով է արել ու «ծերուկներին» զգուշացրել. «Եթե մեկնումեկդ փորձի այդ տղային մատով կպչել, բոլորդ կկանգնեք զինվորական տրիբունալի առաջ, անձամբ եմ տեսել, թե ինչ է եղել, և ովքեր են եղել կռիվ սարքողներն ու երիտասարդ զինվորի վրա ձեռք բարձրացնողները»: Քիչ անց մեր բրիգադի «ծերուկներն» առաջին հարկից ինձ կանչեցին ներքև. ցած իջա, եւ սկսվեցին պարզաբանումները: Նրանք ինձ էին մեղադրում, որ մեկուկես տարի ծառայած զինվորի եմ ծեծել, ես էլ իմ արդարացիությունն էի հիմնավորում: Ի վերջո, խոստացա՝ եթե ինձ հանգիստ թողեն, ոչ մեկի խաթրին էլ չեմ կպչի: Մի երկու ժամ անց հինգերորդ հարկում մենակ գործ էի անում, ու հանկարծ սենյակ մտավ հենց ինքը` Լենինը.

-Վահ, դու այստե՞ղ ես,- ասաց ու ձեռքերը հավի թևերի պես թափահարելով սկսեց վրա տալ: Ես նրան վերցրի ու ամբողջ ուժով ծեփեցի պատին ու այդպես, ոտքերը հատակից կտրած, պահեցի մի քանի րոպե ու սպառնացի.

-Կսատկացնեմ, եթե մի անգամ էլ փորձես ինձ մոտենալ:

Արդեն քսան օր էր, ինչ այստեղ էինք, այդ ընթացքում մեր բրիգադի տղաներից մեկը` Մարկևիչը, արձակուրդում էր: Ես զարմանում էի, թե այդ ինչ արձակուրդ է, որ այսքան երկար է տևում: Վերջապես եկավ. փոքրամարմին, բարալիկ տղա էր, դարձյալ լեզվական արատով, խոսքի մեջ գերակշռում էին «ղ» բաղաձայնները: Եկավ ու միանգամից սկսեց աշխատել: Մի քանի օրից հասկացա, որ չափազանց աշխատասեր է ու շինարարությունից էլ շատ լավ գլուխ է հանում: Բոլոր պատասխանատու գործերն ինքն էր անում, հիմնականում` միայնակ: Հետո սկսեց ինձ իրեն օգնական վերցնել: Իր ասածի չափով ավազ, ցեմենտ, ջուր էի բերում, ուզում էի, որ միասին հետագա գործն անենք, բայց չէր թողնում, ասում էր` դու նստի, հանգստացի: Ինքը գլուխը կախ աշխատում էր: Լենինը, տեսնելով ինձ ժամերով նստած, գալիս ու սկսում էր կշտամբել Մարկևիչին.

-Նորաթուխ զինվորին նստացրել, ի՞նքդ ես աշխատում,- խոսում էր ու խրատում, իսկ Մարկևիչը նրան բանի տեղ չեր դնում: Մեկ-մեկ էլ, երբ համբերությունը հատում էր, դառնում էր ու իր թլոշ լեզվով ասում.

-Ղազաղյան, դղան ասա` գնա դու…

Այս համեստ բելառուս տղայից ես սովորեցի շինարարական տարբեր մասնագիտություններ, ամենակարևորը` աշխատասիրություն, վարվելաձև մարդկանց, մանավանդ երիտասարդ զինվորների հետ: Նրա օրինակով ես հասկացա, որ կարելի է ապրել կոլեկտիվ կյանքով և, առանց որեւէ մեկին նեղություն տալու, կատարել սեփական պարտականությունները: Նրանից ստացածս «դասերը» ես կիրառեցի հետագա ծառայությանս ընթացքում ու չեմ մոռանում մինչ օրս:

♦♦♦

Բալթիյսկը հայտնի է իր բնական սաթով: Զինվորներն այն ուղղակի հավաքում էին ծովափի ավազների միջից: Մշակում էին ու տարբեր զարդեր՝ թազբեհի քարեր սարքում… Այստեղ գալու առաջին իսկ օրվանից «ծերուկներից» մի քանիսը համառորեն ուզում էին մեզ վրա սաղացնել այդ զարդերը, բայց մեր ինչի՞ն էին պետք դրանք: Մենք եղած փողը քաղցրավենիքի էինք տալիս, որովհետև տունուտեղից կտրված զինվորի աչքին սնունդը միշտ էլ քիչ է… չէինք կշտանում: Ճաշարանում առավոտները թեյի հետ ջեմ ու կարագ էին տալիս: Կարագն էլ, ջեմն էլ շատ քիչ էին, և ճաշարանից դուրս գալիս դիտմամբ սպաների սեղանի մոտով էինք անցնում ու տեսնում, թե ինչ առատ է նրանց սեղանը, որքան շատ ջեմ ու կարագ է դրված նրանց առաջ: Իմ համագյուղացի Վարդանը, տեսնելով այդ ամենը, միշտ ասում էր. «Երբ զորացրվեմ, խանութից լիքը ջեմ ու կարագ եմ առնելու, որ էնքան ուտեմ, բալքի կշտանամ…»: Մի տասը օր ծառայելուց հետո պարզեցինք, որ հինգ հարյուր մետր հեռավորության վրա հացի գործարան կա: Առավոտները աշխատատեղ հասնելիս մի քանիսս թաքուն վազում էինք այնտեղ և աշխատողներից հաց խնդրում: Հացթուխ բանվորուհիները, որ հիմնականում ռուս կանայք էին, չէին մերժում, տալիս էին` մեծ, կլոր սպիտակ հացեր էին, և մենք դրանք ուտում էինք ժամը տասներկուսից հետո:

Մի անգամ, հացերն առած, բարձրացանք շենքի տանիք: Մեր առջև փռվեց այդ ժամին արդեն կանաչ գույն ստացած հսկայական Բալթիկ ծովը: Տարբեր հեռավորության վրա լողում էին մեծ ու փոքր նավեր ու նավակներ: Բոլորս էլ առաջին անգամ էինք այդքան մոտիկից տեսնում ծովը։ «Պետության, ժողովրդի համար ծով ունենալը բախտավորություն է»,- ինքն ի՞ր, թե՞ մեզ համար ասաց Աբոն: Ես նայում էի ծովի մեղմ ծփացող ալիքներին ու մտածում բանակում տիրող բարքերի մասին: Ինձ համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ էին խորհրդային «եղբայրական ժողովուրդների» բանակում մինչ այժմ գործում նիկոլաևյան ժամանակաշրջանի հոռի բարքերը: «Մի՞թե այս բանակն ի վիճակի է ռազմական կարևոր խնդիրներ լուծել»,- մտածում էի: Ազգամիջյան վեճերը, իրար չհասկանալու և թև ու թիկունք չլինելու ցանկությունը գերակշռող էր մեր զորամասում: Սլավոններն ավելի անկառավարելի էին դառնում ամսավճար ստանալու օրերին, երբ ամբողջ գումարը տալիս էին խմիչքի: Հարբում էին և կորցնում մարդկային արժանապատվությունը։ Վերլուծելով իրավիճակը` եկա այն եզրակացության, որ բանակում զինվորը՝ հատկապես նորակոչիկը, պետք է մտածի ինքնապաշտպանության մասին: Նա պետք է միշտ իրեն պահի մաքուր, մանավանդ սապոգները, ամեն օր սափրվի, գոտին կապի ձիգ և ճիշտ տեղում, հրամանները կատարի արագ, լինի զգույշ և թույլ չտա, որ որևէ մեկն իրեն մոտենա թիկունքից, այնպես անի, որ ոչ ոք՝ լինի սերժանտ, ենթասպա թե սպա, իրեն դիտողություն անելու առիթ չունենա:

Մեզ համար այդ լարված օրերին իմացանք, որ Օստրովում մնացած Նիզամին եֆրեյտորի կոչում է ստացել: «Էդ ո՞նց,- ապշել էինք բոլորս,- չէ՞ որ եֆրեյտորի կոչում ունեին ջոկերի հրամանատարները, որոնք արդեն մեկուկես տարի ծառայածներ էին, իսկ Նիզամին մեկուկես ամիս էլ չէր ծառայել…

♦♦♦

Ամանորի նախաշեմին շենքը պատրաստ էր շահագործման: Տոներից հետո զորամասերի միջև կատարվեց ստորաբաժանումների փոխանակում: Մեր գումարտակը, բացառությամբ մի վաշտի, հանձնվեց տեղի զորամասին և համալրվեց այդ զորամասի զինվորներով: Վերջիններիս թվում էր նաև մեզ հետ ընկերացած վրացի բռնցքամարտիկ Վանոաշվիլին: 152 սմ հասակ ունեցող այդ տղան կրակի կտոր էր: Նա անընդհատ շարժման, վազքի մեջ էր: Թե վազելիս հանկարծ դիմացը ելներ մեկը, ով դուրը չէր գալիս, ընթացքից մի հատ «թեթևակի» կհասցներ ու կշարունակեր իր առավոտյան կրոսը: Ստորաբաժանումների փոխանակման հենց առաջին օրը մեր գումարտակի հաղթանդամ սլավոններից մի քանիսը ենթարկվեցին նոկաուտի: Գիշերը՝ անվանականչից հետո, Վանոաշվիլին լավ տղա ձևացող «ծերուկներին» հանում էր անկողնուց և պարտադրում օճառով լվանալ զորանոցի հատակը… «Իշխանությունը» գումարտակում միանգամից անցավ մեր ձեռքը: Վանոաշվիլին կռիվ էր անում, մենք նրա թիկունքն էինք պահում, մենք էինք սկսում, ինքը շարունակում էր… Հաջողությունը մեզ ավելի միասնական էր դարձրել: «Բարձրացել է մեր մարտական ոգին»,- կատակով ասում էր խաչիկցի փոքրամարմին, երկարավիզ ու շատախոս Սիմոնը:

Հունվարի վերջին պարզվեց, որ գումարտակից միայն մեր վաշտն է մնալու Օստրովի զորամասի կազմում, որն էլ տեղափոխվելու է Ռիգա, իսկ վաշտում հայերս ընդամենը յոթն էինք` ես, Ալբերտ Հովհաննիսյանը, Գագիկ և Նորիկ Մուրադյան եղբայրները, Արտաշ Թադևոսյանը, Վարդան Հաբեթյանը և Սոս Չալաբյանը:

Փետրվարի սկզբին եկանք Ռիգա: Տեղի զորամասը գտնվում էր հենց ծովածոցի ափին՝ քաղաքի Ուզդվինսկ թաղամասում: Այնտեղ, որտեղ մեղմահոս Դաուգավան խառնվում է Բալթիկ ծովի ջրերին: Հարևանությամբ բազմաթիվ այլ զորամասեր էլ կային, իսկ տարածքը բաց էր, ցանկապատն ու անցագրային կետը ձևական էին: Զորամասի հրամանատարը փոխգնդապետ Շալկունովն էր` կարճահասակ, կլորիկ փորով, ղժղժան մի մարդ, որին զինվորները Բորման էին անվանում՝ նմանեցնելով գերմանացի հայտնի ֆաշիստին: Բարքերն էլ բոլորովին այլ էին, դեդովշչինան մեղմ էր արտահայտված, տույժեր, պատիժներ գրեթե չէին լինում: Ամեն ինչ ավարտվում էր Բորմանի սպառնալիքներով, դաստիարկչական քարոզներով: Այս ամենի պատճառը, հավանաբար, այն էր, որ կալանատունը չէր ընդունում շինարարական զորամասերի զինվորներին: Հենց առաջին օրը մեզ հետ ծանոթանալու և իրենց աջակցությունը հայտնելու եկան տեղի հայերը` Սահակ Սահակյանը, Խաչիկ Վարդանյանը, Միշա Ափինյանը, Արամ Միրզոյանը, նրանց վրացի ընկերները, և վաշտի «ծերուկների» մեր նկատմամբ կրկին գերիշխանություն հաստատելու հույսերը մեկեն հօդս ցնդեցին: Բալթիյսկից Ռիգա մեզ բերել էր վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Կորեյկոն, իսկ մեկ շաբաթ անց էլ Օստրովից եկավ և վաշտի ավագի պարտականությունները ստանձնեց ենթասպա Միշա Բոգդանովը: Նա սիրում էր նարդի խաղալ ու հենց ժամանակ էր ունենում, մեզ կանչում էր խաղի: Մի անգամ էլ Նորիկը հարցրեց նրան.

– Ընկեր ենթասպա, ճի՞շտ է, որ Նիզամի Բայրամօղլին արդեն եֆրեյտոր է:

– Ի՞նչ,- կարծես էլեկտրական հոսանք բաց թողեցին նրա մարմնով, այնպես դողացրեց, և զառերը ձեռքից ցած ընկան,- ախ, հա՜, նա ձեր զորակոչից է, մոռացել էի:

Քիչ լռեց ու`

– Ես դրա մերը… Ձեր ինֆորմացիան հնացած է, Նիզամին ամիսը մեկ նոր կոչում է ստանում, արդեն կրտսեր սերժանտ է:

– Ո՞նց թե,- ապուշ կտրեց Գագիկը:

– Հենց այդպես, նա պրոֆեսիոնալ ծախող է, քծնող, ամեն ինչ անմիջապես հրամանատարին է հասցնում, բոլորին մեկ առ մեկ ծախում է` զինվորներին, սպաներին… Դարձել է հրամանատարի ամենավստահելի անձը:

Շարունակելի

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #47 (1014) 28.11.2013 – 4.12.2013, Հոգևոր-մշակութային


28/11/2013