Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ



ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ ՄԱՐՏԻՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ հարցազրույցի թեման ռազմական ինստիտուտի վերակազմակերպման գործընթացն է

-Պարո՛ն գեներալ-լեյտենանտ, ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրով 2013 թ. ընթացքում նախատեսվում էր ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի վերակազմակերպում: Ի՞նչ նպատակով է արվում և ի՞նչ փուլում է այդ գործընթացը:

-Նպատակը ՀՀ ԶՈՒ կրտսեր սպայական և հրամանատարական կազմի մարտավարական մակարդակի ռազմական կրթությունը, վերապատրաստումն ու որակավորման բարձրացումն ապահովելն է: Դա պետք է արվի բուհական 1-ին (բակալավրիատ) ու 2-րդ (մագիստրատուրա) աստիճանի և լրացուցիչ կրթության (հատուկ դասընթացների) միջոցով:

Վերակազմավորման շնորհիվ արդեն իսկ կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, այն է` ստեղծվել է հրամանատարաշտաբային ֆակուլտետ, որի կազմի մեջ է մտել Սպայական կադրերի որակավորման բարձրացման (ՍԿՈԲ) կենտրոնը: (Վերջինիս հիմքի վրա կազմակերպվում են վաշտի (մարտկոցի) և գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարների համապատասխանաբար 12- և 25-շաբաթյա դասընթացներ):

-Փաստորեն, ռազմական ինստիտուտը կդառնա համալսարա՞ն:

-Վերակազմավորման շնորհիվ ռազմական ինստիտուտը կապահովի ռազմական կրթության շարունակականությունը` կադրեր պատրաստելով ինչպես «ռազմական կառավարման բակալավր», այնպես էլ «ռազմական կառավարման մագիստրոս» մասնագիտությունների գծով: Էությունը սա է: Ինչ վերաբերում է ռուհի անվանմանը, ապա այն կորոշի ՀՀ կառավարությունը:

-Իսկ ասպիրանտուրայի ստեղծում նախատեսվո՞ւմ է:

-Առայժմ ոչ: Ռազմական ասպիրանտուրա ավարտած կադրերի պահանջարկն ու քանակն առայժմ փոքր է, և այն ապահովվում է արտերկրի համապատասխան ուսումնական հաստատությունների միջոցով:

-Ինչպե՞ս են ընթանում սեպտեմբերի 3-ն սկսված հրամանատարաշտաբային 11-ամսյա դասընթացները:

-Ընթանում են հաստատված ծրագրի համաձայն: Դասընթացների բնականոն ընթացքի գրավականը բարձր մակարդակով կատարված նախապատրաստական աշխատանքներն են: Դրանց շնորհիվ մշակվել են հրամանատարաշտաբային դասընթացներում (ՀՇԴ) մասնագետների պատրաստմանը ներկայացվող պահանջները, կատարվել է զինված ուժերում ռազմական կրթության մակարդակի ուսումնասիրում, վերլուծում, ընդհանրացում (մոնիտորինգ): Ուսումնասիրվել են արտերկրի ռազմական ակադեմիաների նմանատիպ ուսումնական պլաններն ու ծրագրերը. այդ նպատակով մեր մասնագետները գործուղվել են Ռուսաստան, ԱՄՆ, Ռումինիա, Չեխիա, Բելառուս, Լեհաստան:

Բոլոնյան հռչակագրի պահանջների համաձայն` մշակվել է բարձրագույն ռազմական կրթության պետական կրթական չափորոշիչը և հաստատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից: Մշակվել է ՀՇԴ-ի ուսումնական ծրագիրը և հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարի կողմից: Ընդ որում, այդ ծրագրերի մշակմանը մասնակցել են ինչպես մեր ինստիտուտի դասախոսները, այնպես էլ ՊՆ և ԶՈՒ վարչությունների, ԵՊՀ-ի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետներ, այսինքն` օգտագործել ենք Հայաստանի կրթական ու գիտական ներուժը:

2013-14 թթ. ուսումնական տարվա դիմորդներից ընտրվել է ՀՇԴ-ի 11 ունկնդիր:

-Ովքե՞ր են դասավանդում ՀՇԴ-ում:

-Դասախոսական կազմի ընտրությունը կատարվել է Ռազմական ինստիտուտի առավել պատրաստված դասախոսներից: Այդուհանդերձ հասկանալի է, որ ՀՇԴ-ի համար ընտրված դասախոսական կադրերը չէին կարող լիովին բավարարել անհրաժեշտ բոլոր պահանջները, ուստի պլանավորում ենք կազմակերպել ընտրված դասախոսական կազմի մասնագիտական և մեթոդական պատրաստում արտերկրի ռուհերում և ՀՀ բուհերում:

Հավելեմ, որ դասախոսները շարունակում են մասնագիտական առարկաների թեմաներով մեթոդական մշակումներ անել, շարունակվում է նաև ՀՇԴ-ի համար ուսումնանյութական, ուսումնամեթոդական բազայի ստեղծման ու կատարելագործման գործընթացը: Ակտիվ աշխատանքներ են կատարվում մեթոդական ձեռնարկների և ուղեցույցների մշակման ու կատարելագործման ուղղությամբ:

-Ի՞նչ են ուսումնասիրելու ՀՇԴ-ի մասնակիցները:

-Ըստ կրթաբաժինների` «Ռազմական մասնագիտություն» (դասաժամերի 68%-ը), «Առաջնորդում և կառավարում» (25%), ինչպես նաև «Միջազգային և ազգային անվտանգություն» (7%): Տեսական պարապմունքների ժամաքանակը կազմում է ընդհանուր ժամաքանակի 60%-ը, իսկ գործնականը` 40%-ը:

-Մասնակիցներին ավարտական լուրջ քննություն է սպասում…

-Նախատեսվում է 3 քննություն, որից 1-ը` համալիր: Բացի այդ` 12 ստուգարք, 4 ռեֆերատի մշակում և մագիստրոսական թեզի պաշտպանություն:

-Լարված ուսումնառության ընթացքում մասնակիցներին նաև հանգիստ է պետք:

-Անշուշտ: Հրամանատարաշտաբային դասընթացների ծրագրով նախատեսվում են նաև մտավոր, մշակութային և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարմանը նպաստող միջոցառումներ: Արդեն իսկ կազմակերպվել է ՀՇԴ-ի մասնակիցների այցելություն Մատենադարան, թատրոն, անցկացվել և անցկացվելու են մշակութային միջոցառումներ, հանդիպումներ քաղաքական գործիչների, գիտնականների (քաղաքագետ Արա Պապյանի, հոգեբան Ալբերտ Նալչաջյանի) հետ:

-Պարո՛ն գեներալ-լեյտենանտ, Ձեր ղեկավարած ինստիտուտի վերակազմակերպումը, թերևս, նոր պահանջներ է ներկայացնում նաև բուհական 1-ին աստիճանի (բակալավրիատ) կրթությանը: Ի՞նչ փոփոխություններ են կատարվել այդ ոլորտում:

-Ներկայում մշակվում են ռազմական կրթության նոր չափորոշիչներ և ծրագրեր` հատուկ ուշադրություն դարձնելով միջառարկայական կապի վրա, ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հաշվարկվում են ժամաքանակները: Փոխվում է գնահատման համակարգը. անցում է կատարվում 20 միավորանոց համակարգի: Առարկաների ծրագրերում բովանդակային փոփոխությունները պայմանավորված են մագիստրատուրայի և բակալավրիատի ուսումնական ծրագրերի միջև առաջացած որոշակի խզման հանգամանքով, քանի որ ՀՇԴ-ի ծրագրերը մշակվել են այս տարի, իսկ բակալավրիատինը` 4 տարի առաջ:

-Բարձրկուրսեցի կուրսանտները կհասցնե՞ն յուրացնել նորույթը:

-Այո: Նրանց համար հետագայում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, որոնք կնախապատրաստեն մագիստրոսական կրթությանը:

-Կրթության շարունակականության սկզբունքը քաղաքացիական բուհերի պարագայում ուսանողին հնարավորություն է տալիս բակալավրիատն ավարտելուց անմիջապես հետո ընդունվելու մագիստրատուրա: Իսկ ռազմական ինստիտուտի՞ պարագայում:

-Պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` Ռազմական ինստիտուտի բակալավրիատի շրջանավարտը մինչև մագիստրատուրա դիմելը պետք է պարտադիր ծառայություն անցնի զորքերում, ինչը նույնպես ուսում է, ծառայության ընթացքում մասնակցի վերապատրաստման դասընթացների, ծառայողական առաջխաղացմամբ նշանակվի մայորի պաշտոնում, և եթե այդ պահին նրա տարիքը չգերազանցի 35 տարեկանը, կարող է կրթությունը շարունակել ՌԻ-ում` ստանալու «ռազմական կառավարման մագիստրոսի» որակավորում:

-Ի՞նչ հնարավորություններ են բացվում որակավորում անցած սպայի առաջ:

-Նա կարող է նշանակվել զորամասի, զորամիավորման հրամանատար կամ հավասարազոր պաշտոնի:

-Ռազմական ինստիտուտում մագիստրատուրայի հիմնումը, թերևս, կխթանի նաև ռազմական գիտության զարգացումը:

-Անկասկած: Գիտեք, որ ՌԻ-ում 2012 թ. մայիսից գործում է գիտության բաժինը, որի նպատակը ՌԻ դասախոսական անձնակազմի գիտական գործունեության կազմակերպումն ու համակարգումն է: Ինստիտուտում տարին մեկ կազմակերպվում է դասախոսական, մեկ անգամ էլ` կուրսանտական, ինչպես նաև մեթոդական կոնֆերանս: Գիտական գործունեությունը դրսևորվում է հիմնականում կոնֆերանսների, ուսումնական ձեռնարկների ստեղծման, գյուտարարական ու նորարարական աշխատանքների ձևով. օրինակ՝ այս պահին տպարանում են 9 դասագրքեր, որոնցից 3-ը գրվել են այս տարի: Ընդհանուր առմամբ, 2002 թ.-ից մինչ օրս ՌԻ-ում ստեղծվել է 70-ից ավելի դասագիրք: Գիտական աշխատանքը ներառված է դասախոսների աշխատանքային բեռնվածքում: Հավելեմ, որ 2010 թ. ՌԻ-ն պաշտպանության նախարարի հրամանով ճանաչվել է լավագույն նորարարական զորամասը ԶՈՒ-ում:

-Ինստիտուտում կատարվող փոփոխությունները ենթադրում են նաև ուսումնանյութական բազայի նորացում:

-Այո, դրա վերաբերյալ գործում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրամանը: Այս տարվա ընթացքում ինստիտուտը համալրվել է նռնականետի և տանկի վարժասարքերով, կահավորվել են լսարանները: Ինստիտուտում կատարվում է ընթացիկ վերանորոգում, կառուցվում է նաև հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքը:

-Պարո՛ն գեներալ-լեյտենանտ, խոսենք նաև պրոբլեմներից: Տարեցտարի փոփոխվելու ի՞նչ միտում ունեն դիմորդների քանակն ու պատրաստության մակարդակը, ինչպիսի՞ն են կուրսանտների առաջադիմությունն ու կարգապահությունը:

-Դիմորդների քանակն ու պատրաստության մակարդակը, ցավոք, նվազման միտում ունեն: Բնականաբար, նրանց հետ աշխատանքը դասախոսական անձնակազմից մեծ ջանքեր է պահանջում: Դրանց շնորհիվ կուրսանտների մեծ մասը ստանում է «բավարար» գնահատական: Սակայն դա, իհարկե, չի կարող մեզ գոհացնել, և մեր ջանքերն ուղղված են ավելի բարձր արդյունքներ ստանալուն: Ինչ վերաբերում է կարգապահությանը, ապա չեմ կարող ասել, թե խնդիրներ չեն ծագում. դիմորդների մի մասի ոչ միայն կրթական մակարդակն է ցածր, այլև դաստիարակությունն է թերի, ինչը բացասաբար է անդրադառնում կուրսանտների միջանձնային հարաբերությունների վրա: Այդուհանդերձ հետևողական աշխատանքի շնորհիվ բոլոր խնդիրները լուծվում են, և ինստիտուտում միջանձնային հարաբերությունների ընդհանուր մթնոլորտն առողջ է:

-Շնորհակալություն: «Հայ զինվորի» և ընթերցողների անունից հաջողություն եմ մաղթում Ձեզ և ՌԻ ամբողջ անձնակազմին` կատարվող բարեփոխումները ցանկալի հանգրվանի հասցնելու համար:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #47 (1014) 28.11.2013 – 4.12.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


28/11/2013