Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱԴԱՐՁ



Աշխարհահռչակ օպերային երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը հայրենիքում է։ Նոյեմբերի 25-ին նա իր մասնակցությամբ պատվեց Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-ամյակին նվիրված հուշ-երեկույթը։ Ներկաներն առիթ ունեցան մեկ անգամ ևս լսելու մոլորակի լավագույն ձայներից մեկի՝ Հասմիկ Պապյանի բարձրարվեստ երգեցողությունը։ Համերգից հետո Հասմիկ Պապյանը սիրով համաձայնեց պատասխանել «Հայ զինվորի» հարցերին։

-Տիկին Պապյան, շնորհակալություն, որ Հայրենիքում եք ու մեկ անգամ ևս հնարավորություն տվեցիք հայ ունկնդրին վայելելու Ձեր արվեստը։

-Շնորհակալ եմ ու հպարտ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-ամյակին երգելու բարեբախտության համար։ Երեկույթը խորհրդանշական վերնագիր ունի՝ ԵՍ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ։ Լիահույս եմ, որ մեր ազգային արժանապատվությունը սեփական կյանքով փրկագնած, հայրենիք ազատագրած հերոսները մի օր վերադառնալու են… Վերադառնալու են իբրև պատիվ, չափանիշ, վեհացնելու են մեր իրականությունն ու բարձրացնելու են գետնամած ժամանակները։ Պատերազմի հերոսները դառնալու են նաև խաղաղության հերոսներ… ու հաղթելու են։

-Ի՞նչ տպավորություն ստացաք հայրենիքից այս անգամ։

-Վերջերս առիթ ունեցա շփվելու Սպիվակովի նվագախմբի արտիստների հետ։ Նրանք Հայաստանում էին 10 տարվա ընդմիջումից հետո։ Այնքան հաճելի էր լսել նրանց կարծիքը Երևանի մասին։ Ասում էին, որ մեր մայրաքաղաքը իսկական դրախտ է, եվրոպական նրբաճաշակ ու գեղեցիկ քաղաք՝ իր արևոտ գույներով, իր պայծառությամբ, իր ջերմությամբ։ Նրանք առանձնակի հիացմունքով էին խոսում մեր ժողովրդի մասին։ Ասում էին, որ երևանցու կերպարը Երևանին փայլ ու շուք տվող ամենագլխավոր բաղադրիչն է, քանի որ երևանցին հյուրընկալ է, բարի, զգայուն, սիրով լի…

Իմ նախորդ այցելության ժամանակ աղջիկս՝ Սիրանույշը, խնդրեց իրեն տանել Խոր Վիրապ։ Օրն արդեն մթնում էր, բայց ես չցանկացա մերժել նրան։ Խոր Վիրապում հանդիպեցինք երկու երիտասարդ աղջկա։ Շատ զարմացանք՝ տեսնելով երկու ֆրանսուհիներին մթնող, ամայի վայրում։ Նրանք կրկնեցին ռուս արտիստների խոսքերը։ Ասացին, որ Հայաստանում իրենք գտան իսկական դրախտը։ Որ Հայաստանում իրենք շատ ավելի պաշտպանված են զգում իրենց, քան սեփական երկրում։ Որ իրենք առանց որևէ մտավախության քնելու են բաց երկնքի տակ, քնապարկերի մեջ։ Նրանց ապշեցրել էր հայ մարդու ջերմությունը։ Պատմում էին, որ իրենք մի քանի շաբաթ է մեր երկրում են, բայց փող չեն ծախսել, որովհետև գյուղացիները հյուրասիրում են իրենց, հրավիրում են տուն. «Չգիտենք՝ ինչպես ենք լքելու այս դրախտը, ինչպես ենք վերադառնալու, այնքան դժվար է բաժանվել այս ամենից»… Ահա և Ձեր հարցի պատասխանը…

-Տիկին Պապյան, Դուք Վիեննայում եք ապրում, բայց…

-Ես Վիեննայում չեմ ապրում։ Ես Վիեննայում աշխատում եմ, իսկ ապրում եմ Հայաստանում։ Իմ սիրտը Հայաստանում է տրոփում։ Ամեն տարի ես գալիս եմ հայրենիք ուժ հավաքելու։ Ես գալիս եմ ջերմություն հավաքելու, սեր հավաքելու։

-Դուք սիրո կարի՞ք ունեք… Աշխարհի սերն ու հիացմունքը, ծափերն ու ակնածանքը վայելող Հասմիկ Պապյանը խոսում է սիրո պակասի՞ց…

-Մի քանի օր առաջ առիթ ունեցա շփվելու կոշիկ նորոգող վարպետի հետ։ Երբ հարցրեցի՝ որքան պետք է վճարեմ կոշիկս նորոգելու համար, ասաց՝ ինչ կտաս, տուր։ Երբ հազար դրամ տվեցի (ընդամենը հազար դրամ կոշիկս հրաշալի նորոգելու համար), ասաց՝ չէ, չէ, դա շատ է, 500 դրամից ոչ ավել… Ես այս ջերմության, այս ազնվության, այս մարդասիրության կարիքն ունեմ։ Շուկայում բարեհամբույր, տարեց կնոջից գնումներ անելուց հետո իմ շնորհակալությունը հայտնեցի՝ շնորհակալ եմ, մայրիկ ջան, ասաց՝ մայրիկը մեռնի ջանիդ… Ես այս բառերի կարիքն ունեմ՝ մայրենի լեզվով, հայկական, տաք սիրով լեցուն… Մի դեպք հիշեցի։ Զանգեցին Մյունխենի օպերային թատրոնից և ասացին, որ մի քանի ժամից ներկայացումն սկսվելու է, իսկ երգչուհին անսպասելի հիվանդացել է, ու խնդրեցին գալ-երգել հիվանդ երգչուհու փոխարեն։ Նրանք ահռելի գումարներ տվեցին, որ ինքնաթիռը սպասի ինձ, պատրաստ էին ուղղաթիռ ուղարկել, որը ինձ արագ տեղ կհասցներ… Երբ հասա թատրոն, հիշեցի, որ ամբողջ օրը ոչինչ չեմ կերել ու խնդրեցի ինձ համար բուտերբրոդ բերել, որպեսզի ընդմիջմանը ուտեմ։ Երկուսուկես եվրո՝ տեղեկացրեց ադմինիստրատորը։ Ես ապշած մնացի։ Ես հիշեցի հայկական հյուրասիրությունը։ Պահեք իմ հոնորարից՝ ասացի։ Երբ հոնորարս ստացա, տեսա, որ երկուս ու կես եվրոն հանել էին իմ հոնորարից։ Երբեմն արցունքոտվելու աստիճան խղճում եմ ինքս ինձ, մտածում եմ, որ կյանքը կողքովս անցավ, չկարողացա մինչև վերջ վայելել կյանքը, որովհետև հայրենիքում չէի… Ինչ-որ բան իմ կյանքում միշտ պակաս եղավ։ 12-ամյա աղջկաս շարադրություն էին հանձնարարել դպրոցում` «Իմ ամենամտերիմ ընկերուհին» թեմայով։ Նա գրել էր, որ իր ամենամոտ ընկերուհին Հայաստանում է։ Նա հաճախ չի լինում Հայաստանում, բայց Հայաստանը ամենացանկալի վայրն է նրա համար։ Նրա հոգու հայրենիքը…

Երբ ցրտի, խավարի տարիներին եղբորս խնդրում էի գալ Եվրոպա՝ առաջարկելով ապահովություն ու բարեկեցություն, նա ասում էր. «Ես բժիշկ եմ, պետք եմ հայրենակիցներիս, ինչպե՞ս կարող եմ հեռանալ հայրենիքից»…

-Տիկին Պապյան, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս հայրենիքում։

-Մի անգամ առիթ ունեցա Հայաստանում մասնակցելու հարսանիքի։ Ինձ ցնցեց վայրենաբարո ճոխությունը, ցուցամոլությունը, վատնումը… Ես խղճացի այդ մարդկանց. դժբախտ, սառած հոգիներով, շփոթված մարդիկ են, որոնք իրենց կյանքի դատարկությունը լցնելու համար կառչում են փրփուրներից…

-Փրփուրների՞ց… Դուք փո՞ղն եք անվանում փրփուրներ, ճոխությունը, կյանքը (Սիլվա Կապուտիկյանը կասեր) լայնքով ու երկայնքով վայելելու հնարավորությո՞ւնը։

-Ճշմարիտ վայելքները բոլորովին այլ ափերում են հանգրվանում՝ սիրո, մտերմության, գեղեցկության, վեհության, ազնվության, նվիրումի ոլորտներում։

Սպիվակովի նվագխմբի արտիստները դժգոհում էին, որ իրենք ցանկացել են հայկական չրեր գնել, սակայն որոնել ու չեն գտել նախկին «Փակ շուկան»… Ինձ ցավ են պատճառում նման կորուստները։

Մի հայ ընտանիք էր Հայաստանից տեղափոխվել Ավստրիա։ Մեկ տարի անց հետաքրքրվեցի հայրենակիցներիս որպիսությամբ։ Շատ լավ ենք՝ ասացին, երեխաները մի բառ հայերեն չեն խոսում… Ես շատ լավ հասկանում եմ, որ քիչ չեն նաև հայրենասեր, ազնիվ մարդիկ, որոնք ստիպված են հեռանալ երկրից։ Նրանց հայացքը հայրենիքին է, նրանք հայրենիքում են թողնում իրենց սիրտն ու մի օր վերադառնալու են անպատճառ…

Դուք հարցնում եք թերությունների մասին, բայց ես կրկին ուզում եմ հիշել մեր առավելությունները։ Այնքան կուզենայի, որ աղջիկս Հայաստանում դպրոց գնար։ Թեեւ դպրոցը, որտեղ սովորում է աղջիկս, 600 տարվա պատմություն ունի, այդտեղ են սովորել Շուբերտը, Ֆրոյդը և շատ հռչակավոր մարդիկ։

Եթե փորձես որևէ երեխայի դիտողություն անել անվայել պահվածքի համար, չորս կողմից այնպես կսաստեն քեզ, որ էլ երբեք չես համարձակվի կրկնել…

Վիեննայում թաղամասեր կան, որտեղ ոստիկաննե՛րն անգամ վախենում են շրջել։ Ես, գիշերվա որ ժամն էլ լինի, հանգիստ շրջում եմ Երևանի փողոցներում, իսկ Վիեննայում այդքան ապահով չեմ…

Մենք փառահեղ երիտասարդություն ունենք։ Եվրոպայում իմ համերգների ժամանակ դահլիճում միայն սպիտակ գլուխներ եմ տեսնում՝ տարիքով մարդկանց, իսկ Հայաստանում դահլիճը լեփ-լեցուն էր երիտասարդներով։ Մեր տղաները՝ բոլորովին պատանի, սովորում են զինվորական գործը, կանգնում են հայրենի երկրի սահմանին, հայրենիք են պաշտպանում։ Ես չգիտեմ՝ ինչ անեմ զինվորի համար, չգիտեմ՝ ինչ անեմ… Ես երգեցի հայկական բանակի կազմավորման 20-ամյակի տոնակատարության ժամանակ։ Դահլիճում զինվորներ կային, այնքան ոգևորող էր, այնքան հուզիչ…

-Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ ասացիք, որ Ձեր ամուսինը՝ գերմանացի հայտնի դրամատուրգ Քոնրադ Քուհնը, Չարենց է թարգմանել գերմաներեն։ Նա շարունակո՞ւմ է հետաքրքրվել հայկական մշակույթով և հայ գրականությամբ։

-Այո, իհարկե։ Պոտսդամում Լեփսիուսի թանգարանն ամեն տարի կազմակերպում է «Համաշխարհային ընթերցանություն»՝ նվիրված տարվա ամենագլխավոր իրադարձությանը։ 2015-ի ապրիլի 24-ին աշխարհով մեկ հեռարձակվելու է Հայոց եղեռնին նվիրված հաղորդում, որի տեքստը գրել է ամուսինս։ Այն շատ ազդեցիկ ու հուզիչ խոսք է՝ եղեռնը դատապարտելու և ապագայում նման ոճիրները կանխելու կոչ։ Նաև ընթերցվելու են Սիամանթոյի, Վարուժանի, Շիրազի, Կապուտիկյանի և այլ հայ գրողների՝ եղեռնին նվիրված ստեղծագործությունները։

-Ի՞նչ վիճակում է հայ մշակույթն այսօր…

-Վերջերս ավելի հաճախ եմ հայ արձակ կարդում։ Ու ապշում եմ, ինչպիսի՜ անուններ ունենք, ինչ հզոր գրականություն է ստեղծվում Հայաստանում։ Այսօր անգամ Գերմանիան չունի Լևոն Խեչոյանի պես գրող, մերկ մարմինների ու անասնական կրքերի աշխարհով մեկ տարածվող պոեզիան չունի հայ բանաստեղծության գեղեցկությունն ու խորությունը։ Դուք կարդացե՞լ եք Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը»։ Գերմանական ամենահզոր պարբերականներից մեկը գրեց, որ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպին հավասար գործ է (վեպը ներկայացված է Նոբելյան մրցանակի)։ Ես հիշում եմ Ավետ Տերտերյանի «Երկրաշարժի» մասին հնչած կարծիքները։ Հայ կոմպոզիտորին համեմատում էին Վերդիի հետ… Մենք շատ մեծ ներուժ ունենք… շատ մեծ…

-Մեծ ու չօգտագործված…

-Մենք մեր արվեստը աշխարհին ճանաչելի դարձնելու խնդիր ունենք։ Երբեմն մշակութային քաղաքականության տրամաբանությունն է անհասկանալի։ Գյումրիի թատրոնը նորոգելու համար մի քանի միլիոն դրամ չգտնվեց մեր բյուջեում, բայց մի երգչուհու կարող են տասնյակ միլիոնավոր դրամ վճարել ազգային արժեք չունեցող համերգի համար։

Ինձ ցավ է պատճառում հայկական եթերից հնչող հայերենը՝ աղճատված, աղքատիկ… Լրագրողների մտքի տկարությունը, արհեստավարժության ցածր մակարդակը, նրանց պատրաստած անբովանդակ հաղորդումները…

Օպերայի բեմը նորոգեցին, սակայն մինչ օրս չեն օգտագործում, որովհետև համապատասխան մասնագետներ չկան։ Մի՞թե դժվար է լուծել այդ խնդիրը, մասնագետներ վերապատրաստել արտերկրում։ Ինձ ցավ է պատճառում այս անտարբերությունը սեփական երկրի ու մշակույթի հանդեպ։

Այդուամենայնիվ, կուզենայի մեր զրույցն ավարտել լավատեսական տրամադրությամբ. ես վստահ եմ, որ ջրերը պարզվելու են, մոլորակը, որ ասես դուրս է եկել իր ուղեծրից, վերադառնալու է սիրո, բարության, հավատարմության, գեղեցկության իր բնականոն ընթացքին…

-Տիկին Պապյան, շնորհակալություն հրաշալի զրույցի համար։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #47 (1014) 28.11.2013 – 4.12.2013, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


28/11/2013