ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ – 56
Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում։ Նրա անվան կողքին շատ բնորոշիչներ կարելի է շարել` անձնուրաց հերոս, ֆանատիկոս…, բայց Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգը ազնվությունն էր։ Պատերազմի մեջ թե պատերազմից դեսը, ինձ հայտնի հրամանատարները իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով եւ այլն։ Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակին ազնվությամբ։ Պատկերացրեք 35-40 տարեկան ֆիդայի, զինվոր, մեծ ինտելեկտի տեր զորավար` Էկզյուպերիի «Փոքրիկ Իշխանի» ազնվությամբ ու պարզությամբ… այս կերպարի դեմ խաղ չկա, սա իր ետեւից բանակներ կարող է տանել։ Մոնթե Մելքոնյան-Ավոյի մասին ամենամեծ հուշարձանն ու պատիվը, հիշատակի հավերժացումը կլինի իր կիսատ թողած գործը ավարտին հասցնելը։
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Ես իմ կյանքում չեմ հանդիպել որեւէ մեկին, որն այնքան նվիրված լինի գաղափարին։
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
Մոնթեն սիրասուն ընկեր էր, խիզախ ֆիդայի։ Երբ մեկը մի բան էր նվիրում, անպայման ուզում էր՝ ընկերներն էլ ունենային։ Այսօր էլ, որպես սուրբ մասունք, պահում եմ նրա նվիրած զրահաբաճկոնը, հեռադիտակը, դանակը։ Իր անձնական օրինակով` իր բարությամբ, ազնվությամբ, վեհությամբ նա դաստիարակում էր բոլորին։ Տանել չէր կարողանում սուտն ու կեղծիքը, դժանությունն ու վախկոտությունը։ Քելբաջարում վերցրեց բարձարխոսն ու իր փայլուն թուրքերենով հորդորեց թշնամու զինվորներին վայր դնել զենքն ու ետ քաշվել մարտադաշտից։ Ավելորդ է ասել, որ խոսքի տերը եղավ։ Զայրույթով էր խոսում Ադրբեջանի ղեկավարների մասին, որ իրենց զինվորներին առանց վարժեցնելու կռիվ են ուղարկում` դատապարտելով ստույգ մահվան։ Պատահական չէ, որ նա կտրականապես արգելում էր գերիներին մահապատժի ենթարկել…
Զինակից ընկեր
Անցյալին Սփյուռքի մեջ պայքարած եմ մեր ժողովրդի իրավունքներուն համար եւ այստեղ կգտնվիմ նույն պատճառի համար։ Ասիկա այդ նույն պայքարի շարունակությունն է։
Շատ նորմալ բան է։ Նորմալ բան է, որ հայը գա եւ իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է։ Իրավունքն է բոլորին եւ նաեւ պարտականությունն է։ Եվ զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած նույնը ընելու, միայն այն է զարմանալին։
Ես Միացյալ Նահանգներից եկած հայ եմ եւ այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը։ Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որեւէ ուրիշ հայի։ Կարծում եմ՝ իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաեւ կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ։ Հետեւաբար բնական է լինել այստեղ եւ պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ միասին։
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ