ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՌԱԺԸ
Պաշտպանության բանակի հրետանային զորամասերից մեկը հանդես է եկել նախաձեռնությամբ` ստորաբաժանման օրակարգով սահմանված միջոցառումների մի մասի պատասխանատու կարգելով կրտսեր հրամանատարներին… Սույն նախաձեռնության, ինչպես նաև ընթացիկ պատկերի և սպասելիք արդյունքների մասին է շտաբի պետ, փոխգնդապետ ԷՐԻԿ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ հետ մեր զրույցը:
Փոխգնդապետ Էրիկ Մկրտումյան: Ծնվել է 1976 թվականի մայիսի 9-ին: Սովորել և «Ոսկե մեդալով» ավարտել է հրետանային բարձրագույն ռազմական ակադեմիան: 2006 թվականից զբաղեցնում է հրետանային զորամասի շտաբի պետի պաշտոնը:
Ազգային բանակի հրամանատարական կազմը աննկատ, բայց շարունակական ու անկասելի մի ընթացքով փոխվում, երիտասարդանում է: Գնալով ավելի ու ավելի հաճախ ես հանդիպում զորամասերի հրամանատարների, որոնց կենսագրությունը չի սկսվում անկախության շարժումով և «Պատերազմի առաջին օրվանից զենք եմ վերցրել ու կռվել մինչև հաղթական ավարտը» խոսքերով: Իսկ այս ամենը նշանակում է` ազգային բանակը զարգացման նոր փուլ է թևակոխում, նշանակում է` սերնդափոխություն, նշանակում է` բանակը համալրվում է նոր սերնդի սպաներով, նոր աշխարհընկալում և նոր մտածողություն ունեցող զինվորականներով և բոլորովին նոր որակի հրամանատարներով: Ի դեպ, նոր սերնդի հրամանատարների ամենաբնորոշ հատկանիշներից մեկը, իհարկե, կրթական, տեսական ու գիտական բարձր պատրաստվածությունից զատ, ըստ իս, աչքի զարնող ինքնավստահությունն է: Հիշում եմ՝ մի օր, երբ այս մասին խոսեցի Արցախյան պատերազմի հերոսներից մեկի հետ, նա ոչ միայն չզարմացավ, այլև ուրախությամբ շեշտեց. «Նրանք` նորերը կամ, այսպես ասած, «Վառոդի հոտը չշնչածները», ինքնահաստատման կարիք ունեն, և դա հրաշալի է»:
Փոխգնդապետ Էրիկ Մկրտումյանի բախտը չի բերել. նա զենքը ձեռքն է առել պատերազմի վերջին փուլում, իր խոսքերով ասած` «Երբ թշնամին հետ էր շպրտված մեր հողերից, և սկսել էր ձևավորվել ազգային բանակը»: Տասնհինգ տարի զինված ուժերում է, որից վերջին վեց տարիներին զբաղեցնում է հրետանային զորամասի շտաբի պետի պաշտոնը փոխգնդապետի կոչումով: Իսկ թե ինչ ասել է շտաբի պետ, թերևս լավագույնս` հստակ, հասկանալի ձևակերպեց հենց ինքը` փոխգնդապետ Մկրտումյանը. «Շտաբի պետ` նշանակում է ամեն ինչ. չէ՞ որ նա է իրականցնում բոլոր ստորաբաժանումների կառավարումը և կազմակերպում բոլոր ծառայությունների պետերի աշխատանքը»: Փոխգնդապետի այս հակիրճ, բայց ինքնավստահ պատասխանն էլ կանխորշեց մեր զրույցի հիմնական ուղղվածությունը: Բանն այն է, որ երբ փորձեցի իմ հիացմունքը հայտնել նրա` իսկական զինվորականին վայել դիպուկ խոսքի, պաշտոնական պարտականությունների հստակ գիտակցման ու պարզ ձևակերպման առիթով, փոխգնդապետը համեստորեն առարկեց` իր պատասխանը համարելով ոչ այնքան ինքնավստահության վկայություն, որքան կանոնագրքային պահանջ և ճշմարտություն: Այսուհանդերձ, մեր զրույցը ծավալվեց զինվորականի համար այնքան անհրաժեշտ երկու հատկանիշների` վստահության և ինքնավստահության շուրջ:
-Պարոն փոխգնդապետ, փաստորեն դուք և ձեր զորամասի հրամանատար գնդապետ Ասլանյանը, հասակակից, նույն ռազմական դպրոցում սովորելուց, նույն օդ ու ջրի մարդ լինելուց բացի, նաև դավանում եք ծառայողական կամ աշխատանքային միևնույն սկզբունքները. երբ հրամանատարին շնորհավորեցի գնդի հաջողությունների առիթով և երկարատև զրույցից հետո ասացի՝ «Դուք հաղթում եք, որովհետև սիրում եք ձեր զինվորներին, հրամանատարներին», նա առարկեց՝ ասելով. «Ո՛չ, ես վստահում եմ նրանց»:
-Ընդհանրապես՝ վստահությունը մարդկային հարաբերությունների հիմքում ընկած կարևոր գործոններից մեկն է, ինչը, սակայն, զինվորական ծառայության մեջ դառնում է ամենակարևորներից: Ժողովուրդը իզուր չի ասում՝ այսինչի հետ անգամ մատաղ ուտելու չեմ գնա: Եթե հրամանատարը չի վստահում իր ենթականերին, ուրեմն նա և նրա ենթակայությամբ գործող զորամասը հաջողություններ չեն կարող ունենալ… Իսկ մենք երկրորդ տարին անընդմեջ արժանանում ենք փոխանցիկ Պատվադրոշի… Ընթացիկ տարվա ապրիլ ամսից մեր զորամասը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որի հիմքում դարձյալ ընկած է վստահության գործոնը, այս անգամ` վստահություն կրտսեր հրամանտարական կազմի` սերժանտների նկատմամբ…
-Սակայն կրտսեր հրամանտարների դերի բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկվում են ամբողջ բանակի մասշտաբով… Ինչո՞վ է առանձնանում ձեր նախաձեռնությունը:
-Մենք որոշեցինք վստահել կրտսեր հրամանատարներին. այսինքն` ենթակա ստորբաժանման պատասխանատու սպայի փոխարեն սերժանտներին վստահեցինք օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների մի մասի վերահսկումն ու պատասխանատվությունը, այն է` անձնակազմի ընթրիքը, անձնական հիգիենայի համար նախատեսված ժամանակը, լրատվական ժամի ունկնդրումը, երեկոյան զբոսանքը, երեկոյան անվանկանչը, քունը, ինչպես նաև հաջորդ օրվա կարգացուցակով նախատեսված` վերկացից մինչև նախաճաշն ընկած միջոցառումները:
-Առաջին հայացքից կարող է թվալ, թե նրանց եք վստահել օրվա կարգացուցակի «անմեղ» մասը, երբ ուսումնական առարկաներ չկան, տեխնիկայի հետ շփում չկա, հեռու են, բայց…
-Ուզում եք ասել` հնարավոր կարգապահական խախտումների, իրավախախտումների մեծ տոկոսը բաժին է ընկնում օրվա հենց այդ ժամանակահատվածին… Չմոռանանք՝ որ սերժանտը, որի հետ նախապես հսկայածավալ բացատրական աշխատանք է կատարվել, թեև ստանձնում է իր ստորաբաժանման գործողությունների պատասխանատվությունը, սակայն իրականացնում է ոչ միայնակ, այլ վերահսկող սպայի, հսկիչ խմբի սպաների, զորամասի հերթապահ սպայի անմիջական հսկողությամբ:
-Եվ ի՞նչ ենք շահում…
-Սերժանտը հրամանատար է, թեև կրտսեր, բայց անպայման հրամանատար, որը պատասխանատու է և՛ անձնակազմի, և՛ տեխնիկայի, և՛ մարտավարական ու մարտական խնդիրների իրականացման համար: Ի դեպ, մեր հրամանտարը երբ իր մոտ է կանչում ողջ սպայակազմին, անպայման ներկայանում են նաև սերժանտները: Այսինքն` նրանք էլ են հրամանատարներ: Եվ դա կանոնագրքային պահանջ է: Տեսեք` եթե մենք սերժանտին վստահում ենք ժամանակակից հզորագույն մարտական տեխնիկա, որի միայն մեկ արկը բավականին մեծ գումար արժե, եթե մեր հրամանատարը նրանց, որպես հրամանատարների, վստահում է անմիջական և օպերատիվ կապի ժամանակակից միջոցը, ուրեմն կարող ենք և պետք է վստահենք նաև օրվա կարգացուցակով նախատեսված որոշակի միջոցառումների վերահսկողությունը։
-Ի՞նչ ենք շահում…
-Նախ` վստահում ենք նրան, և նա դառնում է ավելի պատասխանատու. չէ՞ որ տվյալ ժամանակահատվածում նա փոխարինում է սպային, երկրորդ` բարձրանում է նրա հեղինակությունը զինվորների աչքին, երրորդ` ամրապնդվում է ընդհանուր կարգապահությունը. որովհետև պատասխանատու սերժանտին զինվորներն ընդունում են որպես յուրայինի և ամեն ինչ անում են իրենց ընկերոջ պատիվը չարատավորելու համար, չորրորդ` կոլեկտիվն ավելի համախմբված է դառնում. աճում է ընկերական վերաբերմունքը նաև կրտսեր հրամկազմի միջև, և հինգերորդ` տվյալ ստորաբաժանման սպան ստանում է հանգստանալու, ուժերը վերագտնելու, ընտանիքի հետ լինելու հավելյալ հնարավորություն…
-Ինչ խոսք, ավելի քան համոզիչ են ձեր ներկայացրած փաստարկները. իսկ անցած ամիսները տալի՞ս են որոշակի եզրակացություն անելու հնարավորություն:
-Թեպետ դեռ վաղ է հստակ գնահատական տալ մեր նախաձեռնությանը, մանավանդ թվային տվյալներ ներկայացնել շահեկանության մասին, բայց ընդհանուր պատկերն ավելի քան գոհացուցիչ է… Ակնհայտ է, որ բարձրացել է ընդհանուր կարգապահությունը` ներանձնային հարաբերություններ, վերկաց, սննդի ընդունում, քուն, մաքրություն, որը թվերով չես ներկայացնի: Բավական է մտնել զորամաս, զորանոց, և դուք ամեն ինչ միանգամից կզգաք: Օրինակ` մեր ստորաբաժանումների զորանոցներում դուք փոշու հետք անգամ չեք գտնի, կարգապահության մակարդակն ակնհայտ աճել է, քչացել են խախտումները: Մեր ձեռքբերումներից մեկն էլ շարքն է. ամեն զինվոր շարքում զբաղեցնում է հաստիքով նախատեսված իր տեղը, ու չի ներվում ընդունված կարգից և ոչ մի շեղում: Հիշենք` շարքը սրբազան տեղ է զինվորի համար, շարքը դաստիարակում է, շարքի առաջ է նա խրախուսվում, տույժեր ստանում… Մեր նոր նախաձեռնությունը` սերժանտների դերի բարձրացումը, ավելի կուռ և ամուր է դարձրել զինվորական շարքը, և այստեղ մենք այլևս խախտումներ չենք տեսնում: Ամեն բանակի հիմքում ընկած է զինվորական կարգապահությունը, որին պետք է հետամուտ լինեն բոլորը` ամբողջ կոլեկտիվը, դա մեկ հոգու գործ չէ, և միայն հրամանատարի խնդիրը չէ: Կարգապահական հարցերում մանրուքներ չկան… Փորձը ցույց է տալիս, որ առաջին հայցքից ամենաչնչին մանրուքը, անուշադրության դեպքում, կարող է վերաճել մեծ խնդրի կամ պայթյունի։ Զինվորական ծառայության մեջ մանրուքներ, երկրորդական բաներ չեն կարող լինել…
-Պարոն փոխգնդապետ, ձեր նախաձեռնության դրական կողմերից մեկն էլ համարեցիք ստորաբաժանումների սպաների հավելյալ հանգստի հնարավորությունը։
-Անպայման. մեր սպան ամբողջ ամսվա ընթացքում տանը` իր ընտանիքի հետ լինելու, նաև իր ընտանիքով ապրելու, հանգստանալու շատ քիչ հնարավորություն է ունենում: Մեր հաշվարկներով նա ամսվա ընթացքում առնվազն տասնհինգ օր (երբեմն էլ ավելի) տանը չի գիշերում` զորավարժություններ, ճամբարային հավաքներ, հերթապահություններ… Ազատելով նրան ստորաբաժանումների վերհսկող սպայի պարտականություններից (ընդգծեմ` ստորաբաժանումների վերահսկող սպայի պարտականություններից) և նրանց փոխարեն կարգելով կրտսեր հրամանատարների՝ գոնե 4-5 օր տանը գիշերելու, հանգստանալու հնարավորություն ենք ստեղծում ստորաբաժանման հրամանատարի համար, խնայում ենք մեր սպայի ուժերը, որը դարձյալ մեր, այսինքն` զինված ուժերի շահերից է բխում: Սպայի զբաղվածությունը, ծանրաբեռնվածությունը թեթևացնելու այլ հնարավորություն ուղղակի չկա, օրվա կարգացուցակը նման հնարավորություն մեզ պարզապես չի տալիս:
-Շնորհակալություն: Հուսամ` ձեզ, ձեր՝ իսկապես կուռ ու համախումբ զինվորական կոլետիվին մոտ ժամանակներս առիթ կունենամ կրկին հանդիպելու, ավելի ճշգրիտ` զորամասի նախաձեռնության մեկ տարին լրանալուց հետո, երբ դուք հնարավորություն կունանաք մեր ընթերցողին ներկայացնելու ձեր ձեռքբերումներն ու նոր հաղթանակները:
ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
մայոր